Ներգաղթել է 1946 թվականին Հալեպից

Գեւորգ Դեմիրճյան

ՄԵՐ ԱՊՐԱԾ ՏԵՂԵՐՆ ԱՅԼԵՒՍ ՉԿԱՆ

1946-ի սեպտեմբերին Հալեպում բախտորոշ վիճակահանություն էր։ Ընտրվում էին այն հայերը, որոնք տարիների դեգերումից հետո պետք է գնային Հայրենիք։ Գեւորգը Դեմիրճյանն այդ ժամանակ 10 տարեկան էր, ապրում էր մորեղբայրների հետ։ Հայրը դժբախտ պատահարի զոհ էր դարձել։ Գեւորգի տատը քաշում է բախտավոր տոմսակն ու նրանց ընտանիքը ճամփա է ընկնում դեպի Սովետական Հայաստան։

Բաթումի հասնում են «Ռոսիա» նավով, իսկ Բաթումից Երեւան՝ ապրանքատար գնացքով։ Դիմավորողների անկազմակերպության պատճառով ներգաղթողների իրերը մնում են նավահանգստում։ «Քեռիներս մնացին, որ կարողանան բեռներն ապահով տեղ հասցնել։ Բերել էինք ամբողջ տան ապրանքը՝ գորգեր, կահույք, անգամ ջութակ եւ ուդ: Նաեւ ուտելիք` պարկերով սուրճ ու մեծ տարաներով յուղ: Մեր ապրանքն անվնաս տեղ էր հասել, բայց հիշում եմ, որ հարեւանների գորգերն ամբողջ փտել էին խոնավությունից ու ջրից: Երեւի մերը ինչ-որ ծածկի տակ էր մնացել: Մի զարմանահրաշ պահարան էինք բերել` հսկա հայելիներով՝ քանդվում, հավաքվում էր: Ով մտնում էր, այդ պահարանից էր հարցնում: Հետո մեկին նվիրեցինք, եկանք այստեղ». հիշում է Գեւորգ Դեմիճյանը: 

Դեմիրճյաններին սկզբում իջեցնում են Երեւանի Բերիայի (Շահումյանի) շրջանում, սակայն այստեղ ծանոթ մի ընտանիքի հանդիպելով՝ գնում են Խարբերդ, ուր նրանց հատկացվում է մեկ սենյակ` փոքրիկ նկուղով ու հարեւան սենյակից բաժանող կես միջանցքով: Այստեղ տեղավորվում են ընտանիքի ութ անդամները: «Երբ տեղ հասանք, կանայք ձեռները ծնկներին էին խփում՝ էս ուր եկանք: Մեղադրում էին ագիտատորներին, մեկը մյուսին, փոքրերն էլ ծնողներին էին մեղադրում». տրտմությամբ հիշում է Գեւորգը: 

Դեմիրճյանները տան կողքին փոքրիկ գոմեր են կառուցում, որտեղ սկսում են պահել հավ, կով, նապաստակ, ստեղծում իրենց փոքրիկ տնտեսությունը: Միաժամանակ սննդի եւ այլ կարիքների համար սեւ շուկայում վաճառքի են հանում իրենց հետ բերած հագուստի մի մասը: 

«-Երբ հարս գնացի իրենց տուն, մի օր ուզեցի բարձը քանդեմ, որ լվանամ: Մեկ էլ տեսնեմ բարձի մեջ մետաքսե երեւի մի 100 հատ փողկապ. սկեսուրս էր պահել,- զրույցին միանում է Գեւորգի կինը՝ Հերմինեն։- Իրենք Խարբերդի մեջ ամենահարուստ հայրենադարձներն էին։ Երբ մի բան էր պետք լինում, իրենցից էինք ուզում»։

Տեղացիների ու նորեկների տարբերությունը Խարբերդում ընդգծված չէր, քանի որ վերջինները նախապատերազմյան ներգաղթողների հետ մեծամասնություն էին։ Գեւորգը հիշում է 40-ականների վերջի վախի մթնոլորտը, երբ ամեն ոք՝ հայրենադարձ թե տեղացի, սպասում էին իրենց հերթին։ «Աքսորից շատ էինք վախենում, քանի որ Խարբերդից մի քանիսին արդեն տարել էին: Երբ մեր ծանոթներից մեկին աքսորեցին, մայրս վախից մեր ամբողջ հարուստ գրականությունն այրեց»: 

Վախից բացի նաեւ ապրուստի խնդիր կար։ «Մեծերին 300 գրամ հաց էին տալիս, երեխաներին` 500: Առավոտ շուտ ժամը վեցին պետք է գնայինք հերթ կանգնեինք, որ հաց ստանայինք: Ում հասավ` հասավ, ում` չէ, այդ օրը մնում էին առանց հաց: Անտանելի վիճակ էր: Առավոտը դպրոց չէինք գնում, որ հացի հերթ կանգնեինք»: 

Գեւորգն ավարտում է Երեւանի Ավտոճանապարհային տեխնիկումը: Մեքենավար է աշխատում Երքիմշին Տրեստում, նաեւ՝ վերելակների մեխանիկ: ԱՄՆ արտագաղթելուց հետո՝ շատերի նման, աշխատանքի է անցնում է ոսկերչական ձեռնարկությունում: Հիմա թոշակառու է։ 

«Ես մի անգամ որպես տուրիստ եկել-գնացել էի: Մնում էի հորաքրոջս տանը: Նրանք հայերեն չէին խոսում։ Ամբողջ օրը հեռուստացույց էին նայում, որի լեզուն ես չէի հասկանում: Մտածում էի՝ ե՞րբ է էդ 40 օրն անցնելու, որ վերադառնամ իմ տունը». պատմում է Գեւորգը:

Հայաստանում վիճակը գնալով վատանում էր։ Երեխաները, արտագաղթողներին նայելով՝ ծնողներին ստիպում էին դուրս գալ երկրից: «Ախուվախով ապրում էինք, օրենքներից էինք դժգոհ: Հասարակ բան, ջուր պետք է քաշեիր, թույլտվությունը ստանում էիր, բայց գործ անողներին պետք է կաշառեիր, որ աշխատեին։ Անընդհատ կաշառք, կաշառք…»։ 1990-ի մարտին Գեւորգի ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ:

Թեման շարունակում է տիկին Հերմինեն` պարզաբանելով արտագաղթի ճամփան բռնելու պատճառները. «Վախը միշտ կար: Երբ հարս եկա, ավելի ռիսկով էի: Ես մանկավարժ էի: Այդ տարիներին մանկավարժներին թույլատրում էին տունը նորոգել: Երբ քարը բերեցին տուն, սկեսուրս վախեցած եկավ, թե բալա ջան, ի՞նչ ես անում, հիմա ոստիկանները կգան, տղայիս կտանեն բանտ: Ես բացատրում էի, որ ամեն ինչ օրենքով է, բայց միեւնույն է վախենում էին: Մինչեւ կյանքի վերջը նա այդպես էլ Սիբիրի վախով ապրեց»:

Հայաստան հայրենադարձվելով Դեմիրճյանները Հայրենիք գտան, բայց իր ծննդավայրը` Սիրիան, Գեւորգը դեռ կարոտով է հիշում. «Միշտ ուզում էի մի անգամ գնալ, չստացվեց: Հետո գնացող-եկողներն ասեցին, որ մեր ապրած տեղերն այլեւս չկան, բոլորը քանդել են»։

Անի Դուզդաբանյան

Աքսորից շատ էինք վախենում, քանի որ Խարբերդից մի քանիսին արդեն տարել էին: Երբ մեր ծանոթներից մեկին աքսորեցին, մայրս վախից մեր ամբողջ հարուստ գրականությունն այրեց: