Իհարկե ամբողջը չեմ հիշում, բայց գիտեմ, որ տանը շատ իրարանցում էր, ասում էին, որ հայրս հրաժարական է տվել իր կուսակցությունից, որ պիտի գանք Հայաստան: Մենք որբանոցում արհեստներ սովորեցինք, որ գանք հայրենիքին, Հայաստանին օգտակար լինենք:
Մեզ մեքենայով բերին մինչեւ Բեյրութ, 12 օր մնացինք կարանտին, հետո բարձրացանք «Ռոսիա» նավը: Թե քանի օր ենք եկել՝ չեմ հիշում, հիշում եմ, որ Բաթում հասանք, մոտավորապես երկու շաբաթ մնացինք:
Հետո բեռնատար մեքենայով բերին Բամբակաշատ գյուղը: Երկու շաբաթ մնալուց հետո հայրիկս մեզ տարավ Նուբարաշեն: Մեկ տարի բարեկամի տունը մնալուց հետո մեզ կոլխոզը տուն տվեց: Երկու տարի էլ էդ տանը մնացինք...
Հայրս հողագործ էր եւ կոլխոզ ընդունվեց աշխատելու: Էն ժամանակ ասում էին Ստախանով, էդպես պարգեւատրվեց եւ այլն... Հենց էդ տնից էլ մեզ աքսորեցին:
Արդեն տասը տարեկան էի: Եղբայրս Նուբարաշենում ֆուտբոլի էր մասնակցում, իրենք խմբով եկել էին Երեւան, որ պիտի խաղային: Գիշերվա կեսին եղբայրս վերադարձավ, ասեց ֆուտբոլի դաշտը ամբողջ մեքենաներ էին լցրել, տեղ չկար խաղալու, մեզ հետ ուղարկեցին: Բավական հետո մենք հասկացանք, թե էդ ինչ մեքենաներ էին:
Մի գիշեր՝ ժամը երկուս անց կես, դուռը թակեցին, հայրիկս բացեց, տեսավ՝ զինվորականներ, հրացանները ձեռքներին: Ասեցին, շուտ արեք, երկու ժամ ժամանակ ենք տալիս, հավաքվեք: Երկու ժամվա մեջ ի՜նչ կարելի էր հավաքել, բայց իրենք առաջարկեցին, որ տաք բաներ վերցնենք: Ինչքան որ հնարավոր էր՝ հավաքվեցինք:
Մեզ լցրեցին մեքենան՝ բերեցին դպրոցի առջեւի մեծ հրապարակը, տեսանք, որ ուրիշ ընտանիքներ էլ կան: Հետո մեզ բերին կայարան, հիմա Մասիս է, բայց էն ժամանակ Ուլուխանլու էր կոչվում էդ կայարանը, իջեցրեցին, վագոնները լցրեցին: Մի վագոնի մեջ երեւի մի քանի ընտանիք ու՝ գնացինք: Հիշում եմ, որ հայրս ասում էր՝ տասնհինգ օր է գնում ենք, տեղ չենք հասնում:
Հասանք Նովոսիբիրսկ, Նովոսիբիրսկից վագոնները սկսեցին անջատել: Հետո էլ մեզ բերեցին Բառնաուլ: Բառնաուլից էլ էլի վագոնները անջատեցին, մենք մնացինք մինչեւ վերջը: Բերեցին Սառոկինսկի ռայոն, փոքր գյուղ էր՝ Տյագուն: Էդտեղ թափեցին մեզ՝ ոչ տուն կա, ոչ մարդ: Ասեցին, որ վրաններ պիտի դնեք, վրանների մեջ ապրեք: Հունիսն էր, դե կարպետներ, բաներ, ինչ որ ունեինք՝ վրաններ պատրաստեցինք: Չորս ամիս էդ վրանների մեջ մնացինք: Անձրեւը գալիս էր, մենք վրանների տակ թրջվում էինք: Փոքր եղբայրս հիվանդացավ:
Հետո ռուս ղեկավարներ եկան՝ նաչալնիկ, կամենդանտ եւ այլն, հիմնարկություններ ստեղծեցին՝ մեկը կոչվեց строительный участок (շինարարական տեղամաս), մյուսը կոչվեց леспромхоз (փայտարդյունահանման տնտեսություն): Եվ հայրիկս գնաց строительный участок աշխատելու: Վրաններից հետո մեծ-մեծ, երկար-երկար բարաքներ պատրաստեցին, մաս-մաս բաժանեցին: Էդպես մնացինք երկու տարի:
Հայրիկս մի ուրիշ էրզրումցի ընտանիքի մեծ տղայի հետ սկսեց սղոցարանում աշխատել: Հայրիկս ասել էր՝ մենք փող չենք ուզում, մեզ վառարան տուր: Բարաքում էդ վառարանը փրկեց մեզ, գիշերը, ով զարթներ՝ փայտ կգցեր մեջը, որ կրակը չմարի:
Մրսում էինք, իհարկե, բայց էդ ժամանակ դեռ դպրոց չէինք գնում: Հետո, երբ սկսեցինք դպրոց գնալ, հագնում էինք շորերը իրար վրա, որ տաք լինի: Փոթորիկ էր լինում, կամ սառնամանիք, փակում էին դպրոցները, որովհետեւ ճանապարհները փակվում էր: Մինչեւ 40-45 աստիճան ցուրտ էր լինում: Քայլելուց անընդհատ մեկը մյուսի երեսին էր նայում, զգուշացնում էր՝ ձյունով պետք է մաքրեին, սրբեին, որ չցրտահարվի:
Մի չորս կիլոմետր էն կողմ փոքրիկ գյուղ կար՝ մոլոկաններ էին ապրում: Իրենք ունեին կարտոֆիլի մեծ պարտեզներ, հավաքում էին աշնանը կարտոֆիլը, հետո կանայք, որոնց թվում եւ մայրս, գնում, հավաքում էին ինչ-որ մնացել էր:
Սկզբում մենք հացը, ամեն ինչը քարտով էինք ստանում: Սեւ հաց էր, մայիսի մեկին, նոյեմբերի յոթին՝ սպիտակ հաց էին տալիս՝ մեկ բուխանկա:
Մի տասներկու կիլոմետր էն կողմ էլի մի փոքրիկ գյուղ կար: Ոչ փող, ոչ խանութ կար, բոլորը հավաքում էին ինչ որ ունեին, հագուստեղեն, տանում, փոխանակում էին կարտոֆիլի հետ, յուղի, կաթի հետ։ Մայրս դուրս չէր գալիս, երբեւէ չաշխատեց, բայց հայրիկս ռուսների հետ խոսում էր ձեռքով-ոտքով, հասկացնում էր: Տեղաբնակները շատ քիչ էին, հետո շատացան: Ավելի շատ մոլոկաններ էին եւ ասում էին, որ Եկատերինա թագուհու օրոք աքսորված են եղել: Էդտեղ ոսկու հանքեր են եղել եւ էդ մի քանի ընտանիքն էին:
1952-ին գնացքի գիծ անցկացրեցին մինչեւ մեր մոտ (Տյագուն), երբ որ գնացքը սկսեց աշխատել, արդեն մթերքի հարցը ավելի դյուրացավ: Լինում էր ամեն ինչ:
Հետո մեզ հողամաս տվեցին՝ տուն շինեցինք: Բոլորն էլ տուն կառուցեցին: Ոմանք կարողացան կով, անասուններ գնել, բայց մենք հեռու էինք էդ բաներից, մենք չկարողացանք անել:
Ես չորրորդ դասարան էի փոխադրվել, բայց էնտեղ նորից նստեցի առաջին դասարան: Իմ տարեկիցները բոլորն էլ առաջին դասարան նստեցին, որովհետեւ ռուսական դպրոց էր, ռուս ուսուցիչներ, ռուսական միջավայր, բայց մեծամասամբ հայեր էին դպրոցականները:
Խաղալիք չունեինք, երբ որ տոնածառ էինք դնում՝ փոքր եղբայրս կարտոնների վրա գծում էր աքաղաղ, տարբեր բաներ, ներկում էր, տոնածառից կախում էինք:
Շատ լավ էինք սովորում, եղբայրս էլ էր գերազանցիկ, ես էլ: Ռուսները զարմանում էին, որ հայերը շատ ավելի լավ են սովորում ռուսերեն, քան ռուսները: Թույլ չէին տալիս, որ միջանցքում դասամիջոցներին հայերեն խոսենք իրար հետ: Ասում էին՝ պետք է ռուսերեն խոսեք, որ շուտ տիրապետեք: Շատ լավ էին վերաբերվում մեզ: Իմ ուսուցիչը պատերազմի հաշմանդամ էր, ինձ հոր նման էր վերաբերվում, որովհետեւ միշտ գերազանցիկ եմ եղել:
Եղբայրս առաջին օրը գնաց, լացելով տուն եկավ. ես չեմ էրթար դպրոց, չեմ հասկանում ոչ մի բան: Ասեցի՝ ես հետդ եմ, մի վախենա: Ես արդեն անցել էի ռուսերեն տառերը, իրեն օգնեցի եւ միասին գնացինք դպրոց: Փաստորեն ես տասը տարեկան էի, նստեցի յոթը տարեկանների հետ: Հետո որ վերադարձանք, դպրոցը չշարունակեցի, եղբայրս շարունակեց:
Տասնվեց տարեկանից բարձր ամեն ամիս պետք է գնային, ստորագրություն տային, որ չեն փախչում, ներկա են: Տասնվեց տարեկանս որ լրացավ, մեկ անգամ գնացի ստորագրելու, արդեն վերջացավ էդ ստորագրությունները:
Աքսորավայրում հայրենադարձներ էլ կային, Քանաքեռից, մի ժամանակ Թազա գյուղ էին ասում՝ էդտեղից շատ-շատ մարդիկ կային, միասին աշխատում էին: Մենք որեւէ զատող բան չենք զգացել։ Եղբայրս Աշտարակից աքսորված աղջկա հետ ամուսնացավ եւ էնտեղ էլ՝ Սիբիրում, 54-ին եղբորս զավակը ծնվեց: Բոլորս նույն հոգսը, նույն ցավը, նույն տանջանքն էինք կրում, մենք չէինք զանազանում՝ հայրենադարձ, տեղացի, էդպես բան չկար: Կապված էինք հարազատի նման, եթե մեկը հիվանդանար, մի բանի կարիք ունենար ՝բոլորը պիտի հասնեին: Էդպես էր:
Հայրս անընդհատ դիմումներ էր գրում, 53-ից հետո ասեցին, որ ձեր գործերը քննվում են եւ 55-ին մենք թույլատվություն ստացանք, արդարացված, որ կարող եք մնալ, կարող եք գնալ, արդեն ձեր ընտրությունն է: Հայրս ասեց՝ էստեղ հո չե՞նք մնալու, պիտի վերադառնանք: Ես զավակներս բերի, որ Սիբիրի՞ մեջ մեծանան, բերի, որ հայրենիք- Հայաստան, հայեցի կրթություն ստանան: Տունը վաճառեցինք չնչին գումարով, հազիվ էնքան, որ կարողացանք մեր ծախսերով վերադառնալ: Իրենք տեր չկանգնեցին մեզ:
Հայրս գնացել էր Նուբարաշեն ու գտել էր՝ ով էր մատնել իրեն: Մի նավով էին միասին եկել: Հայրս ասել էր՝ ինչո՞ւ արեցիր էդպես բան, ես դաշնակցական եմ եղել, բայց չէ՞ որ հրաժարական եմ տվել, որ գամ: Ասել էր՝ ինձի շատ ծեծեցին, շատ նեղեցին, ես էլ պատմեցի։
Մենք շուտ մեծացանք. բոլոր հոգսերը կիսում էինք ծնողների հետ: Նոր Արեշում վարձով էինք ապրում, հարեւանուհին հայրիկիս երկրացի էր, տարավ ինձ «Հայրենիք» կինոյի մոտ կարի գործարան, աշխատեցի, որ հորս պիտի օգնեմ: Տասնմեկ ամիս աշխատեցի, հետո արդեն նշանվեցի, 56-ին ամուսնացա:
Սկեսրայրս մի հայրենադարձի է հանդիպում, հարցնում է՝ լավ աղջիկ մը չգիտե՞ս, ասում է՝ Վարժապետյան Պողոսը վերադարձել է Սիբիրից, աղվոր աղջիկ ունի, գնա՝ ուզե: Էդպես էկան գտան, նա արդեն ճանաչում էր հորս Հալեպից: Հալեպում հայրիկս դաշնակցական էր, իսկ սկեսրայրս՝ հնչակյան: Ակումբներում, երբ ժողով էր լինում, պատմում էին, որ իրար կծեծեին, կկոպտեին, հետո էլ հայրիկս ասում էր՝ տեսա՞ր, վերջը խնամի դարձանք:
Սկեսրայրս շատ լավ հարսանիք արեց, բայց պսակադրությունը տանը արեց: Քահանա բերեց, եկեղեցի չկար էն ժամանակ, եկեղեցիներում էդ ընդունված չէր։ Իմ երեք երեխաներս էլ տանը մկրտվեցին:
Վարժապետյանները չեն գնացել երկրից, ոչ էլ միտք են ունեցել, չեն տրամադրվել ոչ մի անգամ գնալու, իսկ ամուսնուս քույրերը գնացին: Փոքր քույրը 80-ին Սուխումից գնաց, մեծ քույրը 87-ին գնաց:
Ամուսինս հիսուն տարի անընդհատ ասում էր՝ ծննդավայրս տեսնեմ, հետո մեռնեմ: 96-ին Հալեպ գնացինք, ասեցին երեք շաբաթ կարող եք մնալ: Ամուսինս 15 օրից ավել չուզեց մնալ, ասեց՝ էս իմ գիտցած Հալեպս չի, փոխվել է Հալեպը: Չուզեց մնալ, ոչ էլ ուրիշ անգամ ցանկություն հայտնեց գնալու: