Լիբանանի Այնճար գյուղաքաղաքի քաղաքապետի մայրը՝ տիկին Արաքսին, մեզ ընդունում է իր տան բակում։ Պարզ ու հասարակ այս տանն է բնակվում նաեւ Այնճարի քաղաքապետը՝ Կարո Փամբուկյանն իր եղբայրների ու նրանց ընտանիքների հետ: Սովորական մարդիկ են, իրենց առօրյա հոգսերով եւ ուրախություններով ապրող: Այս գյուղում դեռ ընդունված է մեծ ընտանիքով նույն հարկի տակ ապրել: Տիկին Արաքսի-Դադուշյան-Փամբուկյանի ամուսինը մեկ տարի առաջ հեռացել է կյանքից. երեխաներն ու թոռնիկներն են լցնում 82-ամյա կնոջ առօրյան:
Հեռավոր 1946-ին նա Հայաստան է ճանապարհել մորաքրոջը՝ Սառա Չմբրյանին, երկու քեռիներին (հիշում է քեռիներից մեկի անունը միայն՝ Մովսես Չմբրյան), երկու հորեղբայրներին՝ Սարգիս եւ Հակոբ Դադուշյաններին, ինչպես նաեւ՝ հարազատ քրոջը՝ Մարի Դադուշյան-Սարսամյանին: Մյուս հարազատների հետ կապն ամուր չի եղել։ Հիմնականում քրոջ հետ է կապ պահել։
«Քույրս ինձմե տասը տարի մեծ էր: Երբ որ գնաց, ես 15 տարեկան էի: Ինքն ամուսնացած էր, երկու պստիկ ուներ՝ Պողոսն ու Մարիան, երեք պստիկ ալ հոն՝ Հայաստան ունեցավ՝ Սառան, Աննան եւ Հակոբը: Կը հիշեմ, որ գնալու ատեն շատ ուրախ էին, քանի որ իրենց կյանքը հոս արդեն դժվար էր, իրենց ալ ըսած էին՝ երկիր մըն է Հայաստանը, որ կոճակը սեղես, ամեն ինչ կըլլայ: Մեր կյանքն ալ դժվար էր, բայց հայրս չուզեց, որ երթանք, դեմ էր: Քույրս՝ քանի որ ամուսնացած էր, ամուսինին որոշմանը ենթարկվեցավ: Քրոջս ամուսինը Հովհաննես Սարսամյանն էր, ինքն ալ, քույրս ալ հոն մահացան: Հինգ զավակներեն երկու աղջիկը մեծնալեն ետք Հայաստանեն Ամերիկա գնացած են, իսկ տղաները հոն՝ Հայաստան են: Քրոջս ամուսինը ժամանակին քարի գործ ըրած է, այդպես պահած է ընտանիքը, Էջմիածին կապրեին: Հիմա տղաքը ամուսնացած են, կաշխատեն: Տղաքներեն Պողոսը Էջմիածնի մեջ եկեղեցիներ կնորոգեր: Իմ քրոջս Էջմիածնի մեջ «Խալոտ Մարիամ» կըսեին, երեսի եւ մարմնի վրա շատ խալ ուներ»,- պատմում է տիկին Արաքսին:
Զրույցին միանում է տիկին Արաքսիի եղբոր կինը՝ Սառա Սնապեան-Դադուշյանը։ «Իմ տալս է Մարիամը: Էջմիածին, Դիմիտրով 39 է իրենց հասցեն: Մենք ամենքս ալ Հայաստան երթալու քարտի թիվ ունեինք, մեր թիվերն ալ պատրաստ էին, պիտի երթայինք, բայց իրենք լուր ըրին, որ քիչ մը սպասեք: Ետքն ալ մեզի համար արդեն դժվար եղավ երթալը: Մեր ընտանիքեն միայն ես կրցա մեկ անգամ երթալ եւ տեսնել զիրենք: Շատ կանուխ էր ատիկա, հիմա իմ աղջիկս է, որ կապ կը պահե իր հորաքրոջ ընտանիքին հետ, գրեթե ամեն օր կը խոսին: Մենք արդեն ծերացանք, մեզի համար դժվար է երթալ, տեսնել: Իմ տալոջս ընտանիքեն զատ, ես վեց հորաքույրներս ճամբած եմ Հայաստան՝ Մարիամ, Վիկտորիա, Եղիսաբեթ, Նեկտար Իսկուհի, Սառա Սնապյանները: Դժվար օրեր էին, կապ չունեցանք, գնացին, անհետ մնացին, ինչ եղան, ես ալ չեմ գիտեր:»,-ասում է տիկին Սառան:
Իր քրոջ մասին հիշողությունները շարունակում է տիկին Արաքսին. «Երբ քույրս եկավ Լիբանան, կարծես մեր կյանքին մեջ աստղ մը ծագեցավ: Մենք չէինք հավատար, որ այդքան տարիներ ետք գտած ենք մեր քույրը: 1974 թվականն էր: Կը հիշեմ, որ մեզի հեռադիտակ, ժամացույց, ծաղկաման բերավ Հայաստանեն: 1946 թվականեն մինչեւ իր մահը այդ մեկ անգամն էր, որ տեսա քրոջս, այլեւս չկրցավ գալ, ես ալ չկրցա Հայաստան երթալ, վեց զավակ ունեի, անոնցով զբաղված էի: Քառասուն օր մնաց, տարանք Դամասկոս, պտտեցուցինք, լավ օրեր անցուցինք: Քանի մը տարի առաջ քրոջս տղաներեն մեկը եկավ Լիբանան, որպես Լիբանանի քաղաքացի (հոս ծնած է), կուսակցությունը բերավ, որ մասնակցե ընտրություններուն... Տարիներ առաջ աղջիկս ու տղաս երգչախմբով համերգի գնացին Հայաստան, քույրս տակավին ողջ էր, այցելեցին, քույրս աղջիկս գրկելով իմ անունը տված է, «Արաքսի» ըսելով լացած է»։
Այսօր յուրաքանչյուր հայ օտարության մեջ գտնվող հարազատ ունի, բայց հեռավորությունն այնքան ցավոտ չէ, ինչպես նախկինում: Հայրենադարձության մասին նրանք բոլորն էլ խոսում են, կարծես խոսելիս լինեն նեղության մեջ գտնվող իրենց հարազատի մասին, որին անկարող էին տեսնել: Ցավի եւ արցունքի այս թեման անսպառ է։
Տիկին Արաքսին հրաժեշտ է տալիս՝ կրկին հիշելով քրոջը. «Երբ հոս էր, շատ կապված էինք, ես պստիկ էի, ինքը՝ ամուսնացած, իր ամուսինը հանդերը կաշխատեր, գիշերները հոն կմնար, ես կերթայի քույրիկիս հետ կգիշերեի, որ չվախնար»։
Անուշ Թրվանց