ՄԻ ՕՐ ԱՆՊԱՅՄԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՐԴՈՒՄ
Սուրեն Բուրսալյանի մասին պատմում է կինը՝ Սյուզան Բուրսալյանը
Սուրեն Բուրսալյանի «Ամորձատված սերունդ» գիրքն առաջին անգամ ձեռքս վերցրի տարիներ առաջ, երբ ուսանող էի: Մի քանի էջ թերթելուց հետո, ինչպես ասում են՝ ոնց վերցրի, այնպես էլ տեղը դրեցի։ Այդ ժամանակ, մաքսիմալիզմով ու ռոմանտիզմով լի երիտասարդ՝ երեւի չէի ուզում դաժան իրականության պատկերներով տրամադրությունս «փչացնել»: Պետք է խոստովանեմ, որ նույն պատճառով Սոլժինիցին էլ չեմ կարդացել, թեեւ քննական պարտադիր գրականության ծրագրում կար։
Հիմա`ավելի քան տասը տարի անց, աշխատանքի բերումով կրկին կանգնած եմ «Ամորձատված սերունդին» ծանոթանալու խնդրի առջեւ։ Պետք է հարցազրույց անեմ Սուրեն Բուրսալյանի կնոջ`Սյուզանի հետ: Եւ այս անգամ գործի պարտադրանքը, թե լրագրողիս հասունությունը ինձ ստիպում է կարդալ գիրքը՝ վայելելով հեղինակի նուրբ հումորն ու դիպուկ մեկնաբանությունները, ապրելով ամեն փաստ ու իրադարձություն, նրա հետ Բեյրութից հայրենադարձվելով Մայր Հայրենիք, հետո ամիսներ անցկացնելով ԿԳԲ-ի նկուղում, աքսորվելով Սիբիր ու վերադառնալով այնքան փափագած Հայաստան:
Սուրեն Բուրսալյանը մահացել է քսաներկու տարի առաջ` 1990-ին: Կնոջ` Սյուզան Բուրսալյանի, հետ զրուցում ենք ամուսնու ԱՄՆ-ում անցկացրած վերջին տարիների, նրա խմբագրած «Փարոս» պարբերականի եւ այն ամենի մասին, ինչը տեղ չի գտել գրքում:
«Հանգիստ կյանք չունեցավ». մեկ նախադասությամբ Սյուզանն ամբողջացրեց Սուրեն Բուրսալյան մարդու եւ մտավորականի ապրածը: Նա պատմեց, որ ամուսինը տարին մեկ անգամ երազ էր տեսնում, թե իբր Սիբիրում է եւ անհամբերությամբ սպասում էր՝ երբ է այդ ամենը վերջանալու: Հետո արթնանում էր եւ ուրախանում, որ երազ էր:
Երբ 1987-ին, կնոջ հետ այցելում է Հայաստան, ամեն ինչ, կարծես, կրկին վերապրում է եւ, վերադառնալով՝ որոշում գրել հուշերը՝ Բեյրութից-Երեւան, Երեւանից-Սիբիր եւ այսպես՝ մինչեւ Լոս Անջելես։ Սկսել էր մեքենագրել բոլոր հոդվածները գիրք դարձնելու համար, բայց չհասցրեց, հեռացավ կյանքից: Սուրենը սրտի ուժեղ կաթվածից անկողին է ընկնում եւ, ապրելով ընդամենը չորս շաբաթ՝ 60 տարեկանում մահանում է: «Միշտ ասում էր՝ եթե Փարիզը չտեսնեմ, աչքերս բաց կմեռնեմ… Լավ էր, հասցրեցինք այնտեղ էլ լինել». տխուր ժպտում է Սյուզանը:
Արդարացվելուց ու Սիբիրից վերադառնալուց հետո Սուրեն Բուրսալյանն, ում մեղադրում էին մինչեւ անգամ չինական լրտես լինելու մեջ (օտար լեզուներ իմացողի բախտ էր), անգամ ներողության չարժանացավ: Արածն էլ ի՜նչ էր՝ իրեն մատնող «ընկերոջ» մոտ համարձակվել էր համեմատել խորհրդային եւ ամերիկյան տեխնիկան։
Այսուհանդերձ կյանքը շարունակելու ուժ գտավ. ավարտեց թատերական ինստիտուտը, աշխատանքի անցավ Ռադիոյի եւ հեռուստատեսության նորաստեղծ կոմիտեում` որպես գրական-երաժշտական խմբագրության գլխավոր ռեժիսոր:
Չնայած ստեղծագործական հաջողություններին՝ աքսորյալի պիտակն այստեղ էլ նրան հանգիստ չէր տալիս: Օրինակ՝ ամեն տարի, երբ տոնական շքերթ էր լինում, Սուրենն անում էր դրա հետ կապված բոլոր գործերը, բայց իրեն արգելում էին մասնակցել. միայն հեռվից պետք է հետեւեր: Ուզում էր Սոլժինիցինի մասին բեմադրություն պատրաստել, այդպես էլ թույլ չտվեցին:
Խտրական վերաբերմունքն ու արգելքները երկրից հեռանալու պատճառ են դառնում։
«Մի օր աշխատանքից հոգնած տուն եկավ. մտել էր ծխախոտ գնելու՝ չէր եղել, կարագ գնելու` չէր եղել, հաց` նույնպես: Բարկացած եկավ ու ասաց՝ դու ասում էիր, որ կարող ես, չէ՞, այնպես անել, որ գնանք, դե արա». հիշում է Սյուզանը:
Վերջապես երբ Մոսկվայով ԱՄՆ էր գալիս, վախը միշտ սրտում էր՝ գուցե իրեն չթողնեն երկրից դուրս գալ: Ինքնաթիռի մեջ ծանոթանում է Իտալիայում ապրող հարավսլավացի մի դասախոսի հետ: Մարդը զարմացած հարցնում է՝ ինչո՞ւ ես թողնում հայրենիքդ, գնում ուրիշ երկիր: Սուրենը պատասխանում է. «Թող ինքնաթիռն իջնի, կասեմ»:
ԱՄՆ-ում հաստատվելու առաջին տարիներին Սուրենին Գերմանիայում գործող «Ազատություն» ռադիոկայանից աշխատանք են առաջարկում։ Մերժում է: Նման առաջարկ ստանում է նաեւ Վաշինգտոնից: Մասնակցում է քննություններին: Առաջարկում են ներգաղթյալի համար հրաշալի պայմաններ` դաշնային աշխատանք, անվճար կրթություն նրա դստեր եւ անվճար առողջապահություն ամբողջ ընտանիքի համար: Եռօրյա այցելությունից հետո վերադառնում է Վաշինգտոնից` աշխատանքից հրաժարված: «Ասեց՝ մեխանիկական աշխատանք է, ամեն ինչ իրենք են անում, նյութը իրենք են տալիս, պետք է թարգմանես, մեքենագրես ու կարդաս եթերում: Ես դա չեմ կարող անել». հիշում է տիկին Սյուզանը։
Այդպես ծնվում է «Փարոս» պարբերականը`Լոս Անջելեսի առաջին արեւելահայերեն թերթը, ինչի համար խմբագիր Սուրեն Բուրսալյանը հալածանքների ու քննադատության է ենթարկվում գաղութում գործող «Ասպարեզ», «Նոր Օր», «Մասիս կուսակցական մամուլի կողմից:
«Փարոսը» հայաստանցիների մասին էր՝ նրանց հոգսերի ու մտածմունքների, հետաքրքրությունների: Բացատրում էր օրենքները, որին առնչվում էին նոր արտագաղթողները, ուներ կանանց համար էջ, խոհանոցային անկյուն:
«Ուսանողուհիներ ունեի, որ ասում էին, թե փողոցում կարմիր լույսի տակ կանգնում ու կարդում են Սուրենի հոդվածները»,-ծիծաղելով պատմում է: Ամուսնու մահվանից հետո եւս մեկ տասնամյակ Սյուզանը հրատարակեց «Փարոսը», բայց տարիների հետ բաժանորդները նվազեցին ու թերթը փակվեց։
«Ամորձատված սերունդի» առանձին հատվածներ առաջին անգամ լույս տեսան «Փարոսում»։ Դրանք ոգեւորությամբ, բայց նաեւ զգուշավորությամբ էին ընդունվում ընթերցողների կողմից. «Անգամ տարիներ անց ու այդքան հեռվից մեկը զանգահարեց ու ասաց՝ ինչո՞ւ ես անցյալը հիշում: Նույնիսկ այստեղ փորձում էին սահմանափակել»:
«Սուրենը շատ էր կարոտում Հայաստանը, միշտ ասում էր՝ այս սենյակի պատերը նեղ են, ոնց որ հյուրանոցի պատեր լինեն, օտար են: Շատ էր կարոտում իր ընկերներին, որոնք բոլորն էլ հայաստանցի էին` Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան, ուրիշներ»,-պատմում է Սյուզանը:
Իրեն մատնող «ընկերոջը» Սուրենը տարիներ անց հանդիպում է ԱՄՆ-ում Սյուզանի քրոջ հարսանիքի ժամանակ: «Գույնը գցեց, ասեց՝ հիմա պետք է վեր կենամ ու… Խնդրեցի, հանգստացրի, ասացի, ավելի լավ է գրիր, թե չէ ուժով ոչինչի չես հասնի: Այդ մարդը թողեց, հեռացավ: Իսկ երբ տպվում էին գրքի հատվածները, շատերն էին դիմում Սուրենին՝ ասա ով է, գնանք, սպանենք, բան… Դե, հայաստանցի տաքարյուն տղաներ էին: Օշին Քեշիշյանի խմբագրությունում աշխատող աղջիկներ կային, ասացին, որ այդ մարդու դուստրն իրենց հետ է սովորում ու շատ վատ է զգում հոր արածների համար»,-զայրույթն աչքերում պատմում է Սյուզանը:
Նրա կարծիքով Սուրենն այդպես էլ չգտավ այն «տունը», որը փնտրում էր նախ՝ Բեյրութում, հետո Հայրենիքում, հետո նորից Սփյուռքում՝ երդվելով մի օր անպայման վերադառնալ: «Հազիվ մենք մեր տեղը պիտի գտնեինք, բայց նա հեռացավ կյանքից»,-նկատելի ցավով անկեղծանում է Սյուզան Բուրսալյանը:
Անի Դուզդաբանյան