Ներգաղթել է Ֆրանսիայից (Մարսել), 1947-ին

Ռոբերտ Տեր-Մերգերյան

Հայրս հողամաս էր գնել, եւ իրեն հարցնում էին միշտ՝ ո՞ր մասում ես տունը կառուցելու։ Ա՛յ, այն կողմը. ցույց էր տալիս հորիզոնը. տունս Հայաստանում պիտի կառուցեմ։ Չորս եղբայր էին, 1947-ին որոշեցին հայրենադարձվել Հայաստան, և հայրս հասավ իր նպատակին. այդ տունը եղբայրներով կառուցեցին ։ 

Մեր հայրենադարձվելու գլխավոր պատճառներից էր նաեւ, որ դրանից երեք տարի առաջ պատերազմում՝ Մարսելի ազատագրության ժամանակ, կորցրել էինք 18 տարեկան մեծ եղբորս: Ուզում էինք հեռանալ, անջատվել այդ հիշողությունից:

Իսկ պրոպագանդան այն էր, որ եթե վերադառնաք, Հայաստանի բնակչությունը պետք է շատանա, եւ Մոլոտովը (Սովետական Միության արտաքին գործերի նախարար ) ՄԱԿ-ում պետք է պահանջի, որպեսզի Արեւմտյան Հայաստանի հողերը վերադարձնեն, իսկ դրա համար բնակչություն է պետք։ Ինչ որ է, այդ ներգաղթը մեծ իրադարձություն է հայոց պատմության մեջ, որովհետեւ միշտ՝ բռնի կամ կամավոր, մեր մեջ եղել է արտագաղթ։ Իսկ այդպես մասսայական, հարյուր-հազարանոց ներգաղթ՝ յոթ-ութ երկրներից, առաջին անգամ էր հայոց պատմության մեջ, և դա Հայաստանին բերեց նոր շունչ, նոր ավյուն:

Հիշում եմ, Հայաստան գնալու համար երբ «Ռոսիա» նավը նստեցինք, մեզ տվեցին մի կայուտա (նավախցիկ), նավի վրա ոչ բոլորը ունեին այդպիսի սենյակ։ Երբ նավը հասավ Թուրքիա, եւ անցանք Բոսֆորը, շատերը ծաղիկներ նետեցին ծովը՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի: 

Բաթումում մեզ տեղավորեցին մի հսկայական անգարի (պահեստ) մեջ, երեք օր մնացինք, հետո գնացք նստեցինք։ Գիշերով հասանք Թիֆլիս, մեզ ասացին՝ պատուհանից ոչ մի բան չկախե՛ք, կարող են գողանալ։ Ուտելիքներ էինք կախում պատուհանից, որ չփչանան: Հայրս ինձ ասաց՝ տեսնո՞ւմ ես, այս քաղաքը, շատ հայտնի քաղաք է, շատ հայեր են ապրել այստեղ, եւ Թիֆլիսը ժամանակին փոքրիկ Փարիզ էին կոչում: 

Հասանք Երեւան, դիմավորեցին ինչ-որ ծանոթներ եւ տարան Շենգավիթում մեզ հատկացված տունը, որ ո՛չ պատուհան ուներ, ո՛չ դուռ: Հայրս ասաց՝ այստեղ հնարավոր չէ ապրել, եւ բնակարան վարձեց քաղաքի կենտրոնում։ Այնտեղ ապրեցինք, մինչեւ մեր տունը կառուցվեց: 

Վիճակը շատ ծանր էր։ Պատերազմից դուրս եկած երկիր էր: Ամեն ինչ քարտով էր առաջին տարիներին։ Ե՛ւ հայրս, ե՛ւ հորեղբայրներս վաճառում էին, ինչ որ տարել էին հետները, որպեսզի կարողանան ապրել: 

Ֆրանսիայից տարել էինք ամեն ինչ, տուն կառուցելու գործիքներ էլ: Ես հետս վերցրել էի գրենական պիտույքներ՝ ռետին, մատիտ եւ այլն: Դպրոց էի տանում, եւ մեկ շաբաթ հետո գողացան, չկա՛ր։ Մեկ ուրիշ հիշողություն ասեմ։ Երեւի 1949 թիվն էր, հորս հետ շուկայում էինք: Այդ շուկան գտնվում էր «Ռոսիա» կինոթատրոնի տեղում։ Ուզեցի պաղպաղակ, հայրս ինձ համար գնեց։ Սկսում եմ պաղպաղակը ուտել եւ հորս հետ ման եմ գալիս, մի տղա հանկարծ ձեռքիցս խլում է պաղպաղակը։ Գողացա՛վ պաղպաղակը ձեռքիցս։ Ես չեմ մեղադրում, ուտելու բան չկար, կյանքը շատ դժվար էր: 

Բայց հարմարվեցինք: Հայրս շատ աշխատասեր էր։ Իր արհեստը սիրող մեկն էր, շատ որակով դերձակ էր: Տանը աշխատում էր, կարում էր Հայաստանի բավական բարձրաստիճան եւ հայտնի մարդկանց համար, եւ կարողացանք դժվարությունները հաղթահարել։ 

1951-52-ին տեղավորվեցինք Բաղրամյան փողոցում կառուցված մեր տանը։ 

Ամեն երկրից եկող հավաքվում էր իր միջավայրում. Ֆրանսահայերի միջավայրը կար, հունահայերի միջավայրը կար, լիբանանահայերի միջավայրը կար։ Իրար մեջ էին ամուսնանում հաճախ։ 

Բոլոր ընկերներս հայրենադարձներ էին: 1950-ականներին դպրոցում էլ հայրենադարձները հայրենադարձների հետ էին ընկերություն անում։ Իմ ընկերներից մեկը Եգիպտոսից էր, մյուսը Լիբանանից էր, մյուսը Սիրիայից էր: Մինչեւ հիմա նրանք բոլորն էլ Երեւանում են ապրում։ 

Յոթերորդ-ութերորդ դասարանի աշակերտ էի: Երիտասարդները երեկոները խմբով ման էին գալիս Աբովյան փողոցով վերեւ-ներքեւ: Եվ կարելի էր լսել ֆրանսերեն, հունարեն, արաբերեն. խոսում էին այն լեզվով, որ երկրից եկել էին։ Շատերը հայերեն չգիտեին: Մեր գալուց մեկ տարի հետո հայրս ուսուցիչ վարձեց, որպեսզի հայերեն սովորեմ։ 

Այդ ժամանակ շատ կատակներ կային հայրենադարձների մասին: Մեկը պատմեմ. մի մարդ փողոցում քայլում է, հարցնում են՝ ձեր երկրում էշեր կայի՞ն: Նա էլ պատասխանում է՝ մեկ հատ էշ կար, ես էի, էն էլ եկել եմ էստեղ։ 

Ինքս, ճիշտն ասած, սովետական կարգերի հետ չշփվեցի, որովհետեւ ո՛չ կոմսոմոլ (կոմսոմոլեց, ռուս.՝ կոմերիտական) եղա, ո՛չ պարտիական (կուսակցական) եղա։ Անձնական իմ ընտրությունն էր դա, այնպես որ, ինձ չեն նեղել երբեք։ Երբեք ինձ չեն կանչել, այսպես ասած, ներքին գործերի նախարարություն՝ հարցաքննության, եւ այլն եւ այլն։ Իմ ճանապարհը բավական հարթ է եղել այնտեղ։

Ասեմ նաեւ, որ Ստալինի մահից առաջ փոխադարձ վստահություն չկար, նույնիսկ եղբայրը եղբորը չէր վստահում։ Հայրս խոհանոցում դրել էր Ստալինի մեծ նկարը եւ ասում էր՝ այս նկարը մեզ գուցե պաշտպանի, եւ մեզ Սիբիր չքշեն: 

1949թ. մի օր երեկոյան Շրջանայինից վերադառնում էինք տուն, բեռնատար մեքենաներ տեսանք ահագին շատ։ Հաջորդ օրը հայրս ասաց, որ ժողովրդին հավաքել, տարել են կայարան: Աքսորել էին, փաստորեն:

Հորս մոտիկ բարեկամներից մեկն էլ ընտանիքով աքսորվեց Սիբիր։ Փիրյան ընտանիքն էր: Մայրս էր նրանց ծանրոց ուղարկում՝ ուտելիք, հագուստ: 1951, թե՞ 52-ին նրանք վերադարձան, մեզ մոտ ապրեցին, մինչեւ բնակարան գտան։ Թե ինչու իրենց աքսորեցին, չպարզվեց։ Ես միայն այն գիտեմ, որ նրանց հայրը հասարակության մեջ բարձրաձայն բողոքում էր՝ սա լավ չի, նա լավ չի, էս ի՞նչ է՝ հաց չկա, հացի հերթեր են… Գուցե դա էր պատճառներից մեկը, ես չգիտեմ, իրենք էլ չասացին: Հետո մեր տանից ոչ հեռու մի տուն կառուցեց Փիրյանը, հաճախ էինք իրար հյուր գնում: 

Դեղագործ էր Փիրյանը եւ 1950-ականներին դեղագործական մի փոքրիկ կրպակ բացեց Երեւանում. կարծեմ, Բարեկամության փողոցի վրա էր՝ Պռոշյանի անկյունում։ Նրա եղբայրը նույնպես 1944-ին զոհվել էր Մարսելի ազատագրության ժամանակ։ Նրանք էլ վերադարձան Ֆրանսիա: 

Սրանից երկու տարի առաջ Փիրյանի երկրորդ որդու հետ կարողացանք փաստաթղթերը ցույց տալ, եւ Մարսելի երկու փողոցներ՝ Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ, անվանակոչել մեր եղբայրների՝ Մորիս Տեր-Մերգերյանի եւ Էդմոն Փիրյանի անուններով։ 

Քրիստիան Պինոյի (Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար) Երեւան գալն եմ հիշում: 1956 թվականն էր: Ֆրանսահայ ակտիվիստները ֆրանսիացի լրագրողների հետ հավաքվեցին մի սրճարանում: Մի տասը-տասներկու հոգի նստած էինք: Ինձնից տարիքով էին մյուսները, եւ այդ լրագրողներին պատմում էին վիճակը, ֆրանսահայ ընտանիքների ցանկությունը՝ վերադառնալ Ֆրանսիա: Այդ ընտանիքներում շատերը Ֆրանսիայի քաղաքացիությունը պահել էին: 

Հայտնի ջութակահար Ժան Տեր-Մերգերյանը հարազատ եղբայրս էր: Նա Ֆրանսիա վերադարձավ 1981-ին: Երբ այնտեղ էր, բոլոր համերգները կազմակերպում էր «Մոսկոնցերտը», բոլոր երաժիշտները պետք է այնտեղով անցնեին։ Եվ այնպես եղավ, որ սկսեցին նրան ավելի քիչ համերգներ տալ։ Մեկ անգամ պետք է համերգի գնար Իտալիա, պատրաստ էր ծրագիրը, եւ խումբը մեկնելուց մեկ օր առաջ նրան ասացին՝ դու չե՛ս գնում։ Դա կրկնվեց մի քանի անգամ: Լեհաստան գնալու հնարավորությունից էլ նրան զրկեցին, եւ համերգները գնալով քչանում էին։ Դա նրան ստիպեց իր կարիերան Ֆրանսիայում շարունակելու որոշում ընդունել։ Այստեղ լավ ընդունեցին իրեն, երկար տարիներ դասախոս էր Մարսելի կոնսերվատորիայում՝ մինչ որ անցավ թոշակի։ Այդպե՛ս։

Բայց գոնե երկու տարին մեկ գնում էր Հայաստան՝ համերգների։ Նա շատ սիրված էր հատկապես Գյումրիում։ Գյումրիում բարեգործական մի կազմակերպություն կար, որը հրավիրում էր նրան, եւ նա գնում էր, բարեգործական համերգ էր տալիս Գյումրիում: 

Իսկ ինքս դպրոցը ավարտեցի, ընդունվեցի Երեւանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական լեզուների բաժին: Դարձա անգլերենի ուսուցիչ, օտար լեզուների ինստիտում դասավանդեցի չորս տարի:

Մա՛յրս պնդեց, որ մենք վերադառնանք Ֆրանսիա, հայրս շատ չէր ուզում. արդեն տասնութ տարի ապրել էինք Հայաստանում: Բայց մայրս շատ էր ուզում գալ. այստեղ մայր ուներ, քույր ուներ, եղբայր ուներ:

Օվիրում մերժում էին անընդհատ, երրորդ դիմումը վերջապես ընդունվեց։ Մենք վերադարձանք 1966-ին, նավով՝ Սոչիից Մարսել։ Բայց նշանած ունեի արդեն, եւ Հայաստան հետ գնացի՝ ամուսնանալու համար։ Իմ կինը Երեւանի հայ չէ, բաքվեցի հայ է։ Նա Երեւան էր եկել իր բարեկամների մոտ, որոնք իմ ծանոթներն էին. իրենց փեսան ֆրանսահայ էր: Հանդիպեցի նրանց տանը, հետո մեր հարաբերությունները հաստատվեցին: 

Երեւանից գնացի Բաքու ՝ ամուսնանալու: Պաշտոնական կողմը բավական դժվար եղավ, որովհետեւ այդպիսի դեպք չէր եղել, որ Ֆրանսիայի քաղաքացին, 1968 թիվն էր, գնա Բաքու եւ ամուսնանա Ադրբեջանի քաղաքացու հետ։ Սկզբում չստացվեց, մեկնեցի Մոսկվա, արդեն երեք օր հետո օդանավով պիտի վերադառնայի Փարիզ, նշանածիս եղբայրը հեռաձայնեց, թե՝ գտանք միջոցը, պետք է էլի գաս Բաքու։ Հաջորդ օդանավով մեկնեցի Բաքու, գրանցեցինք ամուսնությունը:

Երբ նավը հասավ Թուրքիա, եւ անցանք Բոսֆորը, շատերը ծաղիկներ նետեցին ծովը՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի: