Ներգաղթել է 1947-ին Ֆրանսիայից / Ապրում է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա)

Վերգինե Հեքիմյան-Անթառամյան

Ներգաղթել ենք 1947-ին, ես տասներկու տարեկան էի: Պատերազմից հետո հայրս դիմել էր, որ ֆրանսահպատակ դառնա, մերժել էին։ Այդ ժամանակ հայերին հպատակություն դժվարությամբ էին տալիս: Մի քիչ էդ կողմից էին նեղված, նաեւ մտածում էին՝ երեխաները մեծանան, ֆրանսիացիների հետ կամուսնանան, հայ մնալու համար ամենալավ որոշումը Հայաստան գնալն է: Այնտեղ մի ընկերուհի ունեի, ռուս էր: Մայրը, լսելով մեր որոշման մասին, ասաց՝ խենթ եք, ի՞նչ եք, մենք այնտեղից ենք փախել: Երբ տանը ծնողներիս հետ կիսվեցի՝ ասացին. «Երեխա ես, չես հասկնար, դժվարություններ անշուշտ կլինեն»: Մարսել հորաքույր ունեի, ամուսինն էլ, ինքն էլ կոմունիստներ էին, շատ հավանություն էին տալիս: Այդպես մեզ ճանապարհեցին, բայց հետո իրենք չեկան:

Նստեցինք «Պոբեդա» շոգենավը: Երեխաներին չէին ուզում թողնել: Ֆրանսիայի ժողովուրդը պատերազմից պակասել էր, ուզում էին շատացնել: Ինչ-ինչ ձեւերով, կոմունիստների օգնությամբ մեր ծնողները մեզ փախցրին: Այդ գիշեր շոգենավի մեջ մեզ բորշչ տվին, մեջը միայն ջուր էր ու կարտոշկա: Սեւ հաց տվին, չկարողացա ուտել, դրի պայուսակս: Փոքրիկ էի, բայց մտածում էի՝ հետո ցույց կտամ հորաքրոջս, որ մեզ համոզում էր:

Ֆրանսիական կառավարության պահանջով գիշերվա ժամը երեքին, (դեկտեմբեր ամիսն էր), մեզ նավից իջեցրին: Ես ուրախ էի, որ չպիտի գնանք: Բայց մերոնք փաստաթղթի մեջ իմ հպատակ լինելը պուդրայով (դիմափոշի) ջնջեցին, ու այդպես եկանք: Յոթ օրից հասանք Բաթում: Բաթումում հայրս ազգականներ ուներ, մնաց նրանց մոտ, որ մեր ապրանքներին տեր կանգնի, իսկ մենք եկանք Երևանի կայարանը: Մեզ տարան Կոնդ, մի շատ անհարմար տուն՝ ոչ պատուհանները կային, ոչ դուռը: Հարեւանուհին զգուշացրեց՝ մի մնացեք, կարող է գիշերը կողոպուտ լինի: Մայրս ուներ իր քրոջ տալի հասցեն, Սիրիայից ներգաղթած, ապրում էին Կայարանի մոտ: Մեզ բերող մեքենային խնդրեցինք՝ հետ տանի: Փոքրիկ, հողե տուն էր, ամուսինը՝ Եզնիկը, շատ բարի, ազնիվ մարդ էր: Կինը բժշկուհի էր: Ճանապարհին փոքր եղբայրս հիվանդացել էր: Նա իսկույն ոտքերը տաք ջուրը դրեց, կոմպրեսներ արեց, բժշկեց եղբորս:

Հայերեն շատ քիչ գիտեի։ Կայարանում մի հատուկ դպրոց կար, նոր եկած երեխաներիս ընդունում էին առաջին դասարան, որ հայերեն սովորենք։ Մյուս առարկաները գիտեինք: Մաման սկսեց ապրանքները ծախել կայարանի մոտի սեւ շուկայում. անշուշտ ուտել էր պետք։ Էնտեղ մտերմացավ Սոնյա անունով մի կնոջ հետ, որը մամայից միշտ շորեր էր առնում իր երեխաների համար: Ամուսինը պաշտոնյա էր Հայկոոպում: Նա էլ խոստացավ ամուսնուն խնդրել, որ 1948-ի քարավանը գալուց հետո մեզ Ռայկոմում (թաղամաս Երևանում, այլ կերպ՝ Կանազ) մի սենյակ տան: Մինչ այդ տուն էինք գտել Նորքի այգիներում, լավ ծանոթներ ունեցանք՝ թե՛ տեղացի, թե՛ հայրենադարձ:

Երկու տարի հետո մեզ մի սենյակ տվեցին, որ աստիճանաբար ընդարձակվեց՝ եւս մի սենյակ, մի խոհանոց եւ մի միջանցք: Մենք չորս հոգի էինք՝ հայրս, մայրս, ես եւ տասնմեկ տարեկան եղբայրս: Սկսեցի այդտեղ դպրոց գնալ, բայց հայերենից միշտ տկար էի: Յոթերորդն ավարտեցի, չուզեցի բարձրագույն ուսման երթալ: Տարիքս մեծ էր, ընտանիքս գնալով կաղքատանար, մայրս անընդհատ ծախելով էր զբաղած, վերջերում հավաքարարի գործ էր գտել: Հայրս շատ երկար պառկեց հիվանդանոցում, չէր կարողանում միզել, կրկնակի վիրահատության ենթարկվեց, խողովակ էին դրել:

Մամաս ամենավերջինը դաշնամուրը ծախեց: Ինքը շատ կսիրեր դաշնամուրը, իր ամենալավ ընկերն էր. որ սիրտը նեղվեր, կնվագեր: Առաջին անգամն էր, որ մամայիս հուզված տեսա: Սանդուղքի վրա նստած կուլար... Ինչո՞ւ այս վիճակին պիտի հասներ...

Դրա համար ես ուզեցի արհեստ սորվեմ, շուտ փող աշխատեմ, ծնողքիս օգնեմ: Հայրս Ֆրանսիայի մեջ կնոջ շապիկ ու հագուսեղեն կպատրաստեր, կվաճառեր: Մեջս ընկավ էդ փափագը, նույն գծով գնացի տեխնիկում: Լավ սովորող էի, թոշակ էի ստանում: Ավարտեցի, տեղավորեցին Բաղրամյան-Կիևյան անկյունի արտելում: Երբ աշխատանք ունեցա, իմ նպատակը մամայիս գավաթներ առնելն էր, հետո՝ վարագույրներ, որ չունեինք:

1949-ին տեսնում էինք, թե գիշերով ինչքա՜ն էին տանում։ Ամեն առավոտ մի ընտանիքի դռան վրա X-ի պես փայտերով խփած էր լինում: Մայրս մինչև Ֆրանսիա գալը Թուրքիայից Ամերիկա էր գնացել, անգլերեն գիտեր: Պատերազմի ժամանակ ամերիկյան զինվորների համար թարգմանություն էր արել, նրանք էլ, որպես պատիվ, ամերիկյան թոշակ էին տվել: Այդ թուղթը մեր տանն էր: Երբ աքսորը սկսվեց, մամաս վախից մի գիշեր ամանի մեջ այդ թուղթն ու մյուս կարեւոր թղթերը վառեց, որ հետք չմնա: Հետո ծնողներս շատ դիպլոմատիկ էին, շատ զգույշ կխոսեին, թեկուզ ներքուստ դժգոհում էին, բայց ցույց չէին տալիս:

Մամաս շատ քրիստոնյա էր, խաչ մը ուներ Ֆրանսիայից բերած, դրել էր պատին: Մի օր մեր թաղայինը զգուշացրեց՝ տիկին Դորիս, հանեցեք այդտեղից, լավ չէ, Ստալինի նկարը դրեք: Մամաս վախից Ստալինի նկարը դրավ, խաչն էլ՝ հակառակ պատին:

Ես դպրոցում էի, որ Ստալինը մահացավ: Մեր դասատուն ներս մտավ շատ տխուր, ասավ՝ տխուր լուր պիտի հայտնեմ. մեր հայրը, մեծ հայրը մահացավ: Բոլորը լաց էին լինում, մենք՝ երկու ֆրանսահայ ընկերուհի, գլուխներս ձեռներիս դրած ծիծաղում էինք, բայց մարմիններս կերթար վեր ու վար, իբր մենք էլ էինք լաց լինում: Տուն եկա, ասի՝ մամա, Ստալինը մահացել ա, տեսա՝ մամաս կուլա։ Երեւի մտածում էր, որ նրանից հետո ավելի վատը կգա։

Այդ Ռայկոմի շենքը, որ մեզի տեղավորեցին, ամերիկացիների շենք էին ասում, վերեւի հարկը Անթառամյաններն էին, մյուս բնակարաններն էլ հայրենադարձներ էին: Երեխաներով կհավաքվեինք փարթիների, երաժշտություն կդնեինք, կպարեինք: Կսիրեի պարել: Մի խոսքով ՝ տարեկիցներով ժամանց էինք անում։

Փոլի հետ մտերմությունս այսպես եղավ: Արտելում, որ դերձակ էի աշխատում, ընկա, ոտքս կոտրեցի: Գիպսից հանելուց հետո մասաժ էր պետք անել, ինքն էլ էդ մասնագետն էր: Մայրս խնդրել էր, որ գա մեր տուն, ցույց տա՝ ինչպես պետք է անել: Գալիս էր: Այդ ժամանակ մոտիկություն ձեռք բերեցինք. անշուշտ՝ մտային: Ոտքիս լավանալը մի տարի տեւեց, ես սկսեցի սիրել իրեն, ինքը՝ չգիտեմ ոնց: Ամուսնացանք հին ձևով. ընտանիքը եկավ, ուզեց, համաձայնեցինք, նշանվեցինք: Երեք երեխաս էլ Հայաստան են ծնվել:

1956-ին Պինոն (Քրիստիան Պինո – Ֆրանսիայի արտգործնախարար) եկավ Հայաստան: Արդեն Ստալինը չկար, Խրուշչովն էր: Բոլոր ֆրանսահայերը, մեջները ֆրանսիացիներ էլ կային՝ հայի հետ ամուսնացած կոմունիստներ, դրոշներով, «Մարսելիեզ» երգելով գնացին Պինոյին դիմավորելու: Մի կին ծնկի էր եկել՝ մեզի ազատեք, կուզենք դուրս ելլանք, ձեւը գտեք: Առաջինը էդ ֆրանսիացիներին թողին: Պինոն ֆրանսահայերիս էլ էր ֆրանսիացի կոչում. բարեխոսեց՝ ինչուՙ՚ չեք թողեր ձեզ մոտ ապրող ֆրանսիացիները դուրս գան:

1965-ին դիմեցինք, որ դուրս գանք: Հայրս մահացած էր, մորս շատ համոզեցինք, որ եղբորս հետ, Ֆրանսիայում ապրող իր քույրերից վիզա ուզի (այդպես էր՝ դրսում մեկը պիտի ունենայիր): Իմ ազգանունը փոխված էր Անթառամյան, մեզ վիզա ուղարկեցին Փոլի ազգականները:

Ավելի շատ երիտասարդներս էինք ուզում գնալ: Մեր մամաները, պապաները կուզեին երթալ Հայաստան, որ մենք ավելի հայ մնանք: Բայց մենք չհավանեցինք, կուզեինք դուրս գալ:

Մեր մամաները, պապաները կուզեին երթալ Հայաստան, որ մենք ավելի հայ մնանք: Բայց մենք չհավանեցինք, կուզեինք դուրս գալ: