ԵՐԿԸՆՏՐԱՆՔ
1953 թվականի մարտի 3-ին Սովետական ժողովուրդների առաջնորդ Իոսիֆ Վիսսարիոնովիչ Ստալինը վախճանվեց։ Երեք տարի անց՝ 1956-ին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարում կենտկոմի քարտուղար Նիկիտա Խրուշչովը խոսում է անձի պաշտամունքի մասին՝ երկրում եղած բոլոր արատները կապելով Ստալինի անվան հետ։ Շուրջ 30 տարի ԽՍՀՄ-ում տեղի ունեցած անմարդկային բռնություններն անհատի պաշտամունքին վերագրելով՝ սովետական ղեկավարությունը ձգտում էր ապացուցել աշխարհին, որ երկրում սկսվել են ժողովրդավարական գործընթացներ եւ որ խորհրդային-համայնավարական գաղափարախոսությունը հիմնված է մարդասիրական սկզբունքների վրա։
Ինչպես մեծ հայրենադարձության դեպքում, այս անգամ եւս պետք էր ցույց տալ, թե կատարված փոփոխություններից հետո որքա՜ն գրավիչ է դարձել Խորհրդային Միությունը։ Եւ դարձյալ Հայաստանի այդ ժամանակվա իշխանություններն առաջարկեցին կազմակերպել հայերի զանգվածային հայրենադարձություն, ինչը գոհունակությամբ ընդունվեց Կրեմլում։
Հայաստանի իշխանությունների առաջարկը պայմանավորված էր մի քանի հանգամանքով։ Առաջինը՝ չափազանց ծանր վիճակում էր Իրանի հայության այն հատվածը, որը 40-ականներին ներգաղթելու համար հրաժարվել էր հպատակությունից եւ, Հայաստան գալու արտոնություն չստանալով՝ մնացել անորոշ վիճակում։ Մարդիկ չէին կարողանում աշխատանք գտնել, սեփականություն ձեռք բերել, կային նաեւ նման այլ բարդություններ։
Եգիպտոսում հայերի վիճակն անտանելի էր դարձել Գամալ Աբդել Նասերի վարած ազգայնամոլական քաղաքականության արդյունքում։ Ի թիվս այլ օտարների եւ այլադավանների՝ հայերն իրենց վտանգված էին զգում։ Աշխատանք չէին կարողանում գտնել եւ քաղաքացիություն ունեցողները, եւ չունեցողները։ Եգիպտոսի հայության մեծ մասը պատրաստ էր հեռանալ երկրից։ Կար երկու ճանապարհ՝ ներգաղթել Հայաստան կամ գնալ Ավստրալիա, Լատինական Ամերիկա, Կանադա եւ այլն։
Անկայուն քաղաքական իրավիճակ էր նաեւ Մերձավոր Արեւելքում։ Իսրայելի եւ Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի միջեւ հաճախակի ընդհարումներն ու մարտերն այդ երկրների հայությանը կանգնեցրել էին երկընտրանքի առջեւ՝ կամ Հայաստան, կամ այլ մայրցամաքներ։
Հայրենադարձությունը այնուամենայնիվ զանգվածային չեղավ, քանի որ Հայաստանից արդեն սկսվել էր նախկին հայրենադարձների արտագաղթը։ Հայաստան գալիս էին մեծ մասամբ նրանք, ովքեր նվազ նյութական հնարավորություններ ունեին ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա մեկնելու եւ միայն քչերն էին, որ ներգաղթում էին իսկապես Հայաստանում ապրելու ցանկությամբ։