Ներգաղթել է 1947-ին Լիբանանից / Ապրում է Փասադենայում (ԱՄՆ, Կալիֆորնիա)

Սամսոն Քեշիշյան

Հայաստան գալը չեմ հիշում, փոքր եմ եղել: 1947 թվին չորս տարեկան էի: Ինձի հիշում եմ Անճարում, ջաղացքի մոտ. գետակ էր հոսում, ջաղացքը բարձրանում էր...

Յոթ հոգի էինք: Հայրս՝ Հակոբ Քեշիշյան, մայրս՝ Ջեմիլյա Բայրամյան, մեծ եղբայրս՝ Դմիտրի, մեծ քույրս՝ Իսկուհի, մյուս քույրս՝ Ռեբեկա, հետո ես՝ Սամսոն, փոքր քույրս՝ Վեհանուշ:

Հայրս քոլեջ ավարտած, ինտելիգենտ մարդ էր, հայերենի եւ օտար լեզուների մասնագետ, բայց իր մասնագիտությամբ գործ չտվին, գնաց կոլխոզում աշխատելու։ Էդ կոլխոզի բաղերում էլ մնալու տեղ էին տվել, ասում էին՝ կոլխոզի տներ: Դա այսօրվա Երևանի «Սեբաստիա» հյուրանոցի մոտ էր:

1949-ի հունիսի 13-ին թութ էինք թափ տվել, կերել էինք, մնացածն էլ թողել էինք, որ առավոտը ուտենք: 14-ի գիշերը՝ լուսադեմին, դուռը ծեծեցին. մտան զինվորներ ու մեզի կես ժամ ժամանակ տվին պատրաստվելու: Մեր հայրը միշտ պատրաստ էր ըտենց առ ու փախի, որտեւ ջարդ էր տեսել։

Նստանք բեռնատար մեքենան՝ վերմակներով, վերցրել էինք էլի ինչ որ կարեցել էինք: Տարան Ուլուխանլու (ներկայում՝ Մասիս) կայարանը: Լիքը հայեր էին էնտեղ: Մեռնելու էլ որ գնաս, թե մենակ չես՝ թագավորություն ա:

Էդտեղ մեզի լցրին գնացքն ու չեն ասում՝ ուր են տանում: Զուգարան չկա, տանում են: Մեկ-մեկ գնացքը կայնում ա, ժողովուրդը պիտի իջնի իր կարիքները հոգա վագոնների տակ: Մի քայլ հեռու գնաս՝ կխփեն:

Խոզի պես վագոնների մեջ լցրած՝ մեզի տարան մոտ մեկ ամիս: Ճանապարհին մահացողներ էլ եղան. թե ոնց թաղեցին, չեմ իմանում: Գնացքը անցնում էր ավերված բնակավայրերով: Լավ տպավորվել է Ստալինգրադը:

Նովոսիբիրսկ չհասած՝ մի տեղ ժողովրդին տարան բաղնիք: Աշխատողները բոլորը կանայք էին՝ թե՛ տղամարդկանց, թե՛կանանց մասերում: Լավն էն էր, որ կանանց առանձին բաժին կար: Տղամարդկանցից մեկից, որ սրբիչով փաթաթել էր իրա մերկությունը, սրբիչը քաշեցին, դեն նետեցին, թե՝ քեզ ձեւեր մի տա:

Գնացքի վերջնակետը կոչվում էր Զարինսկ, որից հետո ժողովրդին լցրին սամասվալ (ինքնաթափ) բեռնատարներն ու տարան Կորդոն, որտեղ ապրում էին դեպի Տյագուն գնացող երկաթգիծը կառուցողները: Այդտեղից սկսվում էր տայգան:

Գնում էինք անդադար անձրեւի տակ: Ժողովուրդը ծառեր կտրեց, շա՜տ մեծ խարույկ արեց (կարող ա փոքր էի, ինձ էր շա՜տ մեծ թվում): Մարդիկ շարվել էին շուրջբոլորը եւ շորերն էին չորացնում: Բայց մինչև հետեւը չորանում էր, առաջից էր անձրևը խփում։

Ծնողներս մի սավան էին վերցրել, չորս ծայրից փայտեր էին կապել ու մեզ վրա էին պահել: Ծնողներիս քնքշանքն ու հոգատարությունը մխիթարում էին մեզ, բայց խեղճ հայրս ու մայրս իրենք էին ծանր ապրումներ ունենում՝ տեսնելով երեխաներին տառապանքների մեջ:

Երկու օր մնացինք անձրևի տակ, սոված: Տրակտորներ եկան, որ սահնակով քաշելով տանեն: Սահնակն էլ մի մեծ պլատֆորմ էր: Ժողովուրդը լցվում էր վրան ու այդպես քաշում էին մի 20-25 կմ տայգայի մեջ: Ճանապարհին մի մարդ, երեխային փրկել ուզելով, ընկավ տակը ու լխկվավ:

Մեզ տեղավորեցին բարաքներում, ամեն սենյակում մի քսան հոգի: Մի մուսալեռցի կար՝ Հովհաննես Շարբազյան, հորս հետ երեք գերեզմանի չափ հող փորեցին, ծածկն ու հատակը կլեպը հանած ծառերով ամրացրին, կլեպներն էլ տանիքի վրա քաշեցին, որ մենք երկու ընտանիքով գոնե էդտեղ մնանք: Կոչվում էր զեմլյանկա: Էդտեղ մնացինք մինչև տուն սարքելը:

Տյագունում սեպտեմբերի վերջին ձյուն է գալիս: Էդ ձմեռ շատ մարդիկ մահացան. ուտելիք չկար: Հերս ու մերս ամիսը երկու անգամ գնում էին Բորովլյանկա՝ 20-22 կմ ոտքով, էնտեղից շալակած կարտոֆիլ էին բերում: Բոլորը վախենում էին թոքախտից: Թե մի ընտանիք մտնում էր էդ հիվանդությունը, բոլորին տանում էր, հատկապես երբ անսնունդ էին:

Տյագունում բոլորս էլ դպրոց գնացինք, ես՝ երկրորդ դասարան: Երեխաներով բոլորով էինք գնում դպրոց ու գալիս, որ բուրանից (ձնամրրիկ) պաշտպանվեինք: Թե չէ գալիս, փակում էր ճամփեքը. շատ մարդիկ մոլորվում էին, սառում, մեռնում: Բուրանի օրերը շուտ էինք դուրս գալիս դպրոցից, որ շուտ տուն հասնենք։

Հորս մահը հույսը կտրելուց եղավ: Հերս դաշնակցական ա եղել, բայց հրաժարվել ա հանուն հայրենիքի, որ գնա հայրենիք, որ երեխեքը Հայաստանում մեծանան, հայ մնան: Գնացինք: Մեր հայրենիքը մեզի դավաճանեց: Սիբիրում շատ բողոքեց, որ իրա գործը վերանայեն, բայց արդյունքի չհասավ:

Հորեղբայրս երեխա ժամանակ մեկի այգու ճղներն էր կտրել, մուռ էին պահել ու էդ մուռը մեծ եղբորից՝ հորիցս հանեցին: Էդ մատնողը մեր բարեկամներից ա եղել: Նա ստացավ իր պատիժն Աստծուց. սպանվեց Ղազախստանում:

Հետո մի բան էլ՝ մարդ, որ երեսին խոսացող ա, ճիշտ խոսացող ա, չեն սիրում: Թե մի քիչ էլ խելացի ա, գրագետ, նախանձում են: Հայրս, հույսը կտրելով, մահացավ հենց Ստալինի մահվան տարին՝ 1953 թվին: Դրանից հետո սկսեցին գործերը քրքրել, վերանայել, մենք հետ եկանք 1955 թվին:

Բայց էնտեղ արդեն լավ արդյունքի էինք հասել: Մի հողամաս ունեինք, տարեկան 400 դույլ կարտոֆիլ էինք ստանում, հսկա կաղամբներ, շաղգամ, բազուկ, գազար։ Բոլորս աշխատում էինք՝ ով ինչ կարող էր. ես անասուններն էի արածացնում: Օգնում էինք կարիքավորներին: Վերջում արդեն ափսոսում էինք մեր ստեղծածը թողնենք, գանք:

Հայաստան գալուց առաջ էնտեղի տունը ծախեցինք, բայց եկանք ու մնացինք մեյդանում: Վերջում մի նկուղում էժան մի սենյակ վարձեցինք, պրիմուսով էինք տաքանում:

Դպրոցից փախչում էի: Պիտի գնայի ռուսական դպրոց, որտեղ սովորում էին դատավորների, բարձրաստիճան զինվորականների, պաշտոնյաների երեխաներ: Մենք դրանց հետ բոբիկ, կարկատած շալվարով դպրոց էինք գնում: Ես հպարտ տղա էի. ծաղրում էին, բռնում-ծեծում էի: Իսկ դասատուները ինձ էին պատժում՝ քծնելով պաշտոնյա ծնողներին ու նրանց էրեխեքին:

12 տարեկանից աշխատել եմ։ Ընտանիքիս կարիքից ելնելով՝ ինձի աշխատանքի վերցրին, բայց օրը չորս ժամ: Հետս աշխատող մեծերը խնայում էին, չէին թողնում՝ ծանր գործ անեմ:

1969-ին՝ հորս մահից ու Սիբիրում թաղվելուց 13 տարի անց, այցի գնացի նրա շիրմին: Հասա Տյագուն ու հրաշքով գտա: Նոր գերեզմանոցը ուրիշ տեղ էր, հները մնացել էին տորֆի ու հողի բլուրների տակ: Դրանք քանդելով ՝ հանկարծ գտա հորս գերեզմանը: Դեռ աքսորում, երբ հերս նոր էր մահացել, ես ինձ խոսք էի տվել, որ, ինչ էլ լինի, պետք ա տեղափոխեմ։ Բացեցի գերեզմանը, բայց տեղափոխելու բան չէր, մարմինը, ոնց որ, դեռ պահպանվել էր։ Էդ երկրում քար չկար, որ դնեի: Ցեմենտից մի քար սարքեցի, երկաթից՝ խաչ ու մի սալիկ։ Վրան իմ անգրագետ հայերենով գրեցի ու դրի:

Էդ բոլոր հարցերում ինձ շատ օգնեց Արմենակ անունով մի հոյակապ մարդ, որ, աքսորից Հայաստան վերադառնալով ՝ չէր հավանել ու նորից հետ էր գնացել Տյագուն:

Հետո էդ Արմենակն իրա որդուն ասել էր, որ իրան հորս կողքը թաղեն: Տղան՝ Վասիլին, ձմեռ, բուք-բորանով կատարել էր հոր ցանկությունը՝ արհամարհելով դաժան կլիմայական պայմանները: Հետագայում մորն էլ հոր կողքն էր թաղել: Ընտանիքով ուշադրություն էին դարձնում նաեւ իմ հոր գերեզմանին:

Մենք Սովետից չէինք ուզում դուրս գալ: Հայրենիքն ի՚՚՞ նչ մեղք ունի. էդքան վատությունը վատ մարդիկ էին արել: Մինչև հիմա էլ պատրասատ եմ հայրենիքիս համար երթալ զոհվել: Բայց մի օր մորս հարցրի՝ հորս դավաճանած չե՞նք լինի, որ գնանք Ամերիկա: Ասեց՝ հերդ որոշել էր՝ որ աքսորից Հայաստան հասներ, գնար Էջմիածին մոմ վառեր ու ընդմիշտ հեռանար Հայաստանից: Էդքան վառված էր սիրտը. ինքը Հայաստանի սիրուն գա, ուղարկեն Սիբի՞ր։

Հերս դաշնակցական ա եղել, բայց հրաժարվել ա հանուն հայրենիքի, որ գնա հայրենիք, որ երեխեքը Հայաստանում մեծանան, հայ մնան: Գնացինք: Մեր հայրենիքը մեզի դավաճանեց: