Ներգաղթել է 1947 թվականին Բեյրութից / Ապրում է Լոս Անջելեսում, ԱՄՆ, Կալիֆորնիա

Հակոբ Մուշոյան

Հիշում եմ մեր ընտանիքի, բոլորի խանդավառությունը նավի մեջ, երբ որ գալիս էինք Հայաստան: Որ Բաթում հասանք , շատ գեղեցիկ իրիկնամուտ էր՝ արևի կարմիր ճառագայթներով ողողված. կարծես մի դրախտային երկիր էինք հասել: Դե, ես փոքր էի, բայց հասկացա, թե ինչպես կամաց-կամաց մեր ընտանիքի ուրախությունը պակասեց: 

Լենինականում մեզ տեղավորեցին երկու սենյականոց մի բնակարանում, որտեղ ապրում էր վեց հոգի մարդ: Էդ ընտանիքի մի սենյակը վերցրեցին, մեզ տվեցին՝ դարձյալ վեց հոգի մարդ: Մյուս սենյակը թողեցին էդ խեղճերին. և՛ մեզ համար էր շատ նեղ վիճակ, և՛ նրանց համար էր շատ նեղ վիճակ: Առաջին օրերին վիճում էին հայրս և այդ տան տերը: Հասկանալի պատճառով՝ իրենց բնակարանն է, և հանկարծ բնակարանի կեսը վերցրել, տվել են ուրիշին: 

Հայրս հասկացավ, որ չենք կարող երկար մնալ: Երեք ամիս հետո մենք տուն վարձեցինք և տեղափոխվեցինք: Բայց ես այդ մարդկանցից գոհ եմ, որ մեզ երեք ամիս կարողացան իրենց տանը դիմանալ: 

Հայրս աշխատում էր անընդհատ մեզ բարձր տրամադրության մեջ պահել: Ինքը նվիրված կոմունիստ էր և քաղբանտարկյալ էր եղել Լիբանանում: Իր խանդավառությունը մարեց արդեն 1949 թվին, երբ որ սկսվեց աքսորը: Էդ օրերին հավաքվում էին մեր տանը և սպասում էին, թե ինչ է լինելու վաղը: Հետո կամաց-կամաց անցավ էդ վախը:

Հայրս արհեստավոր էր՝ աշխատում էր, մայրս արհեստավոր էր՝ աշխատում էր. երեխաներին շատ լավ պահում էին, մենք ուրախ էինք՝ սովորում էինք:

Առաջին տարիներին, անշուշտ, ես փոքր էի՝ կենցաղային դժվարությունների մասին քիչ գիտեմ, որովհետև տանը երեխաներից թաքցնում էին դժվարությունները: Բայց գիտեմ, որ Հայաստանը պատրաստ չէր հարյուր հազար մարդ ընդունելու. բնակարանային հարմարություններ չկային, աշխատանքային հարմարությունները էն չէին, նույնիսկ ուտելիքը էն չէր: 

Հացի համար հերթ կար, հիշում եմ՝ ես գնում էի ամեն առավոտ, բայց դրա համար երբեք չեմ դժգոհել, որովհետև բոլորն էին գնում հացի հերթի. ուտելիքը քիչ էր՝ բոլորի համար էր նույնը, դա էլ դժգոհության առարկա չէր: Իմ ընտանիքում կամ իմ շրջապատում դժգոհությունները հիմնականում առաջացան հայրենադարձների նկատմամբ ոչ տաք վերաբերմունքից: 

Դրանք երևի պետական էին, կուսակցական էին, դրանք երևի դրսից էին պարտադրված. վստահ չեմ, բայց էդ ոչ տաք վերաբերմունքի համար կամաց-կամաց հայրենադարձների և տեղացի բնակիչների միջև մի տեսակ խրամատ առաջացավ, և սկսվեց բաժանումը` էս ախպար ա, էսի տեղացի ա: 

Մյուս կողմից, մեզ համար հնարավորություն ստեղծվեց կրթություն ստանալու: Ընտանիքում երեք երեխա էինք, երեքս էլ բարձրագույն կրթություն ենք ստացել, երեքս էլ մասնակցել ենք Հայաստանի ակտիվ քաղաքական, հասարակական կյանքին: Ես ինքս երեք անգամ ուսանողական ջոկատներ եմ տարել Ղազախստան՝ աշխատանքի: 

Հայրենադարձների հետ արհեստներ եկան Հայաստան, կենցաղային սովորություններ եկան Հայաստան, ուտելիքի տեսակները շատացան, հագնելու տեսակները շատացան եւ աշխարհընկալման չափերը շատացան՝ Հայաստանը սահմանափակ վիճակից մի քիչ ընդարձակվեց: Վերջին հաշվով, ներգաղթը փոխադարձաբար դրական բաներ էլ տվեց: 

Ես շատ լավ ընկերներ ունեցա Հայաստանում: Հայրենադարձ լինելս որպես «թերություն» զգացել եմ շատ ավելի ուշ՝ համալսարանն ավարտելուց հետո: Ես համալսարանում Կոմսոմոլի՝ Կոմերիտմիության քարտուղարն էի, ինձ կանչեցին աշխատելու Կոմսոմոլի կենտկոմում: Մեկ ամիս աշխատելուց հետո պարզվեց, որ ինձ չեն հաստատում, որովհետև ես հայրենադարձ եմ: 

Սուրիկ Հարությունյանն էր քարտուղարը, ինձ ասաց՝ չմտածես, քեզ համար ավելի լավ աշխատանք ենք փնտրում, և ուղարկեցին ավելի լավ աշխատանքի: Ինձ ֆինանսական մեծ հիմնարկ վստահվեց: Ընդամենը երեսուն տարեկան էի ես այդ ժամանակ: Հետագայում մինիստրությունում բաժնի վարիչ եմ եղել: 

Բայց կար մի բան, որը ինձ տանջում էր: 1962 թ. առաջին անգամ դիմել էի արտասահման՝ Անգլիա, գնալու համար: Մեկնելու օրը մերժեցին ինձ, երբ ունեի անձնագիրը և գնալու փողը մուծել էի: 

Կենտկոմից բացատրեցին, որ չիմացություն է տեղի ունեցել, որ հաջորդ խմբի հետ ես կարող եմ գնալ: Բայց նորից մերժվեցի: Հետո ինձ մերժեցին Սկանդինավյան երկրներ գնալու, հետո՝ Լիբանան: 

Քաղաքականապես շատ հասուն չէինք այդ տարիներին. մենք կարծում էինք՝ Հայաստանի կառավարությունից է գալիս, բայց երբ տարիներ անցան, հասկացանք, որ դա Մոսկվայից պարտադրված հանձնարարություններ էին: Միշտ վախ կար, որ հայրենադարձների մեջ դավաճաններ՝ շպիոններ կան, և սկսեց համատարած անվստահությունը հայրենադարձների նկատմամբ: 

Օրինակ, մեր ընկերներով հաշվել ու պարզել էինք, որ ամբողջ ՄՎԴ-ի՝ (ՆԳՆ-ի) միլիցիայի սիստեմում, մի հատ հայրենադարձ չէին ընդունել աշխատանքի: Մինչև 70-ական թվականները կենտկոմի, ռայկոմի կուսակցական ապարատում որևէ հայրենադարձ չի երևացել: Վարչական աշխատանքներում հայրենադարձներ երևացին դրանից հետո: 

Որպես տուրիստ ինձ չթողնելը հայրենադարձ լինելո՞ւս համար էր արդյոք, թե ուրիշ պատճառ կար, ինձ համար հիմա էլ հասկանալի չէ: 

Ասեմ, որ երկրորդ անգամ էլ փորձեցի Լիբանան տուրիստ գնալ, եթե չեմ սխալվում՝ 75 թվին էր, նորից մերժվեցի: Հասկացա, որ ինչ-որ անվստահություն կա իմ անձի հետ կապված: Որոշեցի մշտապես մեկնել, վիզա ուզեցի Լիբանանում ապրող մորաքրոջիցս:

Երեք տարի տեւեց, մինչեւ թողեցին: Ես ՕՎԻՐ-ում գործ չունեի, իմ գործի վրան գրիֆ (հատուկ նշում) էին խփել և տարել էին Անվտանգության կոմիտե: Հայաստանի բոլոր դռները փակ էին, ստիպված ես գնացի և իմ հարցրեը լուծեցի Մոսկվայում: Մե՜ծ գումարներ, մե՜ծ գումարներ կաշառք տալով: Մեկնեցինք վերջապես Լիբանան, որտեղից՝ պատերազմի պատճառով, տեղափոխվեցինք Ամերիկա:

 Ես շատ լավ գիտեի, որ գալիս եմ մի երկիր, որի լեզուն չգիտեմ, արհեստ չունեմ, պետքական մասնագիտություն չունեմ՝ դժվար թե Ամերիկայում մեկին պետք պիտի գա իմ բանասիրությունը, արևելագիտությունը: 

Հիմա բոլորս էլ այստեղ ենք: Ուրեմն, իմ գալը եղավ քույրերիս գալու պատճառ: Իմ քույրերից հետո եկան նրանց ամուսինների եղբայրները, իրենց ամուսինների քույրերը: Իմ՝ միայն ի՛մ գալով, երևի մի տասնհինգ ընտանիք եկավ: 

Հայաստանից արտագաղթը շղթայական ռեակցիայի նման սկսվեց ու մինչեւ հիմա շարունակվում է: Իմ գալը երբեք կենցաղային չէր: Ես շատ լավ աշխատանք ունեի, լավ բնակարան ունեի, մեքենա ունեի, ինչը էդ ժամանակ մեծ բան էր ինձ համար: Տնտեսական դժվարություններ չունեի, բայց հոգեկան դժվարություն ունեի: 

Բոլորի ճակատագիրը ինձ նման է, եկածները արդեն դժվար թե հետ գնան Հայաստան: Պետք է հրաշք լինի, մի մոգական ուժ լինի, որը կարողանա ներգաղթ կազմակերպել դեպի Հայաստան, բայց ոչ՝ այնպես, ինչպես 47 թվին:

Հայրս աշխատում էր անընդհատ մեզ բարձր տրամադրության մեջ պահել: Իր խանդավառությունը մարեց արդեն 1949 թվին, երբ որ սկսվեց աքսորը: