«Ճակատագիրը չթողեց, որ ես սովորեմ։ Բեյրութից Դիլիջան, Սիբիր… չկարողացա սովորել: Եթե ես ուրիշ կյանք ունենայի, շատ բան կկարողանայի ասել». Պերճուհի Քրալյանն այսպես է սկսում իր կյանքի պատմությունը, որը նրան բերել-հասցրել է ևս մի օտար երկիր` Ամերիկայի Միացյալ Նահանգներ` ճակատագրով արդեն չորրորդ բնակավայրը:
Պերճուհու մայրն Ադանայից է: Ծնվել է Ցեղասպանության օրերին։ Մեծացել է Կիպրոսում, ավարտել «Մելքոնյան» վարժարանը: Հոր ընտանիքը Թուրքիայի Էվերեք գյուղից է: Նույն պատճառով հայրը հայտնվել է Բեյրութում, այնտեղ ստեղծել իր ընտանիքը: Պերճուհու մանկությունը լեցուն է մոր` վարժարանում սովորած դաշնամուրի հնչյուններով և հոր ֆրանսիական բանակում անցկացրած ծառայության մասին հուշերով:
Նրա հուշերի նոր շրջանը սկսվում է 1946-ից, երբ ընտանիքը հայրենադարձվում է Հայաստան: «Մեծ մամաս, որ մեզ մեծացրել էր, և մորս եղբայրները մնացին այնտեղ: Շատ դժվարությամբ բաժանվեցինք: Մայրս ընդհանրապես չէր ուզում գալ, բայց հայրս երկու ոտքը դրեց մեկ կոշիկի մեջ, որովհետև հայրենասեր էր, ասաց՝ պետք է տանեմ իմ երեխաները, որ Հայաստանում կրթություն ստանան». հիշում է Պերճուհին:
Պերճուհու ընտանիքին հայրենադարձվելուց հետ պահողը նրա քեռու քրիստոնյա արաբ կինն էր։ «Նա պապայիս ասաց՝ եթե իմանամ՝ չհավանեմ կարող եմ հետ գալ, ես էլ երեխաներիս կհավաքեմ ձեզ հետ կգամ։ Տե՛ս, թե ինչ խելացի խոսք ասաց այդ կինը». ափսոսանքով հիշում է Պերճուհին:
Հայրենադարձ ընտանիքին տուն են տրամադրում Դիլիջանում: Երկու տարի անց նրանք տեղափոխվում են Երևան: «Հայաստան գալուց առաջ մեծ մամաս բոլորիս համար տաք հագուստներ կարեց եւ դրեց սնդուկներում: Հայրս կոշիկի երեսպատող էր: Նրա մեքենան փաթաթեցինք խալիի մեջ, որ հայրենիքում դրանով աշխատի»:
Երևանի Արաբկիր թաղամասում, պետությունը վարկով հողամաս է տրամադրում։ Պերճուհին սկսում է դպրոց հաճախել: Հայրն ամեն տեղ հպարտությամբ խոսում է ֆրանսիական բանակի ծառայության մասին: Մի օր էլ բակում նստած ասում է՝ տեր հայր լիներ, այս երեխաներին կնքեր։ «Ես 6-րդ դասարանի աշակերտ էի, հունիսի 13-ի գիշերը, 1949 թվականի եկան, մեզ Սիբիր աքսորեցին»:
Սիբիրում նրանց տանում են Ալթայի երկրամասի Սարոկինսկի շրջանի Զալեսիխա գյուղը: «Այստեղ յոթ հայ ընտանիք էր` երկուսը հայրենադարձ, հինգն` Արցախից` պատերազմում գերի ընկած զինվորների ընտանիքներ: Իջանք, մեզ փայտե մի տուն տվեցին: Օգնեցին ռուս դրացիները: Մեկը եկավ մի դույլ կաթ բերեց, մյուսը` կարտոֆիլ: Ասում էին, որ իրենց նախնիներն էլ ասքորյալներ են եղել». հիշում է Պերճուհին:
Փոքր եղբայրն սկսում է հաճախել գյուղի դպրոցը: Բոլորն`անկախ տարիքից, մի դպրոց էին գնում, միասին նստում ու ռուսերեն սովորում: «Զրոյից վար մինչև 25 աստիճան ցուրտ տեսել ենք: Երբ դպրոց էինք գնում, մեր շնչից թարթիչների վրա սառույց էր կապում: Մենք Բեյրութում ե՞րբ էինք տեսել նման ցուրտ»:
Աշխատանքը կոլտնտեսության համար աշխօրով նախատեսված հունձքն ու ցանքն էր, որի դիմաց ընտանիքը սնունդ էր ստանում, բայց պետք է աշխատեին նաեւ պաշար հավաքելու համար. «Մի օր խոտը հնձելիս գերանդիով ոտքս կտրեցի: Այնքան ցուրտ էր, որ չզգացի: Մի քանի րոպե անց արյան տաքությունը զգալ տվեց, նոր տեսա, որ ոտքս կտրել եմ: Հայրս ուզեց տեսնել վերքս, ամաչում էի». հիշում է Պերճուհին:
Մի օր հայրը Պերճուհուն խնդրում է Ստալինին նամակ գրել: «Ասեցի՝ ո՞նց գրեմ, մարդ միայն նրա անունը լսելիս վախենում է»։ Այնուամենայնիվ գյուղապետից վերցնում է Կրեմլի հասցեն ու հոր անունից շարադրում նամակը՝ ներկայացնելով պատմությունն ու աքսորը։ Հայրն ընկեր Ստալինից նախ ուզում է իմանալ իրենց մեղքը, հետո խնդրում տուն վերադարձնել։ Նամակը մնում է անպատասխան։
Մեկ տարի անց հայրը կրկին խնդրում է գրել: «Փոստը հասնելու համար պետք է ոտքով չորս կիլոմետր գնայի, որ դրոշմանիշները կպցնեի եւ ուղարկեի: Հիմա, որ աղջիկս այստեղ նամակներ է ուղարկում, հիշում եմ այդ բոլորը». ասում է Պերճուհին:
1953-ին Ստալինը մահանում է: «Վախենում էինք իրար ասել այդ լուրը: Կովը կթելու համար գնացի գոմ, որը մեր դրացու ախոռի կողքին էր: Հարեւանուհուն ասեցի՝ գիտե՞ս Գյուլիզար տատիկ, Ստալինը մահացել է: Ասեց՝ սուս արա, բալա ջան, սուս արա, էստեղից ավելի վատ տեղեր կան». երկյուղով մատը շրթունքներին է դնում Պերճուհին:
Վեց ամիս անց նա գրում է երրորդ նամակը: Ստացվում է պատասխան, թե ընտանիքի հարցն ուղարկված է Երևանի ՆԳ նախարարություն. «Եւ գրված էր, որ դուք այնտեղից կստանաք Ձեր դրական պատասխանը: Այս մեկ բառը ինչքա՜ն հույս տվեց մեզ». հրճվանքով հիշում է Պերճուհին: Երեք ամիս անց գալիս է ներման թուղթը, որը թույլ էր տալիս ցանկացած ժամանակ կոմենդատուրայից ստանալ փաստաթղթերն ու վերադառնալ Հայաստան: Սկզբում վերադառնում է մեծ եղբայրը, հետո՝ ամբողջ ընտանիքը:
Արաբկիրում կիսատ մնացած տունը աքսորի յոթ տարիների ընթացքում տրվել էր ուրիշի: Սկզբում ապրում են մի բարեկամի տանը, մինչև պետությունը նրանց նոր տուն է հատկացնում «3-րդ մաս» թաղամասում: Երեւանում աշխատում է որպես բուժքույր: Հանդիպում է մի այլ հայրենադարձի, որի հետ էլ ամուսնանում և ընտանիք է կազմում: 1974-ին Պերճուհու նոր ընտանիքն արտագաղթում է ԱՄՆ:
Հայրենիքի հանդեպ Պերճուհին ոչ զայրույթ, ոչ էլ վիրավորանք չունի: Իր կյանքի պատմությունը ճակատագիր է համարում. «Հայաստանն ինձ ամուսին տվեց և երկու երեխա: Որ ասեմ, ավելի լավ բան է տվել` չէ»։
Անի Դուզդաբանյան