ՄԵՆՔ ԼԱՎ ՄԱՐԴԻԿ ԷԻՆՔ, ԲԱՅ ԱԽՊԱՐ ԷԻՆՔ
Հեռավոր Չինաստանից մինչեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սերոբ Կուշինյանի գերդաստանը երկար ճանապարհ է անցել։ Գաղթ, կրկին գաղթ, հայրենադարձություն եւ ի վերջո`արտագաղթ։ Սերոբն ասում է, թե Կուշինյանները 300-400 տարի առաջ Չինաստանից են եկել Թուրքիա եւ հաստատվել Բուրսայի Ջերախ գյուղում։
1996-ին նա կնոջ հետ եղել է Բուրսայում: «Այնտեղ եկա այն եզրակացության, որ հորս պատմությունը` մերոնց Չինաստանից գաղթած լինելու մասին, ճիշտ է, քանի որ այդ շրջանում Ջերախը միակ գյուղն է, ուր շերամապահությամբ են զբաղվում, ինչը հատուկ է Չինաստանին։ Ապրուստի հիմնական միջոցը դա է եղել: Վեց-յոթ գործարան ենք ունեցել, որտեղ աշխատել են ոչ միայն Ջերախի, այլեւ հարեւան գյուղի կանայք ու աղջիկները, չնայած այդ գյուղի հետ խնամիական ոչ մի կապ երբեք չենք ունեցել: Նրանք Պարսկաստանից էին, մերոնք՝ Չինաստանից. ջրերը մի առվով չէր գնում». ծիծաղում է Սերոբը:
Սերոբի ընտանիքի տղամարդիկ ծառայել են Օսմանյան բանակում, ինչի շնորհիվ փրկվել են աքսորից ու ջարդից։ Գնացել են Քոնիա (քաղաք Թուրքիայի հարավում), ուր մնացել են մինչեւ 1918-ը, հետո նորից վերադարձել գյուղ: Հույն-թուրքական պատերազմի ժամանակ Սերոբի ընտանիքը մի գիշերվա մեջ հավաքվել ու փախել է դեպի ծովեզերք, որտեղ տարբեր երկրների նավերից ընտրել են Բուլղարիա մեկնողը:
«Մերոնց ամբողջ ունեցվածքը մնացել է ծովափում, նույնիսկ այնքան խճողում է եղել դեպի նավ տանող կամրջի վրա, որ մարդիկ իրար տրորելով անցել են: Քույրս երկու տարեկան էր այդ ժամանակ: Երբ բարձրացել են նավի վրա, նկատել են, որ անգամ ներքնաշոր չի մնացել երեխայի վրա». պատմում է Սերոբ Կուշինյանը:
Կուշինյանները հաստատվում են Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում: Այստեղ Սերոբի հայրն ընտրում է վարսահարդարի մասնագիտությունը, մայրը՝ հին արհեստին հավատարիմ, աշխատանքի է անցնում մետաքսի գործարանում: Պլովդիվում Սերոբն ակտիվ երիտասարդություն է ունեցել։ Եղել է «Շանթ» սկաուտական կազմակերպության խմբապետ եւ կազմակերպիչ: Քսան տարեկան է եղել, երբ սկսվել է Մեծ Հայրենադարձությունը։
«1946թ-ի աշունն էր: Հայրենադարձների ցուցակներում շատերի համար տեղ այդպես էլ չգտնվեց. ցանկացողները շատ էին, հայրենիքի հնարավորությունները` քիչ: Բոլորն ուզում էին Հայաստան գնալ: Սկզբում գնացինք Բուրգաս, որտեղ բուլղարական մի դպրոցի շենքում մնացինք շուրջ մեկ ամիս, մինչեւ ժամանեց ռուսական «Կրիլիոն» նավը: Գնում էինք հայրենիք մեծ խանդավառությամբ…. Ի՜նչ պլակատներ, ի՜նչ լոզունգներ… Հաջորդ կայարանը Բաթումիում էր: Երիտասարդներով գիշերը փախանք Բաթումիում ման գալու: Տեսանք՝ շուկայում սեւ հացը ձեռքի վրա են վաճառում, զարմացանք՝ էս ո՞ւր ենք եկել». հիշում է Սերոբ Կուշինյանը:
Մեկ շաբաթ մնում են Բաթումում, հետո գնացքով ուղեւորվում Լենինական (Գյումրի): Մինչ քաղաք հասնելը 15-20 արհեստավորներով ստեղծում են «Պողպատ» արտելը, որում Սերոբն ընդգրկվում է որպես ապակեգործ։ Լենինականում նրանց տուն են հատկացնում: Սերոբի մորաքույրն, ով մինչեւ պատերազմն էր ներգաղթել, այցելում է քրոջ ընտանիքին: «Գրկախառնվեցին, մամաս ասեց` տե՛ս, ինչ օրն ենք ընկել, քույրիկ ջան։ Մորաքույրս էլ պատասխանեց՝ Ձեզ ասեցի գա՞ք, որ եկաք». հիշում է Սերոբը: Քույրերի միջեւ նամակագրություն միշտ եղել էր, բայց հայրենիք գալու հրավերք այդ նամակներում, երբեք էլ չէր եղել:
Չորս օր հետո Սերոբը մորաքրոջ հետ գնում է Երեւան: Որոշում է մնալ այնտեղ: Մորաքրոջ օգնությամբ նա իր ամուրի քրոջ ու իր անունով վարկով հող է վերցնում: Երեւանում Սերոբն աշխատանքի է անցնում ապակիների գործարանում: Մի քանի անգամ առիթ է ունենում փոխել ԿԳԲ-ի շենքի ապակիները: «Նրանց խանութից սպիտակ հաց կարելի էր գնել ». ծիծաղում է:
Սերոբ Կուշինյանի կարծիքով հայրենադարձները մեկուսացված էին ապրում: «Մենք չունեինք ոչ առավելություն եւ ոչ էլ հավասար էինք՝ «Նիշչի» կլաս: Իրավունք չունեինք կուսակցական լինելու եւ պաշտոններ գրավելու: Իմ արտադրության վարիչը ոչինչ անել չգիտեր, բայց քանի որ նախարարությունում ծանոթ ուներ` պաշտոնյա էր: Ես էի ամեն ինչ անում, աշխատում էի իր եւ իմ փոխարեն: Տեղացիների համար շատ անսովոր էր մեր հագուկապը: Մարդիկ չէին համակերպվում այն մտքին, որ մեր կենցաղն ավելի բարձր էր։ Չէի ասի, թե տեղացիների հետ չէինք շփվում կամ բարեկամություն չէինք անում։ Մենք նրանց համար լավ մարդիկ էինք, բայց՝ ախպար». պատմում է Սերոբ Կուշինյանը։
Հայտնի է, որ հայրենադարձները Հայաստանում զարգացրել են արհեստները` կոշկակարություն, դերձակություն, ապակեգործություն։ Նրանց շնորհիվ լիովին փոխվել ու հարստացել է տեղական խոհանոցը։ «Իսկ ի՞նչ ստացան հայրենադարձները Հայրենիքից» հարցին Սերոբ Կուշինյանը պատասխանում է առանց երկար մտածելու՝ բարձրագույն կրթություն։ «Հայրենադարձների ամենամեծ ձեռքբերումը բարձրագույն կրթությունն էր, որն այնքան էլ հասանելի չէր օտար երկրներում». վստահեցնում է Սերոբը:
1972 թվականից Սերոբը սկսում է մտածել արտագաղթելու մասին: «Մի լավ ընկեր ունեի Բուլղարիայում, Պլովդիվի քաղաքապետարանում էր աշխատում: Զանգեցի նրան, ասացի՝ ուզում եմ վերադառնալ: Խորհուրդ չտվեց, ասեց՝ գնա այնպիսի երկիր, որտեղ ավելի ամուր կզգաս քեզ»:
Սերոբը նախ տեղափոխվում է Բեյրութ, հետո՝ ԱՄՆ: Հեռանալը նա բացատրում է սովետական հասարակարգի անազատությամբ, ինչի հետ թե՛ ինքը եւ թե՛ հազարավոր հայրենադարձներ այդպես էլ չհաշտվեցին. «Հայրենադարձությունը ճիշտ էր, ղեկավարությունը ճիշտ չէր: Ես հիմա էլ նախընտրում եմ կոմունիստական կարգերը, միայն թե առանց բռնարարքների»։
Անի Դուզդաբանյան