Ներգաղթել է Ռումինիայից / Ապրում է Երեւանում

Հակոբ Առաքելյան

Ռումինիայում եմ ծնվել: Քսանչորս տարեկան էի, երբ հորս եւ մորս հետ ներգաղթեցինք Հայաստան: Միջավայրը շատ տարբեր էր, բայց հայրս մեզ պատրաստել էր, որ գալիս ենք մեր հայրենիք, եւ սկզբնական շրջանում եղած բոլոր դժվարությունները մենք հաղթահարեցինք։ 

Ռումինիայում էլ հեշտ չէր. օկուպացված երկիր էր երեք պետությունների կողմից՝ Սովետական Միություն, Անգլիա, Միացյալ Նահանգներ: Մեզ համար իսկապես հայրենիքում ամեն ինչ ավելի հեշտ էր։

Ռումինիայից մեզ հետ եկան դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը, Վահե Դանիելյանը, հետագայում՝ քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արշավիր Թորամանյանը, հետագայում՝ նույնպես դոկտոր, պրոֆեսոր։

1947-ի հոկտեմբերի մեկին ժամանեցինք Երեւան: Նույն տարին ես ընդունվեցի Երեւանի օտար լեզուների Պետական Մանկավարժական ինստիտուտի ֆրանսիական բաժին, որը գերազանցությամբ ավարտեցի: Ստացա երաշխավորագիր Մոսկվայում ասպիրանտուրա ընդունվելու համար: 

Գնացի Մոսկվա: Ռումիներենի, ֆրասերենի, լատիներենի գիտելիքներիս հիման վրա ռոմանական լեզվաբանության գծով ասպիրանտուրա պիտի ընդունվեի, բայց ասացին՝ դու պետք է մի տարի մնաս, որ ռուսերեն սովորես։ Ես այն ժամանակ ռուսերեն մի քանի բառ գիտեի միայն։ 

Երեւանում, ընտանիքս էր՝ հայրս, մայրս, կինս, երեխաս։ Հետ եկա Երեւան, որտեղ իմ մասնագիտությամբ աշխատանք չկար: Գնացի այն ժամանակվա Ախտայի, հիմիկվա՝ Հրազդանի շրջանի Ալափարս գյուղ։ Երկու տարի աշխատեցի այնտեղ որպես գերմաներենի եւ ռուսերենի դասատու։ Հետագայում սկսեցի տարբեր ինստիտուտներում դասավանդել լատիներեն։ 1959-ից Բժշկական իստիտուտում մրցույթով անցնելով դարձա լատիներենի ավագ դասախոս, իսկ 1960-ին նշանակվեցի օտար լեզուների եւ լատիներենի ամբիոնի վարիչ։

Աքսո՞րը… Նու, հենց 1949 թվականից. ստալինյան շրջանն էր դա. եւ տեղացիներից, եւ նոր եկածներից ոմանց աքսորեցին Սիբիր: Որոնք, ասենք, դժգոհ էին պայմաններից եւ այլն. դա պատճառ էր, որպեսզի աքսորեին: Նու, դրանք 1955-ին վերադարձան։ Բոլորը վերադարձան. մորս կողմի մեր բարեկամներից կային, որ աքսորվել էին, վերադարձան: 

Անձամբ ինձ համար հայրենադարձից տեղացի այդ անցումը շատ սարսափելի չեղավ։ Երեւի նրանից է, որ կինս տեղացի էր, շրջապատս տեղացի էր, եւ ես էլ կարողացա ինտեգրվել այս միջավայրին. ինստիտուտ, հետո՝ աշխատանք եւ այլն։

Իսկ որ ոմանք ինչպես հայրենադարձվեցին, այնպես էլ գնացին հայրենիքից, նյութական պայմաններից է, կարծում եմ. ինչպես որ տեղացիներն էլ հեռացան նույն պատճառով:

Ինձ թվում է՝ ես ճիշտ արեցի, որ չգնացի: Որովհետեւ արտասահման գնացողի թոռը էլ արդեն հայ չի մնում այնտեղ։ Իսկ այստեղ ես ընտանիք կազմեցի՝ ունեմ եւ թոռներ, եւ ծոռներ, որոնք հայկական հողի վրա են ծնվել եւ նրանք հայ կմնան։;

Ռումինիայում էլ հեշտ չէր. օկուպացված երկիր էր երեք պետությունների կողմից՝ Սովետական Միություն, Անգլիա, Միացյալ Նահանգներ: Մեզ համար իսկապես հայրենիքում ամեն ինչ ավելի հեշտ էր։