Ներգաղթել է Ֆրանսիայից 1947-ին / ապրում է Փարիզում

Ալբերտ Գեզոյան

Ծնողներս հանդիպել եւ ամուսնացել են Ֆրանսիայում, որտեղ էլ 33 թվին ծնվել եմ ես: Հայրս կոշկակար էր, խանութ ուներ Փարիզում, բայց պատերազմի ժամանակ ընտանիքը տեղափոխել էր գյուղ: Էդ գյուղի քահանան մեզ կնքեց կաթոլիկ եկեղեցում: Է՜, տարբերությունը մեծ չի. ես ու քույրս գնացինք կաթոլիկ դպրոց:

1944 թվին գերմանացիները քաշվեցին, տեղափոխվեցինք Փարիզ, հայրս խանութ բացեց: Մեր տունը Էյֆելյան աշտարակից մի կանգառ էր հեռու։

Հայրս կոմունիստ չէր, ձախակողմյան էր: Մի օր էլ ինձ տարավ մի տեղ՝ կինո ցույց տվին. Հայաստանի ցորենի դաշտերը՝ ցորենը բարձր, պտղատու ծառերը. պրոպագանդ, պրոպագանդ: Դա 45 թվին էր:

Հայրս մի քանի ընկերով համոզվեցին՝ գնանք, գնանք Հայաստան՝ էդ երկիրը շատ ա տուժել, մեր կարիքն ունի:

Ընկերներով կոշիկ կարելու թանկանոց մեքենաներ գնեցին եւ մի կոնտեյներ՝ այդ մեքենաներով, տան կահ-կարասիներով լիքը, գնացինք Մարսել: Մեզ Հայաստան տանողը «Ռոսիա» նավն էր: Մեջը տեղ չկար՝այնքան լիքն էր հայերով:

Մարսելում հորեղբայր ունեի, հորս համոզում էր չգնալ, խոստանում էր խանութ բացել նրա համար Մարսելում: Հայրս չլսեց: Ի՞նչ պիտի ասեմ ընկերներիս: Բայց ընկերներից ոչ մեկն էլ չգնաց: Հորս համոզեցին, բայց իրենք չգնացին. թեւ պարտիայի անդամ էին:

«Ռոսիան» ապրանքատար չէր, կոնտեյները մնաց Մարսելում: Հորեղբայրս էր նայում, որ չթալանվի:

Հինգ հոգով հասանք Երեւան: Հայրս՝ Սուրեն, Մայրս՝ Մարի, ես՝ Ալբերտ, քույրս՝ Ժակլին, եղբայրս՝ Հակոբ (ֆրանսիական թղթերով՝ Ժակ): Վերջին օրը հայրս Մարսելից մի չամադանի չափ ուլունք-մուլունք առավ, ասեց էնտեղի աղջիկներին, կիներին կտամ: Ի՞նչ տալ՜. հասանք տեղ. Ինչո՞վ ապրենք. փող տվող չկա: Ես էդ ժամանակ 14 տարեկան էի: Մի օր էլ հայրս էդ բաները, որ առել էր, վերցրեց, ասեց՝ գնանք էս ապրանքներով կարագ, լավաշ, մի բան փոխենք: Մեզ տարել էին Սովետաշեն, մեկի տանը մի սենյակ էին տվել: Սովետաշենը չոր ու քար էր: Գնացինք Արարատյան դաշտավայր՝ դեպի լեռան կողմը, կանաչ էր երեւում. մտանք մի գյուղ: Խաղողի բերքահավաք էր: Հայրս առաջարկեց փոխանակությունը, մերժեցին, ասեցին՝ կոլխոզի ապրանք է, բայց թույլ տվեցին հավաքած շարքերից մնացած ողկույզները գտնել, քաղել մեզ համար: Մեկ էլ մի կին եկավ աշխատող գյուղացիներից՝ թե մենք դիտմամբ ենք թողել, որ գիշերը գանք, տանենք: Դուք մեր խաղողն եք քաղում, հայրս տոպրակը թողեց եւ ներողություն ասեց: Էդ բանը հորս վրա շատ ազդեց:

Մեր գալուց մի ամիս հետո Երեւանում տուն վարձեցինք: Լսեցինք՝ երկրորդ նավը Մարսելից գալիս է Բաթում: Հայրս մի քանի ֆրանսահայերի հետ գնաց Բաթում, որ ապրանքները բերի: Բաթումից գնացքը երկուսուկես օր գալիս էր: Փետրվար ամսին մտնում են արկղերի արանքն ու այդպես գալիս: Էնտեղ հայրս մրսեց, վատացավ:

Մենք ապրում էինք Այգեստանում (թաղամաս Երեւանում): Եկավ ինձ վերցրեց, մի հատ բեռնատար փափախ մեքենա վերցրինք, որ երկու-երեք անգամ գնալ-գալով ապրանքները տուն բերենք:

Նոր էինք բերել, Չե-Կայից (նկատի ունի պետանվտանգության կոմիտեն) երկու հոգի եկան (ես էն ժամանակ չգիտեի ովքեր են), հարցրին՝ էս ի՞նչ եք բերել։ Հայրս ասաց՝ մեքենաներ են, մի քանի ընկերով ուզում ենք կոշիկի արտադրություն բացենք: Սրանք թե՝մյուս անգամ էսենց բան չասե՛ք, թողե՛ք էս մեքենաները, չմոտենա՛ք… եթե պնդեք, ուրիշ տեղ եք կգնաք: Մեքենաները տանելու ենք Քանաքեռի կոշիկի ֆաբրիկա, կուզեք՝ բանվոր կաշխատեք այնտեղ:

Դա շատ ազդեց հորս վրա: 42 տարեկան հայրս մի տարի էլ չապրեց Հայաստանում: Մայրս մնաց մենակ: Անգրագետ կին,արհեստ չուներ, երեք երեխա: Լավ է, որ ապրանք շատ ունեինք, ձեռք չտվին դրանց: Ամեն կիրակի, Թոխմախ գյոլ չհասած սեւ շուկա կար, գնում էինք մեր ապրանքը ծախում, Հայաստանի կոշկակարները առնում էին:

Դրանից հետո Զեյթունում տներ կառուցեցին հայրենադարձների համար՝ յոթ հատ երկհարկանի շենք, ամեն հարկում երկու բնակարան, ամեն բնակարանում՝ երկու ընտանիք: Միջանցքը երկու հոգով հազիվ էին անցնում. ո՛չ ջուր, ո՛չ պետքարան, ո՛չ բաղնիք: Ընդհանուր պետքարանը փողոցի ծայրին էր՝ավտոբուսի կանգառի մոտ: Կիները առանձին էին, իսկ տղամարդկանցը՝ երեք հոգու համար առանց միջնորմի։ Դրսում անընդհատ հերթ էր: Ջուրն էլ նույն բանը՝ հիսուն ընտանիք մի աղբյուրից ջուր էր վերցնում, իսկ ջուրը գիշեր-ցերեկ հոսում-գնում էր անտեղի:

Էդ հիսուն ընտանիքը հայեր էին Ամերիկայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Պաղեստինից, ամեն տեղից: Նրանցից ոչ մեկը հիմա Երեւանում չի մնացել:
Պետքարան շինելը մեծ գործ չի, բայց ախպար էինք, մեզ համար ինչի՞ շինեն:

Նոր Զեյթունում մի թաղային լիազոր կար, աչք էր դրել մեր կահույքի վրա։ Տեղի նեղությունից իրար վրա էինք շարել։ Ասում էր՝ չէք օգտագործում, ինձ տվեք: Մայրս, թէ՝չէ: Բայց ասեց, մեկ է, ես դրանք կվերցնեմ: Մամաս լացելով եկավ եւ պատմեց Հայֆայից (Պաղեստին) եկած մեր հարեւանուհուն, որի ամուսինը գերագույն (գլխավոր) դատախազի վարորդն էր: Դրանից հետո էդ լիազորը մամային որ տեսնում էր, մայթը փոխում էր:

Երեւանում ես ընդամենը վեց ամիս դպրոց գնացի: Ֆրանսիայից բերած 7-ի ավարտական ունեի, բայց հայերեն չգիտեի: Էստեղ 4-րդ դասարան նստեցրին, որ հայերեն սովորեմ: Հորս մահից հետո մայրս ասաց՝ պիտի արհեստ սովորես: Կինո «Հայրենիքի» մոտ մի գարաժ կար, բեռնատար մեքենաների նորոգման տեղ: Վարպետը Լիոնից էր եկած: Նրա մոտ աշակերտ ընդունվեցի, ամեն օր տրամվայով գալիս էի Պլանի գլուխ (Երեւանի Աբովյան փողոցի սկիզբը) ու լեռը բարձրանում, տուն էի գնում: Ցուրտ օրերին վարորդները գալիս էին, ավտոների տակ կրակ վառում, որ տաքացնեն: Մի օր էլ գնում եմ, տեսնեմ՝ ոչ ոք չկա: Ուզում եմ վարպետիս հարցնեմ, չի թողնում՝խոսեմ: Երբ տուն եմ գալիս, իմանում եմ, որ ահագին մարդ են աքսորել Սիբիր: Դրանից հետո մամաս միշտ դռան հետեւը, մեշոկի մեջ հինգ կիլո շաքար, մեկ էլ պեչենի, չոր բաներ էր դնում, որ գան գիշերը տանեն, որ Սիբիր քշեն, գոնե էդ հինգ կիլո շաքարը ունենանք։

1953-ին Ստալինի մահը իմացա մեր ֆաբրիկայի դիմացի բարձրախոսներից (այն ժամանակ աշխատում էի Քանաքեռի կահույքի ֆաբրիկայում): Ժողովուրդը լսում ու լաց էր լինում: Իյա՜, էսքան վատ ապրող ժողովուրդը, որ ժամերով կես կիլո շաքարի համար հերթ է կանգնում, սո՞ւգ են անում: 49 թվին էդքան մարդ քշեցին Սիբիր, հո թուրքե՞րը չէին: Նորեկողներս ուրախ էինք, բայց տխուր էինք ցույց տալիս, որ փորձանքի չհանդիպենք:

56 թվին Պինոն (Ֆրանսիայի արտգործնախարար) եկավ Երեւան։ Դրանից հետո ֆրանսահայերը սկսեցին նամակներ գրել՝ արտասահման գնալու համար: Ինը տարի՝ մինչեւ 65 թիվը, ամեն տասնհինգ օրը մեկ նամակ էի գրում Մոսկվա, նաեւ Երեւան, որ չասեն՝ մեզ ինչո՞ւ չեք ուղարկում, չնեղանան: Քանի որ անպայման էր դրսում ազգական ունենալը, ձեւակերպել էի, որ Մարսելի հորեղբորս տղան՝նույնպես Գեզոյան, մորս չորրորդ երեխան է, եւ ինքը չի ուզում գալ, մենք պիտի գնանք: Քանի անգամ ենք ես եւ մայրս կանչվել օվիր, ցեկա ու մերժվել:

1965 թվին մի օր մորս անունից նամակ գրեցի Մոսկվա եւ Երեւան՝ նախագահներին. «9 տարի՝ ամեն տասնհինգ օրը մեկ, նամակ ենք ուղարկում, որ գնանք Ֆրանսիա, արդյունքի չենք հասնում։ Երեք երեխայիս վերցնելու եմ, երթամ դեպի սահման, որ Արաքս գետը անցնեմ»: Մորս կանչեցին Ցե-Կա (ՀԿԿ Կենտկոմ), ասեցին՝մենք կանգնած ենք էնտեղ, կխփենք՝տը-տը-տը, մայրս էլ իրեն չկորցրեց՝ թուրքերը իմ ծնողներին սպանեցին, դուք էլ ինձ ու իմ երեխաներին սպանեք:

Էդ նամակից հետո ինձ կանչեցին մեր գործարանի դիրեկտորի մոտ: Այն ժամանակ Զեյթունի գործիքաշինականում էի աշխատում. որպես լավ աշխատողի՝ նկարս թերթում տպել էին: Դիրեկտորն ու պարտկոմը (կուսկազմակերպության քարտուղարը) տուն առաջարկեցին կենտրոնում, գովեցին ու սիրաշահեցին՝թե դու մեր լավ աշխատողն ես: Ես էլ ասացի՝ քանի տարի է տունի համար դիմել եմ, չպատասխանեցիք, ես տուն չեմ ուզում, ուզում եմ՝ գնամ: 18 տարի առանց պետքարանի, առանց ջուրի, առանց բաղնիքի, չորս հոգի մի սենյակի մեջ՝ քսան քառակուսի մետր: Ես ուզում եմ գնամ: Ձայն չհանեցին: Երկու ամիս անց ՕՎԻՐ-ից թուղթ եկավ, իմացանք, որ մեկ շաբաթ ժամանակ են տվել Հայաստանից հեռանալու համար:

Մամաս միշտ դռան հետեւը, մեշոկի մեջ 5 կիլո շաքար, մեկ էլ պեչենի, չոր բաներ էր դնում, որ գան գիշերը տանեն, որ Սիբիր քշեն, գոնե էդ հինգ կիլո շաքարը ունենանք։