ՓԱԽՈՒՍՏ «ԴՐԱԽՏԻՑ»
Սովետական Հայաստան ներգաղթած սփյուռքահայերը ոչ միայն խոստացված «երկրային դրախտը» չգտան, այլեւ շատ արագ հասկացան, որ հետդարձի ճանապարհ չկա։ Այս աննշան «մանրուքը» նրանց չէր բացատրվել, իսկ տրված հարցերը մնացել էին անպատասխան։
1946-ին արդեն եղան փախուստի առաջին փորձերը։ Որոշ մարդկանց հաջողվեց անցնել սովետաթուրքական եւ սովետաիրանական սահմանը, շատերը, սակայն, բռնվեցին եւ ենթարկվեցին պատիժների՝ 1-3 տարվա բանտարկություն, երբեմն պայմանական, առանց կալանքի։
Հայրենադարձները ՍՍՀՄ պետական սահմանը փորձում էին հատել նաեւ այլ հանրապետություններից, մասնավորապես՝ Վրաստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից, Մոլդովայից։
1947-ի ապրիլին ՍՍՀՄ Ներքին գործերի նախարար Կրուգլովը Ստալինին, Մոլոտովին, Բերիային եւ Ժդանովին ուղղված հատուկ հաղորդման մեջ արդեն խոսում էր փախուստի մտադրություն ունեցող մոտ 600 հայրենադարձների մասին եւ զեկուցում, որ նրանցից 88-ը սահմանը խախտելու փորձ կատարելիս ձերբակալվել են։
«Հարցաքննության ժամանակ ձերբակալված հայրենադարձ հայերը փախուստի դիմելու իրենց ցանկությունը բացատրել են նյութական եւ կենցաղային վատ պայմաններով». գրում էր Կրուգլովը։ Մյուս կողմից, հղում անելով ՍՍՀՄ ՆԳՆ-ի տվյալներին՝ նախարարն այդ մտադրությունները հիմնականում բացատրում էր հայրենադարձների շարքերում բուրժուա-ազգայնական կուսակցությունների (Դաշնակներ, Հնչակներ, Ռամկավարներ) անդամների ներկայությամբ, որոնք զբաղվում են ակտիվ հակասովետական քարոզչությամբ։
Փախուստների դեպքերի արձանագրումը, ՍՍՀՄ եւ ՀՍՍՀ բարձր ղեկավարության մակարդակով դրանց վերլուծությունը հանգեցնում էին հետեւյալ եզրակացություններին.
1.Հայրենադարձների նյութական-կենցաղային վիճակն իսկապես անմխիթար է։ Բարելավելու արագ եւ արդյունավետ միջոցներ պետք է ձեռնարկվեն։
2.Հայրենադարձների ընտանիքներին պետք է հեռացնել սահմանամերձ գոտիներից եւ բնակեցնել հանրապետության խորքում։
3.Հայրենադարձների շրջանում անընդհատ աճող փախուստի մտադրությունները պետք է դիտարկել որպես բուրժուա-ազգայնական կուսակցությունների, հատկապես՝ Հայ հեղափոխական դաշնակցության գործուն ազդեցության հետեւանք։
Այս մտահոգությունները ձեւ ու բովանդակություն էին ստանում համապատասխան որոշումներով, հրամաններով եւ այլ ակտերով, իսկ երրորդ կետը հայրենադարձների շարքերում առկա, այսպես կոչված՝ անհուսալի տարրերի նկատմամբ հետապնդում սկսելու լուրջ ազդանշան էր։
1948 թվականին, երբ դեռ շարունակվում էր հայրենադարձությունը եւ աշխարհի տարբեր երկրներից Սովետական Հայաստան էին գալիս ներգաղթողների նոր քարավաններ, ՀՍՍՀ նախարարների խորհրդի որոշմամբ կազմակերպվեց ներքին աքսոր։ Հայրենադարձների շուրջ 500 ընտանիքներ հարկադրաբար տեղահանվեցին սահմանամերձ բնակավայրերից ու վերաբնակեցվեցին Սեւանի ավազանի, Լոռու, Տավուշի եւ մյուս շրջաններում։ Այսինքն՝ սահմանից հեռացվեցին։
Չնայած ձեռնարկվող միջոցառումներին՝ փախչելու մտադրություն ունեցողների թիվը չէր պակասում։ Միաժամանակ փոփոխություն կատարվեց քրեական օրենսգրքում։ Փախուստի համար նախատեսված պատժաժամկետը դարձավ 10 եւ ավելի տարի, իսկ հանցանքը որակվեց որպես հայրենիքի դավաճանություն։