ԴԱՐՁ ԱՌ ՀԱՅՐԵՆԻՔ
2-րդ աշխարհամարտից հետո հաղթանակած Խորհրդային Միությունն ուզում էր իր ազդեցության գոտիներն ընդլայնել ոչ միայն Արեւելյան Եւրոպայում, այլեւ՝ Թուրքիայում եւ Իրանում։ Սեւծովյան նեղուցներ դուրս գալու ծրագրում կար նաեւ Կարս-Արդահանի նահանգները Հայաստանին եւ Վրաստանին միացնելու հարցը։
Պահանջն ավելի համոզիչ դարձնելու համար որոշվել էր օգտագործել հայկական խաղաքարտը։ Դաշնակից տերություններին՝ Մեծ Բրիտանիային եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, պետք էր բացատրել, որ Թուրքիայի նկատմամբ եղած հողային պահանջը ոչ թե ագրեսիա է, այլ՝ 1-ին աշխարհամարտի հետեւանքով հայերի կորցրած իրավունքների վերականգնում։
Դաշնակից տերությունները Պոտսդամի կոնֆերանսում բնականաբար չընդունեցին Խորհրդային Միության ծրագիրը։ Շատ չանցած՝ Միացյալ Նահանգներն ատոմային ռմբահարման ենթարկեց Ճապոնիայի Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքները, ինչն աշխարհում արմատապես փոխեց ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Իսկ 1947-ին ԱՄՆ նախագահ Հարրի Թրումենի դոկտրինի հրապարակումով պարզ դարձավ, որ Թուրքիան ունի հզոր հովանավորներ եւ Կրեմլը պետք է համակերպվի խորհրդա-թուրքական սահմանի անփոփոխելիության հետ։
Այս ամենին զուգահեռ՝ 1945-ի գարնանից, երբ պատերազմը դեռ չէր ավարտվել, բայց ԽՍՀՄ հաղթանակն ակներեւ էր, սկսվել էր Մեծ Հայրենադարձության նախապատրաստությունը։ Հայաստանի ղեկավարները՝ ոգեւորված նոր եւ ավելի զանգվածային ներգաղթ ձեռնարկելու հնարավորությունից, ջանում էին համոզել Ստալինին եւ նրա շրջապատին, որպեսզի օր առաջ սկսվի հայերի հայրենադարձությունը։
Ստալինը չէր շտապում, որովհետեւ շատ լավ գիտեր, որ պատերազմից նոր դուրս եկած երկիրն ի վիճակի չէ ներգաղթողների զանգվածային հոսք ընդունելու։ Մյուս կողմից, սակայն, մարդկային այդ հոսքը պետք էր ցույց տալու համար, թե որքան գրավիչ է Խորհրդային Միությունը, որ հազարավոր մարդիկ ձգտում են գալ ու մշտական բնակություն հաստատել այնտեղ։ Այս իմաստով հայերը եզակի չէին. ԽՍՀՄ վերադառնում էին նաեւ ռուսներ, ուկրաինացիներ, այլ ազգերի մարդիկ։
Հայրենադարձության մեկնարկի ազդանշանն արդեն տրվել էր։ Սփյուռքահայ համայնքներում քննարկվում էր հայկական հողերը Խորհրդային Հայաստանին միացնելու հեռանկարը։ Համազգային այդօրինակ մեծ ձեռնարկից հետ կանգնելը մեծ վնաս կհասցներ ԽՍՀՄ վարկին՝ մյուս կողմից լուրջ փաստարկ դառնալով Սփյուռքի ամենաազդեցիկ կառույցներից մեկի՝ Հայ Հեղափոխական դաշնակցության ձեռքում, որը, 1921-ից սկսած՝ հակառակորդի, անգամ թշնամու համարում ուներ։
Հարցի բոլոր կողմերը քննարկելուց հետո՝ Ստալինն այնուամենայնիվ որոշեց արտոնել հայերի հարենադարձությունը՝ 1945-ի նոյեմբերի 21-ին, Հայաստանում սովետական կարգերի հաստատման 25-ամյակին ընդառաջ՝ ստորագրելով որոշում։
Սփյուռքի հայկական գաղթօջախներում մեծ թափով սկսվեց Հայրենիք փափագող մարդկանց ցուցակագրումը։ Ըստ ոչ լրիվ ճշտված տեղեկությունների՝ աշխարհի 10-ից ավելի երկրներում ներգաղթելու ցանկություն էին հայտնել 300-450 հազար հայեր։
Հրահանգված էր հավաքագրել հիմնականում չքավոր եւ աշխատանքի համար պիտանի մարդկանց, բայց տեղերում ստեղծված ներգաղթի կոմիտեները դիմողներին մերժելու պատճառ ու պայման չունեին։ Միակ պայմանը դրվում էր Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամների առջեւ՝ կամ հրաժարվել Հայաստան գնալուց, կամ՝ կուսակցությունից։ Դաշնակցականներից շատերը նախընտրում էին երկրորդը՝ իրենց հրաժարականները հրապարակելով Սփյուռքի առաջադիմական, սովետամետ պարբերականներում։
Այսպիսով՝ առաջին քարավանը 1946-ի հուլիսին՝ դուրս գալով Բեյրութից հասավ Բաթումի, որտեղից գնացքներով հայրենադարձները տեղափոխվեցին Հայաստան։
Հայրենիքի մասին նրանց լսածն ու պատկերացրածն արմատականորեն տարբեր էին հայաստանյան իրականությունից։ Խոստացված նորակառույցների փոխարեն մարդիկ ապաստանում էին կամ տեղացիների տներում, կամ բնակության համար չնախատեսված շինություններում։ Խոստացված լիության փոխարեն նրանց ապշեցնում էին հացի հերթերն ու խանութների դատարկությունը։ Քաղաքներում ապրած արհեստավորները հայտնվում էին գյուղական բնակավայրերում, որտեղ անելիք, հետեւաբար նաեւ՝ ապրուստի միջոց չունեին։ Դաշտավայրում ապրածներն ուղարկվում էին լեռնային շրջաններ եւ հակառակը։
Սա, իհարկե, չէր արվում ինչ-որ միտումով կամ դիտավորությամբ, այլ պարզապես վատ կազմակերպելու, նախապատրաստական աշխատանքում թերանալու արդյունք էր, ինչը քննարկվում ու գնահատական էր ստանում եւ Հայաստանի, եւ ԽՍՀՄ ղեկավար մարմիններում։
Չնայած այս ամենին՝ հայրենադարձների հոսքը շարունակվում էր։ 1946-ին աշխարհի վեց երկրից՝ Սիրիա, Լիբանան, Բուլղարիա, Իրան, Ռումինիա, Հունաստան, Հայաստանն ընդունեց 50 918 հայրենադարձների։ 1947-ին երկրների թիվն ավելացավ՝ Սիրիա, Լիբանան, Իրաք, Հունաստան, Ֆրանսիա, Եգիպտոս, Պաղեստին, ԱՄՆ, իսկ ներգաղթողների ընդհանուր քանակը նվազեց մոտ 15 հազարով. Հայաստան մտավ 35 422 մարդ։ 1948-ին կտրուկ նվազեց եւ երկրների թիվը՝ Ռումինիա, Եգիպտոս, եւ ներգաղթողների՝ 3 092։ 1949-ին Հայաստանը բացառության կարգով ընդունեց մեկ քարավան Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 162 հոգի։
Նախ՝ աստիճանական, ապա կտրուկ այս նվազումը պայմանավորված չէր հայրենադարձների հիասթափությամբ։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ նրանք չէին կարող տեղեկացնել արտասահմանում մնացած իրենց ազգականներին, ընկերներին ու բարեկամներին, որ հետ կանգնեն ներգաղթելու մտքից. սովետական իրականության մասին ոչ դրական կարծիք արտահայտելը խիստ վտանգավոր էր։
Չնայած 100-հազարավոր մարդիկ սփյուռքահայ գաղթօջախներում սպասում էին Սովետական Հայաստան տեղափոխվելու երջանիկ ժամին, հայրենադարձությունն աստիճանաբար մարեց եւ ի վերջո դադարեց, որովհետեւ եւ ԽՍՀՄ, եւ Խորհրդային Հայաստանի ղեկավարների համար տեսանելի եղավ ձեռնարկված գործի եւ իրական հնարավորությունների ահռելի հակասությունը։
Այսուհանդերձ՝ ի՞նչ ստացավ Հայաստանը մեծ հայրենադարձությունից։
Չորս տարում Հայաստան մտավ ավելի քան 90 հազար հայ։ Հայաստանի բնակչությունն ավելացավ։ Մարդուժը համալրվեց գյուղացիներով, բանվորներով, հմուտ արհեստավորներով, որոնք ներմուծեցին աշխատանքի, կյանքի ու կենցաղի նոր մշակույթ։ Ավելացան երիտասարդներն ու երեխաները, որոնք, օգտվելով Սովետական Հայաստանում անվճար միջնակարգ եւ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, հետագայում լրացրեցին արհեստավարժ մասնագետների, գիտնականների ու մշակույթի գործիչների շարքերը։ Հայաստանն ընդհանուր առմամբ շահեց լայնամասշտաբ այս ձեռնարկից։ Շահեցին նաեւ հայրենադարձները։ Բայց սովետական իրավակարգը՝ բռնատիրական իր բնույթով թույլ չտվեց, որ հայ-հայրենիք կապը լինի հաստատուն։