Articles


Մեծ հայրենադարձությունը. հիմնահարցեր եւ խնդիրներ 1946-1948

| Amatuny Virabyan |

Խորհրդային Հայաստան սփյուռքահայության հերթական զանգվածային ներգաղթի կազմակերպման խնդիրը սերտորեն առնչվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թուրքիայից հայկական որոշ տարածքների ազատագրման իրական թվացող հեռանկարի հետ: Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը խնդիրն անուղղակիորեն կենտրոնական իշխանությունների առաջ բարձրացրեց 1945թ. ապրիլին, երբ ՀԽՍՀ Ժողկոմխորհը եւ ՀԿ(բ)Կ Կենտկոմը դիմեցին ՀամԿ(բ)Կ Կենտկոմ՝ Ստալինին եւ Մոլոտովին՝ Իրան, Սիրիա-Լիբանան, Ռումինիա եւ Բուլղարիա ՀԽՍՀ ժողկոմխորհի ներկայացուցիչներ ուղարկելու խնդրանքով: Նրանց առջեւ խնդիր էր դրվելու ուսումնասիրել «այդ երկրներում հայերի վիճակը, մասնավորապես, խորհրդային քաղաքացիություն ընդունելու, Հայաստան տեղափոխվելու նրանց ձգտումների հետ կապված հարցերը»:[1]

Հայերի զանգվածային հայրենադարձություն կազմակերպելու հիմնախնդիրը կենտրոնական իշխանություններին՝ հանձին Ստալինի, Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ ներկայացրեց 1945թ. մայիսի 15-ին՝ ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ Ա. Սարգսյանի եւ ՀԿ(բ)Կ կենտկոմի քարտուղար Գր.Հարությունյանի ստորագրած գրությամբ[2]: Հայտնելով, որ արտասահմանում ապրում է մոտ մեկ միլիոն հայ, եւ ներկայացնելով նրանց տեղաբաշխումն ըստ երկրների, Հայաստանի ղեկավարները նշում են, որ սփյուռքահայերը Հայրենական պատերազմի տարիներին ակտիվորեն պայքարել են ընդդեմ գերմանական ֆաշիզմի, ստեղծել են հայրենասիրական ընկերություններ, առաջադիմական լիգաներ, միջոցների հանգանակություն են կազմակերպել Կարմիր բանակի օգնության, «Սասունցի Դավիթ» եւ Գեներալ Բաղրամյանի անվան տանկային շարասյուների հիմնադրամների համար[3]:

Ստալինին ուղարկած գրությունն ավարտվում է հետեւյալ առաջարկություններով.

ՀԿ(բ)Կ Կենտկոմը եւ ՀԽՍՀ Ժողկոմխորհը դրական են վերաբերվում հայրենիք՝ Խորհրդային Հայաստան արտասահմանյան հայերի վերադարձի հարցին եւ խնդրում են Ձեր թույլտվությունը.

1. Հայաստանի Ժողկոմխորհին՝ կազմակերպել ռուս-թուրքական պատերազմների եւ թուրքական կառավարության կողմից հայերի կոտորածների ընթացքում արտասահմանյան երկրներ փախած հայերի վերադարձը:

2. Կազմակերպել ՀԽՍՀ Ժողկոմխորհին կից ներգաղթող հայերի ընդունման եւ տեղավորման գծով կոմիտե:

3. Հայկական գաղթօջախներում առաջադիմական, հայրենասիրական եւ բարեգործական ընկերությունների ներկայացուցիչներից ստեղծել հայերի հայրենիք վերադարձի գծով կոմիտեներ:

4. Հավանություն տալ արտասահմանյան հայերի նախաձեռնությանը հայության շրջանում միջոցների հավաքման եւ Խորհրդային Հայաստան վերադարձի ու տեղավորման հիմնադրամ ստեղծելու համար` այդ նպատակով ներգրավելով արտասահմանի բարեգործական ու այլ ընկերությունների հիմնադրամները եւ այլն:[4]

Հայաստանի ղեկավարության մայիսի 15-ի գրությունը Ստալինը թողեց անպատասխան։ Նա առավել քաջատեղյակ էր երկրի իրական հնարավորություններին (մասնավորապես Հայաստանում շատ ծանր վիճակում էր բնակարանային հարցը, զգացվում էր արդյունաբերական ապրանքների եւ պարենի սուր պակաս) եւ հարցի քննարկումը հետաձգեց: Ստալինը սպասում էր դաշնակից տերությունների Պոտսդամի կոնֆերանսին, որտեղ բարձրացվելու էր «հայկական եւ վրացական տարածքների» խնդիրը: Հասկանալի է, որ առանց միութենական կառավարության որոշման Խորհրդային Հայաստանի կառավարությունը ոչինչ չէր կարող ձեռնարկել: Իսկ արտասահմանից շարունակում էին ստացվել հազարավոր դիմումներ` հայրենադարձվելու խնդրանքներով: Հատկապես ծանր էր հայերի վիճակը Հունաստանում: Այնտեղ բնակվող 25 հազար հայերից միայն 5 հազարն ուներ հունական քաղաքացիություն, իսկ մյուսները զրկված էին քաղաքացիական որեւէ իրավունքից: 1945թ. այնտեղ բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով հայերը հալածվում էին որպես «խորհրդամետ եւ կոմունիստամետ» կողմնորոշում ունեցողներ: Հյուսիսային Հունաստանից՝ Մակեդոնիայից եւ Թրակիայից հալածանքներից փրկվելու համար շատ հայեր փախչում էին Բուլղարիա:[5]

Որպես առիթ օգտագործելով Հունաստանի հայ բնակչության ծանր դրությունը` Հայաստանի ղեկավարությունը 1945թ. հուլիսի 4-ին կրկին դիմում է միութենական կառավարությանը, այս անգամ արտաքին գործերի ժողկոմ Վ.Մոլոտովին: Նամակագիրները՝ ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ս.Կարապետյանը եւ Կենտկոմի քարտուղար Գր.Հարությունյանը առաջարկում էին, ելնելով հունահայերի ծանր վիճակից, արտասահմանյան հայերին հայրենիքում վերաբնակեցնելու ընդհանուր հարցից առանձնացնել հունահայերի հարցը, եւ բավարարել նրանց խնդրանքը խորհրդային քաղաքացիություն ընդունելու վերաբերյալ: Խնդրվում է թույլատրել 1945թ. ընթացքում Հունաստանից Խորհրդային Հայաստան վերաբնակեցնել 15-20 հազար հայ` հաշվի առնելով Սեւ ծովով նրանց հայրենադարձվելու համեմատաբար նպաստավոր հնարավորության առկայությունը:[6]

Սակայն այս նամակը եւս անհետեւանք մնաց: Իսկ Խորհրդային Հայաստանի կառավարության անունով սփյուռքից շարունակվում էին ստացվել հազարավոր նամակներ, որոնց պատասխանը կառավարությունը չուներ: Հայրենադարձության հարցը արտասահմանյան մամուլում դարձավ շահարկման առարկա: Ստեղծված իրադրությունից ելք գտնելու համար Գր. Հարությունյանը որոշում է մեկնել Մոսկվա, անձամբ տեսակցել Ստալինի եւ երկրի մյուս ղեկավարների հետ:

Բանակցությունների արդյունքում Գր.Հարությունյանը հոկտեմբերի վերջին Մոսկվայում երկու գրություն է կազմում արտասահմանյան հայերի հայրենիք վերադառնալու վերաբերյալ, մեկը Ստալինի, մյուսը` Մալենկովի անուններով: Ստալինին ուղղված գրությունում շեշտը դրված է երեք հանգամանքի վրա.

1. Արտասահմանյան հայերից շարունակվում են ստացվել դիմումներ հայրենիք վերադառնալու թույլտվության մասին: Խորհրդային Հայաստանն այդ դիմումներին դրական պատասխան չի տվել՝ միութենական կառավարության որոշման բացակայության պատճառով:

2. Հայկական գաղթօջախներում թշնամաբար տրամադրված խմբերը լուրեր են տարածում այն մասին, թե Խորհրդային Հայաստանի կառավարությունը չի պատասխանում դիմումներին այն պատճառով, որ խորհրդային իշխանությունը բացասաբար է վերաբերվում հայերի վերադարձին հայրենիք:

3. Խորհրդային Հայաստանի 25-ամյակի առթիվ Հայաստանի կոմկուսի Կենտկոմը եւ Ժողկոմխորհը անհրաժեշտ են գտնում ունենալ մամուլում հրապարակված միութենական կառավարության հատուկ որոշումը, արտասահմանյան երկրներում ապրող հայերի հայրենիք՝ Խորհրդային Հայաստան վերադառնալու թույլտվության մասին:[7]

ՀամԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Գ.Մալենկովին հասցեագրված գրությունն ավելի մանրամասն է, տեղեկություններ կան արտասահմանում ապրող հայերի թվի, հայրենիք վերադարձողների աշխատուժի օգտագործման հեռանկարների եւ այլ հարցերի մասին: Գրությանը կցված էր հարցի վերաբերյալ ԽՍՀՄ կառավարության որոշման նախագիծը:[8]

Հայրենադարձություն սկսելու մասին Գր.Հարությունյանի առաջարկը երկու անգամ` 1945թ. նոյեմբերի 19-ին եւ 21-ին, քննարկվում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի քաղբյուրոյում եւ ստանում դրական լուծում:[9]

Այն հանգամանքը, որ Գր.Հարությունյանի ներկայացրած նախագիծը նոյեմբերի 21-ին, առանց որեւէ փոփոխման, ԽՍՀՄ Ժողկոմխորհը Ստալինի ստորագրությամբ ընդունում է որպես որոշում «Արտասահմանյան հայերի Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին» վերնագրով, վկայում է այն մասին, որ այն նախօրոք համաձայնեցված էր եթե ոչ Ստալինի, ապա Մալենկովի հետ, եւ հավանություն էր ստացել քաղբյուրոյում:

Այսպիսով, խորհրդային կառավարությունը կանաչ լույս վառեց հայրենադարձության ճանապարհին, եւ սկսվեցին հայրենադարձների ընդունման ու տեղավորման ուղղությամբ ամենադժվարին՝ նախապատրաստական աշխատանքները:

Սփյուռքահայերի զանգվածային հայրենադարձության մասին խորհրդային կառավարության որոշումը խանդավառությամբ ընդունեց համայն հայությունը: Հայրենադարձության մասին որոշումը դրականորեն ընդունեցին գաղութահայության քաղաքական բոլոր ուժերը՝ կոմունիստները, հնչակյանները, ռամկավարները եւ նույնիսկ դաշնակցականները:

Որ դաշնակցությունը սկզբնական շրջանում ողջունեց հայրենադարձությունը, վկայում են նույնիսկ արտասահման գործուղղված Խորհրդային Հայաստանի ներկայացուցիչները: Սակայն իրադրությունը փոխվեց, երբ ԽՍՀՄ կառավարության 1946թ. փետրվարի 22-ի «Արտասահմանից Խորհրդային Հայաստան հայերի վերաբնակեցման գործնական միջոցառումների մասին» որոշման ցուցումների համաձայն` հայկական գաղթօջախներում սկսեցին կազմակերպվել «Հայերի վերադարձին աջակցող տեղական կոմիտեներ` կազմված արտասահմանյան հայկական առաջադիմական կազմակերպությունների հիման վրա»[10]: «Առաջադիմական» կազմակերպությունների անվան ներքո հասկացվում էին կոմունիստները, հնչակյանները, վերապահումով՝ ռամկավարները, բայց ոչ դաշնակցականները:

ԽՍՀՄ ներկայացուցչությունների եւ հայկական կոմիտեների տվյալներով, Խորհրդային Հայաստան ներգաղթելու համար ցուցակագրվել էր 360 հազար մարդ: Ըստ երկրների այդ պատկերն ուներ հետեւյալ տեսքը. Սիրիա եւ Լիբանան` 140, Հունաստան` 20, Իրան` 60, Ֆրանսիա` 50, Եգիպտոս` 30, Հարավային Ամերիկա` 29, Թուրքիա` 20, Բուլղարիա` 9, Ռումինիա եւ ԱՄՆ` մեկական հազար մարդ:[11]

1946թ. առաջին կեսն անցավ լարված նախապատրաստական աշխատանքների մեջ: ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1946թ. փետրվարին կայացած պլենումը քննարկեց ներգաղթը հաջող իրագործելու համար անհրաժեշտ գործնական քայլերի ծրագիրը: Մատնանշվեց այն հանգամանքը, որ «միայն Հայրենական պատերազմում ձեռք բերված հաղթանակը եւ Խորհրդային Հայաստանի 25 տարվա խոշոր նվաճումները հնարավոր դարձրին ներգաղթը»:[12]

ԽՍՀՄ Ժողկոմխորհը 1946թ. փետրվարի 22-ին եւ հունիսի 21-ին ընդունեց սփյուռքահայության ներգաղթի հետ կապված գործնական միջոցառումների մասին որոշումներ:[13]

Վերջապես 1946թ. հուլիսին ներգաղթողների առաջին գնացքները ժամանեցին Խորհրդային Հայաստան: Կարճ ժամանակում, մինչեւ հոկտեմբերի կեսերը, հայրենադարձվեցին մոտ 50 հազար հայ՝ նախատեսված 30-35 հազարի փոխարեն: Եվ անմիջապես ծագեցին առաջին դժվարությունները` կապված բնակարանների, աշխատատեղերի, սննդի, հագուստի, առաջին անհրաժեշտության պարագաների պակասի, կենցաղային ծանր պայմանների հետ:

Մոտենում էր 1947 թվականը: Միութենական կառավարությանն է ներկայացվում հայրենադարձների հերթական խմբաքանակ ընդունելու մասին որոշման նախագիծը: Իսկ դժվարություններն ու դժգոհություններն աճում էին, սոցիալտնտեսական ծանր պայմանների պատճառով հայրենադարձների շրջանում սկսում են նկատվել արտագաղթի տրամադրություններ: Մեկ տարվա ընթացքում, մինչեւ 1947թ. հունիս ամիսը, Թուրքիայի հետ սահմանը կարողանում են խախտել եւ անցնել 21 մարդ, իսկ 110-ը ձեnբալալվում են այդպիսի փորձ կատարելիս: ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի 1947թ. մայիսի 16-ի որոշմամբ սահմանամերձ շրջաններում բնակեցված հայրենադարձներին սկսում են տեղափոխել եւ բնակեցնել հանրապետության այլ տարածքներում, տեղափոխման է ենթարկվում 215 ընտանիք:

Դժվարությունները հնարավոր չէր ամբողջությամբ հաղթահարել նույնիսկ Ստալինի ստորագրությամբ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի 1947թ. հունվարի 29-ի, մարտի 24-ի, դեկտեմբերի 10-ի հատուկ որոշումներով: Այդ տեսակետից հատկանշական է ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Գր.Հարությունյանին ներկայացրած «Հայրենադարձ հայերի քաղաքական-բարոյական վիճակի մասին» զեկուցագիրը (կազմված հայրենադարձ հայերի շրջանում աշխատող սեկտորի կողմից՝ 1947թ. սեպտեմբերի 27-ին): Ահա մի քանի մեջբերում այդ պերճախոս եւ ծավալուն փաստաթղթից։

«Հայրենադարձների շատ ընտանիքներ Երեւանում, Լենինականում, շրջաններում, սովխոզներում ապրում են ծանր բնակարանային պայմաններում: Ստալինի անվան կոլտնտեսությունում (Բերիայի անվան շրջանում) մի սենյակում ապրում է ընտանիք՝ բաղկացած 22 շնչից: Այդ նույն կոլտնտեսությունում 16 ընտանիքներ ապրում են անավարտ շինություններում: Հիմնական դժգոհությունների պատճառը այն է, որ քաղաքաբնակներին ուղարկում են գյուղ, ասում է քարավանի ղեկավար Դեւեջյանը, որտեղ նրանք հայտնվում են դժվար դրության մեջ, որովհետեւ աշխօրից առայժմ ոչինչ չեն ստանում, իսկ հաց ու մթերք չեն կարող գնել, որովհետեւ չունեն փող»:[14]

Միաժամանակ անհրաժեշտ է շեշտել, որ հայրենադարձ հայերից շատերն իշխանության մարմինների կողմից չէին վայելում քաղաքական վստահություն: Օրինակ, Կիրովականում կառուցվող ազոտական պարարտանյութերի գործարանում 1948թ. հոկտեմբերին աշխատում էր 169 հայրենադարձ: ՀԽՍՀ պետանվտանգության նախարարությունը դիմում է ՀԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Գր.Հարությունյանին` խնդրելով հանձնարարել հայրենադարձներին տեղափոխել գործարանի շինարարությունից այլ աշխատանքի, հաշվի առնելով գործարանում իրականացվող «հատուկ միջոցառումները»[15]: Գործարանի տնօրինությունը 15 օր անց հայտնում է Կենտկոմ, որ հանձնարարությունը կատարված է, հայրենադարձների մի մասը տեղափոխված է այլ աշխատանքի, իսկ մի մասն էլ տարբեր պատճառներով հեռացվում է աշխատանքից:[16]

1947թ. երկրորդ կեսից արտագաղթի տրամադրություններն աճեցին, շատացան սահմանն անցնելու փորձերը: Համաձայն սահմանապահ զորքերի հայկական օկրուգի հրամանատարության հատուկ հաղորդագրությունների, ձեnբակալված սահամանախախտ հայրենադարձները իրենց արարքը բացատրել են սոցիալական ծանր վիճակով:

Սահմանի խախտման դեպքերը դարձան ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի հատուկ քննարկման առարկա, որտեղ առաջին անգամ սահմանի խախտումը կապվում է ոչ միայն «քաղաքական-դաստիարակչական աշխատանքների» բացակայության, այլեւ «հայրենադարձների առանձին ընտանիքների ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի» չապահովման հետ:[17]

Սահմանի հաճախակի դարձած խախտումները ԽՍՀՄ դատախազության կողմից ստուգումների առիթ ծառայեցին։ Արդյունքների մասին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Ա.Ժդանովին ներկայացրած զեկուցագրում ԽՍՀՄ գլխավոր դատախազ Կ.Գորշենինը նշում է, որ 1946-1947թթ. սահմանն անցնելու փորձի համար կալանավորվել է 286 մարդ, որոնք իրենց ցուցմունքներում հիմնականում հենվել են բնակարանային-կենցաղային վատ պայմանների վրա: Ստուգման արդյունքում պարզվում են հայրենադարձների նկատմամբ անհոգ վերաբերմունքի բազմաթիվ փաստեր: Զեկուցագրի վերջում տեղեկացվում է, որ «Հայաստան են ժամանելու հայրենարձների նոր խմբեր, եւ բնակարանների պատրաստ չլինելը հանրապետությունում կստեղծի խիստ անբարենպաստ իրադրություն »:[18]

Կ.Գորշենինի զեկուցագիրը դարձավ ինչպես ՀամԿ(բ)Կ Կենտկոմի, այնպես էլ ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի քննարկման առարկա:[19] ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն 1947թ. նոյեմբերի 14-ին ընդունում է «Հայաստան վերադարձած արտասահմանյան հայերի աշխատանքային, բնակարանային, նյութական-կենցաղային հարցերի կարգավորման գործում եղած թերությունների վերացման միջոցառումների» ծրագիր: Բյուրոն հանձնարարում է կուսակցական, խորհրդային եւ տնտեսական մարմինների ղեկավարներին, անձնական պատասխանատվությամբ, վերացնել հայրենադարձների ընդունման, աշխատանքով ապահովման, բնակարանների շինարարության, տնային իրերի ու վառելիքի հատկացման գործում եղած թերությունները: Շրջկոմների քարտուղարներին պարտադրվում է մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքով ապահովել աշխատունակ բոլոր հայրենադարձներին եւ արդյունքների մասին ներկայացնել հաշվետվություն: Հայրենադարձության հետ կապված հարցերի համակարգումը դրվում է Կենտկոմի երկրորդ քարտուղարի վրա:[20]

Հայրենադարձների նկատմամբ պետության ուշադրությունը թեեւ օրեցօր աճում էր, սակայն արտագաղթի տրամադրությունները շարունակվեցին նաեւ հետագա տարիներին: 1948թ. առաջին կեսի ընթացքում սահմանը հաջողվեց անցնել 14 անձանց, որոնցից մեկին Իրանի իշխանությունները հետ վերադարձրին: Փետրվարի 18-ին Վեդու շրջանի Նոր կյանք ավանի 11 հայրենադարձներին, որոնք ներգաղթել էին Իրաքից, հաջողվեց անցնել Թուրքիայի սահմանը[21]: Նույն թվականի օգոստոսի 2-ին հայրենադարձ հայերի մի խումբ փորձում է անցնել սահմանը նույն շրջանում: Հանդիպելով սահմանապահ կարգախմբի՝ սահմանախախտները որսորդական զենքից կրակ են բացում սահմանապահների վրա: Փոխհրաձգության ժամանակ 4 սահմանապահ եւ 2 հայրենադարձ վիրավորվում են, ստացած վերքերից հիվանդանոցում մեկական սահմանապահ եւ հայրենադարձ մահանում են:[22]

1949թ. հունվար-օգոստոս ամիսներին սահմանն անցնելու փորձ կատարեց 168 հայրենադարձ, որոնք արտասահման անցնելու ցանկությունը դարձյալ բացատրել են նյութական ծանր պայմաններով:

1947թ. հայրենադարձության ծրագիրը չկատարվեց: Նախատեսված 63 հազար մարդու փոխարեն հայրենադարձվեց 35.401 մարդ: ճիշտ է, Իրանի կառավարությունը 1947թ. արգելեց հայերի հայրենադարձությունը, Եգիպտոսում եւ Պաղեստինում բռնկվեցին համաճարակներ, իսկ Արգենտինայի, Բրազիլիայի եւ Ուրուգվայի կառավարությունները չարտոնեցին հայերի հայրենադարձությունը, սակայն մյուս երկրներից էլ հայրենադարձության ծրագիրը չկատարվեց:

1947թ. դեկտեմբերի 10-ին ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը հաստատեց 1948թ. հայրենադարձության ծրագիրը, որով նախատեսվում էր ընդունել 10 հազար մարդ:[23] ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն դեկտեմբերի 23-ին, քննարկելով որոշման կենսագործման հարցը, հաշվի առնելով ներգաղթածների բնակարանային դժվարությունները, հանձնարարեց ՀԽՍՀ Նախարարների խորհրդին, Արտասահմանյան հայերի ընդունման կոմիտեին, վերաբնակեցման վարչությանը, քաղկոմ-շրջկոմներին, քաղաքային եւ շրջանային գործադիր կոմիտեներին, հիմնական ուշադրությունը դարձնել 1946-1947թթ. հայրենադարձներին բնակարանով ապահովելու վրա:[24]

Սակայն ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն, 1948թ. հունիսի 25-ին քննարկելով հայրենադարձների համար վարկով իրականացվող անհատական բնակարանային շինարարության ընթացքի մասին հարցը, արձանագրում է, որ վերաբնակեցման վարչությունը 1948թ. հունիսի 1-ի դրությամբ շրջաններում բնակարանային շինարարության ծրագիրը կատարել է 66,1 տոկոսով, որը կազմում էր տարվա ծրագրի ընդամենը 12,9 տոկոսը, իսկ կոլտնտեսություններում այն կատարվել էր գրեթե նույն չափով՝ 68,8 տոկոսով: Նույն վիճակն էր նաեւ քաղաքներում՝ 6914 առանձնատան փոխարեն շահագործվել է 189-ը, այդ թվում Երեւան քաղաքում 4918 տան դիմաց՝ ընդամենը 152-ը:[25]

Հասկանալի էր դառնում, որ ինչպես նոր հայրենադարձության, այնպես էլ նախորդ տարիներին հայրենադարձների տեղավորման ծրագրերը ձախողվել էին: Եվ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը որոշում է 1949թ. հայրենադարձությունը դադարեցնել:

ՀԿ(բ)Կ Կենտկոմը 1948թ. օգոստոսի 24-ին որոշում է ընդունում այդ տարվա հայրենադարձությունը կրճատելու մասին: Որոշման առաջին կետով հայրենադարձությունը դադարեցվում էր Ֆրանսիայից (2000 մարդ), Սիրիայից եւ Լիբանանից (3500 մարդ), իսկ ԱՄՆ-ից նախատեսված 1000-ը կրճատվում էր 750-ով: Երկրորդ կետով թույլատրվում էր Եգիպտոսից լրացուցիչ ներգաղթել 400 մարդ ընդհանուր թիվը հասցնելով 1900-ի: Երրորդ կետով 1949 թվականից հայերի զանգվածային հայրենադարձությունը արտասահմանից դադարեցվում էր, իսկ չորրորդով` կրճատվում էին արտասահմանյան հայերի ընդունման ու տեղավորման կոմիտեի եւ վերաբնակեցման վարչության հաստիքները:[26]

Փաստորեն, որոշման համաձայն, 1948թ. հայրենադարձությունը պետք է իրականացվեր Ռումինիայից (1000 մարդ), Եգիպտոսից (1900 մարդ) եւ Բուլղարիայից (1000 մարդ): Մինչեւ սեպտեմբերի կեսերը հայրենադարձներ Հայաստան ժամանեցին Ռումինիայից եւ Եգիպտոսից, իսկ Բուլղարիայի հայերը, թվով հազար մարդ, որոնք վաճառել էին իրենց բնակարանները, կահկարասին եւ սպասում էին ջերմանավի,[27] այդպես էլ հայրենիք չհասան՝ 1948թ. սեպտեմբերի 14-ին հայրենադարձությունը կասեցվեց:

Պատճառը Ստալինի հեռագիրն էր Գ.Մալենկովին. «Հայ ներգաղթողների մեջ կան ամերիկյան հետախույզներ, որոնք նախապատրաստել են դիվերսիա «Պոբեդա» ջերմանավում»:[28] Ստալինը նկատի ուներ «Պոբեդա» ջերմանավում, որը մի քանի օր առաջ հայրենադարձների մի մեծ խումբ էր հասցրել Բաթումի նավահանգիստ, սեպտեմբերի 1-ին բռնկված հրդեհը:

Նույն օրը, 1948թ. սեպտեմբերի 13-ին, Մալենկովը պատասխանում է Ստալինին. «Դուք, իհարկե, իրավացի եք, հայ ներգաղթողների մեջ կան ամերիկյան հետախույզներ, որոնք իրականացրել են դիվերսիա «Պոբեդա» ջերմանավի վրա՝ Բաթումից Օդեսա դուրս գալուց առաջ, հայերի ափ իջնելուց առաջ կամ այդ ընթացքում: Մենք կձեռնարկենք բոլոր միջոցները»: Մեկ օր հետո, սեպտեմբերի 14-ին, Մալենկովը հեռագրում է Ստալինին. «ԽՍՀՄ Նախարարների խորհրդի սեպտեմբերի 14-ի որոշմամբ արտասահմանյան հայերի ներգաղթը ԽՍՀՄ անմիջապես եւ ամբողջովին դադարեցվում է. արգելվում է հայրենադարձների ընդունումը Հայաստան, անկախ նրանից, թե որտեղից են ներգաղթողները»:[29]

Որոշումից հետո մեկ բացառություն, այնուամենայնիվ, կատարվեց: ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն 1948թ. հոկտեմբերի 19-ին որոշեց «հանձնարարել ՀԽՍՀ Նախարարների խորհրդին, համաձայն ԽՍՀՄ կառավարության 1948 թ. հոկտեմբերի 8-ի որոշման` բացառության կարգով լրացուցիչ ընդունել 260 մարդ ԱՄՆ հայերից»:[30] Ամերիկահայերը վաճառել էին իրենց տուն ու տեղը, հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից եւ ստացել խորհրդային քաղաքացիություն, ուստի ամերիկյան իշխանությունները նրանցից պահանջում էին հեռանալ երկրից: Խորհրդային իշխանություններին այլ ելք չէր մնում, քան «բացառության կարգով», ընդունել նրանց: Հայերի այդ խումբը, թվով 162 մարդ (մոտ հարյուր հոգու հաջողվեց մնալ ԱՄՆ-ում), 1949թ. փետրվարին հասավ Հայաստան` դրանով ավարտելով մեծ հայրենադարձությունը:

Կասեցնելով հայրենադարձությունը` խորհրդային ղեկավարությունը հաշվի չառավ այն հանգամանքը, որ արտասահմանի հազարավոր հայ ընտանիքներ, վաճառելով իրենց ունեցվածքը, դուրս գալով աշխատանքից, դրանով հայտնվեցին ծանր դրության մեջ: Այնուհանդերձ, 1946-1948թթ. մոտ 90 հազար հայեր տեղափոխվեցին Խորհրդային Հայաստան։ Նրանք դժվարությամբ, բայց ներգրավվեցին հանրապետության տնտեսական եւ հասարակական-քաղաքական կյանքում, դարձան խորհրդային երկրի լիիրավ քաղաքացիներ, մեծ ներդրում ունեցան Հայաստանի արդյունաբերության, խորհրդահայ մշակույթի եւ գիտության զարգացման գործում:

Ամփոփելով վերոհիշյալը, կարելի է միանշանակ շեշտել.

1. Սփյուռքահայերի զանգվածային հայրենադարձություն կազմակերպելու մասին խորհրդային կառավարության որոշումը մեծ ոգեւորությամբ ընդունվեց համայն հայության կողմից՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում:

2. Սփյուռքահայության հայրենադարձությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքահայության շրջաններում կապում էին Թուրքիայի կողմից բռնագրավված հայկական տարածքների՝ Խորհրդային Հայաստանին վերամիավորելու հետ: Այդ գաղափարը իր արտահայտությունն էր գտել ինչպես Սան Ֆրանցիսկոյում բացված Միավորված Ազգերի կոնֆերանսի պատվիրակություններին հայկական կազմակերպությունների հանձնած հուշագրերում[31], այնպես էլ ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Գր.Հարությունյանի կողմից 1945թ. հուլիսի 6-ին Ստալինին հղած նամակում[32] եւ ընտրողների առջեւ 1946թ. փետրվարի 1-ին ունեցած ճառում[33]:

3. Սփյուռքի բոլոր քաղաքական ուժերը սկզբնական շրջանում կողմ էին հայրենադարձությանը: Սակայն հետո, խորհրդային մարմինների կողմից մեկուսացվելով հայրենադարձության կազմակերպումից, ՀՀԴ-ն հանդես եկավ հայրենադարձության դեմ, իսկ ՌԱԿ-ը, տեսնելով հայրենադարձության գործում առկա սխալները եւ թերությունները, սկսեց քննադատել դրանք եւ պահանջել, որ այն իրականացվի առավել կազմակերպված, որպեսզի մարդիկ չհայտնվեն նորանոր դժվարությունների առջեւ:

4. Խորհրդային Հայաստանի իշխանությունները պատրաստ չէին բնակչության այդպիսի հոծ զանգվածի ընդունման եւ 1949թ. իրականացվեց «անհուսալի տարրերի» աքսոր:

5. Խորհրդային իշխանության մարմինների անկանխատեսելի գործունեության հետեւանքով արտասահմանի հազարավոր հայ ընտանիքներ, վաճառելով իրենց ունեցվածքը, դուրս գալով աշխատանքից, տարիներով սպասում էին Հայաստան մեկնելուն, ընկնելով նոր, ծանր դրության մեջ:

1947թ. հուլիսի 9-ին Իրանի ՀԽՍՀ ներկայացուցիչ Վ.Կարապետյանը տեղեկացնում է ՀԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար Գր.Հարությունյանին, որ 20 հազար գյուղացիներ դեռեւս 1946թ. վաճառել են իրենց անձնական ունեցվածքը, ցանքս չեն կատարել եւ հայտնվել են ծանր կացության մեջ[34]: Նույն վիճակում էին նաեւ Ռումինիայի, Հունաստանի, Եգիպտոսի եւ մյուս երկրների հայերը:

6. Կասեցնելով հայրենադարձությունը` խորհրդային ղեկավարությունը հաշվի չառավ վերոհիշյալ հանգամանքը։ Մարդկային ճակատագրերը նրան չէին հուզում: Մի խումբ բուլղարահայեր, 1951թ. դիմելով Ա.Միկոյանին, գրում են. «Բառերով հնարավոր չէ Ձեզ հաղորդել ողբերգությունը, որը ապրեցինք մենք, երբ հայտնվեցինք ձմռան նախօրյակին այդպիսի դժվար կացության մեջ»[35]:

7. Հետպատերազմյան լարվածության եւ մեծ տերությունների նոր հակասությունների պայմաններում խաթարվում էին հասարակ մարդկանց ճակատագրերը:

8. Թույլատրելով հայրենադարձությունը` Ստալինը ցանկանում էր այն օգտագործել Խորհրդային Միության շահերի համար՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով: 1948թ., երբ պարզ էր, որ Թուրքիայի նկատմամբ ծրագրերը ձախողվում են, նրան այլեւս պետք չէին հայրենադարձները, եւ նա կասեցրեց այն:

9. 1946-1948թթ. մոտ 90 հազար հայեր տեղափոխվեցին Խորհրդային Հայաստան։ Նրանք դժվարությամբ, բայց ներգրավվեցին հանրապետության տնտեսական եւ հասարակական-քաղաքական կյանքում։ Նրանք եւ նրանց սերունդները դարձան հանրապետության լիիրավ քաղաքացիներ:

——————————————

1. ՀԱԱ, ֆ. 1, ց. 034, գ. 27, թ. 24:
2. Նույն տեղում, թթ. 33 36:
3. Նույն տեղում, թ. 34:
4. ՀԱԱ, ֆ. 1, ց. 034, գ. 27, թթ. 35-36:
5. Նույն տեղում, գ. 28, թթ. 1-11:
6. ՀԱԱ, ֆ. 1, ց. 034, գ. 27, թ. 29:
7. Նույն տեղում, թ. 73:
8. Նույն տեղում, թթ. 74, 75:
9. Политбюро ЦК РКП/б/ – ВКП/б/. Повестки дня заседаний. 1919-1952. Каталог. Т. 3б 1940-1952, Москваб 2001, с. 409.
10. ՀԱԱ, ֆ. 1, ց. 034, գ. 44, թ. 175:
11. ՀԱԱ, ֆ. 1, ց. 26, գ. 100, թ. 92:
12. Նույն տեղում, ց.26, գ.3, թ. 112:
13. Նույն տեղում, գ. 44, թթ. 175 177, գ. 45, թթ. 407 410:
14. Նույն տեղում, ֆ. 1, ց. 27, գ. 47, թթ. 96 100:
15. Նույն տեղում, գ. 28, գ. 87, թ. 55:
16. Նույն տեղում, գ. 205, թթ. 32 33:
17. Նույն տեղում, գ. 43, թ. 60:
18. ՀԱԱ, ֆ. 1, ց. 28, գ. 60, թ. 207:
19. Նույն տեղում, ց. 27, գ. 33, թ. 79, գ. 34, թթ. 45-49:
20. Նույն տեղում, թթ. 46-49:
21. Նույն տեղում, ց. 28, գ. 43, թ. 60:
22. Նույն տեղում, գ. 77, թթ. 26-30:
23. Նույն տեղում, թթ. 2 4:
24. Նույն տեղում, գ. 37, թ. 90:
25. ՀԱԱ, ֆ. 1, ց. 28, գ. 47, թ. 122:
26. Նույն տեղում, գ. 49, թ. 147:
27. Նույն տեղում, ց. 31, գ. 58, թ. 36:
28. Политбюро ЦК ВКП/б/ и Совет Министров СССР. 1945-1953, Москва, 2002, с. 271.
29. Նույն տեղում, էջ 271-272:
30. ՀԱԱ, ֆ.1, ց. 28, գ. 52, թ. 40:
31. «Սովետական Հայաստան», 1945, 13 հունիսի:
32. ՀՀ ՀՔԿՓ ԿՊԱ, ֆ.1, գ. 034, գ. 27, թ. 41:
33. «Սովետական Հայաստան», 1946, 3 փետրվարի:
34. ՀՀ ՀՔԿՓ ԿՊԱ, ֆ. 1, ց. 27, գ. 62, թ. 49:
35. Նույն տեղում, ց. 31, գ. 58, թ. 36:

«1946-1948թթ. Հայրենադարձությունը եւ դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» համահայկական գիտաժողովի զեկուցումների ժողովածու, 2008թ.