Հոր ընտանիքը ներգաղթել է 1936-ին Հունաստանից

Ռուզան Խաչատրյան

Երբ դռները փակում էինք, կոմունիզմն ու Սովետը մնում էին փողոցում

Կեսարացի տատս՝ Ազնիվ Ճեպեճյան-Խաչատրյանը եւ էրզրումցի պապս՝ Մարտիրոս Խաչատրյանն, իրենց առաջին զավակների հետ 1930-ականներին Հայաստան էին եկել Հունաստանից: Չգիտեմ՝ Աթենքից ներգաղթն այդ ժամանակ կազմակերպվա՞ծ էր: Բայց Հայաստան գալ չկամեցած ու ամեն առիթով դա հիշեցնող տատս ասում էր, որ գալու միտքը պապիս գլուխը մտել էր, երբ լսել էր, թե ջարդերից փրկված նրա հայրը Հայաստանում է: Չնայած, ինչ-ինչ քարոզչություն եղել էր, որովհետեւ տատս պատմում էր, թե իրենց համոզում էին, որ Հայաստանը դրախտ է, որտեղ հավերը պատերի տակ ձու են ածում, եւ հավաքող չկա:

«Մեր երկիրը» ասելիս՝ տատս միշտ երանությամբ Հունաստանն էր հիշում: Ասում էր՝ այնտեղ մարդիկ ուրախ էին, փողոցներում նվագում, երգում, պարում էին: Ժպտերես տատս շատ էր նեղվում, որ այստեղ մարդիկ մռայլ են, իր խոսքով՝ «նամրոտ»:

Տեղացիներին նա հատկապես չէր ներում Հունաստանից բերած իր լայնեզր գլխարկների, սիրուն կոշիկների և կրծկալների համար, որոնք անհետացել էին ընդհանուր բաղնիքներում: Իսկ իր ոսկե բեշիբիլիկների համար բացարձակապես «ախ» էլ չէր քաշում, որովհետեւ դրանք հատնել էին սովի տարիներին կարտոֆիլ, «դեղին կրուպպա» և արհեստավոր պապիս համար գործիքներ գնելու, հետո արդեն՝ տուն շինելու սուրբ գործերի մեջ:

Պատերազմից հետո, երբ սկսվել էր հայրենադարձների՝ կազմակերպված ներգաղթը, ամեն նոր հոսքի հետ պապս Երեւանի երկաթուղային կայարան էր գնում՝ 1915-ի փախեփախի ժամանակ կորցրած ազգականներին, ընկեր-ծանոթներին գտնելու հույսով: Պատմում են, որ երբեմն կայարանից երջանկացած ու ոչ մենակ էր վերադառնում Բութանիայի իրենց տուն:

Մեր տանը պատմում են նաեւ, որ կոշիկի արտելում մի շրջան պապիկենցս հետ աշխատել է նոր հայրենադարձված Գոհար Գասպարյանը. փայտի վրա կրունկի կաղապարներն էր մատիտով գծում ու երգում, գծում էր ու երգում։

Պապս նորեկներին փորձել է օգնել՝ ինչով կարող էր: Տատս բերանը թեթեւակի դժգոհ հավաքելով էր հիշում՝ իր էրեխեքի բերանից կկտրեր, ուրիշներին բաժին կհաներ: Բայց բոլորովին վերջերս ու շատ անսպասելի մի ուրիշ բան էլ իմացա. իմ հեռու ծանոթներից մեկը տղայիս ասել էր՝ քո մամայի պապն իմ պապին աքսորից փրկել է:

Հորս հարցրի, թե էդ ի՞նչ նոր պատմություն է: Ինքը մենակ սա էր հիշում՝ նոր եկած արհեստավորները շուկայում հավաքվում էին, գործ էին փնտրում, միամիտ-միամիտ՝ բան-ման էին հանում ծախելու, պապիկդ գնում, նրանց քշում էր շուկայից. ինքը չքշեր, Սովետն էր քշելու. Սիբի՛ր…

Դրսից եկած հայերը սկզբում Երեւանի որոշակի թաղամասերում փնջված էին ապրում. Թոխմախ գյոլի շրջակա հատվածն էր՝ Բութանիայի, Արեշի եւ Վարդաշենի հետ, հետո առաջացան դեպի Սարի Թաղ, ուրիշ թաղամասեր… Պապս Չարենցի փողոցում հողամաս գնեց եւ զավակների հետ տուն շինեց: Հունաստանից ավելի ուշ եկածները պետությունից վերցրած վարկով եռահարկ շենք կառուցեցին կողքին:

Երբ բոլորիս տների դռները փակվում էին, կոմունիզմն ու Սովետը մնում էին փողոցում, եւ գործի էին դրվում կարի մեքենաները, դազգահներն ու հաստոցները: Արտադրական բզզոցին ու տկտկոցին երբեմն միանում էր Սովետի հասցեին հայհոյանքը, որ չի թողնում՝ մարդ ազատ, հանգիստ շունչ քաշելով ու ոչ թե բռնվելու վախով աշխատի:

Հայրենադարձների տներում ընդհատակյա մի հսկայական թեթեւ արդյունաբերություն էր աշխատում: Չնայած՝ արգելված, բայց այդ տնտեսությունը մի լավ մեղմում էր առաջին անհրաժեշտության ապրանքների սարսափելի դեֆիցիտը:

Մեկը դերձակ էր, մյուսը՝ կոշկակար, մեկը գլխարկ էր կարում, մյուսը՝ կահույք պատրաստում, անգամ՝ երաժշտական գործիքներ, երրորդը դաշնամուրի դասեր էր տալիս, չորրորդն ավտոմեքենայի մասեր էր փոխում, իսկ մեր տանը կոշիկի փայտե կրունկներ էին պատրաստում:

Պատերազմից հետո եկած հայրենադարձները, երբ Սովետը մի քիչ թուլացրեց արտասահման գնալ-գալու արգելքը, սկսեցին դրսից ապրանք բերել, վաճառել: «Տուրիստի տուն». կարգին շոր ու կոշիկի, տեխնիկայի ու նորագույն երաժշտության կարոտ ջահելներիս համար դա մոգական տեղ էր, որտեղ բացարձակ չափսոսելով կարող էինք կլորիկ գումար թողնել՝ նվիրական ու խանութներում երբեւէ չեղած որեւէ բան ձեռք բերելու համար:

Հայրս նրանց չէր սիրում. ասում էր՝ ես արհեստավոր, ստեղծող մարդ եմ, իսկ իրենք առեւտրական են: Ինձ էլ այդպես դաստիարակեց: Բայց մի բան ասե՞մ. այդ առեւտրական հայրենադարձները Սովետի բացած պուճուր ճեղքով դրսից նաեւ ձայնապնակ, հետո նաեւ՝ ձայներիզ ու մագնիտոֆոն էին բերում. ոմանք առաջադեմ երաժշտության հետ այլակարծություն էին բերում, երբեմն՝ «գրականություն»:

Հայրական կողմիս ազգուտակի մեջ չկային կոմունիստներ, չկային ռուսախոսներ, բայցեւ չկային այլախոհներ: Պապս, երեւում է, շատ արագ էր հասկացել երկիրը, բոլորին սովորեցրել էր շառից հեռու, բայց պատվով ապրել: Հորս այլախոհական միակ արտահայտությունը սա էր՝ ես այս պետության համար չեմ աշխատի: Իսկ երբ մի անգամ դպրոցից ոգեւորված եկա ու ասացի, որ ինքն իր արհեստանոցում շահագործում է բանվոր դասակարգին, շատ նեղվեց՝ ա՛յ, էս տասը մատս ու գլուխս եմ ես շահագործում:

Մեր ու հայրենադարձի թոռ բոլոր ընկերուհիներիս տներում որեւէ սրբապատկեր անպայման կար. իհարկե՝ պարզապես դրսից ուղարկած շնորհավորական փոքրիկ բացիկների տեսքով, որ դնում էինք ապակեղենի պահարանի չերեւացող անկյունում: Իմ չտեսած բոլոր պապիկներիս մեջ ամենակարեւորը Աստված պապիկս էր, որ տատիկս մեջս մտցրել էր խրատների տեսքով՝ հանկարծ մի էնպիսի բան չանեմ, որ Աստված պապիկս բարկանա ու ինձանից երես թեքի: Մեկ-մեկ էլ ինձ եկեղեցի էր տանում:

Չնայած ինձ չէին զգուշացրել, բայց դպրոցում թաքցնում էի նման պապիկ ունենալս, որովհետեւ դասարանցիներս էդ պապիկից չունեին: Շատ արագ էի հասկացել, որ պետք է թաքցնեմ այն, ինչ իրենք չունեն, որպեսզի նմանվեմ իրենց, ու ինձ չծաղրեն: Երբ ես դպրոց գնացի, վաղուց արդեն բավական մարել էր հայրենադարձների հանդեպ ծաղրը, բայց կռիվ անելիս պատահել է, որ նետել են՝ «ախպարի ճուտ», չնայած դա մոտավորապես նույնն էր, ինչ մեկին ասեին՝ «չորսաչքանի» կամ «պեպենոտի մեկը»:

Դրսից Սովետ եկած հայերը՝ ամեն մեկը մի քանի լեզու իմացող, մի թաքուն նախանձ ունեին այն հայերի հանդեպ, որոնք ռուսերեն էին խոսում: Ինչ ջանք ասես՝ հայրս չթափեց, որպեսզի ես անպայման ռուսերեն սովորեմ: Զարմիկներս ու զարմուհիներս էլ, երբ մի քիչ առաջընթաց էին ունենում ռուսերենում, անպայման ուզում էին «ջիջիլ գցել»:

Հիմա վաղուց արդեն սրբվել-գնացել են հայրենադարձների ու տեղացիների մշակութային տարբերությունները, բայց ժամանակին իրար աղջիկ համարյա չէին տալիս, չէին առնում: Ավելին, երբ իրար մեջ էին ամուսնանում, նախընտրում էին, որ աղջիկը կամ նրա ծնողները նույն երկրից եկած լինեն: Տատս միշտ կհարցներ՝ է՛, մե՞ր կողմերից են: Ինչը կնշանակեր՝ Հունաստանի՞ց են եկել:

Մայրս ղարաբաղցի էր: Չորս տարի դիմացավ մորս ու հորս ամուսնությունը: Էն էլ՝ պարբերական կռվով-դավով: Տատս ասում էր՝ բաստուրմա էինք սարքում, մամադ լաց լինելով փախչում էր մոր մոտ՝ դրանք հում միս են ուտում: Զեյթուն էինք ուտում, բերանն էր ծռում՝ էս ինչ թույն ա: Մեկ էլ պատմում էին, որ պապս արհեստավոր ընկերների հետ տուն էր եկել, հետը հատիկավոր սուրճ բերել՝ հա՛րս ջան, ղահվե ենք ուզում: Երկար ժամանակ է անցնում՝ հա՛րս ջան, ղահվեն ի՞նչ եղավ: Դեռ չի՛ եփել: Պապս գնում է խոհանոց՝ սուրճի հատիկները ջրի մեջ եռում են…

Չէի ասի, թե մայրս էլ պատմելու բան չուներ այդ չորս տարիների մասին: Չնայած շատ հետո տեսա, թե ինչպես է իր ձեռքով բաստուրմա սարքում, իսկ օրը մի քանի անգամ սուրճ վայելելու մասին էլ չեմ ասում. այն էլ՝ «ախպարական» ձեւով, մատուցելիս հետն անպայման մի բաժակ սառը ջուր…

...կռիվ անելիս պատահել է, որ նետել են՝ «ախպարի ճուտ», չնայած դա մոտավորապես նույնն էր, ինչ մեկին ասեին՝ «չորսաչքանի» կամ «պեպենոտի մեկը»: