Ուրեմն, մենք Երուսաղեմ էինք, երբ որ ներգաղթը սկսավ: Այն աշակերտները, որոնց ընտանիքները պիտի ներգաղթեին, լուր եկավ, որ՝ պիտի վերադառնաք: Անոնք վերադարձան, իսկ մեր ծնողները որովհետեւ չէին ուզեր երթալ, մենք՝ ես եւ Պողոս Սնապյանը, մնացինք այնտեղ։
Երուսաղեմի մեջ ինչ եռուզեռ կար այդ ուղղությամբ, չեմ գիտեր, սակայն գիտեմ, որ այս Այնճարին մեջ որոշ տարակարծություններ եղած են, որովհետեւ մաս մը կար, որ չէր ուզեր երթալ. էսպես որոշ պզտիկ-պզտիկ բախումներ եղած են։ Ան, որ Հայ Յեղափոխական դաշնակցության անդամ էր, անիկա պետք է հրապարակավ՝ թերթի մեջ հրաժարական տար:
Օրինակ, Թովմաս Հաբեշյանը. ինքը ինձի պատմած է ասիկա. ինքը հրաժարական տված էր, բայց վերջը անդարդարձել էր, որ ասիկա ամոթ մըն է՝ այսքան տարվա ես կուսակցական եմ, հիմա ինձի կը պարտադրեն, որ ես պետք է հրաժարական տամ… Ապա, ուրեմն, որոշել է, որ պիտի չ’երթա։
Սկիզբը, որքան լսեր եմ՝ քարոզչությունը այնպես եղած էր, որ եթե Հայաստան երթաք, այնտեղ ամեն ինչ շատ լավ է. կոճակը կը կոխեք, կերակուրը կու գա, լույսը կը վառի։ Մենք էլեկտրականություն չունեինք, չէ՞, այստեղ։ Ասանք բաներ։
Ժողովուրդը մեծ խանդավառությամբ գացեր է Հայաստան։ Սա մղիչ փաստարկ մը եղած է, մանավանդ որ Այնճարը այդ ժամանակ, գոնե ես կը հիշեմ իմ մանկությունը՝ չափազանց ծանր կացության մեջ էր տնտեսապես։ Ես դպրոց կ’երթայի՝ բոբիկ, օրինակ։ Գարիով հաց կուտեինք։ Հիվանդությունը այնքան շատ տարածված էր, որ պատահած է, որ օրական մինչեւ հինգ մեռյալ ըլլա։
Բայց ես կը կարծեմ, որ ճիշտ էր, ներգաղթը, չնայած քարոզչությունը ճիշտ չէր։ Ես վստահ եմ՝ նորեն մեր ժողովրդին մի կարեւոր մասը հայրենիք պիտի երթար՝ հայրենասիրութենե մղված, բայց երբ որ հայրենիք կերթա եւ մեծ ակնկալություններ ունի, սակայն կը տեսնե, որ այդ ակնկալությունները չկան այնտեղ, ասիկա խոր հիասթափություն կը պատճառե:
Եւ այդ մեկը, կը կարծեմ թե, տեղացիներուն եւ ներգաղթողներուն միջեւ որ խրամատ բացվեցավ, պատճառներեն մեկն է։ Օրինակ, իմ հորեղբոր տղան՝ Փայլակ Այնթապյան, 1969-ին երբ որ եկավ, ես զինքը դիմավորեցի Բեյրութ նավահանգիստի քարափը։ Ինքը նավով եկավ. այնտեղ նավ կար, օդանավ չիկար։ Հիմա, ինքը ելավ նավուն կամրջակ, Փայլա՛կ աղբար՝ կը բոռամ, որ լսե։ Հիմա, որ իջավ, փաթթվավ, որ ինձի կըսե՝ աղբար, աղբար…, այս բառը, կըսե՝ այստեղ որքան անո՜ւշ կը հնչե, իսկ Հայաստանին մեջ որքան սարսափելի՜ է։
Եւ անոնք, որոնք ֆրանսահայ էին, արտագաղթեցին անմիջապես, որ առիթ մը եղավ։ Սովետմիության կենտրոնական կառավարությունը ճնշումի տակ արտոնեց, եւ անոնք գացին:
Իմ եղբայրս ալ Ամերիկա է հիմա: Շատ լավ հայկական ընտանիք մը կազմած է, բայց այդ հայկական ընտանիքը ի վերջո պիտի ամերիկանանա։ Ամերիկացի պիտի դառնան։
Իմ Հայաստան երթալս այլեւս իմաստ չունի, բայց ես երիտասարդությանը կը թելադրեմ, որ երթա։ Անցյալները շատ հրաշալի սուրիահայ մը. Հովսեփ կամ Հովսեփյան էր, չեմ գիտեր. այդ ուղղությամբ քարոզչություն մը արավ, որ՝ ես հիմա արդեն եկած եմ Հայաստան, հաստատված եմ ու թոռներս ալ պիտի բերեմ: Ըսավ՝ բոլոր այն, այսպես ըսենք՝ հակաքարոզչությունները, որ այստեղ գործարար մարդուն առջեւը պատնեշներ կը դնեն, արգելքներ կը հարուցեն, ադոնք ճիշտ չեն։ Եթե ճիշտ է ասիկա, ուրեմն պետք է երթանք մենք։