Ներգաղթել է Ֆրանսիայից, 1947-ին

Պեպո Իշլեմեջյան

Ութ տարեկան էի, ապրում էինք Փարիզի արվարձանում: Հայերենի դասերից հետո մի օր տուն չեմ գալիս: Հայրս գալիս է հայկական եկեղեցի, պահակին հարցնում է՝ ո՞ւր են չոճուխները, ասում է՝ Փարիզ տարան, էնտեղ հանդես է։ Հայրս գիտեր, որ դաշնակցականներն են տարել, շատ բարկանում է: Ինձ էլ խաղալիք ատրճանակ էին նվիրել, ուրախացած տուն եմ գալիս, հայրս՝ տո, դրանք ի՞նչ իրավունք ունեին քեզի տանելու, ադոնց հայերենը իրենց ըլլա, հիմա Հայաստան պիտի երթանք, դուն հոնտեղ կը սորվիս հայերենը։ Էդ առաջին անգամ էր, որ Հայաստան գնալու մասին լսեցի։ 

Մի քանի ամսից Մարսել գնացինք։ Մարսելում մեզ տեղավորվեցին կոնցենտրացիոն լագերի (համակենտրոնացման ճամբար) պես մի տեղ. երեւի՝ գերմանական, որովհետեւ բետոնից էր, պատուհաններ չուներ, կլոր էր, որի մեջ երկար կազարմաներ (զորանոցներ) էին։ Մոտ մի շաբաթ մնացինք, մինչեւ եկավ «Ռոսիա» նավը, որով եկանք Բաթում։ 

Հերս ասեց՝ հիմա ձեզ տանեմ, Բաթումը պտտեցնեմ։ Փողոցում տեսանք մուրացկանների՝ մեդալները կրծքներին։ Շատ վատ ազդեց. զինվորը էդքան շքանշաններ ունենա ու մուրացկանությո՞ւն անի։ Հերս զարմացավ՝ էս ի՞նչ է էղեր, առաջ գեղեցիկ էր՝ Փարիզ կը նմաներ Բաթումը: Ինքը 20-ականներին եղել էր Բաթումում:

Հետո, էն էլ ասեմ, որ երբ եկանք Հայաստան, մեր կահկարասին՝ մեր ապրանքը, չեկավ մեր նավի հետ։ 16 խորանարդ մետրանոց կոնտեյներ էր պատվիրել հայրս։ Ասում էր՝ «Ռոսիային» ծակը պզտիկ էր, չը մտավ։ Բայց երկու հոգի, ովքեր աչքաբաց էին, կարեցել էին իրենց ավտոմեքենաները մտցնեին նավը, տախտակամածի վրա էին էդ մեքենաները: 

Վերջը եկավ մեր կոնտեյները: Մաքսատանը ծակել էին, որ տենային մեջը ինչ կա, ու մի հատ շատ մեծ հայելի ունեինք, դեմ էին առել դրան: Բայց որ տեսել էին՝ հայելի ա, բավարարվել էին: էտի տե՛նց։ Հա՛, էդ կոնտեյները առանձին գնացքով եկավ: Երբ որ հայրս գնացել էր գնացքի տոմս առնելու, թեւին էն ժամանակ ամենահայտնի մարկայի ժամացույց էր եղել, տոմսը առնելուց թևից սրիչով հանել էին ժամացույցը. թեւի մազերը սենց թրաշած էր։ 

Հայրս ասում էր՝ ես գիտեի, որ Հայաստանը գեշ պիտի ըլլա, դրա համար տասնհինգ հատ ժամացույց առի. մինչեւ գործի ըլլանք, ասոնք կը ծախենք՝ կուտենք։ Ուզում եմ ասեմ՝ պատրաստված էր։ 

Բայց մանավանդ Սուրիայից եկածները աթոռ, սեղան չունեին, բան չունեին։ Տներում գետնին էին ուտում։ Ֆրանսիայից եկածները ոչ մեկը կահույք չուներ։ Եկածների մեջ ունեւորներ համարյա չկային։ Ունեւոր մեկը բանն էր, էն որ գործարան դրեց՝ Դոլաբջյանը. ա՛յ, էնի հարուստ մարդ էր։ Հետո Ամերիկայից կար մեկը՝ Նազարյանը, հարուստ չէր, բայց քիմիական մաքրման գործիքներ էր բերել։ Չկար Հայաստանում քիմմաքրում, ու իրանը Մարքսի փողոցի վրա, բաղնիքի հետեւի շենքում էր: Ուրիշ հարուստ, կարող ա մի քանի հոգի եղել են, բայց Եգիպտոսից, Ամերիկայից, Ֆրանսիայից հարուստ չի եկել։ Էլ չեմ ասում՝ Բուլղարիա, Հունաստան, Ռումինիա. ի՞նչ պտի հարուստ ըլնեին։ Հարուստներ չեն եկել, ու մարդիկ հայրենասեր էին, իսկապես հայրենասեր։ 

Բայց հայրս աչքաբաց էլ էր։ Ուրիշները տկլոր եկան, մենք մեր ապրանքով եկանք։ Երկու-երեք հատ կոստյում էր առել, երեք ու կես մետր իրա համար բոստոն կտոր, ուրիշ թանկարժեք կտորներ։ Ինձ համար՝ չէ, որովետեւ ես պուճուր էի, եւ չէր կարա չափը աներ։ Սրբիչներ, սավաններ էր լիքը առել։ Մենք որ Հայաստանից ետ եկանք Ֆրանսիա, դեռ հլա սրբիչներ մնացած կային, պատկերացնո՞ւմ եք։ 

Ֆրանսիայի մեր էդ Շամիլում ժավելի ցեխ կար։ Դե, հայրս էլ բոլորին ծանոթ էր: Գնացել էր դրա տիրոջ մոտ, թե՝ ես Հայաստան եմ գնում, կսովորացնե՞ս ժավել սարքելը։ Է՛, ասել էր, ի՞նչ վստահություն, որ դու ստեղ չես անելու էդ գործը։ Ասել էր՝ ազնիվ խոսք, ես ընտանիքով Հայաստան եմ գնում: Հավատացել էր մարդը, ժավել սարքելու ձեւը ցույց էր տվել։ 

Եկանք Հայաստան, Զանգվի ձորում՝ «Արարատ» տրեստի տակը, քիմգործարանում մի հատ տեղ տվեցին, պապաս սկսեց ժավել սարքել: Ուրեմն, ժավելի հիմնադիրը Հայաստանում պապաս ա եղել։ Հետո ասեցին՝ գրի Մոսկվա, ընդեղ կուզենան, էլի՛։ Նամակ գրեց Մոսկվա, որ սենց-սենց բան ա էլի, ժավել եմ դրել Հայաստանում, լավ ընդունելություն ա, ես կարամ գամ, Մոսկվայում էլ անեմ։ Պատասխան էր եկել, որ՝ չէ՛, հարմար չի էտի, մի քիչ վտանգավոր էլ ա ժողովրդի համար, եթե սխալ օգտագործեն։

Ստեղ ցեխի վարիչ ա եղել հայրս. պայուսակ կարելու ցեխի վարիչ եղավ։

Ազնիվ էր աշխատում: Մի անգամ մի գործի տեղը եկել էին, ասել էին՝ տենց մի՛ արա, դու մի մետր կտրի, էն մյուսը տուր մեզ, քու փայը կտանք։ Ասել էր՝ չե՛մ ըներ, դուրս եկավ էդ գործից։ Եկողները, ոնց ասում էին՝ էդքան «բիջ» չէին, ավելի ազնիվ էին, մենակ ինքը չէ, մյուս հայրենադարձներն էլ։ Չնայած, ամեն ձեւի ըլնում ա մեջը։

Սկզբում մենք ապրում էինք Երրորդ մասում ( թաղամաս Երեւանում)։ Երեք սենյականոց չորս բնակարաններում ապրում էին ութ ընտանիք։ Դե, մենք երեք հոգի էինք, մեզ մի սենյակ էր հասնում։ Խոհանոց չկար, զուգարան՝ չեմ ասում. տենց բան չկար։ Մի փոքր հաշտ կար (միջանցք)։ Հարեւանները Սուրիայից եկած էին։ Եկան մեր ապրանքները՝ հաշտն էլ, սենյակն էլ, լիքը ապրանք լցվեց։ Ըտենց ապրեցինք մինչեւ երեք տարի։ 

1949 թ-ին մի օր առավոտը վեր կացանք՝ հարեւաններին տարել էին գիշերը։ Աքսորել էին։ Անցան տարիներ, Ստալինը մեռավ՝ դրանք ետ եկան: Մերս հարցրել էր՝ Կարապե՛տ, բա ձեզի ինչո՞ւ բռնեցին, դո՞ւ ինչ ես ըրել։ Է՛, ես դաշնակցական եմ եղել: Ի՞նչ դաշնակցական, սկի հայերեն չգիտեր էդ մարդը։ Մենակ գիտեր, որ իրանք հայ են։ Ուրեմն, ինչ էր եղել. Սիրիայում են ապրել սրանք, հաստատ՝ մի հետամնաց գյուղում: Որովհետեւ եկել էին մարդիկ, ասել էին՝ ուզո՞ւմ եք երեխաների համար հայերեն դպրոց բացենք. մենք փող կդնենք, բայց դուք էլ փող պիտի դնեք, որ ուսուցիչը աշխատի։ Սրանք էլ ուրախացել են, որ երեխեքը պըտի հայերեն սովորեն՝ տվել են փողը, երեխեքը գնացել են դպրոց։ Տեսել են, որ գործերը լավ ա գնում, դրանք էլի են եկել, թե՝ մենք Դաշնակցությունից ենք, անդամ պըտի գրվես: Ինքը չգիտեր՝ ինչ բան ա Դաշնակցությունը. հնչակներ, բոլշեւիկ, մենշեւիկ՝ ոչ մի բան չէր հասկանում, ա՛յ, էդ մակարդակի մարդ էր։ Հետո որ սրանք եկան Հայաստան, ծախել էր մեկը, որ Կարապետ աղան Դաշնակցության անդամ եղած է։

Ստալինը որ մեռավ, ընկերոջս հետ դպրոց էինք գնում, ինքը լացում էր: Ուսուցչուհի ունեի մի հատ, էտի բոլշեւիկ էր եղել, պարտիական էր, ասում էին՝ մարդուն ինքն ա քշել տվել, էտի լացեց։ 

Դպրոցը ես մենակս եմ գնացել։ Եկանք, առավոտը հելա, տենամ երեխեքը գնում են դպրոց։ Հաջորդ օրը ես խառնվեցի հետները, գնացի դպրոց։ Գնացի, ասեցի՝ ուզում եմ սովորեմ: Դե լեզուս վատն էր, ասեց՝ որտեղի՞ց ես եկել, ասեցի՝ Ֆրանսիայից: Դու մի ասա, էդ դպրոցում ֆրանսերեն էին դասավանդում։ Ինձ տվեցին երկրորդ դասարան՝ երրորդ-չորրորդի տեղակ, որովհետեւ հայերեն չգիտեի: Ճիշտ ա՝ իմ երաժշտական լսողությունը վատ ա, բայց ես կարեցա անմիջապես անցնել արեւելահայերենի։ Ակցենտս կորավ, չնայած լավ խոսում էի արեւմտահայերեն էլ: 

Ըտեղ երեք տարի սովորեցի, մինչեւ հայրս կիսակառույց տուն առավ ու լրիվ կառուցեց Կիլիկիայում (թաղամաս Երեւանում), իսկ երբ ավելի մեծացավ ընտանիքը, երեխաներ ունեցանք՝ տեղափոխվեցինք 16-րդ թաղամաս: 

Մերգելյանում եմ աշխատել, ընդեղ դոպուսկով (հատուկ արտոնություն) ա, այսինքն, գաղտնիության բան կա, ու դրա պատճառով չէին թողի արտասահման գնամ։ Համ էլ՝ ծնված արտասահմանում։ Ինձ մենակ մի անգամ խմբով թողեցին Լեհաստան՝ կոմերիտական ուղեգրով։

Բայց 1990-ին արդեն լրիվ թուլացել էր, էլի՛. կնոջս հետ ստեղ տուրիստ եկա: Եկանք, ման եկանք մի ամիս, հետ գնացինք։ Հետ գնացինք, պատմեցինք, տղես, թե՝ ես էլ եմ ուզում գնամ: Նամակ գրեցի ստեղ, թե՝ ի՞նչ կլինի, տղայիս մի հատ վիզա ուղարկեք։ Անմիջապես ուղարկեցին։ 

1991-ին, լավ հիշում եմ էդ օրը՝ ապրիլի 24-ին, ինքը հասնում ա Փարիզ։ Մի օր զանգ տվեցի, ասի՝ Միքայել, հետ չգաս, էթալով վատանում ա ստեղ դրությունը։ Հուլիս-օգոստոսին ես էլ եկա ստեղ: 

Տղես ստեղ մի հսկա պահեստում թղթից ծաղիկներ դասավորելու գործ էր անում: Բայց Հայաստանում ինքը արդեն մի չորս տարվա ինժեներ էր, որ գնաց, էդ համբալությունը արեց։ Որտեղ գնում էր, չէին ընդունում, ասում էին՝ պետքը չի, պետքը չի։ Ֆրանսերենը վատ էր, սկի չգիտեր, էլի՛։ Ու մի անգամ էլ նամակ եկավ, որ հետաքրքրվում են իրանով։ Զոռեցի, հելավ, գնաց։ Կանչողը լեհ էր, կարող ա նույնիսկ հրեա լիներ։ Ասել էր՝ ի՞նչ դիպլոմ ունես, ցույց էր տվել դիպլոմը, ու ընդեղ նաեւ թվանշաններ կար: Տղես պատմում ա՝ մեկ էլ մատը դրեց վրեն. история кпсс, ու սկսեց խնդալ։ Գիտեր էլի էդ մարդը գոնե էդքան ռուսերեն։ Տեխնիկի պես գործ տվեց տղուս: 

Հիմա իմ երեխաները բոլորն էլ եկել են։ Բոլորն էլ տներ են առել, լա՛վ տներ։ Դասավորվել են։ Իրենց երեխաները հայերեն չգիտեն։ Սարսափելի բան ա։ Տղայիս կինն էլ ռուս ա, Մոսկվա, որ գնաց՝ ընդեղ ծանոթացավ, շատ լավ աղջիկ ա, շատ-շատ գոհ եմ. հայից լավ ա…

Հայրս ասում էր՝ ես գիտեի, որ Հայաստանը գեշ պիտի ըլլա, դրա համար տասնհինգ հատ ժամացույց առի. մինչեւ գործի ըլլանք, ասոնք կը ծախենք՝ կուտենք։ Ուզում եմ ասեմ՝ պատրաստված էր։