Հայրենադարձությունը հզոր մի շարժում էր, որը ներառել էր հարյուր հազարավոր հայերի, սակայն հանգամանքների բերումով ներգաղթելու հնարավորություն ունեցան ոչ բոլորը։ Կային նաեւ մարդիկ, ովքեր քաղաքական, գաղափարական նկատառումներով կամ անձնական ինչ-ինչ պատճառներով անպատեհ համարեցին զանգվածային հայրենադարձությունը։ Նրանց մի մասի բանավոր վկայությունները նույնպես արձանագրվել են՝ երեւույթը հակառակ կողմից դիտարկելու եւ ըմբռնելու համար։