Ներգաղթել է 1946-ին Լիբանանից / Մահացել է 2015-ին Ըրվայնում (ԱՄՆ, Կալիֆորնիա

ՀԱՐՈՒԹ ՊԱՐՍԱՄՅԱՆ

1946-ի սեպտեմբերի 15-ին Բեյրութում նստեցինք ռումինական «Տրանսիլվանիա» նավը, որը Սովետական Միությունը վարձել էր ներգաղթի համար: Մոտավորապես 6000 հայ էդ օրը ՝ Բեյրութից, Հալեպից, Դամասկոսից, Հայֆայից մտան էդ նավը: Անցանք Դարդանելը, անցանք Բոսֆորը, մտանք Սեւ ծով, հասանք Բաթում:

Էդտեղ զինվորական բարաքներում մնացինք մի տասը օր, մինչեւ որ էդ ամբողջ ժողովուրդի բեռները իջեցրեցին նավից: Հայաստանի ներգաղթի կոմիտեի մարդիկ խոսում էին ընտանիքների հետ եւ որոշում, թե ում Հայաստանի ո՛ր քաղաքը կամ գյուղը պիտի ուղարկեն:

Բաթումից գնացքով անցանք Հայաստան:

Որովհետեւ պապայիս դիրքը Բեյրութում շատ բարձր էր, լավ կապեր ուներ Սովետական դեսպանության հետ, մեր ընտանիքին հատուկ վերաբերմունք ցույց տվեցին եւ մեզ երկու ուրիշ ընտանիքների հետ տեղավորեցին մի հատուկ, փոքր բարաքի մեջ: Մեծ բարաքների մեջ, որտեղ հարյուրավոր ընտանիքներ էին մնում, պետքարան չկար, բարաքի հետևի պատերի տակ էին անում, լվացվում էին բակում:
Իսկ Բեյրութում գովերգում էին՝ մի Հայաստան՝ մի հայություն, էնդեղ ձեզ սպասում են նոր տներ, ամեն տեղից կաթ ու մեղր է հոսում։

Իմ պապան կոշկակար էր, Հայաստան գալուց առաջ կոշիկ սարքելու ստանոկներ (հաստոցներ) գնեց Անգլիայից եւ Ֆրանսիայից, դրանք նավով մեզ հետ բերեցինք Բեյրութից: Բաթումում, երբ որ էդ 25 հսկա սնդուկները իջան, ընկեր Հարությունյան անունով մի հատ քոլոնել՝գնդապետ, կար, ասաց՝ էս քո սարքերը Հայաստան չենք կարող տանել, էնտեղ էներգիայի վիճակը լավ չի, առայժմս մեկ-երկու տարով պիտի տանենք Ռուսաստան, մինչեւ Հայաստանում էներգիայի վիճակը լավանա։ Մենք էդ գործիքների երեսը էլ չտեսանք: Մեր շորեղենի, մյուս իրերի 4 սնդուկներն էլ՝ մինչեւ Բաթումից Երեւան հասանք, անհետացան: Կնոջ եւ տղամարդու կոստյումներ կարելու կտորեղեն էլ կար մեջը, կոշիկ կարելու կաշվեղեն։

Հայրենադարձության պատճառը, ասում էին, թե բնակիչների որոշ քանակ պետք է ապահովվեր, որ հանկարծ Հայաստանը օթոնոմ (ինքնավար) հանրապետության չվերածվեր՝ որեւէ հարեւանի կազմում: Բայց Վրաստանում և Ադրբեջանում մեկ ու կես միլիոն հայություն կար, Ռուսաստանում մեկ ու կես միլիոն հայություն կար, թող Մոսկվան գնացքների մեջ լցներ էդ ժողովուրդին ու բերեր Հայաստան՝ փոխանակ միլիոններ ծախսեր Եվրոպայից կամ Միջին Արեւելքից դրսի հայերին բերելու, որոնք էնտեղ հազիվ արդեն իրենց կյանքը դասավորել էին:

Սովետական Միությունը Հայաստանի ազգային շահերին մեկ կոպեկի նշանակություն չի տվել, ինչի՞ մասին է խոսքը: Մեկ էլ որ ասում են՝ պատերազմից հետո Արեւմտյան Հայաստանի հողերը Թուրքիայից խլելու համար Կրեմլը սփյուռքահայությանը լցրեց Հայաստան: Չէ՛, եղբա՛յր, երբ մտանք Հայաստան, էնտեղ հողերի մասին խոսք անգամ չկար: Սովետին էն ժամանակ պետք էր, որ միջազգային դիմագիծ ցույց տար, թե ճնշված եւ հալածված փոքր ժողովուրդներու պաշտպան է: Եվ հարյուր հազարավոր հայեր դարձան էդ դիմագիծի պեշկան (զինվոր), որին շախմատի սեղանի վրա զոհում են, որպեսզի մեծ խաղը հաղթեն:

Ա՛յ, էդ դարձանք մենք` սփյուռքահայերս, ներգաղթելով էդ զոհը դարձանք: Հետո էլ՝ աքսորը: Հիմա էլ աշխատող ուժ էր պետք Սիբիրում ու էլի մեկ բան՝ հանկարծ չլինի՞, որ որեւիցե ազգայնական գաղափարախոսություն առաջանա Հայաստանում: Քրեմլինի՝ Կրեմլի մտահոգությունը դա էր:

Մեր գալուց երեք ու կես տարի հետո՝ 1950-ին, պապայիս աքսորեցին: Մեր տունը եկան գիշերը, 4 հոգով խուզարկեցին, տոպրակներով ոսկեղեն, ոսկի դրամ կար՝ մոտ 3 միլիոն ռուբլի արժեքով, հավաքեցին, վերցրին, պապայիս էլ տարան որպես հայրենիքի դավաճան: Շատ տարիներ հետո գործը կարդացի. իբրեւ թե պապաս կազմակերպում էր մի խումբ հայրենադարձների փախուստը՝ Հայաստանից Թուրքիա: Բայց իրականության մեջ պապայիս ամենամեծ հանցանքը էն էր, որ Բեյրութում մասոն էր եղել: Դեռ Հալեպում ֆրանսիացի զինվորական սպաները առաջարկել էին, որ պապաս մասոն դառնա, որովհետեւ լավ մարդ էր, հարուստ մարդ էր: Սովետական Միությունը մասոնականությունը համարում էր հակասովետական ամենամեծ կազմակերպությունը:

Արդարացվելուց հետո՝ 1955-ին ԿԳԲ-ն տասը հազար ռուբլու փոխահատուցում արեց էն գիշերը խլված 3 միլիոնի դիմաց: Իրեն ասել էին, որ էդ խուզարկողները, մեկի ազգանունը Բարսեղով էր, յուրացրել են իր ոսկին, հիմա նրանք գնդակահարված են…Պապաս լագերում (ճամբար) հինգ տարի եղավ ու լյարդի հիվանդություն ձեռք բերեց։

Մենք բոլորս բարձրագույնում էինք սովորում. ես Պոլիտեխնիկում էի, ինձանից մեծ եղբայրս` Օնիկը, բժշկական ինստիտուտում, մեր ամենամեծը` Պարսամը, ֆիլոլոջի (բանասիրություն) էր սովորում: Բայց պապայիս բռնվելուց հետո՝ մինչեւ ազատվելը, ես ու Պարսամը գիշերները կոշկակարություն էինք անում. Թիֆլիսում զակազները (պատվեր) ընդունում էինք, ոտքի չափսերը վերցնում, Երեւանում սարքում, տանում էինք Թիֆլիս:

Էդ առեւտուրը թույլատրված չէր, դրա համար Պարսամը Թիֆլիսում թենիս խաղացող էր ձեւանում՝ սպորտսմենի պայուսակով, ես էլ՝ դե թոփալ եմ, ի՞նչ թենիս խաղացող, ջութակի պատյան էի բռնում, որպեսզի մեզ չմատնեինք: Կոնսերվատորիայի մի պառավ պրոֆեսոր կար, էլ չէր նվագում, ես էլ իրենից առա ջութակի էդ տուփը:

Մի օր Թիֆլիսում ավտոբուսից իջա, կամրջի վրայով քայլում եմ դեպի զակազչիկի (պատվիրատուի) տուն, տեսնեմ՝ դեռ ավտոբուսի միջից կասկածելի թվացող երկու մարդ հետեւիցս գալիս են: Կանգնեցի, կոշիկներով տոպրակը դրեցի կամրջի էդ պատին (բազրիքին), իբր թե սիգարետ պիտի վառեմ, խփեցի, տոպրակն ընկավ ջուրը: Սրանք, թե՝ էդ ի՞նչ էր, ասի՝ Տոլստոյի չորս հատորներն էին, տանում էի ընկերոջս… Աստված երեսիս նայեց, որ գրպաններս չստուգեցին. հազարավոր ռուբլիներ կային:

Պոլիտեխնիկն ավարտելուց հետո աշխատում էի Մերգելյանի՝ մաթեմատիկական մեքենաների ինստիտուտում: Մոսկվայում լուծելիք երկու խնդիր ունեի։ Առաջինը՝ կոնքոսկրիս հիվանդությունն էր սրվել, պետք է բժշկի գնայի։ Երկրորդն՝ ուզում էի ասպիրանտուրա ընդունվել:

Մոսկվայի Մետրոպոլ օթելում (հյուրանոց) էի մնում. մենեջերի աղջիկը` Գալինան, Բաումանի ինստիտուտում իմ դասընկերուհիս էր ու գըրլֆրենդս: Հաջորդ առավոտ իջա ռեստորան, մի հատ արաբ մարդ էր նստած եւ մատուցողուհուն օտար լեզվով բացատրում էր՝ ինչ է ուզում ուտել: Աղջիկը բան չէր հասկանում, ես հասկանում էի: Իմ նստած տեղից թարգմանեցի: Էս մարդը շատ հետաքրքրված էր, թե սովետական ջահել տղան որտեղի՞ց գիտի էդ լեզուն: Պատմեցի, որ մենք Բեյրութից ենք, հայրենադարձ ենք, էնտեղ սովորել եմ ես… Ու վերջ, ինքն իր ավտոն նստեց, գնաց, ես մետրո իջա, որ գնամ իմ Բաումանսկի ինստիտուտը:

Երկու օր հետո էլի իջա նախաճաշի, էս մարդը էլի նստած է, արաբերեն հրավիրեց իր սեղանին: Պարզվեց, որ Եգիպտոսի Միացյալ Արաբական Հանրապետության կրթության մինիստրի տեղակալն էր: Եկել էր Մոսկվա՝ դասագրքերը ռուսերենից արաբերենի թարգմանելու հարցով: Հինգ րոպե չանցած՝ երկու հոգի եկան մեր կողքի սեղանի մոտ նստեցին։

Մի քանի օրից ինձ բռնեցին, սկզբից տարան միլիցիա՝ Պետրովկա: Ինը օր պահեցին, հետո տարան ԿԳԲ, որտեղ պահեցին երկու ամիս: Ուզում էին, որ ես խոստովանեմ, թե էդ արաբ մարդը, որը նույնպես մասոն է, մեսիջներ էր բերել, որոնք պիտի տանեի պապայիս: Չստորագրեցի իրենց ուզած ցուցմունքը, մի ութ-տասը օր ինձ կոխեցին հատուկ տեղ: Մեկ էլ մի օր եկան, կանչեցին նոր հարցաքննության: Հարցաքննողի նպատակն էր, որ ես գնամ Սիրիա և Լիբանան, հայ երիտասարդներին համոզեմ Հայաստան գալ՝ ուսանելու, հետո դրանց միջից ջոկեն ԿԳԲ-ի սփայ՝ լրտես դառնալուն հարմար մարդկանց: Ասի՝ ախր, ես չեմ ուզում գնամ Բեյրութ, ես ուզում եմ ասպիրանտուրաս ավարտել: Էս մարդը գնաց, կորավ, էլ ինձ չի կանչում:

Հաջորդ հարցազրույցին մի մարդ ու մի կին էին, ասում էին՝ քեզ էստեղից հանում ենք, բայց թուղթ ստորագրի, որ մարդ չպիտի իմանա, որ էստեղ ես եղել: Հիսունութ օր էնդեղ էի, բայց թուղթը ստորագրեցի: Եվ փոխանակ տուն ուղարկելու, էլի հետ տարան Պետրովկա:

Մի խոսքով, ինձ դատապարտեցին մեկ տարով, եւ էն էր պատճառը, որ Մոսկվայի փոստատան շենքի մոտ դոլար-մոլար էի առել, ծախել: Յոթ ամիս նստելուց հետո ազատվեցի, 1959-ին եկա տուն. բայց էդ արանքի հիսունութ օրը ոչ մի տեղ արձանագրված չկա: Հաշվիչ մեքենաների իստիտուտ ինձ չվերցրին, քանի որ դարձել էր զասեկրեչեննի՝ գաղտնի:

Մերգելյանը շատ նեղվեց, որ ինձ չեն ընդունում, որովհետեւ ես էդ Հրազդան մեքենա-քըմփյութերի (համակարգչի) գլխավոր ինժեներն էի: Երաշխավորեց, որ Ակադեմիայի էներգետիկայի ինստիտուտում աշխատեմ: Նորքում էր։ Դիրեկտորն Ադոնցն էր։ Նրա հետ հակասության մեջ մտա, թողեցի-եկա Պոլիտեխնիկ ինստիտուտի գիտահետազոտական բաժին. քըմփյութերի դասախոս էի հինգ տարի՝ մինչեւ Ամերիկա գալս:

Մամաս երկու եղբայր ուներ Ամերիկայում, որոնք՝ Եղեռնից որբացած փոքր տղերք, ամերիկյան որբանոցների մեջ էին պահվել, հետո նրանց բերել էին Ամերիկա: Փոքր եղբայրը՝ Գրիգորը, Դեթրոյթում դարձել էր բժիշկ, իսկ մեծ եղբայրը՝ Հովհաննեսը, Ֆլորիդայում էր. ուդ նվագող, ուտող-խմող քեֆչի մարդ էր: Նամակ գրեցինք մեր քեռուն: Ազնավուրի հետ համերգի եկած մի ֆրանսահայ նվագող՝ Վարդան էր անունը, իր նոտաների, բաների արանքը դրեց տարավ նամակը, որ այնտեղից Ամերիկա ուղարկի:

Գրիգոր քեռիս մեր նամակը ստացել էր: Մեկ շաբաթով Հայաստան եկավ: Հասկացրինք, որ մենք էստեղից պետք է դուրս գանք: Պապաս դեռ ողջ էր: Քեռիս պապայիս էլ թղթեր ուղարկեց, բայց երբ գնացինք ՕՎԻՐ՝ վիզաները խփելու, պապաս արդեն չկար:

Մինչև մեր տունը ծախելը, մենք ոչ մեկի չէինք ասել, որ Ամերիկա ենք գնում: Արդեն Մոսկվայում ապրող եղբայրս՝ Օնիկը, անգամ իր ռուս կնոջը չէր ասել, մինչև որ մենք էքզիթ (ելքի) վիզաները չստացանք։

...երբ մտանք Հայաստան, էնտեղ հողերի մասին խոսք անգամ չկար: Սովետին էն ժամանակ պետք էր, որ միջազգային դիմագիծ ցույց տար, թե ճնշված եւ հալածված փոքր ժողովուրդներու պաշտպան է: