Ներգաղթել է 1947 թվականին Էքսան Պրովանսից

Այրին Հովսեփյան

ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՐՆ ՈՒ ՊԱՊԱՅԻ ՍԵՒ ԿՈՍՏՅՈՒՄԸ 

Այրին Հովսեփյանի Հայաստան տեղափոխվելու պատճառներն ավելի շուտ անձնական էին, քան հայրենադարձության ալիքի ազդեցություն: Այրինի քրոջ ամուսինը պարտիզանական խմբի անդամ էր Ֆրանսիայում։ Պատերազմից հետո, խուսափելով ճնշումներից, նա որոշում է կնոջ հետ տեղափոխվել Հայաստան` միանալով ֆրանսահայերի երկրորդ քարավանին: Մայրը ոչ մի կերպ չի ուզում աղջկան մենակ թողնել օտար երկրում եւ ինքն էլ, ամբողջ ընտանիքով հետեւում է դստերը: 

Էքսան Պրովանսում, որտեղ ծնվել էր Այրինը, հայկական բնակչությունը շատ չէր: Երկրորդ Աշխարհամարտից հետո արդեն որոշ թվով հայեր են այստեղ բնակություն հաստատում, մշակութային խմբակներ կազմում, միջոցառումներ կազմակերպում: «Հիշում եմ, ես էլ տաբատ հագա ու ռուսական պար պարեցի». ծիծաղում է Այրինը: 

Այրինը ֆրանսահպատակ էր։ Նրան արգելված էր լքել երկիրը։ Նավահանգստում աշխատող ծանոթ մի կնոջ օգնությամբ նա կարողանում է նավ բարձրանալ: 

Դեպի Հայաստան ուղեւորության ընաթցքում մեկ շաբաթ մնում են Բաթումիում: Այրինը հիշում է, թե ինչպես էր Օֆելյա Համբարձումյանն իր երգերով ոգեւորում հայրենադարձներին, բայց չի մոռացել առաջին հիասթափությունները. «Մեզ ախոռի պես տեղ մը դրել էին, ամենքը միասին կպառկեին…հետո բեռնատար գնացքով տարան Հայաստան: Ոջիլ տեսանք….ինչեր տեսանք…»: 

Նրանց առաջին բնակավայրը Լենինականն էր (Գյումրին), որտեղ ապրում են 1947-ից մինչեւ 60 թվականը: Առաջին բնակարանը Այրինը լավ է հիշում, բայց առանց ժպիտի. «Շենք մը կար երկար, տասը սենյակ կար, ոչ զուգարան, ոչ ջուր, ոչ մի բան: Մեզ այնտեղ տեղավորեցին: Քանի հոգի ուզում ես եղիր, քեզ մեկ սենյակ է հասնում: Տասներորդ սենյակում ամեն մեկը մի գազօջախ կդնի, որ իր ճաշը եփի: Արկղեր ունեինք, միջանցքում կդնեինք, որ ինչ ավելորդ ունեինք, այնտեղ պահեինք»: Այս շենքի մեկ սենյակում տեղավորվել էին հղի մայրը, հայրը եւ Այրինը: 

Մյուս հայրենադարձների նման՝ Այրինի ընտանիքն էլ սնունդ գնելու համար ստիպված էր վաճառքի հանել ողջ ունեցվածքը։ «Տարել էինք հագուստ, սպասք, զարդեղեն, արծաթեղեն, հայրս անտիկ իրեր շատ կսիրեր»։ Գնորդները տեղացիներն էին, որոնք, Այրինի հավաստմամբ, ուղղակի «տկլոր էին»: «Պապաս մի սեւ կոստյում ուներ։ Մի օր սեւ շուկայում մինչեւ գետինը կփռեր, որ ծախեր, արդեն տաբատը տարան»։ Երբ մի բան վաճառվում էր շատ էին ուրախանում, թեեւ դրանք գնալով՝ իրենց հետ անցյալի բարի հուշերն էին տանում: 

Ֆրանսիայում Այրինն ավարտել էր կարի դպրոցի դիզայնի բաժինը, ինչի շնորհիվ նա անգործ չի մնում։ Ամուսնանում է Հալեպից հայրենադարձված դերձակՄիքայել Հովսեփյանի հետ: Երբ մեծ տղան Երեւանում տնտեսագիտական ինստիտուտ է ընդունվում է, Հովսեփյանների ընտանիքը տեղափոխվում է մայրաքաղաք:

Երեւանում Այրինը ծածուկ կարի դասեր է տալիս իր ուսանողների տանը: «Ամեն շաբաթ մեկի տունն էի դաս տալիս, որ չբռնվեի: Մեր ծանոթներից լահմաջու սարքողներ կային, ընտանիքներով աքսորել էին: Վախենում էինք: Սխալ բան չէինք խոսում: Մի անգամ իմ տունը դաս կուտայի, հարեւանս խաբար ըրավ՝ ստուգողներ կուգան: Ամենքս պատուհանին տակը շարվեցանք, մինչեւ եկան գնացին, չտեսան մեզի». կարծես դեռ չանցած վախով պատմում է նա: 

Նրա հարեւանուհու ամուսինը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա էր, եւ այդ կինն իր տանն էր թաքցնում Այրինի կարի պարագաները: Այրինն այս հարեւանուհու եւ այլ տեղացիների մասին բարի հուշեր ունի, այդուհանդերձ ասում է, թե չէին կարողանում հիմնավորվել Խորհրդային Հայաստանում։ «Ուշք ու միտքներս այնտեղեն դուրս ելնելն էր: Չկրցանք հարմարվել, անընդհատ մեջներս վախ կար: Չնայած շատ լավ ապրուստ ունեինք, Կիեւյան փողոցում երկու հարկանի մեծ տուն ունեինք պարտեզով, հորաքույրս Բրազիլիայից միշտ օգնում էր մեզ, մայրս Բեյրութ գնաց եկավ, ես` Ֆրանսիա, բայց չկրցանք սովորել իրենց ապրելակերպին, շատ տարբեր էր»։ 1976-ին ընտանիքով տեղափոխվում են ԱՄՆ: 

Այստեղ եւս Այրինը 35 տարի շարունակ աշխատում է որպես ձեւարար La Belle Companie ընկերությունում: Այժմ ապրում է Գլենդելի գեղեցիկ թաղամասերից մեկում գտնվող տարեցների տանը: Հայաստան հաճախ է այցելում. իր երկու տղաների գերեզմանն է այնտեղ։ 

Անի Դուզդաբանյան

Շենք մը կար երկար, տասը սենյակ կար, ոչ զուգարան, ոչ ջուր, ոչ մի բան: Մեզ այնտեղ տեղավորեցին: Քանի հոգի ուզում ես եղիր, քեզ մեկ սենյակ է հասնում: Տասներորդ սենյակում ամեն մեկը մի գազօջախ կդնի, որ իր ճաշը եփի: