Հայ Կաթողիկե եկեղեցու միաբան

Անդրանիկ Կրանյան

Պատանեկան տարիքիս շրջանն էր: Ժողովուրդը ամբողջ ոտքի հանեց ներգաղթը, մարդ չմնաց, որ չխանդավառվի՝  երթա՜նք, երթա՜նք հայրենի Հայաստան։ Հանձնախումբեր ստեղծվեցան թե՛ աջեն, թե՛ ձախեն, ամեն տեսակ մարդու կողմեն: Տուներու մեջ խոսակցությունները բոլորը ներգաղթի մասին էին, հակառակ կեցող մարդ չկար։

Պատերազմը նոր էր վերջացել, Հայաստան պարպված էր իր ժողովուրդեն, ահագին զոհեր տված էին, եւ մեր հայրենիքը բաղձաց Հայաստանը վերաբնակելի դարձնել: Վախ կար, որ Հայաստանի այս կամ այն մասը Ստալինի կողմեն վերցվեր եւ ուրիշին տրվեր։ Բոլորս խանդավառվանք, երթանք՝ Հայաստանը փրկենք։ Երթանք լեցնենք, երթանք մեր հողը գրավենք, ապա թե ոչ՝ ուրիշին պիտի տրվի։ Այդ շրջանին  տակավին մենք հույս ունեինք, որ Արևմտյան Հայաստանի մեր պապենական հողերն էլ հետ պիտի ստանայինք։

Ես բարձրացա Մարիի վանքը՝ եկեղեցական կյանքին նվիրվելու։ Եվ որ վանք բարձրացա, ուրիշ մի տեսարան պարզվեց ինձի համար։ Առաջին հերթին իմ պատրիարքս՝ Աղաջանյան, դեմ կեցավ ներգաղթին. գնա՛նք Հայաստան, բայց՝ ոչ հիմա: Ինչու՝ ոչ  հիմա, որովհետեւ հոն կոմունիզմ կա, ազատություն չկա, հավատ չկա, կրոնականը չկա, սպասեք՝ մի՛ երթաք։

Ծնողքս, որ Պուրճ Համուտ կը բնակեին, իրենք ալ խանդավառվեցան Հայաստան երթալու համար։ Երբ արդեն ժողովուրդ սկսավ մեկնիլ, հաջորդ կարավաններուն հայրս ալ ոտքի ելավ, ըսավ՝ ես ալ պիտի երթամ, կնի՛կ, շարժվի՛ր: Մայրս ըսավ՝ ես չեմ երթա Հայաստան , տղաս հոս է, առանց տղուս ճամփա չեմ երթա։

Եկան զիս համոզելու: Ես որ արդեն կարդինալ Աղաջանյան պատրիարքի հորդորը լսած էի, ըսի՝ չեմ երթար երկիր մը, ուր կրոնական ազատություն չկա ։ Մայրս դարձավ հորս, ըսավ՝ քանի որ տղաս չի գա, ես ալ չեմ գա, եւ այդպես մնացինք Լիբանան։

Էս վանքի բարձրութենեն ծովը կը երեւի: Երբ որ կը տեսնեին նավը, որ կու գար. ի՞նչ էր անունը… «Պոբեդա»  նավն էր, եւ մենք կբոռայինք՝ երանի՜ անոնց, որ կերթան Հայաստան, երանի՜ անոնց աչքերուն, որ Հայաստան պիտի տեսնեն ։

Մեր ազգականները գնացին Հայաստան։ Եվ, դժբախտաբար, հետո սկսան լուրերը գալ՝ ծածկված բառերով, որ մի՛ գաք, մի՛ գաք , զայն չէ այդ, ինչ որ մենք կը կարծեինք կոր։ Բոլորս սառեցանք եւ մնացինք: Լուրերը որ եկան, իրավունք տվին Աղաջանյան պատրիարքին, որ իր այդ վերապահությունները ճիշտ էին։

Լիբանանի հայության մեկ մասը շարունակեց աշխատել ի նպաստ Հայաստանին, ի նպաստ կոմունիզմին, իսկ մյուս մասը ոչ թե Հայաստանի, այլ համայնավա՛ր Հայաստանի դեմ էր։

Գյուղացիներ ավելի հեշտորեն գացին Հայաստան, ավելի պատրաստ էին գյուղերու մեջ ապրիլ, քան բեյրութացին: Բոլոր գյուղական կենտրոնները՝ Անճարն է, աս է, ան է… պարպվեցան։

Բայց հուսախաբվեցին Հայաստան ներգաղթողներից շատեր. ով որ Ֆրանսայեն եկած էին, Ֆրանսա գացին, ոմանք ուրիշ տեղեն եկած էին, ետ գացին, ոմանք ալ, շատ քիչ՝ Լիբանան վերադարձան. չգոհացուցեց Հայաստանը: Եվ չէր ալ կարող, որովհետեւ մենք երազային Հայաստան մը փնտրեցինք։ Մինչեւ այսօր ես Հայաստան կըսեմ, կը մոռնամ Հայաստանը, որ տեսա. քանի անգամ գացեր եմ։ Ինձի համար Հայաստանը ծննդավայրս է, պատմության օրրանն է, Վարդանանց, Մեսրոպ Մաշտոցի վայրն է եւ այլն։ Էս խելքով մարդ ենք մենք, որովհետեւ կարոտով կապրինք։

Եվ մինչեւ այսօր մարդիկը Հայաստանին մեջ մեզի հանդեպ վերապահ են։ Սքանչելի հայաստանցի տղաք, մարդիկ կան, սքանչելի մամիկներ կան գյուղերու մեջ, բայց հոն մեզի հանդեպ մերժողական են, չեմ գիտեր՝ ինչու...

Սփյուռքահայ նախարարություն ստեղծվեցավ. ուրախ եմ, հպարտ եմ, եւ նախարար տիկին Հակոբյանին հետ շատ մոտ ենք, բարեկամ ենք, շատ կը սիրեմ, ինքն ալ զիս կը սիրե։ Հաճիս, լուրջ մարդ տվեք մեզի Հայաստանեն, որ լուրջերեն խոսինք։ Լուրջ մարդ, անկեղծ մարդ՝ ոչ թե հաշիվ անող. ձեզի պետք չունենք, փողը, ձեր փո՛ղը ղրկեցեք՝ մեզ կը վիրավորեն:

գնա՛նք Հայաստան, բայց՝ ոչ հիմա: Ինչու՝ ոչ հիմա, որովհետեւ հոն կոմունիզմ կա, ազատություն չկա, հավատ չկա, կրոնականը չկա, սպասեք՝ մի՛ երթաք...