Ներգաղթել է 1947-ին Լիբանանից / Ապրում է Նորթ Հոլիվուդում, (ԱՄՆ, Կալիֆորնիա)

Նորա Պայտարյան

1946 թվին հայրս արձանագրվեց ներգաղթի կոմիտեում, որպեսզի գանք Հայաստան: Բեյրութում ուներ խանութներ, սեփական տուն. բոլորը վաճառեց, բայց այնպես ստացվեց, որ իր հերթը դուրս չեկավ: Մնացել էինք անորոշ վիճակի մեջ:

Մորս եւ հորս մեջ վիճաբանություններ կային, որովհետև այդ ընթացքում Հայաստանից լավ լուրեր չէինք ստանում: Մայրս ճարպիկ էր՝ կգնար, կնայեր, կպրպտեր: Մի մարդ էր փախել Հայաստանից, հիշում եմ՝ դելեկրետկայով (բամբակե տաք, բանվորական բաճկոն) ցույց էր տալիս ոջիլը վրան, ասում էր՝ Հայաստանը, որ գնաք՝ էսպես է, հիմա մի՛ գնացեք, մի քիչ կբարելավվի, նոր կգնաք։

Բայց վերջապես 1947 թվին հայրս ավելի հաղթող եղավ, ներգաղթեցինք: Մեզ տեղավորեցին Լենինականում (Գյումրի): Մի որոշ ժամանակ յոլա գնացինք էլի մորս ճարպկությամբ՝ ուտելիքներ էր բերել: Ես 13-14 տարեկան էի: Մեծ եղբայրս Լևոն Շանթի մոտ դերասանական կուրսեր էր անցել, տաղանդ ուներ, թատրոնում էր խաղում:

Իմ միակ երազանքս էր՝ սովորել: Դպրոցում սովորում էի գերազանց, քննությունները հանձնում էի գերազանց: Մի անգամ էլ, մյուս օրը էլի քննության էի, նստած պարապում էի՝ գիշերվա երկուսին դուռը թակեցին: Երկու հրացանակիրներ՝ զինվորական համազգեստով, ներս մտան: Անմիջապես գնացին եղբորս մահճակալի մոտ։ Նա նոր էր եկել թատրոնից, ներկայացման էր մասնակցել: Հետո հորս ասացին՝ դուք աքսորվում եք:

Էն ժամանակ Ստեփանավան ուղարկելուն էլ էին աքսոր ասում: Մենք կարծեցինք, որ մեզ էլ պիտի ուղարկեն Ստեփանավան:

Մայոր կար, որի լավությունը մինչեւ հիմա հիշում եմ. ասաց՝ էս կարի մեքենան տարե՛ք, ձեզ պետք կգա: Օգնեց մեզ՝ գրուզավիկի (բեռնատար) մեջ բեռնելու մեր իրերը, տաք շորե՛ր վերցրեք՝ ասաց:

էդպես մեզ տարան Ջաջուռ: Ջաջուռ որ գնացինք, տեսանք լիքը մեքենաներ. էնքան շատ, որ հրապարակը լցվել էր: Մամաս ասաց՝ փառք Աստծո, մենակ չենք: Հետո մարդկանց տեղավորեցին վագոնների մեջ: Եղբայրս՝ քարտեզը ձեռքին, անընդհատ նայում էր, թե որտեղով ենք գնում:

Հասանք Ալտայսկի կրայ: Սովխոզի նախագահը եկավ, վագոնները բաց է անում, տեսնի, թե որու՛մ աշխատուժ ավելի շատ կա, որպեսզի էդ վագոնը ինքը վերցնի:

Դե ես չդիմացա, հիվանդացա էդ կեղտոտ ջրերից, որովհետև նոր-նոր էին վիրահատել իմ գլանները:

Ստալինի մահից հետո՝ 1954 թվին, պատճառը բռնելով կոկորդիս վերքը, թույլտվություն խնդրեցինք, որ սանատորիա (առողջարան) գնամ: Եղբորս հետ սանատորիա գնացի, եղբայրս վերադարձավ նորից Սիբիր, իմ քաջությունը բավարարեց, ասի՝ չէ՛, ինչ ուզում են՝ թող անեն, ես հետ կգնամ Երևան: Եկա Երևան՝ պասպորտ չունեմ, ոչ մի փաստաթուղթ չունեմ: Ոնց որ ասում են՝ Աստված օգնեց:

Գնացի ներքին գործերի մինիստրություն, ներկայացա: Երախտագիտությամբ եմ հիշում՝ մայոր Այրումյանն էր: Ասի՝ ես եկել եմ Սիբիրից, Էսինչ Էսինչյանն եմ, խնդրում եմ՝ ինձ լսե՛ք: Թուղթ տվեց, գնացի քաղմաս, էնտեղից անձնագիր հանեցի, մնացի Հայաստանում:

1956 թվին մերոնք էլ եկան: Մորաքույրիս հետ միասին Հովհաննեսը եկավ՝ եղբայրս, հետո հայրիկս եկավ՝ մամայիս հետ, ու սկսվեց սովորական կյանքը Երևանում: Ընդունվեցի, սովորեցի, ավարտեցի քիմիայի ֆակուլտետը, հետո որպես դասախոս աշխատեցի Պոլիտեխնիկ ինստիտուտում:

Ուր գնացել եմ, թաքցրել եմ, որ աքսորված եմ եղել: Նույնիսկ իմ մտերիմ ընկերուհիներին չեմ ասել, որովհետև այդ բանին նրանք խորթ էին նայում: Սիբիրում մեզ հետ ապրող օտարները Բելոռուսիայից էին եկել, պալյակներ (լեհեր) էին մեծ մասամբ, իրենք վաղուց էին աքսորվել: Նրանք էդքան վատ չէին մեր հանդեպ, որքան էստեղի շատ հայեր, երբ լսում էին, որ աքսորված ենք եղել: Թե՞ վախենում էին, որ իրենց էլ կաքսորեն, չգիտեմ: Չե՛ս մեղադրի:

Կառավարությունն էր մեղավոր: ժողովուրդը շատ լավ ժողովուրդ էր: Հիմա բոլորին չվատաբանենք: Իրենք արտաքուստ ցույց էին տալիս, բայց ներքինով շատ բարեհամբույր, հյուրասեր ժողովուրդ էին: Լավ բաներ շատ կային: Օրինակ, ճիշտ է՝ մեր վիճակը նյութապես լավ էր Բեյրութում, բայց շատ-շատ կարողանայի միջնակարգ կրթություն ստանալ, բարձրագույն՝ գուցեեւ ոչ. թանկ էր: Իսկ Երեւանում ես էդ ստացա:

Բայց դե, հայրենադրաձները տեսնում էին՝ ապագա չունեն, ուզում էին հեռանալ: Էնպես էր վիճակը, որ անգամ տան մեջ ծնողը երեխայի հետ վախենում էր իր մտքերը ազատ արտահայտել, նույնիսկ՝ ամուսինները:

Առիթը եղավ Հովհաննեսը՝ եղբայրս, որը տեղափոխվեց Ամերիկա, եւ 1981 թվին մենք էլ եկանք:

Կառավարությունն էր մեղավոր: ժողովուրդը շատ լավ ժողովուրդ էր: Իրենք արտաքուստ ցույց էին տալիս, բայց ներքինով շատ բարեհամբույր, հյուրասեր ժողովուրդ էին: