Ներգաղթել է 1946-ին Հալեպից, Սիրիա / Ապրում է Գլենդելում, ԱՄՆ

Մանուկ Քիրեջյան

Ծնողներս երկուսն էլ Այնթափից են: Այնթափցիները մեծ մասամբ Անիից են եղել գաղթած: Հայրական ընտանիքս շատ մեծ էր: Պապս մանվածքի գործարան է ունեցել՝ զինվորական կտորներ են գործել: Համարել են զինվորական աշխատող եւ իրանց գաղթի ճամփա չեն հանել: Իսկ մորս ընտանիքը քշել են ինչ-որ չոլեր՝ անապատ տեղ: Տասը հոգով գնացել են, հինգ հոգով վերադարձել. մի եղբայրը հիվանդությունից է մահացել, մի եղբայրը՝ ականի պայթյունից, միջնեկ եղբայրը զինվոր է եղել, փախել, թաքնվել է մի կայարանում, վրան գերաններ են շուռ եկել: Մորաքույրս՝ ինքը հղի, մի երեխան էլ գրկին՝ իրեն Եփրատ գետն է գցել…։

Հայրս երեք ամիս է դպրոց գնացել, դուրս է եկել, շուկայում է մեծացել։ Հայրս հայերեն չգիտեր, մայրս մի քիչ գիտեր: Մայրս Այնթափում երկու տարի դպրոց է գնացել: Որպեսզի էդ դպրոցում հայերեն սովորացնեն, դրսում պահակ են կանգնեցրել եւ ներսում էրեխեքին սովորացրել են հայոց լեզու, հայ եկեղեցու պատմություն:

Հիշում եմ՝ պապս հորդորում էր հորս, որ առաջինը նա գա Հայաստան, գործ բացի, հետո իրենք կգան։ Մայրս չէր ուզում. մայրական կողմս դեմ էր: Բայց դե պապիկիս խոսքը խոսք էր, այդպես էլ որոշվեց՝ պիտի գնանք Հայաստան: 1946 թվի հուլիսի 22-ին Հալեպից առաջին քարավանով եկանք Հայաստան: Ես ութ տարեկան էի: Նավ նստեցինք Բեյրութում: Դարդանելի, Բոսֆորի նեղուցներն անցնելիս տեսանք Ստամբուլը: Երբ հասանք Բաթում, կերակուրները լրիվ փոխվեցին: Ինչ-որ ռուսական ուտելիքներ տվին: Բաթումում մեզ տեղաբաշխեցին՝ ով որտեղ պետք է գնա: Մայրս, ասացի, մի քիչ հայերեն գիտեր, խնդրում է, որ մեզ տեղավորեն քաղաքի կենտրոնում, որովհետեւ իրենք արհեստավոր էին:

Մեզ բերեցին Երեւանի Շահումյանի շրջանը, մի նկուղում տեղավորեցին: Կողքի շենքում ապրում էր Արամ Խաչատրյանի եղբոր աղջիկը՝ օպերային երգչուհի էր: Նա գալիս է մեր տուն՝ մորիցս ինչ-որ բան առնելու: Մայրս նրան ցույց է տալիս ֆրանսիական ժուռնալներ եւ ասում է՝ եթե կտոր բերես, ես էս ձեւի հագուստներ կարող եմ կարել: Շուշիկը մի կտոր է բերում, մայրս կարում է: Երբ դա հագած գնում է օպերա, շատերը զարմանում են՝ որտեղի՞ց: Մեր դրացին է կարում: Հաճախորդները շատացան. դերասանուհիները մորս մոտ, դերասանները՝ հորս: Այդ ժամանակ հայրս արդեն արտելում աշխատում էր, իսկ երեկոյան՝տանը… Ֆինբաժինը մեր տուն եկավ մի քանի տարի հետո: Կարծում եմ՝ ախպարների մեջ ամենաերջանիկներից էինք, որ ծնողներս մեզ ամեն ինչով ապահովում էին: Ես ու մեծ քույրս դպրոց գնացինք, փոքր քույրս՝ մանկապարտեզ, եւ էդպես կյանքը շարունակվեց:

1949 թվի աքսորը մեզ չկպավ, բայց Հունաստանից եկած հարեւաններ ունեինք՝ պարոն Կարպիս եւ տիկին Էլիզ, նրանց ընտանիքը ցաքուցրիվ եղավ: Երբ ամուսնացել են, տիկին Էլիզը այրի է եղել, առաջին հույն ամուսնուց մի տղա ուներ՝ Յանկո (Հովհաննես անվան հունարեն կարճ ձեւն է): Ամուսիններով երեկոները հաճախ մեր տուն էին գալիս, հորս հետ զրուցում, երգում, ժամանակ էին անցկացնում (հայրս միաժամանակ աշխատում էր կարի մեքենայով):

1949-ի հունիսի 14-ին Յանկոն հիվանդանոցում պառկած էր: Կարպիսն էլ մահամերձ տանն էր պառկած: Գալիս են աքսորելու: Մեծ աղջիկը՝ Պերճուհին, խնդրում է՝ նշանված եմ, մյուս շաբաթ պիտի ամուսնանամ, գոնե ինձ մի տարեք: Ասում են՝ էս ծերունին որ չլիներ, չէինք տանի: Յանկոն հիվանդանոցից եկավ, տեսավ դուռը փակ: Հարցուփորձով իմացավ՝ ինչ է եղել: Նրան չուղարկեցին, մի խանութում բեռնակիր էր աշխատում, մինչեւ ընտանիքը վերադարձավ:

Քույրս Գյուղինստիտուտն է ավարտել, ես՝ Պոլիտեխնիկը: Բանակ չեմ ծառայել, չնայած ծանոթ չունեինք: Թույլ էի՝ հասակս 173 սմ, քաշս՝ 51 կգ, ունեի կրծքի դեֆորմացիա: Դրա համար ազատեցին ծառայությունից: Ինստիտուտ նույնպես առանց ծանոթի եմ ընդունվել: Էն տարինեին էդպիսի բան չկար: Շատ ուսանողներ էին պետք, որ ինստիտուտը ընդլայնվեր: Հետո մնացի պոլիտեխնիկում՝ որպես դասախոս։

Մեր Ամերիկա գալը...: Ընդհանրապես թերթ կարդալ սիրել եմ: «Գլասնոստի» ժամանակ ես կարդում էի «Զա ռուբեժոմ» շաբաթաթերթը, որը հետաքրքիր համեմատություններ էր անում տեղի ու արտասահմանի կյանքի, հատկապես՝ տնտեսական, գյուղատնտեսական:

Քանի ծնողներս կային, ես տնից, տնտեսությունից անտեղյակ էի: Հետո իմ վրա էր ամեն ինչ, ու տեսնում էի, որ գնալով ապրանքները թանկանում են:

Զոքանչս, քենիս Ամերիկայում էին: 1986-ին դիմեցինք տուրիստ գնալու համար, մերժվեցինք: 87-ին քենուս դրացին մեզ հյուր էր եկել, խնդրեցի՝ փոխանցի, որ մի հատ հրավիրագիր ուղարկեն, տուրիստ գնանք: Սա գործնական մարդ էր, ասեց՝ միանգամից մշտական արի, վերջացրու։ Ասի՝ լավ, ու գնացի, աներձագիս հայտնեցի: Որոշեցինք գնալ, բայց մինչեւ էդ նրանց տուն էլ մի տուրիստ է գալիս, որն ասում է. «Դու ի՞նչ էս գալիս, քո գործերը ստեղ շատ լավ են, դու Ամերիկայի նման ապրում ես, ընդեղ չես կարա…»: Դրանից հետո աներձագս ընկավ տատանումների մեջ, իսկ ինձ համար մեկ էր, էթամ էլ-չէթամ էլ…

1987 դեկտեմբերի 1-ին տարանք գործերը տվինք՝ կընդունեն-լավ, չեն ընդունի, ավելի լավ՝ կմնանք: Բայց պատասխանը դրական եղավ:

1946-ի հուլիսի 22-ին Երեւան էինք մտել, 88 թվի հուլիսի 26-ին Երեւանից դուրս եկանք: Գնացինք Մոսկվա՝ ինտերվյու ունեինք հյուպատոսարանում, որը ձգձգվեց մեկուկես ամիս, մինչեւ որոշեցին՝ պիտի գնանք որպես վտարանդի:

Վտարանդիներին ԱՄՆ-ում օգնություն էին ցույց տալիս: Եկանք տեղավորվեցինք, բայց լեզուն չգիտեմ: Սկսեցի սովորել։ 51 տարեկան էի: Հասկացա, որ անգլերեն չեմ կարող սովորել: Գնացի մի մոնտյորի մոտ, որ էլեկտրիկ աշխատեմ: Ուժի գործ տվեցին, սիրտս վատացավ՝ առիթմիա ունեմ: Էդ էլ թողեցի: Առավոտները տեսնում էի՝ հոթ-դոգ են ծախում: Ասի դրանով զբաղվեմ: Մի ծանոթ ունեի՝խորհուրդ չտվեց. գրանցվելը, գործը սկսելը դժվար է՝ ասեց: Բայց իր լանչթրաքը (շարժական խոհանոցը) տվեց. մեկի բիզնեսի մեջ սկսեցինք աշխատեցնել տղայիս հետ: Շատ ծանր գործ էր:

Մայրս Այնթափում երկու տարի դպրոց է գնացել: Որպեսզի էդ դպրոցում հայերեն սովորացնեն, դրսում պահակ են կանգնեցրել եւ ներսում էրեխեքին սովորացրել են հայոց լեզու, հայ եկեղեցու պատմություն: