Ներգաղթել է Եգիպտոսի 2-րդ քարավանով 1948-ին / ապրում է Գլենդելում, ԱՄՆ

Գրիգոր Եղյան

Ես ծնվել եմ Բեթղեհեմում՝1926 թվին։ Երկու տարի հետո ծնողքս փոխադրվել են Երուսաղեմ: Այնտեղ հաճախել եմ հայոց վանքի մեջ գտնվող վարժարանը, որ շատ բարձր մակարդակ ուներ թե՛ հայերենի, թե՛ անգլերենի ուսուցման մեջ: Ավարտելուց հետո գնացի անգլիական միջնակարգ դպրոց, որը վճարովի էր, բայց անգլիական միսիոներությունը ինձ՝ որպես լավ աշակերտի, ձրի ուղարկեց այսպես կոչված Բիշոփ-սքուլ, ժողովուրդը Սիոնի դպրոց էր ասում:

Երբ որ պատերազմը սկսվեց (2-րդ աշխարհամարտ), Լիբիա-Եգիպտոս ճակատը կար: Հայֆան այդ ճակատի մատակարարման կենտրոնն էր անգլիացիների համար. նրանց նավերն էին գալիս բեռնաթափվում: Բացել էին շատ արհեստանոցներ. Պաղեստինից, Սիրիայից, ամեն կողմից գալիս էին աշխատում: Այստեղ ես մոտիկից ծանոթացա Ջորջ Կարապետյանի հետ, որ թերթ էր հրատարակում, եւ ուզեցի ծառայել այդ թերթում: Կոչվում էր «Միություն»:

Մենք մեզ կոմունիստ էինք համարում եւ զբաղված էինք պրոսովետական պրոպագանդով: 46 թվին ՄԱԿ-ը որոշում կայացրեց Պաղեստինը բաժանել երկու մասի՝ Իսրայել եւ Արաբական Պաղեստին: Անգլիացիները 48 թվի մայիսի մեկին պիտի դուրս գային եւ ստեղծվեր Իսրայել պետությունը: Մեծ կռիվ բորբոքվեց:

Եղբայրս ավտոէլեկտրիկ էր: Հայֆայում Եգիպտոսի գյուղացիների կարգադրողը գալիս է եղբորս մոտ, թե Եգիպտոսի հյուպատոսի մեքենան փչացել է, մեխանիկ է պետք: Եղբայրս գնում է, սարքում եւ որպես վճար՝ հյուպատոսից վիզա է խնդրում Եգիպտոս գնալու՝ ես եւ մայրս, եղբայրս ու իր կինը: Սակայն Եգիպտոս՝ Ալեքսանդրիա, քեռուս մոտ հասանք ես ու մայրս. եղբայրս ու կինը կռիվների սաստկանալու պատճառով գնացին Լիբանան:

Եգիպտոսից 47 թվին ներգաղթողների վերջին քարավանը պիտի գնար Հայաստան: Հանկարծ հայտարարվեց ինչ-որ համաճարակի մասին, եւ չգնացին: Քեռիս գնաց Կահիրե, այնտեղի հյուպատոսից (ԽՍՀՄ) խնդրեց, ինձ ու մորս վիզա տվին, 48 թվին եկանք Հայաստան:

Հայաստա՜ն, երկիր դրախտավայր՝ այս երգելով եկանք: Ես միշտ անգլերեն լուրեր էի լսում եւ շատ բան գիտեի Սովետ Միության մասին, բայց առանց իրական փորձառության իրավակարգի դաժանությունը դժվար էր պատկերացնել:

1948 թվի սեպտեմբերին «Պոբեդա» նավով եկանք Բաթում: Հաղորդեցին, որ հայ տղաները իրենք պիտի բեռները բարձեն բեռնատար գնացքները: Բաթումում մեկ ամիս մնալուց հետո մենք առաջին քարավանն էինք, որին վիճակվել էր մարդատար գնացքով հասնել Հայաստան:
Սկզբնական շրջանում ես այնքան ոգեւորված էի Հայաստանով, մանավանդ որ հայրենասեր Ջորջ Կարապետյանի գործակիցն էի: Բայց ստալինյան ռեժիմը նույնիսկ Սիրիայում, Լիբանանում կոմունիստի պաշտոնական փորձ ունեցողներին հաշվի չէր առնում: Շատ չնչին պատճառաբանություններով կարող էին աքսորել: Այդպես 1949 թվի մի առավոտ ելանք՝ մեր հարեւաները բոլորը չկային՝ աքսորել էին:

Ես ու մայրս ապրում էինք Երեւանում՝ Երրորդ մասում (թաղամաս Երեւանում), որտեղ գտնվում է «Հայէլեկտրո» գործարանը: Մեզ մի փոքրիկ խցիկ էին հատկացրել: Աշխատանքի անցա «Հայէլեկտրո»-ում՝ նախ որպես աշակերտ, հետո՝ ֆրեզերովշչիկ, բայց արհեստն իմ բանը չէր, թեեւ տնտեսական շատ ծանր վիճակում էինք:

Մի բարեկամ ունեինք՝ Կոմիտաս վարդապետ, ինձ ասեց՝ քո տեղը Էջմիածնում է: Երուսաղեմ՝ իմ սովորած դպրոցում, կիրակի օրերը ժամերգություններին մասնակցելը պարտադիր էր, մայրս էլ հետեւում էր, որ շուտ արթնանամ, ժամերգության գնամ: Կոմիտաս վարդապետը ասել էր Վազգեն կաթողիկոսին իմ մասին: Երբ գնացի մոտը, անմիջապես կարգադրեց եպիսկոպոսին՝ ինձ սարկավագ ձեռնադրեն, դա 58 կամ 59 թվին էր, իսկ մեկ տարի անց ձեռնադրվեցի աբեղա: Քանի որ անգլերենին լավ էի տիրապետում, Վազգեն Ա-ի թղթակցություններն էի թարգմանում: Ինձ նշանակեցին Էջմիածնի թանգարանի վարիչ:

էջմիածնում շատ գործունյա մարդ էի, համդիպումներ էի ունենում բոլոր այցելուների հետ: Իմ քարոզը, որ խոսում էի պատարագի ժամանակ, ըստ երեւույթին, ուշադրություն էր գրավել: Շատերը հետո գալիս էին սենյակս՝ երիտասարդներ, ուսանողներ, դասախոսներ: Մի օր էլ որոշեցին նախաձեռնել դիսիդենտների (այլախոհների) խումբ: Այդ ժամանակ Ռուսաստանում էլ նման շարժում կար (Անդրեյ Սախարով, Ալեքսանդր Սոլժենիցին-«Արխիպելագ Գուլագ» եւ այլն):

Հաճախ գնում էի Երեւան. նախ՝ մորս տեսնեմ, հետո էլ հանդիպում էինք նաեւ իրենց տներում, քաղաքական խնդիրներով զրուցում, հոդվածներ գրում ու տարածում:
1963 թվի մի օր Երեւան գնալիս ինձ մոտեցավ մի մեքենա, առաջարկեցին նստել՝ ԿԳԲ-ն էր: Գնացինք վանքի իմ սենյակը: Սենյակը կնքված էր: Ինձ այդ ամբողջ օրը տարան հարցաքննության եւ դրին իրենց մեկուսախցերից մեկը: 63 թվի օգոստոսին մեր դատը եղավ: Դատարանը Ալավերդյան փողոցի վերջում էր: Երբ ԿԳԲ-ի փակ մեքենայով մեկուսարանից դատարան բերեցին, ահագին բազմություն էր հավաքվել, եւ գոռում էին՝ կեցցե՛ն հայրենասերները:

Մեջներից տարեցը ես էի: Երբ դատից առաջ մի պահ տեսա ընկերներիս ու հետները կարճ խոսեցի, ասեցի, որ կարիք չկա դատի ընթացքում հակասովետական ելույթներ ունենալ, մեր սռոկը (պատժաժամկետ) իզուր երկարացնել: Դատարանում իմ խոսքն այս էր՝ դուք ասում եք, որ մարդու ազատություն կա, ես միայն քննադատել եմ իշխանությանը:

Մեր քարոզչության հիմնական թեմաները երկուսն էին։ Առաջին՝ անհատի ազատության խնդիրը, երկրորդ՝ դեմ էինք Հայաստանի ռուսականացմանը։ Բայց ձեւակերպեցին որպես հակասովետական կազմակերպության փորձ: Ինձ տվեցին երկու տարի, եւս երկու հոգու երկու տարի, իսկ մնացածը շատ ուժեղ հակասովետական ելույթներ ունեցան՝ մեկը ստացավ չորս տարի, մյուս երեքը՝ հնգական:

Կազմակերպություն իրոք կար, բայց ոչ ձեւական, ասենք՝ վարչություն կամ նման բաներ, ուղղակի գործունյա, ակտիվ մարդիկ էինք: Մենք գործում էինք մեր ժողովրդի գիտակցության բարձրացման համար։ Սովետական պատմագիտությունը շատ կարեւոր բացթողումներ ուներ, մենք լրացնում էինք: Հատկապես 65 թվից հետո յոթ հայրենասերների մասին շատ էին խոսում՝ Խաչիկ Սաֆարյան, Վիգեն Բաբայան…: Բոլորն էլ ինձ հետ ձերբակալվեցին: Բայց միայն յոթ հոգի չէինք, մի քանի հարյուր էինք:

Մեզ գնացքով տարան կալանավայր: Մոսկվայից 600 կիլոմետր հեռու էր՝ ճամբարային վիճակ, այնտեղ մնացի 11 ամիս: Ապրում էինք բարաքների մեջ: Տեղը, օ՜, դրախտավայր էր: Մենակ սնունդն էր վատ: Քաղաքական ճամբար էր: Գալիս էին Սովետի բոլոր հանրապետություններից: Շատերի հետ ծանոթացա: Գրագետ մարդիկ էին՝ ռուսներ, ուկրաինացիներ, արեւմտյան ուկրաինացիները կաթոլիկ էին եւ շատ հավատացյալ. որպես հոգեւորականի՝ ինձ շատ էին հարգում:

Մի օր այնտեղ եկավ Էջմիածնի ԿԳԲ-ի պետը. առաջարկում էր, որ գործակցեմ իրենց հետ, հրաժարվեցի: Բայց կար Վազգեն Ա-ի միջնորդությունը, որ ինձ վաղաժամկետ ազատեն, քանի որ սեպտեմբերին Էջմիածնում Վեհափառի նախաձեռնությամբ տարբեր երկրներից պատգամավորներ պիտի գային հանդիպման, իսկ նրանցից շատերը լսել էին, որ Գրիգոր վարդապետը ձերբակալված է. դրա համար ազատեցին, եւ նորից եղա թանգարանի վարիչ:

Միաբաններից լսեցի, որ Վազգեն կաթողիկոսը շատ է վրդովվել՝ իմանալով քաղաքական գործերի միջամտելս, բայց երբ տեսել է, որ հայրենասերի անուն հանեցի, պարծեցել է. «Մեր պատմության մեջ հայ եկեղեցին միշտ էլ ազգին ծառայել է»:

Վանքում մեկ տարի աշխատեցի, եւ այդ ընթացքում ԿԳԲ-ն միշտ գալիս էր ինձ համոզելու: Էջմիածնի միաբանության մեջ շատերը նրանց գործակալներն էին, բացառությունները քիչ էին: Ես որոշեցի դուրս գալ Էջմիածնից եւ հրաժարական ներկայացրի կաթողիկոսին. նա սաստիկ զայրացավ: Պատճառ բռնեցի՝ ուզում եմ ամուսնանալ, եւ դուրս եկա: Դրանից հետո երեք ամիս Ներսես վարդապետը գալիս էր ինձ համոզելու, որ վերադառնամ Էջմիածին:

Ընդունվեցի Ֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտ՝ թարգմանիչ: Նաեւ ունեւոր մարդկանց տներում երեխաների հետ անգլերեն էի պարապում: Շաբաթը մեկ օր Անգլիայի պատմություն էի դասավանդում Չարենցի դպրոցում: Ամսական բավական գումար էի վաստակում՝ 350-400 ռուբլի, եւ կարող էի ընտանիք կազմել: Արդեն 42-43 տարեկան էի: Մեր Երրորդ մասի նույն փողոցի ծանոթներից ընտրեցի մեկին՝ 37 տարեկան. «Սիրվա՛րդ, արի ընտանիք կազմենք»: Ամուսնացանք 68 թվին: Ինքը հալեպահայ էր, ես՝Պաղեստինից էի: Կիրակի օրերը երկուսս էլ երգում էինք Արամ Գեւորգյանի երգչախմբում, որ մասնակցում էր Էջմիածնի պատարագներին: Իրենք Ամերիկա գնալու դիմում էին տվել, ես էլ դիմեցի: 76-ին թույլ տվեցին: Արդեն մի աղջիկ զավակ ունեինք:

Մենք սովետի դեմ չէինք խոսում: Մեր քարոզչության հիմնական թեմաները երկուսն էին։ Առաջին՝ անհատի ազատության խնդիրը, երկրորդ՝ դեմ էինք Հայաստանի ռուսականացմանը։ Բայց ձեւակերպեցին որպես հակասովետական կազմակերպության փորձ: