Articles


Հայրենադարձության ինտեգրման եւ ադապտացման խնդիրները 1946-1948

| Armenuhie Stepanyan |

XX դարում իրականացված հայոց ներգաղթի երրորդ փուլն ընդգրկում է 1946-1948 թվականները, որի ընթացքում աշխարհի շուրջ տասնհինգ երկրներից մոտ 100 հազար մարդ[1] ներգաղթեց Խորհրդային Հայաստան:

Թե՛ ընդգրկման ծավալով եւ թե՛ մարդկանց թվաքանակով նախորդ եւ հաջորդ փուլերի համեմատությամբ սա ամենամեծ ներգաղթն էր, որը խորհրդահայ պատմագրության մեջ մտավ «Մեծ հայրենադարձություն» անունով:

Հարկ է նշել, որ դարեր շարունակ գաղթ ու տեղահանություն ապրած հայ ժողովրդի պատմության մեջ մեծ կարեւորություն ունեցող ու նշանակալից այս իրադարձությունն առ այսօր չի արժանացել պատշաճ ուշադրության եւ տակավին չի ստացել իր պատմական գնահատականը: Մինչդեռ այս ներգաղթը ցեղասպանությունից հետո Սփյուռքը ձեւավորած եւ առաջին սերունդը տված հայության մի մասի տունդարձն էր, դարեր ի վեր տարանջատված հայ ժողովրդի երկու հատվածների մեկտեղումը Պատմական հայրենիքից մնացած այս փոքրիկ հողակտորի վրա:

1946-1948թթ. ներգաղթն, անշուշտ, ուներ իր քաղաքական նախադրյալները, որոնց համառոտակի կուզենայինք անդրադառնալ:

Երկրորդ աշխարհամարտից հետո, երբ Սովետական Միությունը հաղթանակով դուրս եկավ ֆաշիզմի դեմ մղվող պայքարում, երկրի միջազգային վարկանիշը հասավ իր բարձրակետին:

Պատերազմի վերքերը մոռանալ էին տվել 1937թ. բռնաճնշումները, որոնց զոհ էին գնացել 1920 եւ 1930-ականներին ներգաղթածներից շատերը: Ժողովուրդը վայելում էր հաղթանակի բերկրանքը, իսկ Ստալինի պաշտամունքը կիզակետին էր հասել, քանի որ նրան էին վերագրվում հաղթանակի դափնիները: 1946-1948թթ. ներգաղթողներից շատերն իրենց գրպաններում պահում էին Ստալինի լուսանկարը:

1945թ. նոյեմբերին սովետական կառավարությունը հայրենիք վերադառնալու հրավերի կոչ հղեց պատերազմի տարիներին տարբեր պարագաներում արտասահմանում հայտնված սովետական քաղաքացիներին (միաժամանակ նրանց ներում շնորհելով), ինչպես նաեւ 1917թ. բոլշեւիկյան հեղափոխությունից հետո արտասահմանում ձեւավորված «սպիտակ էմիգրացիային», որին, ի դեպ, վերջիններս գրեթե չարձագանքեցին:

Օգտվելով առիթից` Սովետական Հայաստանը նպատակահարմար գտավ վերսկսել պատերազմից առաջ ընդհատված հայրենադարձությունը` այդ հարցով միջնորդելով Սովետական Միության կառավարության առջեւ: Պատերազմի տարիների Հայաստանը մարդկային մեծ կորուստներ էր ունեցել, եւ բնակչությունը նվազել էր մեկ միլիոնից, որը Հայաստանի կարգավիճակի փոփոխությամբ էր սպառնում: Ներգաղթը լուծելու էր նաեւ դեմոգրաֆիկ այս խնդիրը: Սովետական կառավարությունը որոշում կայացրեց թույլատրել արտասահմանում բնակվող եւ Սովետական Հայաստան ներգաղթել ցանկացող հայերի վերադարձը:[2] Մինչ այդ հայտարարությունը, Սովետական Միությունը, օգտվելով 1925թ. դեկտ. 17-ի սովետաթուրքական պայմանագրի ժամկետը լրանալու առիթից, տարածքային պահանջներ էր ներկայացրել Թուրքիային` դիտելով այդ որպես հաշտության պայմանագրի նախապայման:[3]

Դեռեւս մինչեւ Երկրորդ աշխարհամարտը, Ստալինը, վերագնահատելով սովետական իշխանության արշալույսին (1921թ.) Թուրքիային զիջած հայկական տարածքների ռազմավարական նշանակությունը, մտածում էր վերադարձնել դրանք: Այդ ծրագրում զգալի դեր էր վերապահված Սփյուռքին: Սա է վկայում այն փաստը, որ սփյուռքահայերի դիմումներն` ուղղված ՍՍՀՄ կառավարությանը, օգտագործվեցին Թուրքիային ներկայացված տարածքային պահանջների հիմնավորման համար:

Այդ լուրը, թեւածելով աշխարհով մեկ, ալեկոծեց համայն հայ Սփյուռքը: Բարձրացավ հայրենասիրական մի հզոր ալիք «Դեպի Հայաստան» կարգախոսով, որն օրակարգի հարց դարձրեց ներգաղթը:[4]

Հայաստանի կառավարությունը, պահը նպատակահարմար դիտելով, հարց է բարձրացնում կենտրոնական իշխանության առջեւ Ղարաբաղն ու Նախիջեւանը վերադարձնելու մասին,[5] որտեղ կարելի էր բնակեցնել ներգաղթած հայերին, քանի որ Հայաստանի առկա տարածքը քիչ հնարավորություն էր տալիս: Կար դրա իրական հնարավորությունն ու հիմնավորումը, բայց չարվեց: Մինչդեռ` Սփյուռքը շարունակում էր ալեկոծվել արեւմտահայկական հողերի պահանջատիրության խնդրով:

Ներգաղթի վերաբերյալ Սով. Միության որոշման հրապարակումից հետո սկսվեց ներգաղթի նախապատրաստական փուլը եւ ողջ թափով գործի դրվեց սովետական քարոզչության մեքենան: Այդ գործին լծված էին ինչպես Սփյուռքի հասարակական կազմակերպությունները, այնպես էլ սովետահայ մտավորականության ներկայացուցիչները (Հր.Աճառյան, Մ.Սարյան, Դ.Դեմիրճյան, Ավ.Իսահակյան եւ ուրիշներ), նաեւ հատուկ նախապատրաստված ագիտատորներ:

Սփյուռքի մամուլում տպագրվում էին նյութեր Հայաստանում ծավալվող բնակարանաշինության, մթերքի գների իջեցման մասին,[6] հիմնարկ-ձեռնարկությունների եւ մտավորականության կոչերն ու ուղերձները «Հայրենիքը սպասում է ձեզ» խորագրով: Կազմակերպվում էր «Ճանչնանք հայրենիքը» թեմայով դասախոսությունների շարք, որն ուղեկցվում էր ֆիլմերի, գրքերի, ալբոմների եւ այլ նյութերի ցուցադրումով, որտեղ Հայաստանը ներկայացվում էր որպես ծաղկող ու բարգավաճող, ամեն բարիքով լեցուն երկիր, ինչն, անշուշտ, չէր համապատասխանում իրականությանը:

Հիրավի, դժվար է մեղադրել մարդկանց, որոնք առ այսօր պնդում են, թե իրենց «խաբելով բերեցին»:

Բայց կային եւ ոչ քչերը, որոնք առավել սթափ էին նայում իրավիճակին, գիտակցելով, որ հետպատերազմյան շրջանում երկիրը կարող էր ունենալ բազմաթիվ չլուծված խնդիրներ, եւ իրենց որոշակի դժվարություններ են սպասում: Այսպես մտածողները հայրենիք էին գնում` իրենց աշխատանքով հայրենիքի վերաշինմանը նպաստելու պատրաստակամությամբ: Նրանք իրենց հետ տանում էին ոչ միայն անձնական իրեր, այլ նաեւ աշխատանքային-մասնագիտական գործիքներ, սարքեր, հաստոցներ ու մեքենաներ, արտադրական հումք, մշակութային արժեքներ:

Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում կային եւ շատերը, որոնք վաղաժամ էին համարում ներգաղթը. նրանք գտնում էին, որ թեպետեւ Հայաստանը չի եղել ռազմական գործողությունների թատերաբեմ, սակայն ունեցել է կորուստներ եւ տնտեսապես քայքայված վիճակում է: Պատերազմի տարիներին քաղաքային շինարարությունը կաթվածահար էր, հետեւաբար կար եւ բնակարանային սղություն: Երկիրն այդ վիճակում պատրաստ չէ մարդկանց մեծ թվաքանակ ընդունելու, տեղավորելու ու կերակրելու:

Չնայած ներգաղթին կողմ եւ դեմ կարծիքներին` մարդիկ հազարներով ցուցակագրվում էին Սփյուռքի բոլոր համայնքներում արագ կազմավորված ներգաղթ կոմիտեներում` անքուն գիշերներ անցկացնելով հերթերում, շտապելով օր առաջ Հայաստան գնալ: Ինչպես բնորոշում էին ներգաղթողները` «Խենթություն եկած էր վրանիս, ամենս ալ ներգաղթով հիվանդացած էինք: Օրվան խոսակցության նյութը այն էր, թե ով արձանագրվեցավ եւ ով չհաջողեցավ: Այդ օրերուն, ներգաղթին դեմ խոսողը ազգի դավաճան կնկատվեր»: Եվ այսպես սկսվում է ներգաղթը:

Առաջին ծանոթությունը սովետական երկրի հետ տեղի ունեցավ ընդունման կայաններում (Բաթում, Բաքու, Ջուլֆա),[7] երբ նորեկները դեմ առ դեմ բախվում են դառն իրականությանը` տեսնելով սեւ հացը կշեռքին, այն դեպքում, երբ իրենց հետ վերցրած սննդամթերքը ստիպում էին ջուրը նետել, ասելով, թե տեղ հասնելուն պես ամեն ինչ կունենան: Տեղացիները մոտենում ու հարցնում էին, թե ինչու եք եկել, մի՞թե իրենց ապրած երկրներում ավելի վատ էր վիճակը: Տեսածը եւ լսածը սառը ցնցուղի ազդեցություն է ունենում, մարդիկ հասկանում են, որ խաբված են, սակայն հետդարձի ճանապարհն արդեն փակ էր: Ականատես ներգաղթողը պատմում էր, որ դեռեւս նավի վրա, քարավանապետերին կանչում էին եւ պահանջում այն մարդկանց ցուցակը, որոնք ծառայել են տվյալ երկրի բանակում:[8]

Երբ բեռնատար վագոններով նորեկներին տեղափոխում էին Հայաստան, մարդիկ դեռ հույս ունեին, որ իրենց այլ պայմաններ են սպասում հայրենիքում: Սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ Հայաստանում վիճակն ավելի լավ չէ: Տեղացիների հագուստը, խանութների դատարկությունը, մթերքի կտրոնները, հացի հերթերը ի չիք դարձրին «ծաղկող» հայրենիքի միֆը: Տեղաբաշխման սխալ քաղաքականության հետեւանքով էլ ավելի խորացավ հուսահատությունը: Տեղաբաշխելիս հաճախ քաղաքաբնակներին ուղարկում էին գյուղական վայրեր ու թողնում անօգնական` միայնակ կիսավեր տներում: Լինում էր եւ հակառակը, եnբ գյուղաբնակ հողագործներին տեղավորում էին քաղաքներում, որտեղ նրանք անելիք չունեին: Սա ներքին տեղափոխությունների ու դժգոհությունների տեղիք էր տալիս:

Նորեկ հայրենադարձներին բնակարանով ու աշխատանքով ապահովելը մասամբ տեղի էր ունենում ոչ պակաս կարիքավոր տեղացիների հաշվին, ինչն իր հերթին դժգոհություններ էր առաջացնում վերջիններիս մեջ եւ սրում եկվոր-տեղացի փոխադարձ հարաբերությունները:

Եկվորները պահանջում էին իրենց խոստացվածը եւ չստանալով` դժգոհում, իսկ տեղացիներն էլ բողոքում էին նորեկների ներկայությունից, քանի որ եղածն իրենց էլ չէր բավարարում: Ներգաղթողների համար կային եւ ինտեգրման այլ խնդիրներ, որոնց ստորեւ կանդրադառնանք եւ որոնք լուրջ խոչընդոտ էին նրանց ադապտացման գործընթացում:

Սովետական երկիրը չուներ ինտեգրման քաղաքականություն, եւ դրա կարիքն էլ չուներ, քանի որ երկիր մտած յուրաքանչյուր անձ, ում մանավանդ շնորհվում էր սովետական քաղաքացիություն, պարտադրված էր վերափոխվել` իշխող գաղափարախոսությանը համապատասխանել, հարմարվել ու փորձել սեփական ջանքերով տեղ գտնել տեղի հասարակության մեջ: Սովետական ղեկավարությունն ուներ նորեկներին վերադաստիարակելու որոշակի ծրագիր, որն իրագործում էր հետեւողականորեն: Այդ նպատակով կազմակերպվում էին քաղպարապմունքներ, հատուկ դասընթացներ` նորեկներին կոմունիստական ոգով դասիարակելու եւ մարքսիզմ-լենինիզմի ուսմունքին ծանոթացնելու: Նորեկները, որոնց համար բարդ էր ու անհասկանալի թե՛ նյութը, թե՛ լեզուն (արեւելահայերեն` ռուսերեն տերմիններով շաղախված), թե՛ նպատակը, աշխատում էին խուսափել պարապմունքներից: Նման դեպքերում նրանց նկատմամբ կիրառվում էին պատժամիջոցներ, որոնք համարվում էին դաստիարակիչ միջոցառումներ. ստիպողաբար էին բերում` սպառնալով զրկել աշխատավարձից կամ հեռացնել աշխատանքից:

Քաղպարապմունքներից զատ բացվում էին եւ երեկոյան դպրոցներ անգրագետների ու հայերեն չիմացողների համար (ինչպիսիք կային Սիրիայի, Իրաքի գյուղական բնակավայրերից), բացվում էին ռուսերենի եւ արեւելահայերենի դասընթացներ, որոնք կարճատեւ կյանք ունեցան: Սրանով սահմանափակվում էր իշխանությունների հոգատարությունը նորեկների հանդեպ: Մնացած հարցերում նորեկ ներգաղթողը մնացել էր մեն-մենակ ու անօգնական իր համար օտար, խորթ ու անհասկանալի պայմաններում, տեղի հասարակության մեջ իր տեղն ունենալու անզոր ջանքերում: Իսկ խորթն ու անծանոթը շատ էր: Ներգաղթած հայերը եկել էին սովետական կարգերին տրամագծորեն հակառակ քաղաքական համակարգի եւ տնտեսական զարգացման տարբեր մակարդակներ ունեցող երկրներից: Նրանք որեւէ պատկերացում չունեին սովետական երկրի գաղափարախոսության ու գոյություն ունեցող արժեքային համակարգի մասին: Նույնիսկ նրանք, ովքեր արտասահմանում համայնավարական էին, նորից պատկերացում չունեին սովետական համայնավարության մասին: Մի ներգաղթած կոմունիստ ասում էր. «Մեր գիտցած կոմունիստը բոլորովին տարբեր է, ասոնց ըսած-ըրածը իրարու հետ չէ բռներ»:[9]

Տարբեր էին ներգաղթողների պատկերացումները սեփականության մասին: Արտասահմանում սեփական գործ, ձեռնարկություն, խանութ-սրճարան ունենալը խրախուսվում էր եւ բնութագրում էր անհատին` որպես ձեռներեց, գործարար մարդու: Խորհրդային երկրում մասնավոր գործունեությունը ոչ միայն արգելվում, այլեւ քրեորեն պատժվում էր` հակառակ արտասահմանում քարոզչության ժամանակ տրված հավաստիացումներին: Ներգաղթած արհեստավորները, հատկապես դերձակներն ու կոշկակարները, տներում մասնավոր պատվերներ էին ընդունում` շատ թե քիչ տանելի գոյություն ապահովելու նպատակով: Նրանց աշխատանքի մասին գիտեին եւ հսկում էին շրջսովետների ֆինբաժինները: «ֆինբաժինին մարդը» նորեկ արհեստավորների ահն ու սարսափն էր, որն իրավասու էր ոչ միայն տուգանել, այլեւ աշխատանքի գործիքներ առգրավել (նաեւ` խուզարկության արդյունքում հայտնաբերած հումքը, պատրաստի արտադրանքը): Ներգաղթողի համար միանգամայն անհասկանալի էր, թե ինչու մարդն իրավունք չունի իր արհեստով աշխատել եւ հոգալ իր կարիքները եւ ինչպես կարող է մասնավոր աշխատանքը համարվել նույնքան պատժելի, որքան թերակշռումն ու գողությունը: Ֆինբաժնի հետապնդումից ու խուզարկություններից խուսափելու համար նորեկները սովորեցին կաշառք տալ, որը, ինչպես եւ «փափախ անել»- ը առաջին դասերն էին, որ սերտեցին ադապտացման գործընթացում:

Ինչպես ասվեց, ներգաղթածներից շատերն իրենց հետ բերել էին սարքավորումներ, հաստոցներ, մեքենաներ, որոնք իսկույն պետականացվում էին: Մնալով գործարանների բակերում` բերած թանկարժեք տեխնիկան փչանում էր, ինչը վրդովմունք էր առաջացնում հայրենադարձների մեջ, որոնք զրկված էին այդ մեքենաները գործարկելու իրավունքից: Նրանց դժգոհությունն իր հերթին որակվում էր որպես կապիտալիստական վնասակար մտածողության արդյունք:

Ներգաղթածների համար նոր էր եւ աշխատանքի ու վարձատրման կարգը: Արտասահմանում աշխատողը ստանում էր շաբաթավարձ, Հայաստանում` ամսավարձ: Սակայն դա այնքան զարմանալի չէր թվում, որքան այն, որ ընտանիքի ամսական ծախսն ավելին էր, քան վաստակածը: «Արտասահման ասիկա չըլլալիք բան է, – պատմում էր բանասացը, – եթե մարդը չաշխատեր, ընտանիքը չպահեր ծույլ է կըսեինք, բայց աշխատես եւ ընտանիքդ անոթի մնա, ասիկա չլսված բան է»: Անսովոր էր նաեւ այն, որ հաճախ աշխատանքը կորցնելու վախից, ստիպված էին լինում անվարձահատույց աշխատել ղեկավարի, բարձր պաշտոնյայի համար: Այստեղ նույնպես բերվում էր արտասահմանի հետ համեմատականը, երբ նման պարագայում շռայլորեն էին վարձատրվում:

Ներգաղթողները չէին կարողանում ըմռնել աշխատավարձից պահվող անզավակության հարկի իմաստը, որը նրանց կարծիքով բռնություն էր մարդու ազատ կամքի վրա եւ կանանց մղում էր անբարոյականության: Անհասկանալի էր նաեւ եկամտահարկը: Հայեցված ռուսերենով «պադախոդնի նալոգը», որը ներգաղթողները շփոթում էին «փարախոդնի նալոգ»-ի հետ` (իրենց բերած նավերի վարձը), եւ դրա մասին ստեղծվել էր հայտնի մի զվարճախոսություն. դժգոհելով այդ կարգից` ներգաղթողն ասում է. «Այսքան ադեն հոս ենք, սա փարախոդին նալոքը դահա չլմնցա՞վ»:

Շարունակելով ծանոթանալ ու հարմարվել կյանքի նոր պայմաններին, նորեկներն իրենց համար բացահայտեցին սովետական իրականության մեջ այնքան տարածված «տակից վաճառելու» առեւտրի ձեւը, որն այդպես էլ չյուրացրին, եւ նրանցից շատերը դատապարտվեցին իրենց անփորձության ու մեծամտության պատճառով:

Երեւանում գործող «սեւ շուկան» եւս նորույթ էր հայրենադարձների համար: Նրանց պատկերացմամբ` դա ապօրինի, արգելված առեւտուր էր, որը սակայն, «օրինականացած» էր Հայաստանում: «Սեւ շուկայում» հայրենադարձները վաճառում էին իրենց հետ բերած իրերից (հագուստ, կոշիկ եւ այլն)` ընտանիքի սնունդը հոգալու համար: «Սեւ շուկան» ոչ միայն առեւտրի, նաեւ հանդիպման վայր էր, որտեղ ներգաղթողները կարող էին տեսակցել, նորություններ ու լուրեր փոխանակել եւ իրենց ցավերից խոսել: Նմանօրինակ մի վայր էր նաեւ Երեւանում Ներգաղթ կոմիտեի շենքի դիմաց ձգվող երկարավուն այգին (ներկայումս Շահումյանի արձանի հետեւն ընկած այգին), որը հայրենադարձներն անվանում էին «լացի այգի»: Տարբեր հարցերով Ներգաղթ կոմիտե եկող հայրենադարձներն այստեղ հանդիպում էին, իրար ցավ կիսում, պատմում միմյանց դժվարություններից. «Որքան ցավ ու հառաչ, որքան լաց ու արցունք տեսած են այս թուփերը», – պատմում է բանասացը:

Ներգաղթողներն ստիպված էին հարմարվել եւ հոգեւոր արժեքների փոփոխություններին կամ դրանց բացակայությանը: Նրանք տեղում համոզվեցին, որ կրոնն ու եկեղեցին, ինչպես նաեւ ժողովրդական տոներն ու ծեսերը, ոչ միայն անտեսված, այլեւ արգելված են սովետական երկրում: Զարմանում էին, թե ինչպես կարելի է առանց եկեղեցու ամուսնանալ, առանց քահանայի հանգուցյալին հուղարկավորել կամ երեխային չմկրտել: Նրանք աստիճանաբար սովորեցին քրիտոնեական արարողությունները ծպտված` տան պատերի ներսում անել եւ աղոթքն էլ շշուկով արտասանել, քանի որ «պատերն անգամ ականջ ունին»: Շատերն իրենց հետ սրբապատկերներ էին բերել, սակայն վախենում էին կախել պատերից` հասկանալով, որ կրոնական երկյուղածությունն ու պաշտամունքը չի քաջալերվում սովետական երկրում: Սակայն տեսնելով Մարքս – Էնգելսի ու Լենին-Ստալինի նկարները հիմնարկ-գրասենյակների պատերից կախած, հատկապես մեծահասակ ներգաղթածները երկյուղով հարց էին տալիս.- «Մեղա՜, ասոնք ալ տեղացիներո՞ւն սուրբերն են»:

Ներգաղթողների հոգեւոր արժեքներում կարեւոր տեղ ուներ ցեղասպանության հիշողությունը, որի մասին արգելված էր խոսել Հայաստանում: Այն դեպքում, երբ արտասահմանում ամեն մի մանկիկ գիտեր եղեռնի մասին եւ իր մեծ մայրերի ու հայրերի ծննդավայրերի անունները, Սովետական Հայաստանում սերունդ էր աճում` անտեղյակ իր ժողովրդի պատմության եղերական իրադարձություններից:

Այս մթնոլորտում ներգաղթողները, որոնք դեռեւս մնում էին «անկողմնային»` ոչ մի կերպ չէին կարողանում լծվել սովետական գաղափարախոսության կառքին, ձուլվել տեղական մշակույթին:[10]

Ներգաղթողների եւ տեղացիների համակեցությունն ու փոխմերձեցումն ընթանում էր կենցաղային շփումներով, որի ընթացքում ձեւավորվում էր փոխընկալման մեխանիզմը: Այդ ընկալումներում կարեւոր տեղ ուներ արեւմտահայերեն-արեւելահայերեն խոսակցականը, որը ոչ այնքան խոչընդոտիչ էր, որքան սահմանային, եկվոր արեւմտահային` արեւելահայից տարբերող: Հարկ է նշել, սակայն, որ Երեւանից դուրս` շրջաններում, երկբարբառ խոսվածքն ուներ փոխմերձեցմանը խոչընդոտող նշանակություն. արեւմտահայերենն անհասկա- նալի էր տեղական բարբառով խոսողներին եւ հակառակը` նորեկները չէին հասկանում բարբառով խոսող տեղացիներին:[11]

Լեզվական փոխըմբռնումներում ամենաբնորոշը սակայն «ախպար» բառի երկատված ընկալումն էր, որն ինչպես հայտնի է, գրական եղբայր բառի արեւմտահայ բարբառային տաnբերակն է, ինչպես «ախպեր»-ը` արեւելահայերենում: Եթե արեւմտահայերը «ախպար» բառն օգտագործում էին հարազատ- բարեկամին դիմելիս, ապա տեղացիներն այն կրկնում էին հեգնական շեշտադրությամբ` նկատի ունենալով հենց եկվորներին, ինչը վիրավորական էր նկատվում վերջիններիս կողմից: Կարեւոր է նշել, որ սկզբնական շրջանում ներգաղթողներին անվանում էին «նորեկ» կամ «նորեկող»` ի տարբերություն նախորդ փուլերի ներգաղթածների, որոնց անվանեցին «հին էկող»: «Ախպար» բառը տարածում գտավ 1948թ.-ից` սկզբնապես Երեւանում, ավելի ուշ` ներգաղթողներով բնակեցված Հայաստանի այլ վայրերում: Կարճ ժամանակ անց կիրառության մեջ մտավ բառի հոգնակի ձեւը` «ախպարներ», այս պարագայում ձեռք բերելով մենք – դուք անջրպետող նշանակություն, վերածվելով ինքնատիպ սուբէթնոնիմի:[12] Ներգաղթողների համար այս անվանումը վերածվեց ճակատին դրոշմած խարանի, որի հետեւանքն էր մերժումն ու մեկուսացումը, եւ ձեւավորվեց ներգաղթողների ներէթնիկ խումբը:[13]

Այստեղ կուզենայինք անդրադառնալ 1946-1948թթ. ներգաղթողների կազմում զգալի տոկոս կազմող (20 հազարը` ընդհանուր 100 հազարից) իրանահայերի խմբին,[14] որոնք, չնայած իրենց մեծ թվաքանակին, սկզբնապես վրիպել էին տեղացիների ուշադրությունից, քանի որ հիմնականում ծագումով արեւելահայ էին (բացառությամբ արեւմտահայերի փոքրաթիվ խմբերի): Չնայած այդ հանգամանքին, նրանք ունեին ադապտացման ու ինտեգրման իրենց ուրույն խնդիրները, քանի որ օտարված էին թե՛ տեղացիներից` որպես դրսից եկածներ, եւ թե՛ բախտակից արեւմտահայերից, որոնք նրանց չէին դիտում որպես սփյուռքահայեր:

Տեղացիները նրանց անվանեցին «պարսկաստանցի» կամ «պարսիկ»,[15] որը նույնքան վիրավորական էր վերջիններիս համար, որքան «ախպար»-ը` արեւմտահայերի: Ավելի ուշ իրանահայերը նույնպես անվանվեցին «ախպարներ», որն այս դեպքում արդեն ձեռք բերեց առավել ընդհանրացնող նշանակություն, այն է` ոչ տեղացի, դրսից եկած հայ:

Կենցաղային հարթություն փոխադրված տեղացի – նորեկ փոխադարձ անհանդուրժողականությունն իր անդրադարձն ունեցավ եւ ամուսնական կապերի վրա: Երկու կողմից հնչում էր նույն կարգախոսը` «Մենք տեղացիին աղջիկ չենք տար, չենք ուզեր», «Մենք ախպարին աղջիկ տվողը չենք ու չենք ուզի»: Չնայած դրան, խառնամուսնություններ, անշուշտ, տեղի էին ունենում, իսկ ընտանեկան վեճերի պարագաներում, հարսի թերացումը կամ դժգոհությունը նրա հանդեպ վերագրվում էր վերջինիս «ախպարական» կամ «տեղացի» ծագմանը:[16]

Ներգաղթողների եւ տեղացիների միջեւ անջրպետի խորացմանը նպաստեց 1948թ. վերջերից սկսած ընդհանուր անհանդուրժողականության մթնոլորտը: Ներգաղթողները համարվում էին «անվստահելի»` բառի լայն առումով, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Սա սովետական երկրի պետական ներքին քաղաքականություն էր, որը հետո բերեց իր դառը պտուղները: Ներգաղթողին չէին վստահում բարձր պաշտոն, ղեկավար դիրք, պատասխանատու աշխատանք: Ղեկավարության մարմինները, ուժային կառույցները պարզապես տաբուացված էին նրանց համար, ինչը պահպանվեց մինչեւ խորհրդային իշխանության վերջին տարիները:

Պետական անվստահությունն ու տեղացիների օտարոտի վերաբերմունքն, ի վերջո, փոփոխություններ առաջացրեց ներգաղթողների էթնիկ ինքնության մեջ ձեւավորելով սուբէթնիկ ինքնության գիտակցում` օտար յուրայինների մեջ, հայ, բայց ոչ հայաստանցի, գոնե առնվազն` ոչ նման տեղացի հային: Այս առթիվ Ամերիկա արտագաղթածները պատմում են, թե «երեսուն տարի Հայաստանում պայքարեցինք հայաստանցի դառնալու համար, բայց ախպար մնացինք, հիմա եկանք Ամերիկա, այստեղ մեզ հայաստանցի են ասում»: Սա նոր սփյուռքի օտա- րումն էր «հին» Սփյուռքից:

Ներգաղթածներից շատերը նշում էին, որ սոցիալական դժվարությունները սկզբնական շրջանում թերեւս հաղթահարելի էին, սակայն առավել դժվար էր ընտելանալ օտարացմանը, անվստահությանը, թերագնահատմանը եւ ներգաղթողի ու տեղացու նկատմամբ եղած տարբերակված մոտեցմանը:

Վիճակն էլ ավելի բարդացավ, երբ ողջ սովետական երկրում վերսկսվեցին քաղաքական հալածանքներն ու աքսորը: Դրանից չկարողացան խուսափել եւ ներգաղթածները:[17] Նրանց աքսորը հիմնավորելու համար լուրեր էին տարածվում, եւ թերթերում նյութեր էին տպագրվում «ախպարների կազմակերպած սաբոտաժների», Երեւանի խմելու ջրի թունավորման եւ այլ «չարագործությունների» մասին: Նրանց ազատում էին աշխատանքից առանց որեւէ հիմնավորման կամ ազատելու սպառնալիքի տակ ստիպում վկայություն տալ այս կամ այն ներգաղթողի հակասովետական գործունեության մասին: Նրանք մեղադրվում էին արտասահմանի ազգականների հետ ունեցած կապերում, ինչը որակավորվում էր որպես լրտեսական գործունեություն: Ներգաղթողներից մեկի խոսքերով` «ուղարկվեցինք հայրենասիրության կրակով վառվող սիրտերը եւ տաք գլուխները Սիբիրիայի ձյուներուն մեջ սառեցնելու»: Սա աստիճանաբար ձեւավորեց երկրից հեռանալու տրամադրություններ, եւ շշուկով արտասանվում էր «երթալը կփրկե» կարգախոսը:

Ներգաղթն ընդհատվեց անսպասելիորեն եւ հազարավորները, որոնք տուն-ունեցվածք ծախած, գործերը լուծարած, շատերը` նույնիսկ քաղաքացիությունից հրաժարված սպասում էին նավահանգիստներում իրենց տանող շոգենավերին, այդպես էլ մնացին տունդարձի ճանապարհին: Նախապես ոչ մի զգուշացում չէր եղել ներգաղթն ընդհատելու մասին, եւ բոլորի համար անսպասելի էր դա: Սփյուռքի մամուլը մեծ աղմուկ բարձրացրեց այս առթիվ, բայց մնաց «ձայն բարբառոյ յանապատի»: Նրանք չէին կարող կարճ ժամանակում հետ բերել կորցրածը, հատկապես` պետության վստահությունը: Նրանց մասին հոգ տարավ Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Ընտանիքներ կիսվեցին, ճակատագրեր խեղվեցին, եւ նորից իջավ երկաթե վարագույրը: Երկու կողմում էլ չգիտեին, թե ինչ եղավ իրենց հարազատների հետ:

Քաղաքական հալածանքների ու աքսորի տարիները լուրջ խեղումներ առաջացրին «հայրենիք» հասկացողության ընկալման մեջ: Շատերն էին մտորում` արդյոք սա էր իրենց երազած հայրենիքը, թե այն, որ թողեցին, որտեղ յուրային էին օտարների մեջ, իսկ այստեղ` հայրենիքում, օտար` յուրայինների մեջ: Այս մտորումները հիմնական պատճառներից մեկը եղան 1970-ականների արտագաղթի, որի առաջնեկները հենց իրենք` նախկին հայրենադարձներն էին: Այդ ժամանակ հայրենադարձների մեջ կենսունակ էր «ճիշտը երթալն է» կարգախոսը: Տեղին է հիշել այդ իրողությունը ներկայացնող հայտնի մի զվարճախոսություն, երբ Ամերիկա մեկնող մի հայրենադարձի հարցնում են, թե ինչու է գնում, արդյոք այնտեղ բարեկամ-ազգակա՞ն ունի, որին վերջինս պատասխանում է. «49-ին Սիբիրիա ղրկեցիր նե, հոն ազգական-բարեկա՞մ ունեի»:

Պետք է նկատել, որ ներգաղթը սոսկ վերաբնակեցում չէր, այլ կենսաձեւի, պատկերացումների, մտածելակերպի կտրուկ փոփոխություն, որն իր հետեւից տանում էր արժեքային ողջ համակարգի վերանայում: Ոչ Սփյուռքում եւ ոչ էլ Հայաստանում հայության այս երկու հատվածները, կտրված լինելով իրարից, բաժանված երկաթե վարագույրով, չէին ճանաչում իրար եւ գրեթե անիրազեկ էին դրսում եւ ներսում տեղի ունեցող փոփոխություններին, հետեւաբար եւ պատրաստ չէին այս հանդիպման: Դրան չէին նպաստում ողջ երկրի քաղաքական ու տնտեսական պայմանները առավել եւս հետպատերազմյան շրջանում: Այս առումով, ներգաղթն անժամանակ էր եւ ներգաղթի կազմակերպումը չէր բխում ոչ Սփյուռքի եւ ոչ էլ Հայաստանի հայության շահերից:

Եվ այնուամենայնիվ, 1946-48թթ. հայրենադարձությունը որոշակի դեր խաղաց Հայաստանի տնտեսության զարգացման մեջ ու մշակութային կյանքում: Հայրենադարձության արդյունքում Հայաստանը ձեռք բերեց բարձր որակավորում ունեցող բազմապրոֆիլ բանվորականներ ու արհեստավորներ: Իզուր չէր, որ ներգաղթած արհեստավորի մասին հենց իրենք ասում էին` «ամեն բանին վարպետը հոս է»: Առողջապահության բնագավառը ձեռք բերեց նեղ մասնագիտացման բժիշկներ, օտար լեզուների մասնագետների, կարիքը կար դպրոցներում եւ բուհերում:

Հայաստան ներգաղթած արվեստագետների, դերասանների, գրողների, երաժիշտների շնորհիվ (Գր. Ահարոնյան, Հարություն եւ Արմինե Գալենց, Հրաչյա Ներսիսյան, Վահրամ Փափազյան, Արման Կոտիկյան, Վարդուհի Վարդերեսյան, Գոհար Գասպարյան եւ այլք) նկատելիորեն աշխուժացավ հանրապետության մշակութային կյանքը:[18]

Այսօր, երբ անկախ Հայաստանն իր դռներն է բացել Սփյուռքի առջեւ եւ տարերային ներգաղթ է սկսվել, առավել քան երբեւէ կարեւոր է անաչառ հայացքով անդրադառնալ հայենադարձության պատմությանն ու նախորդ փորձին` հնարավորինս խուսափելու համար սխալներից եւ առաջնորդվելով եկող սերնդի առջեւ ունեցած պատասխանատվության զգացումով:

————————————————————————

1. Զանգվածային ներգաղթի արդյունքում Հայաստան է եկել 89750 մարդ (տե՛ս Հ.Մելիքսեթյան, Հայրենիք-Սփյուռք առնչությունները եւ հայրենադարձությունը, Եր., 1985, էջ 274): Մնացածը ներգաղթել են անհատական թույլտվությամբ` փոքր խմբերով: Այդ հաշվարկներով, 1946-1948թթ. ներգաղթողների մոտավոր թիվը կազմում է 100 հազար:
2. Սովետական Միության կառավարության պաշտոնական հայտարարությունը վերատպվեց տեղական թերթերում (տե՛ս «Սովետական Հայաստան» օրաթերթ, 14 դեկտեմբերի, 1945թ.):
3. Советский союз на международных конференциях периода Великой Отечественной войны (1941-1945гг.), сборник документов, т. 6, 1980, стр. 314-321.
4. Տեղին է նշել, որ արեւմտահայկական հողերը վերադարձնելու խոստումները դեր չէին խաղում իրանահայերի ներգաղթի դեպքում, քանի որ Արեւմտյան Հայաստանը նրանց բնօրրանը չէր (բացառությամբ ժամանակին Պարսկաստան գաղթած արեւմտահայ փոքրաթիվ խմբերի): Վերջիններս Սովետական Հայաստան ներգաղթեցին հիմնականում այն պատճառով, որ ի դերեւ եղան Իրանի հյուսիսում հայկական ինքնավարություն ստեղծելու հույսերը, հետեւաբար եւ պիտի սաստկանային ազգային ու կրոնական հալածանքները հայերի նկատմամբ:
5. Հարցը քննարկման առաջարկվեց Ադրբեջանի կառավարությանը, որը տարածքի փոխանակման առաջարկ էր անում (Ղարաբաղն ու Նախիջեւանը` Վեդու, Մասիսի, Կրասնոսելսկի շրջանների փոխարեն), ինչը անընդունելի համարվեց (տես` Ա.Քոչինյան, Հայրենիքը փշալարի մեջ, «Գարուն» (երիտասարդական ամսագիր), գ3, Եր., 1989, էջ 47-56:
6. Տե՛ս Ա.Գեւորգյան, Էջեր հայրենադարձության պատմությունից, Բամբեր Հայաստանի արխիվների (ԲՀԱ), 1969, գ 2, էջ 119-125:
7. Բաթումը համարվում էր Հայաստանի «հյուսիսային դարպասը». այդ ճանապարհով գալիս էին արեւմտահայերը: Ջուլֆան ու Բաքուն համարվում էին «հարավային դարպաս», որով անցնում էին պարսկահայերը:
8. H.Jack Tourjanz, Search for Homelannd, New York, 1987, p. 87.
9. Մ.Բազարյան, Նամակներ «սովետական դրախտից», Եր., 1989, էջ 47:
10. Մ.Բազարյան, նշվ. աշխ., էջ 32:
11. Այս հարցի մասին մանրամասն տես` Ա.Ստեփանյան, Հայրենադարձների ու տեղացիների փոխընկալման լեզվական դրսեւորումները, Հայ ժողովրդական մշակույթ XII, Ե., էջ 147-153:
12. Կարեւոր է նշել, որ էթնոսի ներսում սուբէթնիկ խմբերի եւ նրանց մշակույթի ընկալումը «մենք-դուք» տարբերակմամբ, դիտարկելի է առհասարակ եկվոր տարրի նկատմամբ: Բավական է թվարկել սուբէթնոնիմի կարգավիճակ ձեռք բերած այնպիսի անվանումներ, ինչպես «կռո», «գյալմա», «թաժախայ» եւ այլն (այս հարցի մասին մանրամասն տես` Հ.Մարության, Դ.Վարդումյան, Վարդենիսի շրջանի հայության ներէթնիկ շերտերը. փոխհարաբերության հարցեր.- Արդի էթնոմշակութային գործընթացները Հայաստանում. 1: Հանրապետական գիտական նստաշրջան, Եր., 1997, էջ 18-20):
13. Տեղի հասարակության կողմից եկվորին չընդունելու, մերժելու օրինակը կրկնվեց 1990-ականներին` Ադրբեջանից Հայաստան գաղթած հայության նկատմամբ, որոնք նույնպես օտարվեցին «մենք-դուք» տարբերակմամբ եւ համապատասխան սուբէթնոնիմով «փախստական», «թուրք» (այս հարցի մասին տես` Հ.Խառատյան, Մենք եւ նրանք, հասարակությունը եւ փախստականները. – Հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչություններ, Եր., 2000):
14. Տես` Ա.Ստեփանյան, Իրանահայերի ներգաղթը 1946-1948թթ., Հայ ժողովրդական մշակույթ XIV, Եր., 2007, էջ 282-287:
15. Այսօր էլ Հայաստանում ներգաղթած իրանահայերին հաճախ անվանում են պարսիկ, որը վիրավորական է ընկալվում վերջիններիս կողմից: Այս փաստը արձանագրեցինք եւ վերջերս Իրան կատարած ուղեւորության ընթացքում:
Հայաստան գնացած-եկած շատ իրանահայեր դժգոհում էին, որոնց իրենց տեղացիները «պարսիկ» են անվանել եւ այդ պատճառով նրանք չեն ուզում մշտապես բնակվել Հայաստանում: Հարկ է նշել, XXդ. սկզբին գաղթական արեւմտահայերը, հատկապես սասունցիները, «պարսիկ» անվանումը տալիս էին ողջ Արարատյան դաշտի բնակչությանը` նկատի առնելով, հավանաբար, վերջիններիս պարսկական լծի տակ գտնվելու երկարատեւ ժամանակաընթացքը: Ներգաղթող պարսկահայերին տրվող «պարսիկ» անվանումը համեմատաբար նոր ժամանակների ընկալում է, որը մենք առաջին անգամ արձանագրեցինք 1970թ. Սպիտակի շրջանում:
16. Այս հարցի մասին մանրամասն տես` Ա.Ստեփանյան, Հայրենադարձների ենթաէթնիկ ինքնագիտակցության դրսեւորումներն ամուսնական կապերում, Ընտանիքի հետազոտման հիմնախնդիրները, Հանրապետական գիտական կոնֆերանսի նյութեր, Եր., 2001, էջ 92-94:
17. Ա.Մանուկյան, Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920-1953թթ., Եր., 1999, էջ 220-222, 228: Ա.Վիրաբյան, 1949թ. զանգվածային բռնագաղթածները Հայաստանում, «Երեկոյան Երեւան», 20 հունիսի 1988 թ.:
18. Տես Ա. Ստեփանյան, Մեծ հայրենադարձության դերը Հայաստանի տնտեսա-կան եւ մշակութային կյանքում, Բնօրրան (Հայաստանի հայրենակցական միությունների խորհրդի հանդես), թիվ 1- 4, 2004 – 2007, էջ 82-85

«1946-1948թթ. Հայրենադարձությունը եւ դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» համահայկական գիտաժողովի զեկուցումների ժողովածու, 2008թ.