ՀԵՏՑՆՑՈՒՄ
1948 թվականին Մեծ հայրենադարձությունը ավարտվեց, այն փաստորեն ընդհատվեց։ Պատճառը հայրենադարձների ահռելի զանգվածն ընդունելու անկարողությունն էր, բայց պետք էր նաեւ առիթ, որը չուշացավ։ Ալեքսանդրիայից Բաթումի նավահանգիստ եգիպտահայ երկրորդ քարավանին բերող «Պոբեդա» նավի վրա 1948-ի սեպտեմբերի 1-ին հրդեհ բռնկվեց։
Մինչ օրս պարզված չէ ոչ հրդեհի օջախը, ոչ պատճառը, ոչ էլ վայրը, որտեղ այդ պահին գտնվելիս է եղել շոգենավը, բայց ստալինյան բռնապետության կանոներով հրդեհը չէր կարող անզգուշության հետեւանք լինել։
Արխիվային փաստաթղթերից տեղեկանում ենք, որ, հրդեհի մասին լուրն առնելով՝ սեպտեմբերի 13-ին Ստալինը ԽՍՀՄ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ Գեորգի Մալենկովին հեռագրում է. «Հայ ներգաղթողների մեջ կան ամերիկյան հետախույզներ, որոնք նախապատրաստել են դիվերսիա «Պոբեդա» ջերմանավի վրա»։ Նույն օրը Մալենկովը պատասխանում է. «Դուք, իհարկե, ճիշտ եք, հայ ներգաղթողների մեջ կան ամերիկյան հետախույզներ, որոնք իրականացրել են դիվերսիա «Պոբեդա» ջերմանավի վրա՝ հայերի ափ իջնելուց առաջ կամ այդ ընթացքում: Մենք կձեռնարկենք բոլոր միջոցները»: Մեկ օր անց՝ սեպտեմբերի 14-ին ներգաղթն անհապաղ դադարեցվում է։
Այդ ժամանակ 100-հազարավոր մարդիկ սփյուռքահայ գաղութներում սպասում էին հայրենադարձվելու իրենց ժամին։ Հայրենադարձության ընդհանուր ոգեւորության մեջ նրանք վաճառել էին տունն ու տեղը, կապել կահ-կարասին եւ ունեցվածքը, փակել կամ ջրի գնով ուրիշներին հանձնել բիզնեսը, որոշ դեպքերում հրաժարվել բնակության երկրի քաղաքացիությունից կամ հպատակությունից։ Այս մարդիկ տեսնելով, որ նավերն այլեւս չեն գալիս՝ հայտնվում էին անելանելի կացության մեջ։
1950 թվականից սկսած մինչեւ 60-ականների սկիզբը Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը, Նախարարների խորհուրդը, Արտաքին գործերի նախարարությունը, արտասահմանյան երկրների կապերի կոմիտեն բազմաթիվ նամակներ էին ստանում ցուցակագրված, բայց այդպես էլ Հայաստան չհասած սփյուռքահայերից։ Դրանք դիմումներ ու խնդրագրեր էին, որոնց հեղինակները՝ նկարագրելով հայրենադարձության դադարեցումից հետո ստեղծված կացությունը, խնդրում էին բացառության կարգով ներգաղթելու արտոնություն տալ։
Դիմումները ստացվում էին հիմնակում Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Հունաստանից, Բուլղարիայից եւ Ռումինիայից։
Հայրենադարձված շատ իրանահայեր 1952-ին դիմում էին ՀԽՍՀ Աարտաքին գործերի նախարարություն՝ հայտնելով, թե պատրաստ են իրենց հարկի տակ ընդունելու Իրանում մնացած ազգականներին եւ նշում, որ Իրանում ՍՍՀՄ հյուպատսությունը հայտարարել է, թե նման պայմանով կտա ներգաղթի արտոնություն։
Բայց արտոնություն տալ-չտալը միայն Սովետական իշխանություններից կամ դիվանագիտական ներկայացուցչություններից չէր կախված։ Շատ դեպքերում մարդկանց Հայրենիք գալու ցանկությունն իրականություն չէր դառնում կամ տեղի իշխանությունների բացասական վերաբերմունքի կամ էլ ԽՍՀՄ-ի եւ այդ երկրների միջեւ որոշակի լարվածության առկայության պատճառով։
Այսուհանդեձ՝ 1950-61 թվականներին տարբեր երկրներից անհատական կարգով Խորհրդային Հայաստան ներգաղթեցին մոտ 4000 սփյուռքահայեր։