Ներգաղթել է 1946-ին Հալեպից, Սիրիա / Ապրում է Փասադենայում, ԱՄՆ

Սոնիա Մեգերյան

Ծնվել եմ Սիրիայի Սիս քաղաքում, բայց ապրել ենք Հալեպում։ Հայաստան ներգաղթել ենք Լիբանանից՝ 1946-ին, այդ ժամանակ ես տասը տարեկան էի:

Եկանք երկու ընտանիքով։ Հայրս՝ Վահրամ Ֆարաջյան, Սիսում խանութ ուներ, բավական ունեւոր ընտանիքի զավակ էր: Մայրս մարաշցի էր՝ Մարի Թոփալյան: Եղբայրներս՝ Սարգիս, Պողոս, Զոհրապ, Հրանտ, քույրս՝ Ալիսա եւ ես՝ Սոնյա: Մեզ հետ էր նաև հորեղբորս ընտանիքը, բոլորով՝ տասնմեկ հոգի:

Ժողովուրդը խանդավառ էր, մեծ սնդուկներ էին կապում, «Հե՜յ, ջան հայրենիք» էին երգում, բայց Բաթումից սկսվեցին հիասթափությունները: Հայտնեցին, թե չորս օրվա ճամփա ունեք գնալու, կարող է կորցնեք կամ գողանան ձեր մոտ եղած դրամը, դրեք այստեղի բանկը, ստացական կտանք, Հայաստանում կստանաք: Հայրս էլ դրեց, մի թուղթ տվին, դե ռուսերեն չգիտեր, Հայաստանում ասեցին, որ դա շիտակ բան չի, չեն կարող դրամը տալ:

Հայրս մի արաբ գործատեր ուներ, նա իմացել էր այստեղի (Սովետական Հայաստանի) ճիշտ պատկերը, հորս համոզել էր, որ Հայաստան չգնա: Չէր լսել՝ արաբ չեՙ՚ ս, չես ուզում հայրենիք գնամ: Ես հայրենիքում ամեն օր մեկ քար շարեմ, տուն կշինեմ, հոգնել եմ պանդխտությունից, հերիք է։

Մեծ սիրով եւ մեծ ակնկալությամբ եկանք հայրենիք, եւ, իսկապես, ես հայրենիքիս կպարտիմ իմ ամբողջ կրթությունս: Ինչ որ եմ, Հայաստանին կպարտիմ, որովհետև տասեն մինչև քառասունհինգ տարեկանս Հայաստանում եմ եղել:
 
Մեզ տարան Հոկտեմբերյանի Կեչառլու գյուղը, որը շրջանի լավագույն գյուղն էր։ Պատերազմին հաջորդող տարիներն էին, տղամարդիկ քիչ էին, այն էլ՝ հաշմանդամ, հագներին կարկատած կոշիկներ: Հայրս նկատեց՝ իսկապես աղքատ երկիր ենք եկել, բայց չվհատվեց՝ ոչինչ, կաշխատենք, կապրենք: Երբ գնացինք կոլխոզ, հայրս բարձրաձայն գոռում էր՝ չորս աշխատող ձեռք եմ բերում (մեծ եղբայրներս ու հայրս, որ հաղթանդամ տղամարդ էր), թեեւ մեր տղամարդիկ կյանքում բահ ու բրիչ բռնած չկային:

Մեզ տարան մի ցախատուն, գետինը հող, վերևում մի փոքր լուսամուտ՝ աղոտ լույսով: Դա հո ապրել չէր: Ջուրը՝ անտանելի, մեջը կավահող էր, տան մոտով անցնող առվից էինք վերցնում, որի մեջ անասուններ էին մտնում: Ասացին՝ կուժերով հավաքեք, դրեք, հողը տակը նստի, խմեք:

Մայրս նախագահի կնոջ համար շորեր էր կարում: Տեսնելով, որ էդ ջուրը չենք կարում խմենք, օրական մեկ դույլ թան էին ուղարկում մեզ: Մեր տան տերը մի ծեր կին էր՝ Մանուշակ մայրիկը: 1936-ին տասնութամյա որդուն ու ամուսնուն աքսորել էին: Որդին չէր դիմացել, մահացել էր: Մոտը ամուսնու նամակն էր՝ դիմացիր, շուտով կգամ, կմիանանք, բայց հետո իմացանք, որ այդպես էլ չէին միացել: Էդ խեղճ կինը հենց առաջին օրը մեզ զգուշացրեց. «Իմացե՛ք, այստեղ պատերն էլ ականջ ունեն, զգու՛յշ խոսեք»:

Հաջորդեց աքսորը: Առավոտյան արթնանում էինք, ասում էինք՝ նայենք ոՙ՚ ր հարեւանը չկա: Գիշերը գալիս էին սուսիկ-փուսիկ, տասը րոպե էին տալիս մարդկանց: Անմիջապես մեր ընտանիքից չեն աքսորել, բայց փեսայիս՝ Կարոյին, որ հալեպցի էր, նախքան քրոջս հետ ամուսնանլը, մոր հետ աքսորել են: 17-18 տարեկան տղա, վարորդ էր։ Այդ ամբողջ գիշերն աշխատելուց, աքսորվողներին տեղափոխելուց հետո, մի ուրիշ վարորդի են բերում, նստեցնում ղեկին, իրեն տանում են տուն, թե՝ մորդ վերցրու, տեղ ենք գնում։ Չէին թողել անգամ, որ խեղճ կինը նույն բակում ապրող աղջկան հրաժեշտ տա։ Յոթ տարի հետո երբ եկան, մոր երկու ձեռքերի մատներն էլ անշարժացել էին. բռունցքը չէր բացվում: Ասել էին ՀՄԸՄ-ի (ՀՅԴ-ի մարզական երիտասարդական կազմակերպություն) ակումբում ֆուտբոլ ես խաղացել։ Նրանք էլ դուրս եկան Հայաստանից: Հայրենիքը սիրում էին, բայց անիրավություններ շատ տեսան:

Մի հորաքույր ունեինք, մեզանից երեք ամիս առաջ եկել, տեղավորվել էր Լենինականում (Գյումրի): Մեծ ընտանիք էին, ամուսինը, տղաներ, աղջիկ, փեսա՝ տասը հոգի: Երկու սենյակ ունեին: Կեչառլուում երկու ամիս մնալուց հետո որոշեցինք գնալ Լենինական: Հայրս մի վագոն վարձեց՝ ապրանքատար: Երեք ժամվա ճամփան երեք օրում գնացինք։ Պեմզա կայարանում մեր վագոնը անջատեցին գնացքից. հորս ստիպում էին, թե իջնեք՝ քար պիտի բարձենք: Ձմեռ, դեկտեմբեր ամիսն է, հորեղբորս կինը հղի, երեխաներ... Մամաս մաքուր ձյուն հավաքեց, կրակ արեց, որ բոլորիս տաք թեյ տա: Էս պատմությունը վերջացավ միայն սահմանապահների միջամտությունից հետո:

Լենինական հասանք գիշերվա կեսին: Քսանմեկ հոգով պիտի մնանք հորաքրոջս երկու սենյակում: Գիշերները մուկ էր վազում քնածներիս վրայով, մահճակալից մահճակալ ճոճքի նման մի բան էինք կապել հորեղբորս նոր ծնված երեխայի համար:

Լենինականում տեքստիլ կոմբինատ կար: Մեր տղմարդիկ բոլորն էլ մտան գործի: Մայրս ու քույրս էլ աշխատեցին հիվանդանոցում: Ես ընդունվեցի քաղաքի լավագույն՝ 9-րդ դպրոցը, որը ինձ հիմնավոր կրթություն տվեց: Ավարտեցի մեդալով: Մերոնք դեմ եղան, որ գնամ Երևան սովորելու։ Ընդունվեցի Լենինականի մանկավարժականի ֆիզ-մաթ ֆակուլտետը։ Ավարտելուց հետո աշխատեցի Գեոֆիզիկայի ինստիտուտում՝ ինժեներ: Թեկնածուական դիսերտացիաս պաշտպանել եմ Թիֆլիսում (Թբիլիսի, Վրաստան), այն ժամանակ Հայաստանում այդ գծով գիտխորհուրդ չկար:

Երբ ամուսնացա Կարոյի հետ, տեղափոխվեցինք Կիրովական (Վանաձոր): Նրա ընտանիքն էլ էր 1946-ին ներգաղթել։ Ինքը երաժիշտ էր, ավարտել էր երաժշտական ուսումնարանը եւ Կոնսերվատորիան, սիրված ուսուցիչ ու խմբավար էր Մանկավարժական ինստիտուտում:

Սկզբում դասավանդում էի Կիրովականի Պոլիտեխնիկ ինստիտուտում, իսկ հետո՝ Մանկավարժականում: Բայց այնտեղի օդը շատ վատն էր: Քիմիական գործարանի գազի միջով թռչունը անցնում էր՝ սատկած ընկնում էր: Ուզում էի տեղափոխվենք Լենինական՝ նախ գիտական աշխատանքն էր ինձ ձգում, հետո Լենինականի օդը ավելի մաքուր էր, երեխաներս ավելի առողջ կմեծանային:

Ես տեղացիներին շատ եմ սիրել, մանավանդ լենինականցիներին՝ ազնիվ, բարի, աշխատասեր մարդիկ էին: Վատ բան չեմ տեսել: Միայն մի բան եմ հիշում. երբ գնացի մեր տնօրենին ասեմ՝ դուրս եմ գալիս գնամ Ամերիկա, շատ ուրախացավ՝ ինչ լավ ա, Ամերիկայում մի ծանոթ ընտանիք էլ կունենանք, փոխանակ ափսոսալու, որ լավ մասնագետի է կորցնում:

Ինձ շատ են առաջարկել կոմունիստ դառնալ, մեր ինստիտուտի կուսկոմն ու պրոֆկոմը նույնիսկ մեքենա խոստացան, բայց ես այդպես էլ չուզեցի պարտիական դառնալ:

Ամերիկա գալը ամուսնուս դրդումով եղավ: Ինձ միշտ ասում էր՝ միամիտ ես, չգիտես, քու ամեն քայլդ ստուգվում է, բայց լավ է, որ ես չեմ զգացել: Քույրս ընտանիքով արդեն Ամերիկայում էր, Կարոն ստիպում էր, որ նրանցից վիզա ուզեմ, երեւի ինչ-որ հետապնդում զգում էր։ Բայց գնալն իմ սրտով չէր՝ գործը կար, հարգանք-պատիվը կար, երեխաները մեծանում էին:

Ինձ որպես գիտության թեկնածուի՝ չորս ամսով ուղարկել էին Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ)՝ մասնագիտանալու, մեկ էլ հանկարծ զանգ Հայաստանից՝ թո՛ղ ամեն ինչ արի, թղթերը եղել են: Չուրախացա, ինչպեՙ՚ ս թողնեի, երկու ամիս դեռ կար: Բայց թողեցի, եկա: Կիրովականի շուկայում առևտուր անող ադրբեջանցիներ կային, ամուսինս դրանց բերեց՝ մեր տան ամբողջ ապրանքն առան: Նրանք էլ էնտեղ էին ուրախանում, որ հայը գնում ա:

Եկանք Ամերիկա 1979-ին: Քրոջս մոտ՝ Օրանջ քաունթի։ Երեք ընտանիք էինք հայ՝ մենք, քույրս ու հարևանուհին: Ես աշխատում եմ, ամուսինս աշխատում է՝ երեխաները սկսեցին անգլերեն խոսել, հայերեն հարցերիս անգլերեն էին պատասխանում: Կռիվ-ղալմաղալ եմ անում, ուզում եմ այդտեղից հեռացնել, բայց դյուրին չէ աշխատանք գտնելը, երկուսով նույն տեղում էինք աշխատում: Ու այնպես եղավ, որ գործատեղը փակեցին, ասեցի՝ ճիշտ ժամանակն է, տեղափոխվենք Փասադենա, որտեղ հայ գաղութ կա, Սահակ-Մեսրոպ դպրոցը կա: Երկու մեծերս Հայաստանում առաջին դասարան գնացել էին, իսկ Լուսինես ընդհանրապես հայկական դպրոց չէր գնացել: Բայց ուսման վարձ էր պետք տալ, մեծին ուղարկեցինք հանրակրթական դպրոց:

Ես երկու մարդու չափ աշխատեցի կյանքումս: էնտեղ արդեն 24 տարուց ավել աշխատել էի, կես տարուց թոշակի պիտի անցնեի, եկա էստեղ, ամեն ինչ զրոյից սկսեցի: Շատ բան փորձեցի։ 1986-ից քաունթիի (շրջանի վարչակազմ) համար սկսեցի աշխատել՝ 25 տարի անընդմեջ:

Հայաստանում թե մնայի, թոռնիկներս հայերեն պիտի խոսեին: Ցավում եմ, որ աղջիկս դանիացի տղա առավ։ Էստեղ ազատ է, ծնողքը մեծացնում են երեխային, հետո խառնվելու արտոնություն չունեն: Նրանց ընտանիքում երեխաները անգլերեն են խոսում: Մնացած թոռներս հայերեն խոսում են: Դա սրտի ցավ չէՙ՚ մեծ մոր համար։

Մեծ սիրով եւ մեծ ակնկալությամբ եկանք հայրենիք, եւ, իսկապես, ես հայրենիքիս կպարտիմ իմ ամբողջ կրթությունս: Ինչ որ եմ, Հայաստանին կպարտիմ, որովհետև տասեն մինչև քառասունհինգ տարեկանս Հայաստանում եմ եղել: