Ներգաղթել է 1947-ին Ֆրանսիայից / Ապրում է Նորթ Հոլիվուդում (ԱՄՆ, Կալիֆորնիա)

Սյուզան Բուրսալյան

Մերոնք երեք եղբայր էին Ֆրանսիայում, երեքն էլ՝ հնչակյան: Իրենք Հայաստանում էլ եղբայր ունեին, որը Համաշխարհային պատերազմի ժամանակ գերի էր ընկել: Պատերազմից հետո էր: Իմացան, որ նախկին գերիներին պիտի բերեին՝ Ֆրանսիայի մի քաղաքով անցկացնեին: Գնացին երեք եղբայրով, գտան, մեկ-երկու օրով թույլտվություն վերցրեցին, բերեցին իրենց եղբորը:

Հարցրեցին՝ Մուշե՛ղ, մենք դիմում ենք տվել, պիտի գնանք Հայաստան, ասա, ինչպե՞ս է այնտեղ: Օ՜, ասել էր, շատ լավ է՝ տուն ունեմ, տեղ ունեմ, կով ունեմ, ոչխարներ ունեմ, այս ունեմ, այն ունեմ… Երեւի վախը այնքան ուժեղ էր, որ ոչ մի բան չէր կարողացել ճիշտը ասել:

Եւ ուրեմն, ամբողջ մեր քաղաքը մեր պատճառով էր ներգաղթել Հայաստան. Ավագյանները գնում են, իրենց եղբայրը ասել է՝ ամեն ինչ լավ է, ուրեմն մենք էլ գնանք: Ո՛վ գիտի, թե գալուց հետո էլ ինչքան են անիծել:

Մենք որ եկանք, այդ եղբայրը Բջնիում էր ապրում, ու որ չտեսանք տունը ՝ախոռ: Մեկ սենյակ, եւ պատուհան չկա: Էդ մի սենյակում իրենք էին, մյուս սենյակում՝ էդ կենդանիները: Եւ էդ մարդուն Սիբիր աքսորեցին՝ ոսկու հանքերում աշխատելու: Իսկ եթե ինքը ուզենար, մերոնք կարող էին իրեն ազատել. չէ՛, ո՞նց կլինի՝ տուն ունեմ, տեղ ունեմ, կով ու ոչխար ունեմ…

Իսկ Հայաստան եկած ֆրանսահայերը հետագայում նույն աճապարանքով էլ հետ գնացին:

Վախը միշտ մեջներս էր հայրենիքում: Անընդհատ մտածում էինք, որ պատերն անգամ լսում են մեզ: Ամեն մարդու հավատալ չէր լինի: Հայրս մի քարտ ուներ՝ վկայական, որ արտասահմանում արհեստավոր էր եղել: Այդ քարտը ընկել էր ներքեւի հարկը, որտեղ Մադաթով անունով մի ծերուկ էր ապրում կնոջ հետ: Քարտը տարել էր ոստիկանություն՝ ցույց էր տվել, որ կասկածելի այս բանն եմ գտել: Ծիծաղել էին վրան, բայց մեր վախը միշտ կար:

Չեմ ուզում միայն վատը ասել, որովհետեւ հետագա տարիներին, անշուշտ, մենք շատ լավ բաներ էլ տեսանք Հայաստանում. մարդկություն, ընկերություն տեսանք, ուսումը ձրի էր… Հայաստանի երիտասարդությունը, մանավանդ՝ այն ժամանակվա, հոգեպես շատ ավելի հարուստ էր, քան հայրենադարձ երիտասարդները, որոնք հիմնականում արհեստավորներ էին այդ տարիներին, իսկ Հայաստանում երիտասարդների մեծ մասը սովորում էր: Երբ որ հավաքվում էինք, խոսում էինք գրականությունից, երաժշտությունից։

Բայց տարբերությունը զգում էիր։ Երբ հայրենադարձները ինստիտուտ էին ավարտում, եթե պարտիական չէին, լավ աշխատանք չէին ստանում:

Սկզբում մեր կենցաղն էլ ծիծաղի առարկա էր՝ ի՛նչ էիր հագնում, ի՛նչ էիր անում՝ ծիծաղի առարկա էր, մանավանդ, եթե մեր տղամարդիկ կարճ տաբատ էին հագնում՝ շորտ, կամ կանայք՝ բարձրակրունկ կոշիկ: Մեր ամեն ինչը տարօրինակ էր իրենց համար, ամե՛ն ինչը: Հետագայում կամաց-կամաց հատկապես ինտելիգենցիան հասկացավ եւ գնահատեց, որ հայրենադարձները շատ լավ բաներ բերեցին Հայաստան:

Աքսորի ժամանակ փոքր եմ եղել, էդ բաները լավ չեմ հիշում, բայց հետագա պատմություններից լսել եմ: Իրիկուն էր լինում, դռները պինդ փակում էին, լույսը անջատում էին ու չգիտեին՝ գալու՞ են այսօր իրենց ետեւից, թե չեն գալու: Վախենում էին ազատ արտահայտվել, ազատ խոսել: Հետագայում Հայաստանից մեր հեռանալու միակ պատճառը հենց դա էր: Վա՛խը:

Կարդալ նաեւ՝ Սուրեն Բուրսալյան

Մեր ամեն ինչը տարօրինակ էր իրենց համար, ամե՛ն ինչը: Հետագայում կամաց-կամաց հատկապես ինտելիգենցիան հասկացավ եւ գնահատեց, որ հայրենադարձները շատ լավ բաներ բերեցին Հայաստան: