1946-1948թթ. սփյուռքահայերի ներգաղթի պատմության կարեւոր եւ հետաքրքիր հարցերից է նրա կազմակերպման պատճառները: Հայրենադարձությունը թույլատրվեց Խորհրդային Միության կառավարության (Ժողկոմխորհի) նախագահ Ստալինի 1945թ. նոյեմբերի 21-ի որոշումով, որում ասվում էր. «Ուշադրության առնելով արտասահմանում ապրող հայերի դիմումները նրանց հայրենիք՝ Սովետական Հայաստան վերադառնալու թույլտվության մասին եւ ՀՍՍՀ ղեկավար մարմինների միջնորդությունը, թույլատրել ՀՍՍՀ Ժողկոմխորհին կազմակերպել արտասահմանյան երկրներում ապրող հայերի վերադարձը, որոնք այդ մասին ցանկություն են հայտնել»[1]: Համաձայն այդ փաստաթղթի, ներգաղթի կազմակերպման հիմնական պատճառը հենց իսկ արտասահմանի հայերի ցանկությունն էր վերադառնալ հայրենիք՝ Խորհրդային Հայաստան:
Սփյուռքի հայության ձգտումը` ներգաղթել Խորհրդային Հայաստան սպասելի էր: 1921-1936թթ. ավելի քան 40 հազ. գաղթական հայեր կամավոր ներգաղթել էին Խորհրդային Հայաստան, նրանց թիվը կլիներ ավելի մեծ, եթե 1937թ. Խորհրդային Միությունը չխզեր բոլոր հարաբերությունները հայ սփյուռքի հետ: Հայտնի էր նաեւ, որ դրանից հետո անցած շուրջ 9 տարիների ընթացքում սփյուռքահայերի մի ստվար հատվածի մոտ չէր մարել Խորհրդային Հայաստան ներգաղթելու ցանկությունը: Եթե նրանք անփոփոխ էին Հայաստանում ապրելու իրենց ցանկության մեջ, ապա ի՞նչ էր փոխվել Ստալինի մոտեցումներում, որ նա հիշեց սփյուռքի հայության մասին, եւ, կրկնեմ, անտեսելով երկրի այդչափ ծանր վիճակը, թույլատրեց նրանց ներգաղթը:
Փոխվել էր շատ բան: Երկրորդ աշխարհամարտում հաղթանակած Խորհրդային Միությունը դարձել էր՝ ռազմաքաղաքական առումով ամենահզոր երկրներից մեկը: Ստալինը ոչ միայն միջազգայնորեն ամրագրեց երկրի տարածքների ընդլայնումը, որ տեղի էր ունեցել 1939թ. սովետագերմանական պայմանագրով, այլեւ ձեռք էր բերել Արեւելյան Պրուսիան (Կալինինգրադի մարզը) եւ Կուրիլյան կղզիները, նրա հսկողության տակ էին հայտնվել Արեւելյան Եվրոպայի երկրները:
Այս բոլոր ձեռքբերումների հետ մեկտեղ, սակայն, Ստալինը, որը որդեգրել էր Ռուսաստանի արեւելյան ավանդական քաղաքականության սկզբունքները, ձեռնամուխ եղավ եւս մեկ աշխարհաքաղաքական ծրագրի իրականացմանը, այս անգամ Միջին Արեւելքում՝ միաժամանակ Իրանում եւ Թուրքիայում, որում դեպքերի բերումով որոշակի դեր էր հատկացված նաեւ հայ սփյուռքին:
Երկրորդ աշխարհամարտի տարիներին Թուրքիան վարում էր շատ ճկուն եւ խորամանկ արտաքին քաղաքականություն: Թեեւ 1939թ. հոկտեմբերին ստորագրվեց անգլոֆրանկոթուրքական պայմանագիրը փոխօգնության մասին, Թուրքիան հետագայում ոչ միայն խորշեց օգնության հասնել դաշնակիցներին, այլեւ 1940թ. առեւտրական պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ, իսկ 1941թ. հունիսի 18-ին, այսինքն՝ Խորհրդային Միության վրա Գերմանիայի հարձակումից չորս օր առաջ, ստորագրվեց թուրքգերմանական «չհարձակման եւ բարեկամության» պակտը: Թուրքիայի հիմնական նպատակն էր՝ Խորհրդային Միության պարտությունը. վարչապետ Սարաջօղլուն ֆոն Պապենին ասում էր. որ «որպես թուրք…սաստիկ ցանկանում է, որ Ռուսաստանը ոչնչացվի», որ «Գերմանիան կարող է լուծել Ռուսաստանի հարցը, միայն եթե սպանվի Ռուսաստանում ապրող ռուսների առնվազն կեսը…»[2]:
Արդեն 1942թ. աշնանը Թուրքիան մեծ թվով զորքեր էր կենտրոնացրել սովետաթուրքական սահմանին, ինչը ստիպեց Ստալինին տեղակայել այստեղ 45-րդ բանակը, 15-րդ հեծելազորային կորպուսը եւ այլ զորամիավորումներ, որոնք այնքան անհրաժեշտ էին գերմանական զորքերի առաջխաղացումը կանխելու համար: Ստալինգրադի ճակատամարտում գերմանական բանակների ջախջախումից հետո Թուրքիան ստիպված էր վերանայել իր պլանները: Այնուամենայնիվ, նա պատերազմ հայտարարեց Գերմանիային միայն 1945թ. փետրվարի 23-ին, ուստի եւ ոչ մի մասնակցություն չունեցավ Երկրորդ աշխարհամարտում:
Թուրքիայի նման վարքագիծը, նրա թշնամական քաղաքականությունը Խորհրդային Միության նկատմամբ անհետեւանք չմնաց: Պատերազմը դեռ չէր ավարտվել, երբ 1945թ. մարտի 19-ին Խորհրդային Միությունը հայտարարեց, որ մտադիր է դենոնսացիայի ենթարկել 1925թ. սովետաթուրքական պայմանագիրը, քանի որ այն «չի համապատասխանում նոր իրադրությանը եւ լրջորեն բարելավվելու կարիք ունի»[3]:
1945թ. հունիսին Մոսկվայում՝ սովետա-թուրքական բանակցությունների ընթացքում Խորհրդային Միությունը առաջ քաշեց սեւծովյան նեղուցների մասին 1936թ. Մոնտրյոյի պայմանագրի վերանայման, ինչպես նաեւ Կարսի եւ Արդահանի մարզերի վերադարձման հարցը: Թուրքիայի ժխտական պատասխանը սպասելի էր, բայց դա էական չէր Ստալինի համար:
Ստալինը, հետեւելով ռուս ցարերի օրինակին, ընդհանրապես համարում էր, որ ազատ է հարեւան երկրների հետ իր գործողություններում եւ նրանց հետ վեճերը ձգտում էր լուծել ուղղակի բանակցությունների, այլ ոչ թե միջազգային կոնֆերանսների միջոցով: Այս դեպքում, սակայն, Թուրքիան օգնության էր դիմել Արեւմուտքին, ուստի եւ սպասելի էր, որ Ատալինի պահանջները կքնարկվեն դաշնակից երկրների ղեկավարների վերջին՝ Պոտսդամի կոնֆերանսում, որ տեղի ունեցավ 1945թ. հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը: Ակնհայտ էր նաեւ, որ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան, տեսնելով, թե Ստալինը ինչպես է Արեւելյան Եւրոպայի երկրները հետեւողականորեն դարձնում Խորհրդային Միության քաղաքական եւ տնտեսական կցորդը, կհակազդեն նրա այս նոր՝ «արեւելյան» ձգտումներին: Ստալինը չէր շտապում դիմել կտրուկ գործողությունների: Նա դեռեւս չէր հանդիպել ԱՄՆ նոր նախագահ Տրումենի հետ եւ ցանկանում էր պարզել այն գինը, որը վերջինը պատրաստ էր վճարել խաղաղության պահպանման համար: Տրումենը, իր հերթին, թեեւ խիստ դժգոհ Ստալինի քաղաքականությունից Արեւելյան Եվրոպայում, դեռ չէր մշակել սեփական վարքագիծը:
Ամեն դեպքում, Պոտսդամում Ստալինին անհրաժեշտ էր հիմնավորել իր տարածքային պահանջները, քանի որ Թուրքիան de jure հայտնվել էր հաղթանակած պետությունների կազմում: Ահա այստեղ է, որ նա որոշեց օգտագործել «հայկական խաղաքարտը»: Դա պահի տակ արված քայլ չէր, այլ նախօրոք պատրաստված գործողություն: Սկսած մոտավորապես 1944թ. կեսերից Մերձավոր Արեւելքի երկրներում աշխատող խորհրդային դիվանագետները, ի կատարումն Մոսկվայի ստացած հրահանգների, աշխուժացրել էին իրենց շփումները տեղի հայ համայնքների հետ` նպատակ ունենալով ուսումնասիրել նրանց տրամադրություններն ու դիրքորոշումները, հատկապես Խորհրդային Հայաստան ներգաղթելու վերաբերյալ, ինչպես եւ էլ ավելի խթանել Խորհրդային Միության հետ կապված նրանց ազգային-քաղաքական սպասելիքերը: Այդ գործունեության ձեւերից էր նաեւ «տեղեկատվության արտահոսքը», որի արդյունքում սփյուռքում հետզհետե ավելի հաճախակի եւ առավել վստահ սկսեցին խոսել հայկական տարածքների վերադարձման, նոր ներգաղթի մոտալուտ կազմակերպման մասին: Այդ տրամադրությունների տարածմանն ու ամրապնդմանը մեծապես նպաստեց, օրինակ, կաթողիկոսի տեղապահ Գեւորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի հանդիպումը Ստալինի հետ 1945թ. ապրիլի 9-ն: Այսպես, Թավրիզում Խորհրդային Միության գլխավոր հյուպատոսը հաղորդում էր, որ տեղի հայերի մեջ այն կարծիքն է տիրում, թե Ստալինը իբր հանձնարարել էր «…Ազգային եկեղեցական ժողովում հարց բարձրացնել Խորհրդային Հայաստանի տարածքների՝ ի հաշիվ Թուրքիայի, ընդլայնման եւ արտասահմանի հայերին Հայաստան մշտական բնակության տեղափոխելու հնարավորության մասին…»[4]։ Նմանօրինակ լուրերը, կարծես, հաստատվում էին. 1945թ. հունիսի 25-ին Ստալինին հղած հեռագրում Եկեղեցական ժողովը հույս էր հայտնում, որ Խորհրդային Միությունը կվերացնի այն «անարդարությունները, որին ենթարկվեց հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի ընթացքում»:
Այս ամենի արդյունքում թե՛ Պոտսդամից առաջ եւ թե՛ հետագա մի քանի ամիսներին տարբեր երկրների հայ համայնքներից բազմաթիվ նամակներ ուղարկվեցին Ստալինին, որոնցում սփյուռքի հայերը ողջունում էին նրա մտադրությունները հայկական տարածքների վերադարձման եւ ներգաղթի կազմակերպման վերաբերյալ: Իսկ դա, իր հերթին, իրավունք էր տալիս Ստալինին եւ Մոլոտովին Պոտսդամում Խորհրդային Միության տարածքային պահանջները ներկայացնելիս ասել, որ «…խոսքը այն սահմանի վերականգման մասին է, որ գոյություն է ունեցել մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը…», որ «…թուրքական տերիտորիայում ապրում են մոտ 400-500 հազար հայեր, որ …Խորհրդային Հայաստանի տերիտորիայից դուրս, արտասահմանում, ապրում է մեկ միլիոնից ավելի հայություն: Երբ հայերի տերիտորիան ընդարձակվի, արտասահմանում ապրող հայերից շատերը կձգտեն վերադառնալ հայրենիք», հիշեցնել Իդենին, որ «…անգլիական կառավարությունը անցյալում բազմիցս հանդես է եկել թուրքական տիրապետության տակ եղած հայ բնակչության պաշտպանությամբ» եւ ընդհանրապես՝ «…Հայերը շատ ընդունակ եւ եռանդուն մարդիկ են, հատկապես տնտեսական հարցերում: Թող թուրքերը հայերին տան Խորհրդային Միությանը, դա կլինի արդարացի»[5]:
Այսօր արդեն ավելորդ է խոսել Ստալինի՝ հայերի հանդեպ հատուկ՝ դրական իմաստով, տրամադրվածության մասին: Լինելով Realpolitik-ի համոզված հետեւորդ, նա գործում էր շատ պրագմատիկ եւ ասում «…եթե նա (Թուրքիան), ուզում է մեզ հետ դաշն կնքել, հարկավոր է շտկել այդ սահմանը, եթե նա չի ուզում շտկել սահմանը, ապա վերանում է դաշինքի հարցը»[6]: Այլ կերպ ասած` նպատակը տարածքներն էին, անկախ նրանից, թե ով, որ ժողովուրդն է այնտեղ ապրել կամ ապրելու է ապագայում:
Պոտսդամը, Հենրի Քիսինջերի խոսքերով՝ «խուլերի այդ երկխոսությունը», որեւէ լուծում չտվեց Ստալինի կողմից Թուրքիային ներկայացրած պահանջներին: Նրա հիմնական արդյունքը եղավ այն, որ սկիզբ դրվեց մի գործընթացի, որը Եվրոպան եւ ողջ աշխարհը բաժանեց ազդեցության երկու ոլորտների: Ինքը՝ Ստալինը, ոչ միայն շարունակեց թելադրել իր կամքը Արեւելյան Եվրոպային, այլեւ առավել մեծ եռանդով ձեռնամուխ եղավ նմանօրինակ մի ծրագրի իրագործմանը Միջին Արեվելքում՝ ոչ միայն Թուրքիայում, այլեւ միաժամանակ Իրանում:
Պատերազմի ավարտին Իրանի հանդեպ Խորհրդային Միության քաղաքականության մարտավարությունը պայմանավորված էր մի շատ կարեւոր հանգամանքով: Դեռեւս 1941թ. օգոստոսի 25-ին Խորհրդային Միությունը, վկայակոչելով 1921թ. սովետա-իրանական պայմանագրի 6-րդ կետը, իր զորքերը մտցրեց Իրան, միաժամանակ հարավից եւ հարավարեւմուտքից Իրան մտան անգլիական զորքերը: Իրանի օկուպացիան պայմանավորված էր մի շարք հանգամանքներով՝ երկրում գործող գերմանական գործակալական լայն ցանցը, քաղաքական եւ պետական շրջանակներում ու բանակում ակնհայտ գերմանամետ տրամադրությունները, դրանով իսկ՝ Գերմանիայի կողմից նավթով հարուստ տարածաշրջանի՝ Իրանի, ինչպես նաեւ Իրաքի հնարավոր գրավումը: Բացի այդ, այն ապահովելու էր Խորհրդային Միության համար դաշնակիցների տրամադրած ռազմական բեռների անվտանգ տարանցիկ տեղաղափոխումը: Հետագա մի քանի տարիների ընթացքում Խորհրդային Միությունը զգալիորեն ուժեղացրեց իր դիրքերը Իրանում, դրա վկայություններից էր կոմունիստական տիպի «Թուդե» կուսակցության ստեղծումն էր, որը ղեկավարվելով «…Մոսկվայի հրահանգներով …դարձավ ազդու լծակ Իրանի նկատմամբ «ստվերային»՝ քաղաքականություն իրագործելու գործում»[7]: Ստալինի քաղաքականության հիմնական նպատակն էր հսկողության տակ վերցնել Իրանի հյուսիսային՝ նավթով հարուստ շրջանը: Հանդիպելով Իրանի կառավարության հակազդեցությանը, Խորհրդային Միությունը, օգտվելով իր զորքերի ներկայությունից, տեղի բնակչության մեջ հրահրեց եւ ղեկավարեց մի շարժում՝ այդ երկրամասը Իրանից անջատելու նպատակով:
Եվ ահա Պոտսդամի կոնֆերանսից անմիջապես հետո Ստալինը դիմեց վճռական գործողությունների՝ նախ Իրանում: 1945թ. սեպտեմբերին հռչակվեց Իրանական Քրդստան քրդական հանրապետությունը, իսկ դեկտեմբերին՝ Իրանական Ադրբեջանի ինքնավար հանրապետությունը: Երկու կազմավորումների կառավարությունները մեծ մասամբ կազմված էին կոմունիստներից եւ փաստորեն ղեկավարվում էին Մոսկվայից: Ուշագրավ է, որ իր աշխարհաղաքական ծրագիրը իրականացնելիս, Ստալինը երկու դեպքում էլ՝ Իրանում եւ Թուրքիայում փորձում էր հանդես գալ փոքր, ճնշված ժողովուրդների պաշտպանի դերում:
Միաժամանակ, այդ երկու դեպքերի միջեւ, սեպտեմբերից դեկտեմբեր ընկած կարճ ժամանակահատվածում՝ Ստալինը սկսեց իրագործել նաեւ իր ծրագրի «թուրքական» մասը: 1945թ. նոյեմբերի 21-ին նա ստորագրեց հայերի ներգաղթի մասին որոշումը` դրանով իսկ, կարծես, փաստի առաջ կանգնեցելով իր երեկվա դաշնակիցներին: Բայց ամենակարեւորը՝ այդ նույն օրերին Երեւան էին գալիս մեծ թվով բարձրաստիճան սպաներ, իրենց հետ ունենալով (պրոֆեսոր Ջիվիլեգովի վկայությամբ) ռազմական քարտեզներ, որոնց վրա արդեն տեղում նշվում էր խորհրդա-թուրքական նոր սահմանը[8]:
Սակայն Տրումենը, որն արդեն հասկացել էր, որ Ստալինին կարելի է կանգնեցնել միմիայն ուժային ճնշման միջոցով, այս անգամ դիմեց վճռական գործողությունների: Նա նախեւառաջ պահանջեց անհապաղ դուրս հանել խորհրդային զորքերը Իրանից: «Սենատոր Հենրի Ջեքսոնը իր հուշերում վկայում է, որ Տրումենը Սպիտակ տուն էր հրավիրել ԱՄՆ-ում խորհրդային դեսպամ Ա.Գրոմիկոյին եւ նրան հայտարարել, որ եթե խորհրդային բանակը անհապաղ դուրս չգա Իրանից, ապա ԱՄՆ-ը նրա դեմ կօգտագործի ատոմային ռումբ»[9]: Իր հերթին Իրանի կառավարությունը պաշտոնական բողոքով դիմեց ՄԱԿ, որը պետք է քննարկեր այն 1946թ. մարտի 26-ին: Ստալինը ստիպված էր զիջել, եւ դրանից մեկ օր առաջ՝ մարտի 25-ին, Խորհրդային Միությունը հայտարարեց, որ խորհրդային բանակը դուրս կբերվի Իրանից 56 շաբաթվա ընթացքում: Մի քանի օր անց՝ ապրիլի 4-ին ստորագրվեց համաձայնագիր, որով ստեղծվում էր սովետա-իրանական ընկերություն Հյուսիսային Իրանում նավթի հանքավայրերի հետախուզման եւ շահագործման վերաբերյալ, որի արժեթղթերի 51%-ը պատկանալու էր Խորհրդային Միությանը: Թվում էր, Ստալինը այնուամենայնիվ հասավ իր նպատակին, սակայն… «Այս բոլորը մի ճկուն խաղ էր վարչապետ Ղավամի կողմից: Նա բնավ մտադիր չէր գործնականում իրագործելու իր ստորագրած փաստաթուղթը: Նրա նպատակն էր ամեն գնով խորհրդային զորքերը դուրս բերել տալ իր երկրի տարածքից եւ ժամանակ շահել Ադրբեջանի եւ Քրդստանի «ինքնավարական շարժումը» զենքի ուժով ջախջախելու համար»[10]։ Առաջ անցնելով նշեմ, որ այդպես էլ եղավ. 1946թ. վերջին իրանական զորքերը մտան Իրանական Ադրբեջան եւ Քրդստան ու վերահաստատեցին կենտրոնական կառավարության իշխանությունը: Իսկ ավելի ուշ՝ 1947թ. հոկտեմբերին, Իրանի մեջլիսը անվավեր եւ չեղյալ հայտարարեց սովետա-իրանական նավթային համաձայնագիրը:
Իրանից դուրս բերված խորհրդային զորքերը տեղակայվում էին սովետա-թուրքական սահմանին՝ Հայաստանում եւ Վրաստանում, ինչպես նաեւ Բուլղարիայում, նույնպես Թուրքիայի հետ նրա սահմանի վրա: Ստալինը, այնուամենայնիվ, համառորեն ձգտում էր իրագործել իր աշխարհաքաղաքական ծրագիրը, գոնե նրա մի մասը: Սակայն, ոչ պակաս համառությամբ Տրումենը հակազդում էր դրան: Նույն 1946թ. Պետական դեպարտամենտը մի քանի անգամ բողոքի նոտա ներկայացրեց Խորհրդային Միության ԱԳՆ-ին՝ Թուրքիայի հանդեպ ռազմական սպառնալիքների առիթով: ԱՄՆ-ն պատրաստ էր նաեւ հզոր նավատորմիկ ուղարկել՝ վերջինիս պաշտպանելու համար:
Պրոֆեսոր Վ. Բայբուրտյանը իր գրքում բերում է Ստալինի հեռախոսազրույցը Խորհրդային Ադրբեջանի Կոմկուսի քարտուղար Բաղիրովի հետ՝ Իրանից զորքերի դուրսբերման նախօրյակին: Նա ասել էր. «Մենք պետք է հեռանանք, քանի որ չենք կարող դիմադրել ամբողջ աշխարհին: Ես ցավում եմ, բայց մեր զորքերը պետք է դուրս հանվեն»: Նույնը նա կարող էր ասել եւ Թուրքիայի պարագայում: Ի վերջո, հատկապես. Տրումենի 1947թ-ի հայտնի դոկտրինից հետո, որը երաշխավորում էր Թուրքիայի եւ Հունաստանի տարածքային ամբողջականությունը, նա ստիպված եղավ վերջնականապես հրաժարվել զորքերը Թուրքիա մտցնելու մտադրությունից:
Իսկ այդ ընթացքում, սկսած 1946թ. հունիսից Հայաստան էին գալիս հայրենադաձների քարավանները (դրանց տարեց տարի նվազող քանակը, ի դեպ, ինքնին վկայում էր Ստալինի ծրագրի ձախողման մասին), սփյուռքում կազմակերպվում էին ներգաղթի հանգանակություններ, Հայկական Համաշխարհային կոնգրեսի պատվիրակությունը ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Դին Էչիսընին կոչ էր անում «Թուրքիայից հայկական հողերը հետ վերցնել…եւ կցել Խորհրդային Հայաստանին», եւ դա` այն դեպքում, երբ արդեն հայտնի էր Տրումենի դոկտրինը: Բայց նրանց կարելի էր հասկանալ: Ստալինի «արեւելյան» քաղաքականությունը եզակի հնարավորություն էր ստեղծում իրենց հայրենի տարածքների գոնե մի մասը վերադարձնելու համար, եւ հանուն դրա իրագործման նրանք ոչ թե ի վիճակի չէին, այլ պարզապես չէին ցանկանում հաշտվել իրենց հույսերի վրա խաչ քաշող քաղաքական նոր իրողության հետ: Նոր իրողության, որը կոչվեց «սառը պատերազմ»։
Ստալինի մտադրությունների փոփոխման հետեւանքներից էր նաեւ հայ հայրենադարձների մշտական նվազումը: Եթե 1946-ին Հայաստան ներգաղթեց մոտ 51 հազ. հայ, ապա 1947-ին՝ մոտ մեկ երրորդով պակաս՝ 36 հազ, իսկ արդեն 1948-ին ընդամենը 3000: Եվ ոչ թե ցանկացողների թիվն էր նվազել, այլ պարզապես ավարտվում էր Ստալինի հերթական մեծ աշխարհաքաղաքական խաղը, հանուն որի թույլատրվեց սփյուռքահայերի ներգաղթը: Դա եզակի եւ իր նախադեպը չունեցող երեւույթ էր, երբ Ստալինի ծրագրերը համահունչ էին հայ ժողովրդի ազգային շահերի եւ նպատակների հետ: Սփյուռքահայությունը՝ փոքր, բայց իր իսկ համար այդչափ կարեւոր դերը կատարեց մեծ նվիրումով եւ հաջողությամբ, իսկ Ստալինը…իսկ Ստալինը պարտություն կրեց իր ավելի հզոր հակառակորդից, ուստիեւ անիմաստ եւ ավելորդ համարեց հայերի հայրենադարձության շարունակումը:
Այս վերջին հարցին, թվում է, դժվար չէ պատասխանել, քանի որ մինչ այդ՝ 1944թ. հոկտեմբերի 4-ին որոշում էր ընդունվել Խորհրդային Միության քաղաքացիների հայրենադարձության մասին, որ 1945թ. փետրվարի 11-ին Յալթայի գագաթաժողովի ժամանակ կնքվել էին սովետա-ամերիկյան եւ սովետա-անգլիական պայմանագրեր երեք երկրների քաղաքացիների փոխադարձ եւ ընդգծեմ՝ պարտադիր հայրենադարձության մասին:
Հարկ է ընդգծել, սակայն, որ նշված երկու դեպքում էլ խոսքը հենց Խորհրդային Միության քաղաքացիների, այդ թվում նաեւ հայերի մասին, որոնք տարբեր պատճառներով (Գերմանիա քշված քաղաքացիական բնակչություն, ռազմագերիներ, նացիստերի հանցակիցներ) հայտնվել էին Գերմանիայում եւ եվրոպական այլ երկրներում եւ որոնց ընդունված է անվանել տեղահանված անձինք (перемещенные лица, displaced persons-dp): Մինչդեռ 1945թ. նոյեմբերի 21-ի որոշումը վերաբերում էր հայերին, որոնք երբեք չէին եղել Խորհրդային Միության քաղաքացիներ, ավելին՝ նրանց բացարձակ մեծամասնությունը բռնագաղթել էր հայրենիքից այն ժամանակ, երբ դեռ գոյություն չուներ ոչ Խորհրդային Հայաստանը եւ ոչ էլ Խորհրդային Միությունը: Այդ առումով ուշագրավ է, որ խորհրդային քաղաքացիներին վերաբերող որոշումներում խոսվում էր «հայրենադարձության» (репатриация), իսկ 1945թ. նոյեմբերի որոշման մեջ՝ «վերադարձի» (возвращение) մասին: Ճիշտ է, արտասահմանում կային փոքր թվով հայեր՝ հիմնականում ՀՀ Դաշնակցության անդամներ, որոնք արտագաղթել էին Հայաստանից 1921թ. փետրվարյան հակախորհրդային ապստամբության ճնշումից հետո: Արտերկրում նրանք սկզբից եւեթ ծավալեցին հակախորհրդային գործունեություն այդ իսկ պատճառով նրանց ներգաղթելու հնարավորությունը հավասար էր զրոյի:
—————————————————————————
1. ՀԱԱ, ֆ.326, g.1, գ. 74, թ. 1
2. А. Миллер, Краткая история Турции. М., 1948, с.218
3. «Известия», 21 ферваля, 1945
4. Էդ. Մելքոնյան. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության պատմություն: Երեւան, 2005, էջ 352-353
5. Դաշնակից երեք տերությունների՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավար-ների Բեռլինի /Պոտսդամի/ կոնֆերանսը. 1945 թ. հուլիսի 17 – օգոստոսի 2: Փաստաթղթերի ժողովածու: Երեւան: Էջ 44-45, 183-184:
6. նույն տեղում, էջ 184:
7. Վ.Բայբուրտյան. Իրանի պատմություն: Երեւան, 2005, էջ 638:
8. Էդ. Մելքոնյան , նշվ. աշխ., էջ 359:
9. Վ.Բայբուրտյան, նշվ. աշխ., էջ 645:
10. Վ.Բայբուրտյան, նշվ. աշխ., էջ 647:
«1946-1948թթ. Հայրենադարձությունը եւ դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» համահայկական գիտաժողովի զեկուցումների ժողովածու, 2008թ.