Ներգաղթել է 1947 թվականին ՖրանսիայիցԱպրում է Գլենդելում (Կալիֆորնիա, ԱՄՆ)

ՄԱՐՏԻՐՈՍ ԳՅՈՒԼԴԵՐՅԱՆ

Իմ ծնողները հասարակ բանվոր տաճկահայեր էին, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանից էին: Եղեռնից հետո տարբեր երկրներ անցնելով Ֆրանսիա էին հասել: Ես ծնվել եմ Փարիզում: Բայց որպեսզի մեզ թույլ տային Ֆրանսիայում մշտական մնալ, միայն գյուղական շրջանում պետք է ապրեինք և պետք է զբաղվեինք  գյուղատնտեսությամբ: Եվ էդպես, Բորդոյի շրջանում գյուղական պայմաններում մեծացա մինչեւ տասը տարեկանս: 

Երբ տեղափոխվեցինք Բորդո քաղաք, Համաշխարհային պատերազմը սկսվեց: Պապաս քաղաքականությամբ էր զբաղվում եւ լուրջ ակտիվություն էր ցույց տալիս: Ջահել ժամանակ՝ Եղեռնից փախչելով, բնակվել էր Բուլղարիայում: Եւ էնտեղ, ինչպես-ինչպես՝ բավական մոտ հարաբերություններ էր ունեցել Գեորգի Դիմիտրովի հետ, որը Բուլղարիայի համայնավարների ղեկավար դարձավ: 

Պապաս էլ բավական համոզված համայնավար էր: Եվ Ֆրանսիայում ինքը, ավելի շուտ՝ բոլոր մեր ընտանիքը, մասնակցեցինք պարտիզանական շարժմանը: Մենք Միսաք Մանուշյանի՝ Բորդոյի ռեզիդենտներն էինք: Ուրեմն, ով որ դժվարություններ ուներ, հալածված էր Փարիզում, ուղարկում էին մեզ մոտ, եւ մեր պարտականությունն էր՝ նրանց թաքցնել: Որոշ դժվարություններ ունեցանք, իհարկե, Գեստապոյի հետ, որովհետեւ մեր հարեւանները մեզ մատնեցին: Բայց ամեն ինչը բարեհաջող անցավ:

Պատերազմից հետո մեզ համոզեցին, որ գնանք Հայաստան: Պապան էլ, որ կոմունիստ էր, շատ արագ համոզվեց: Ի՞նչ ասեմ, ընտանիքով նստեցինք «Ռոսիա» նավը, գնացինք: Ու, հենց որ ոտք դրինք Բաթում, արդեն պապաս սկսեց մազերը փիտել, թե՝ էս ինչ արեցի ես. իմ ընտանիքը կործանեցի:

Նավի մեջ մեզ սկզբում ուղղակի փայփայում էին, արտակարգ ճաշեր էին տալիս: Հենց որ Սեւ ծով մտանք, վերաբերմունքը լրիվ փոխվեց: Սկսեցին՝ էդ «պերլովայա կաշա» կոչվածը տալ, էն էլ՝ ճենճոտ: Զգացինք, որ չարաչար խաբել են մեզ:

Հայրս գաղափարները լրիվ փոխեց եւ հասկացավ, որ կոմունիստները  աշխարհի ամենաչարագործ մարդիկ են: Մի կրթություն չուներ, բայց շատ էր կարդում: Մանավանդ քաղաքականությամբ շատ էր զբաղվում: 

Մենք շատ աղքատ էինք, որ Ֆրանսիայից գնացինք Հայաստան: Շա՛տ աղքատ էինք: Դե, ի՞նչ պիտի լիներ գյուղում աշխատած մարդը. պապաս մի արհեստ էլ չուներ: Մեր պայմանները շատ վատ էին Հայաստանում, ծախելու բան էլ առանձնապես չէինք տարել, որպեսզի մյուս հայրենադարձների պես ծախեինք, ուտելիք առնեինք: 

Ընդունվեցի օտար լեզուների ինստիտուտ, կարմիր դիպլոմով ավարտեցի: Ֆրանսիական լիցեյ էի ավարտել մինչեւ Հայաստան կգնայինք։ Ինձ մնում էր հայերեն եւ ռուսերեն սովորել: Հայերենի հարցում բախտ ունեցա, որ հոյակապ դասախոսի մոտ ընկա՝ Պիվազյան, որը ուղղակի հոգին ներդրեց ու լավ հայերեն սովորեցրեց: Իսկ Հայաստան որ եկանք, ես հայերեն խոսել անգամ չգիտեի, միայն կիսատ-պռատ արեւմտահայերեն գիտեի՝ պարսկերենին խառնված: 

Միակ կարմիր դիպլոմով ավարտածն էի, բայց ինստիտուտում չպահեցին, քանի որ հայրենադարձ էի: Ուղարկեցին գյուղ՝ Բյուրական: Ստալինի ժամանակ հայրենադարձներին բանակ չէին տանում՝ ասելով, ռազմական պատրաստություն չեք անցել: Իրականում, չէին վստահում: Բայց ինձ՝ երկու տարի Բյուրականում ուսուցչություն անելուց հետո, հանկարծ կանչեցին բանակ: 

Մեր գնդում, փաստորեն, միակն էի բարձրագույն կրթությամբ: Ինձ տվեցին ամենացածր պաշտոնը. ռուսերեն՝ ռազնոշչիկ սնարյադով. արկեր մատակարարող: Շատ էին հարցնում՝ ինչպե՞ս էր կյանքը Ֆրանսիայում եւ այլն: Դե, ես էլ՝ մի քիչ միամիտ, ասում էի այն, ինչ որ կար: 

Մի օր, ուրեմն, չաստում ԿԳԲ-ի ներկայացուցիչը ինձ կանչեց եւ ասաց՝ գիտե՞ս, թե քեզ նմաններին մենք ինչ ենք անում. ուզում ես մեր զինվորների բայեվոյ դուխը՝ մարտական ոգի՞ն, գցել. կգաս ինձ մոտ գրասենյակ, եւ էս խոսակցությունը էնտեղ կշարունակենք: Պարզ էր՝ Ստալինի օրոք  էդպիսի մի բանը առնվազն տասը տարի աքսոր էր նշանակում: Առնվա՛զն: Բայց բախտս ժպտաց. հաջորդ օրը Անաստաս Միկոյանը ելույթ ունեցավ Կոմկուսի համագումարում եւ բացահայտեց անձի պաշտամունքի քաղաքականությունը: 

Ինձ կանչեց ԿԳԲ-ի նույն ներկայացուցիչը, ասաց՝ էն խոսակցությունը, որ քեզ հետ ունեցանք, մոռացի՛ր: Դու ազատ ես, ինչ ուզում ես՝ կարող ես խոսել, մենք աշխարհի ամենադեմոկրատ երկիրն ենք… Մի քանի օր հետո ինձ նշանակեցին սերժանտ, ապա՝ ավագ սերժանտ եւ բատարեի ստարշինա՝ մարտկոցի ավագ, նաեւ՝ վաշտի պրոպագանդիստ: Զորացրվեցի երեք տարի ծառայելուց հետո՝ համ էլ, լավ ռուսերեն սովորած: 

Պոլիտեխնիկ ինստիտուտում  ընդունվեցի որպես դասախոս, հետո նշանակեցին ամբիոնի վարիչի պաշտոնակատար: Կանչեց ռեկտորը, թե՝ ա՛յ տղա, պարտիական ընդունվի՝ քեզ նշանակենք ամբիոնի վարիչ: Ջանը՜մ՝ ասի, ես հիմա չեմ ուզում պարտիական դառնալ, պատրաստ չեմ  դեռ: Ախր, ահռելի դեմ էի էդ քաղաքականությանը, որ կոմունիստները վարում էին: 

Տարիներ անցան, պապաս ինձ մի օր բռնացրեց, ասաց՝  ա՛յ տղա, ես ձեզ դժբախտացրեցի,  որ Ֆրանսիայից էստեղ բերեցի. երդվի՛ր, որ ամեն ինչ կանես՝ մեր ընտանիքը էստեղից կտանես: 

Ֆրանսիայի ընկերներիս գրեցի, ոչինչ չստացվեց: 

Դա էն ժամանակներից հետո էր, երբ որ Պինոն եկավ Հայաստան, եւ Ֆրանսիայից եկած հայերը ոտքի կանգնեցին: Էդ ժամանակ ես բանակում էի, թե չէ, ես էլ նրանց մեջ կլինեի: Էդպիսի բան չէր եղել Սովետում, որ մարդիկ դուրս գային կառավարության դեմ: Ստալինը ողջ լիներ, այլ կերպ կլուծեր էդ հարցը: 

(Ֆրանսիայի  արտաքին գործերի նախարար Քրիստիան Պինոն 1956թ. այցելեց Սովետական Հայաստան: Մի քանի հազար հայրենադարձ ֆրանսահայեր առիթն օգտագործեցին եւ «Փրկե՛ք մեզ», «Կեցցե՛ Ֆրանսիան» կարգախոսներով Երեւանում բողոքի ցույցի դուրս եկան՝ խնդրելով իրենց հետ տանել Ֆրանսիա,- խմբ.): 

Էդպես էլ մնացինք՝ մինչեւ Գորբաչովը: Համարյա բոլոր Ֆրանսահայերը հետ էին եկել: Մենք հազվագյուտ մնացողներից էինք: Եթե Պինոյի գալուց բանակում եղած չլինեի, մենք էլ էն ժամանակ եկած կլինեինք հարյուր տոկոսով: 

Գիտե՞ք, էդ մեզ կպած «ախպար» բառի ծագումը շատ ենք փնտրել: Տարածված է, թե «եղբայր» բառի արեւմտահայերեն ձեւից է: Մի անգամ քննարկում էինք էլի, Պիվազյանն ասաց՝ միամիտ մի՛ եղեք, լեզվի մեջ չի լինում, որ բացասական վերաբերմունքի պայմաններում դրական պիտակ կպցվի եւ, իմացե՛ք՝ էդ «ախպար» պիտակը «աղբ» բառից է: Նման օրինակներ բերեց ե՛ւ ռուսերենից, ե՛ւ ֆրանսերենից: Անգլերեն էլ, ի դեպ կա՝ սեւամորթի վիրավորելիս «թրաշ»՝ «աղբ», բառն են օգտագործում: 

Կառավարական մարդիկ  երբեք «ախպար» բառը չեն օգտագործել, չե՞ք նկատել: Բայց, եթե «եղբայր» բառով էր բացատրվում, ինչու՞ պետք է չօգտագործեին:>

Տարիներ անցան, պապաս ինձ մի օր բռնացրեց, ասաց՝ ա՛յ տղա, ես ձեզ դժբախտացրեցի, որ Ֆրանսիայից էստեղ բերեցի. երդվի՛ր, որ ամեն ինչ կանես՝ մեր ընտանիքը էստեղից կտանես: