Books


ԽՃԱՆԿԱՐ

Սոնյա Մկրյան

2015

Գլենդել, «Երեւան» տպարան


1983 թվի ամառն էր։ Անգործ էի։ Ըստ սովորության նայում էի անգլիատառ թերթի աշխատանքի բաժինը։ Աչքս ընկավ մի հայտարարություն։ Նավթարդյունաբերական մի մեծ ընկերություն կարիքն ուներ PhD ունեցող գեոֆիզիկոսի։ «Այդ ես եմ». ասացի ինքս ինձ բարձրաձայն եւ գնացի։ Մարդն ընդունեց սիրալիր։ Ասացի. «Թերթում կարդացի ձեր հայտարարությունը եւ եկա։ Ես գեոֆիզիկոս եմ, PhD ունեմ եւ տասը տարի աշխատել եմ այդ բնագավառում»։

Մարդը թղթերս նայեց եւ բավականությունից ձեռքերն իրար շփելով սկսեց. «Ես շատ պետք ունեմ ձեր որակավորումն ունեցող մասնագետի։ Ուրախ եմ, որ եկաք։ Մենք շատ մեծ ընկերություն ենք։ Հորատանցքեր ենք փորում, Կալիֆորնիայում նավթ ենք որոնում։ Երկրի կեղեւի նմուշները բերում ենք տարրալուծարան (լաբորատորիա) բաղադրությունը որոշելու։ Ինձ պետք է գործին իրազեկ մեկը, որ վերահսկի այդ բոլորը։ Թվում է դուք շիտակ թեկնածուն եք», եւ շտապեց հարցնել. «Ե՞րբ կարող եք սկսել»։ Ասացի. «Այս երկուշաբթի»։
- Ասացիք Georgia-ում եք պաշտպանել ձեր PhD-ն, ո՞ր համալսարանում։
- Պետական համալսարանում։
Պատասխանն ըստ երեւույթին իրեն բան չտվեց։ Ձեռքը մեկնեց սեղանի վրա դրված մեծ, երկու ոտք տրամաչափի գլոբուսին եւ պտտելով այն ասաց.
- Կարո՞ղ եք քարտեսի վրա ցույց տալ, թե ո՞ր Georgia-ն է դա։ Ասացի՝ Կովկասի Georgia-ն եւ մատս դրի Վրաստանի վրա։ Սովետական Միության հսկայական տարածքը կաս-կարմիրով էր ներկված եւ նա նկատեց, որ ցույց տված տեղս այդ կարմիրի մեջ էր։