Books


ԿԱՄՔ, ՈՐ ՀԱՅԻՆՆ Է

Վահե Կարապետյան

2011

Երեւան, Նոյյան Տապան


Երեւանը ես տեսա հինգ տարեկանում։ Առաջին տպավորություններիս մեջ կայարանն էր, խուռներամ մարդիկ, ճամպրուկների կույտերը եւ անորոշությունը, անտեղյակությունը, մեկ էլ հոգնածությունը։ Մայրս հիշում էր, թե ինչպես ես, երկար քաշքշուքից հոգնած, ասացի. «Մամա, երանի Երեւանը Բեյրութը ըլլար եւ Բեյրութը՝ Երեւան»։ Երեւի ասել կուզեի, որ ինչո՞ւ հայրենիքը ծննդավայր չէ, կամ՝ հակառակը։ Սա իմ առաջին հոգու խռովքն էր, գուցե ինչ-որ տեղ անգիտակցաբար, բայց ենթաշերտային զգացումներով, մտքի անհամաձայնություն եղավ անարդար իրականության հանդեպ։ Ինչո՞ւ հայը, անկախ տարիքից ու սոցիալական խավից, ինքնակամ կամ ստիպողաբար պիտի ճամփորդեր քաղաքից քաղաք, բնակավայրից բնակավայր, որպեսզի հանգիստ հանգրվան ունենա։ Ինչո՞ւ նրա սահմանները այս երկրագնդում Աստված պողպատե գծով չսահմանեց, որ անգութ հարեւանների բզկտման առիթ չհանդիսանա։ Մի խոսքով, կարծես թե գլխումս «ինչուները» սկսել էին ծագել։