ՍԿԶԲԻՑ ՄԵԶ ՌՈՒՍ ԷԻՆ ԱՍՈՒՄ, ՀԵՏՈ՝ ԱԽՊԱՐ, ՀԵՏՈ ԷԼ՝ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ
«-Ամոթ է նույնիսկ ասելը, բայց հայրս մինչեւ մահը հայհոյում էր Սիբիրում գտնվող իր հոր ու եղբոր գերեզմանը,-ասում է Էլիզաբեթ Բելինջյանը։- Ասում էի՝ պապ, ի՞նչ ես ուզում, մարդիկ մեռել, գնացել են, ասում էր՝ չէ, իրենք պատճառ դարձան, որ տեղահան լինենք, ելնենք-գնանք, հետո էլ տեղահան լինենք՝ այստեղ գանք»։
Այստեղը Այնճարն է: Սիբիրում մուսալեռցու ընտանիքում ծնված եւ Հայաստանում քսանհինգ տարի ապրած Էլիզ Բելինջյանը Այնճարում ինձ դիմավորում է նախկին հայաստանցու հյուրասիրությամբ: Այսօր ինքն է տիրություն անում հոր՝ Կարապետ պապուկի (Այնճարում այդպես էին դիմում նրան) տանն ու այգուն: Հայրը մեկ տարի առաջ հեռացել է կյանքից: Այնճարում Կարապետ պապուկի մասին լեգենդներ են պատմում՝ հուժկու եւ հսկա էր, դռնից հազիվ էր մտնում, նույնիսկ Սիբիրն ու դաժան կյանքը չէին ընկճել նրան, մինչեւ վերջ աշխատում էր իր այգում, կյանքով լեցուն էր եւ այլն։ «-Հայ Յեղափոխական դաշնակցությունը պաշտելով՝ մահացավ,-ասում է Էլիզը։-Երբ նրան հողի մեջ էին դնում, տեր հայրը տղաներին ասաց՝ հեղափոխական երգ երգեք, ու տղաները երգեցին»:
Ճանապարհ դեպի Հայաստան
1919 թվականին Մուսա լեռ ծնված Կարապետ Բելինջյանը, որ 1937-ին բազմաթիվ մուսալեռցիների պես Լիբանան էր եկել, 1946-ին հոր, մոր, եղբոր եւ կնոջ՝ Նվարդ Դուդաքլյանի հետ դժկամությամբ միանում է Այնճարից Հայաստան ներգաղթող քարավանին։
«Ընտանիքում վիճաբանություն է լինում, իրենք դաշնակցական էին, դեմ են լինում ներգաղթին, չուզելով հրաժարվում են կուսակցությունից, կռվով, վիճելով գնում: Բոլորը գիտեն, որ հայրս գնացել, փակել է կազմակերպիչների ճանապարհը, որ չգան գյուղ եւ չգրանցեն գյուղացիներին: Բայց գյուղի պատգամավորը ասել է՝ Կարապետ, մենք իրավունք չունենք այդպիսի բան անելու, եւ հայրս մի կերպ ենթարկվել է»։
Կարապետ եւ Պետրոս Բելինջյաններին, իրենց ծնողների ու կանանց հետ, տարել են Լենինական, Փանիկ գյուղ, մեկ տարի հետո այնտեղ ծնվել է Կարապետի առաջին դուստրը՝ Մարիան։ «Մի օր էլ ոստիկանները եկել են մեր տուն, ասել են՝ հավաքվեք, ձեզ կողքի գյուղն ենք տանում: Ստիպել են հավաքել իրերը, մինչեւ մամաս ներս է գնացել, որ հավաքվի, տեսել է երեխան օրորոցով չկա, նայել է, որ ոստիկանները երեխային օրորոցով դրել են մեքենայում, իրենք էլ արագ-արագ հավաքվել, նստել են մեքենան՝ իբր թե կողքի գյուղ են գնում: Մերոնց տարել-լցրել են անասուն տեղափոխող մի գնացք, որի մեջ Այնճարից ուրիշ մարդիկ էլ են եղել։ Ութ օր սոված-ծարավ ճանապարհ են գնացել՝ առանց իմանալու՝ իրենց ո՞ւր են տանում: Հաջորդ առավոտն այնճարցի մի կին գնացքում մեր ընտանիքին մի բուխանկա հաց է տվել, վեց հոգով կերել են։ Ճանապարհին մարդկանց կամաց-կամաց իջեցրել են, ամենավերջում՝ մերոնց: Հայրս ասում էր՝ մեր ընտանիքն ամենադիմացկունն էր, բոլորն էլ հուժկու, թափով մարդիկ են եղել». պատմում է 57-ամյա Էլիզ Բելինջյանը։
Ալտայսկի կրայ, Ալեյսկի սովխոզ
Տարել են Սիբիր, Ալտայսկի կրայ, Ալեյսկի սովխոզ, որտեղ տախտակով եւ թրիքով շինված տներ են եղել, մերոնց մի պստիկ սենյակ են տվել: Առավոտը գյուղի նախագահը եկել-ասել է, վեր կացեք, գործի պիտի գնաք: Տարել են դաշտերում աշխատելու: Մամաս պատմում է, որ մեկ տարի շատ են չարչարվել, քնել են տախտակե անկողնու վրա, առանց ներքնակի: Հայրս աշխատասեր մարդ էր, սկսել է աշխատել, այդ գյուղում հավանել են պապայիս աշխատանքը, 100 ձի են տվել նրան, որ գործից հետո խնամի: Հետո կով, հավ, խոտ էլ են տվել: Մամաս պատմում էր, որ այդ 100 ձիուն ամեն օր տանում էին ջուր խմեցնելու, ձմեռը հատկապես շատ դժվար էր լինում, մուրճ էին տանում իրենց հետ, որ սառույցը կոտրեին՝ ձիերը ջուր խմեին: Հաճախ մամաս է մենակ տարել ձիերին, մի ձիու վրա նստել է, մյուսները հետեւից գնացել են: Այդպես՝ առավոտ, իրիկուն: Մի օր էլ ձիերից մեկը քացի է տվել մամայիս կրծքին, մինչեւ կյանքի վերջին օրը նա այդ ցավը զգում էր, ասում էր՝ կուրծքս ցավում է: Այդպես, գյուղատնտեսական աշխատանքներով սկսել են լավ ապրել: Իսկ պապայիս ամեն տարի մի հատ մեդալ են տվել, իբրեւ լավ աշխատող, Երեւանում եղբորս տանն են այդ մեդալները: Ուրեմն, Սիբիրում ծնվել ենք ես, մյուս քույրս՝ Ալիսը եւ եղբայրս՝ Պետիկը: Իսկ քույրս՝ Մարիան, ինչպես ասացի՝ Լենինականում է ծնվել:
Ծնողներս կարողացել են այնտեղ ապրած ու աշխատած ժամանակ դրամ էլ հավաքել, բայց անձնագրերը իրենց ձեռքից վերցրել են, չէին կարող որեւէ տեղ գնալ, այսինքն՝ ազատ աքսոր էր: Երբ Ստալինը մահացել է, եկել իրենց ասել են՝ վե'րջ, դուք արդարացված եք, կարող եք Հայաստան գնալ: Ասել են՝ ուզում եք մնացեք, ուզում եք գնացեք: Մինչ այդ հորեղբայրս ու պապիկս արդեն մահացած են եղել, այնտեղ էլ թաղված են: Հորեղբայրս Սիբիրում չորս երեխա է ունեցել, չորսն էլ իրար ետեւից մահացել են: Երբ մահացել է, կինը հղի է եղել, աղջիկ է ունեցել, անունը Մնացական են դրել, որ իբր ապրի, մնա, բայց այդ երեխան էլ է մահացել: Առաջինը հորեղբորս կինն է Սիբիրից Երեւան գնացել (իր եղբայրը՝ Այնճարից, Հայաստանում էր, գնացել է նրա մոտ): Ճիշտն ասած, մերոնք չեն ուզել գնալ Հայաստան, արդեն իրենց վիճակը լավ է եղել, սովորել են այդ գյուղի կյանքին, բայց հորեղբորս կինը Հայաստանից անընդհատ հեռագիր է ուղարկել՝ եկեք, եկեք: 1950-ականների վերջերն է եղել:
Ճանապարհ դեպի Հայաստան
Ասում են այդ ժամանակ հիվանդություններ շատ էին լինում, Սոչիում բժիշկները մտնում են գնացք՝ ստուգելու մարդկանց: Եղբայրս, որ մեկ տարեկան է լինում, բարձր ջերմություն է ունենում: Բժիշկներն ասում են՝ եթե ճամբան շարունակեք, այս երեխան մինչեւ Երեւան կմեռնի: Մամայիս երեխայի հետ գնացքից իջեցնում են Սոչիում, տանում հիվանդանոց, մենք ճամբան շարունակում ենք դեպի Հայաստան: Մամաս պատմում էր, որ հիվանդանոցում մի շատ հոգատար բուժքույր կար, մեկ ամիս մինչեւ վերջին օրը հետեւում է եղբորս առողջությանը, մինչեւ չի լավանում, չի ուղարկում: Մենք մնում էինք հորեղբորս կնոջ հետ՝ իր այնճարցի հայրենադարձված եղբոր տանը՝ Մալաթիա, հիվանդանոցի թաղն էր, լավ հիշում եմ: Շատ լավ մարդիկ էին, հորեղբորս կնոջ եղբայրն իր կնոջն ասել էր՝ հանկարծ չիմանամ, որ այս մարդկանցից ուտելիքի փող ես վերցրել: Երկու-երեք ամիս իրենց տանը մնալուց հետո նույն թաղի վրա տուն ենք վարձել, մի քանի տարի էլ էնտեղ ենք ապրել, հետո պապաս Ախպարաշենում հող է գնել, տուն ենք սարքել (դժվարությամբ գնեցինք այդ հողը, չէին ծախում՝ ասում էին, դուք որտեղից եկել եք, էնտեղ գնացեք): Պապաս գործի է ընդունվում Ներքին Չարբախում՝ վադապրովոդչիկ, մենք դպրոց ենք գնում: Հիշում եմ՝ սկզբից Սիբիրից եկանք, թաղի երեխաները մեզ հետ չէին խաղում, մենք հայերեն չգիտեինք, ասում էին՝ սրանք ռուս են: Հետո դպրոց գնացինք, դպրոցում եւ թաղում մեզ ասում էին ախպարներ, իսկ հայրենադարձված հայերի շրջանակում էլ մեզ ասում էին այնճարցիներ: Մենք էլ, չգիտեմ ինչու, նեղվում էինք, մեր անունն էլ չէին տալիս, ասում էին այնճարցու աղջիկը, այնճարցու տղան: Հետո որ Լիբանան եկանք, էստեղ էլ մեզ ասում էին հայաստանցիներ, դրանից էլ էինք մի քիչ նեղանում: Հիմա ի՞նչ ենք, ես էլ չգիտեմ:
Ուրեմն Երեւանում պապաս աշխատում էր։ Շատ խիստ եւ գործին նվիրված մարդ էր։ Իր ձեռքի տակ աշխատողները բոլորն այնճարցիներ էին։ Հիշում եմ, որ մեր տուն էին գալիս, գանգատվում, ասում էին՝ ինքը մի րոպե չի նստում, մեզ էլ չի թողնում, որ նստենք:
Ուրեմն, մենք արդեն մեծ էինք, դպրոցն ավարտեցինք, աշխատում էինք, լավ էինք վիճակով, բայց մեր կյանքում երկու հատ դեպք եղավ, որ մեզ ստիպեց ամեն ինչը թողնել եւ հիասթափված ետ գալ Լիբանան: Եղբայրս պիտի ամուսնանար, հարսանիքին Այնճարից շատ բարեկամություն եկավ, մամայիս կողմը շատ մեծ էր, գրեթե բոլորն էլ իրենց տղաներով, աղջիկներով եկան հարսանիքին: Պատրաստվում էինք հարսանիքին, ուրեմն հարսանիքի բոլոր ապրանքները մամաս ամիսներով «տակից» առել, պահել էր մեր նկուղում, ոչ մի բան պակաս չէր, ուտելիքից մինչեւ շոկոլադի տեսակները պահված էին մեր մառանում: Մի օր էլ հարսանիքից առաջ, հյուրերը վերը քնած էին, մեկ էլ ես վար իջա, տեսա մառանի կողպեքը բաց, զարմացա, մամայիս կանչեցի, ներս մտանք, տեսնենք ամեն ինչ գողացել- տարել են: Հարեւանները հավաքվեցին նրանց ձայների վրա, հյուրերը իջան, մենք հյուրերին չէինք ուզում ասել, բայց ամեն ինչ հասկացան: Մեկ էլ մորաքրոջս տղան ասաց. «Ասանկ բա՞ն կըլլայ, կուգան տունեն ասանկ կգողնան կտանե՞ն»: Զարմացել էր, որովհետեւ Այնճարում մինչեւ հիմա մարդիկ դռները բաց են քնում, մեկը մյուսի տնից գողություն չի անում: Ասաց. «Ասիկա ասանկ չըլլար, դուք հոս անտեր, մեն-մենակ մնացել եք, մենք հոն ուրախ կապրինք, վեր կացեք եկեք մեր քովը: Ես ձեր թուղթերը պատրաստեմ, եկեք»:
Դրանից հետո մի ուրիշ դեպք էլ եղավ, որ մեզ ստիպեց վերջնականապես հավաքվել ու գալ: Մեր թաղում մեկը բեռնատար մեքենա ուներ: Ամեն օր որ թաղից դուրս էր գալիս, մեքենայով մեր տան անկյունի պատին քսվելով գնում էր, մենք ձայն չէինք հանում, մի օր էլ պապաս վարորդին ասաց՝ Վալո'դ, մի քիչ զգույշ, էլի, էնքան ես ավտոյով դպել, էս պատի քարն արդեն ընկնում է։ Էդ մարդու դուրը չի գալիս պապայիս ասածը: Մի օր էլ հայրս առավոտ շուտ այցելում է իր ծանոթներին, ասում է՝ ժամը տասներկուսին կգամ: Սպասում ենք, տասներկուսին չի գալիս, իր բոլոր ծանոթների տներով մեկ փնտրում ենք՝ պապաս չկա: Ոստիկանությանն ենք լուր տալիս, մեկ էլ գիշերվա ժամը երեքին ներս է մտում: Ուրախացած վազում ենք, դիմավորում, պապաս պատմում է, որ մեր այդ հարեւանի հանձարարությամբ հինգ հոգով իրեն փողոցից բռնել, տարել են Փարոսի անտառը, որ սպանեն: Ուրեմն, այդ հինգ հոգու մեջ մի մարդ պապայիս ճանաչել է՝ ասել է՝ էս խելոք մարդու՞ն պիտի սպանենք, անկարելի է, սա շատ բարի մարդ է, ու չի թողել պապայիս դիպչեն, թե չէ պապաս սպանած կլինեին: Այդպես, այս դեպքից հետո մենք դիմեցինք ՕՎԻՐ, թղթերն էլ մեր բախտից չորս ամսից եկան ու մենք լքեցինք Հայաստանը:
Վերադարձ դեպի Լիբանան
1980 թվականին ետ եկանք Լիբանան՝ Այնճար: Տատիկս Երեւանում արդեն մահացել էր, այնտեղ թաղեցինք: Մեծ քույրս ամուսնացել էր Երեւանում, ինքը մնաց, մենք բոլորով եկանք, եղբայրս չէր ուզում գար, նոր էր ամուսնացել, ինքնաթիռում կնոջն ասաց՝ Մանուշ, մի' մտածիր, գնանք, շուտ հետ կգանք: Այդպես էլ եղավ, եկավ, շատ չդիմացավ Այնճարում, հետ գնաց Երեւան, մեր տունը այնտեղ մնացել էր, մինչեւ հիմա եղբայրս Երեւանում է: Մի հետաքրքիր բան էլ ասեմ, եղբայրս չսիրեց Լիբանանը, բայց իր աղջիկը՝ Նվարդը (մամայիս անունն են դրել) մի քանի տարի առաջ մեզ այցի եկավ, այնքան սիրեց, որ այստեղ էլ ամուսնացավ, այստեղ էլ ապրում է: Այն ժամանակ, որ եկանք Այնճար, ամենաուրախը ես էի, քսանհինգ տարեկան էի, նոր միջավայր, նոր երկիր էր ինձ համար:
Եկանք մամայիս պապայի տունը, երկար ապրեցինք այդտեղ, մեր հարազատները մեզ շատ լավ ընդունեցին, տուն գնեցինք, սարքեցինք, նորից աշխատեցինք, հարմարվեցինք էստեղի կյանքին... Գալուց հետո հայրս ու մայրս երկու անգամ գնացել են Հայաստան, մեծ քույրս մեր գալու ժամանակ ամուսնացած էր, ընտանիք ուներ, այնտեղ էր մնացել, իր ու եղբորս մոտ էին գնում, հիմա քույրս Հայաստանում չէ, Ամերիկա է գնացել: Հայաստանում միայն եղբորս ընտանիքն է հորեղբորս կինն էլ, որ արդեն ծեր է, էլի Ամերիկայում է: Ես էլ մամայիս ու պապայիս էի պահում, իմ կյանքն էլ չդասավորվեց, չամուսնացա, շատ նվիրվեցի մամայիս ու պապայիս , ասում էի՝ իրենք մեզ համար այսքան չարչարվել են, ես իրենց պիտի պահեմ։
Էլիզի մանկական հիշողությունները՝ Սիբիրից
«Չնայած Սիբիրում ես շատ փոքր էի, բայց մի քանի բան հիշում եմ այնտեղից: Հիշում եմ, որ քրոջս՝ Ալիսի հետ մի օր թեյնիկը վերցրել, անտառ էինք գնացել՝ սմարոդինա հավաքելու, թեյնիկի կափարիչը կորել էր անտառում, ես ու քույրս նստել լացում էինք, վախենում էինք, որ տուն գնանք, մաման պիտի ծեծի, այդպես շատ վախեցած տուն գնացինք, բայց մայրս չբարկացավ:
Ուրիշ մի բան էլ եմ հիշում, ես ու եղբայրս ՝ Պետոն, Սիբիրում ենք կնքվել: Մեր կնքահայրը մի ռուս մարդ էր, ամբողջ օրը քնում էր իրենց բակում, չէր աշխատում, մենք գնում էինք իր կոշիկները հանում, պահում էինք, կինը գալիս իրեն ճիպոտով ծեծում էր, ասում էր՝ ինչո՞ւ ես քնել, որ կոշիկներդ կորցնես:
Սիբիրից հիշում եմ, որ մի օր մեր այնտեղի տունը հրդեհվեց, եւ պապաս մտավ կրակների մեջ, սկսեց տան ապրանքները դուրս նետել: Մարդիկ գոռում էին՝ Կարապետ, դուրս արի, պիտի այրվես, ասում էր, չէ՝ մեր Մուսա Լեռան գյուղի հողերի եւ այգիների թղթերը ներսն են, պիտի ազատեմ: Իրենք, որ Մուսա լեռից Լիբանան էին եկել, այնտեղ մեծ հողեր եւ այգիներ են ունեցել, դրանց սեփականության թղթերը հայրս իր հետ Լիբանան էր բերել, հետո էլ Սիբիր էր տարել, հույսով, որ մի օր կվերադառնան եւ այդ թղթերով կտիրանան իրենց հողերին: Այդպես էլ այդ թղթերը չկարողացավ փրկել, այրվեցին, գնացին: Պապայիս մազերը այդ հրդեհից այրվեցին, հետո էլ նորմալ մազեր չաճեցին:
Հիշում եմ, որ տատիկս պապիկիս հետ Սիբիրում չէր խոսում, խռով էր: Նույնիսկ պապիկս հիվանդացավ, անկողին ընկավ, տատիկս հետը չխոսեց, այդպես էլ մինչեւ մահ խռով մնաց: Շատ նեղված ու վիրավորված էր, որ պապիկս համաձայնել է ներգաղթել, ընտանիքին բերել է: Մամաս էր պապիկիս պահում հիվանդ ժամանակ, տատիկս այդպես էլ մինչեւ վերջ չխոսեց պապիկիս հետ:
Մի օր էլ մեծ քույրս հարեւան գյուղում կորել էր: Ինքը մեծ էր, դպրոց էր գնում, մենք դեռ փոքր էինք: Մեր գյուղում դպրոց չկար, իրեն մեր հարեւան գյուղի դպրոց էին ուղարկում, հետո մամաս գնում, բերում էր: Մամաս իրեն հանձնարարել էր, որ ինչքան էլ ուշանամ, դու ոչ մի տեղ չպետք է գնաս, դպրոցի մոտ ինձ կսպասես: Մի օր էլ գնում է, որ բերի, տեսնում է քույրս չկա: Ձին քշելով ետ տուն է գալիս, քույրս չկա, լաց ու կոծ են, դնում, սկսում են փնտրել, էդ երկու գյուղի ժողովուրդը, ձիերը առած ընկնում են դաշտերը, որ քրոջս փնտրեն, ոստիկանությանն էլ են լուր տալիս: Դու մի ասա, քույրս էլ տեսնում է, որ մայրս ուշացել է, գլուխն առնում է, որ իբր մենակ տուն գա եւ այդ գյուղերի կարտոֆիլի ցանքերի մեջ մոլորվում է: Վերջապես ռուս գյուղացիները գտնում են իրեն, եւ հիշում եմ, որ պապաս մի շաբաթ ամեն օր սեղան էր դնում եւ այդ ռուս մարդկանց հետ օղի էր խմում։ Այդ գյուղում (ուր քույրս դպրոց էր գնում) էլի այնճարցի մի ընտանիք է լինում, դրանից հետո մամայիս ասում է, երեխային թող մեր տանը, միայն տեղաշորը բեր, մենք ավելորդ տեշաշոր չունեք, մեր տանը կմնա, էստեղից էլ դպրոց կգնա: Էդպես քույրս էնտեղ մնում, էնտեղից էլ դպրոց էր գնում, միան կիրակի էին բերում մեր տուն... Այս էլ քույրիկիս պատմությունը: Մեծ քույրիկիս շատ եմ սիրում, որ Երեւանում էր, ամեն տարի գնում էի իր մոտ, երբ որ Ամերիկա գնաց, էլ դրանից հետո Երեւան չեմ գնացել։
Անուշ Թրվանց