ԴԵՊԻ ՍԻԲԻՐ
1949 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը եղավ ամենանսպասելին։ Թե տեղացիների, որոնք անցել էին ստալինյան դժոխքի պարունակներով եւ թե հայրենադարձների համար, որ դժվարությամբ վարժվում էին տոտալիտար համակարգի քմահաճույքներին, այդ գիշերն անակնկալ էր։ Սովետական ճնշիչ մեքենայի պրակտիկայում զանգվածային տեղահանությունները կիրառվում էին դեռեւս 20-ական թվականներից, բայց հայերին պատժի այդ տեսակը շրջանցել էր։ Սա հայերի զանգվածային արտաքսման առաջին դեպքն էր, որը, սակայն, չուներ էթնիկ դրդապատճառներ։ Ինչպես տեսնում ենք պատմական փաստաթղթերում, հայ աքսորյալների կոնտինգենտը կրում էր «Դաշնակներ» հատուկ անունը եւ ուներ երեք ենթախումբ.
- Հայ հեղափոխական դաշնակցության հետ երբեւէ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցած հայաստանցիներ,
- պատերազմում գերի ընկած կամ հայկական լեգեոնում ծառայած զինվորականներ,
- հայրենադարձներ։
Այդ գիշերը Հայաստանից Ալթայի երկրամաս աքսորվեց 2.754 ընտանիք (12.300 մարդ), որի շուրջ 10 տոկոսը՝ 1.578 հոգի, հայրենադարձներ էին։ «Դաշնակ» անվան տակ եւս … հայ աքսորվեցին Վրաստանից, Ադրբեջանից եւ Սեւ ծովի առափնյա շրջաններից։
Ի տարբերություն անհատների, որոնք դատապարտվում եւ ազատազրկվում էին դատարանի, զինվորական տրիբունալի կամ ՊԱՆ (պետանվտանգության նախարարություն) հատուկ խորհրդակցության մարմնի որոշմամբ, աքսորյալները չունեին անձնական գործ՝ հետաքննության նյութերով, հենց իրենց՝ աքսորյալների եւ վկաների հարցաքննություններով, իրեղեն կամ այլ ապացույցներով։
Աքսորի նախապատրաստությունը հույժ գաղտնի պայմաններում սկսվել էր 1949-ի հունվարին։ ՍՍՀՄ ՊԱՆ հանձնարարությամբ Անդրկովկասի հանրապետություններում եւ Սև ծովի առափնյա շրջաններում կազմվում էին նախկին դաշնակցականների, հայ ռազմագերիների (լեգեոնականներ), հայրենադարձների եւ նրանց ընտանիքների անդամների ցուցակներ:
1949-ի մայիսի 28-ին ԽՍՀՄ ՊԱՆ-ը տալիս է հրահանգ, իսկ հաջորդ օրը՝ ԽՍՀՄ նախարարների խորհուրդը՝ Ստալինի ստորագրությամբ, ընդունում է N 2214-856 հույժ գաղտնի որոշումը՝ «Վրացական, Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ներից, ինչպես նաև Սև ծովի առափնյա տարածքներից արտաքսվողների տեղափոխության, վերաբնակեցման եւ աշխատանքի տեղավորման մասին»:
Որոշումն իրականացնելու համար Երևան են ժամանում ՊԱՆ բարձրաստիճան ղեկավարներ՝ 2-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Եդունովի գլխավորությամբ: Վերջինս բնակչության զանգվածային արտաքսման մեծ փորձ ուներ՝ մարտի 25-28-ին ղեկավարել էր Լիտվայի, այսպես կոչված՝ բանդիտների և կուլակների ընտանիքների (28981 մարդ) արտաքսումը:
Մարդիկ աքսորվեցին, գնացքի բեռնատար վագոններով մոտ երկու շաբաթ ճանապարհ անցան, տեղավորվեցին Ալթայի երկրամասի անտառային տնտեսություններում եւ սովխոզներում՝ չիմանալով ոչ իրենց մեղքը, ոչ էլ աքսորի պատճառը։ Զանգվածային տեղահանությունն օրինականացվեց ավելի ուշ՝ 1949 նոյեմբեր-1950 հունիս ամիսներին։ Աքսորված ընտանիքի ավագի (կամ ընտանիքի այն անդամի, ով աքսորի պատճառն էր) անունով ԽՍՀՄ ՊԱՆ առընթեր հատուկ խորհրդակցությունը կազմում էր հիմք համարվող փաստաթղթեր։
Դրանց մասին աքսորականները տեղեկացան իրենց բնակության նոր վայերերի պարետատներում (կոմենդատուրա), որտեղ էլ հայտնեցին, որ աքսորն անվերադարձ է, ցմահ եւ զգուշացրեցին ինքնակամ չլքել բնակավայրը՝ հակառակ դեպքում սպառնալով 20 տարվա բանտարկությամբ կամ տաժանակիր աշխատանքով։ Աքսորականը պարտավոր էր շաբաթը մեկ անգամ ներկայանալ պարետատուն եւ ստորագրել՝ հավաստելով իր ներկայությունը ճիշտ տեղում։
ԽՍՀՄ ՊԱՆ առընթեր հատուկ խորհրդակցության փաստաթղթերին ծանոթանալուց հետո աքսորականները սկսեցին նամակներ գրել բարձր ղեկավարությանը՝ Ստալինին, Բերիային, Մալենկովին, Միկոյանին, Վորոշիլովին, ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար Գրիգոր Հարությունյանին եւ այլոց։ Այդ նամակներում նրանք խնդրում էին բացատրել իրենց մեղքն ու հանցանքը, պատմում էին իրենց կենսագրությունները եւ առաջարկում այս կամ այն մարդուն հարցաքննելու միջոցով պարզել իրենց անմեղությունը, նկարագրում էին աքսորավայրի կյանքի պայմանները, որոնք, մեղմ ասած, հեռու էին տանելի լինելուց։
Շատ հազվադեպ այս խնդրանքները կամ բողոքները բավարարվում էին եւ ընտանիքն ազատվում էր աքսորից։ Ավելի հաճախ նրանք ստանում էին շաբլոն պատասխաններ. «Ձեր հարցը վերանայման ենթակա չէ»։
Աքսորված ընտանիքների աշխատունակ անդամները ներգրավված էին կամ անտառահատման կամ գյուղատնտեսական աշխատանքներում։ Հաշվի չէր առնվում ոչ նրանց կրթությունը, ոչ էլ մասնագիտությունն ու արհեստը։ Աքսորյալները, հատկապես՝ հայրենադարձներն, ունեին լեզվի հետ կապած լուրջ խնդիրներ։ Չգիտեին ռուսերեն, ինչը բարդություններ էր առաջացնում թե աշխատանքային հարաբերություններում եւ թե տեղական իշխանության հետ շփումներում։ Երեխաները կրթությունը ստանում էին միայն ռուսերենով։
Դժվար է պատկերացնել՝ ինչպիսի՞ն կլիներ տարաբախտ այդ մարդկանց ճակատագիրը, եթե 1953 թվականի մարտի 5-ին չմահանար Ստալինը եւ դրանից հետո չփոխվեր երկրի ներքին քաղաքականությունը։
Ստալինի մահից հետո աքսորականների կյանքը քիչ թե շատ թեթեւացավ։ Հայաստան վերադառնալ, իհարկե, թույլ չէր տրվում, բայց Ալթայի երկրամասի ներսում «անօրինական» տեղաշարժերի վրա արդեն աչք էին փակում։ Մարդիկ կարող էին փոխել բնակավայրը, ուրիշ աշխատանք գտնել եւ այլն։
Ստալինի մահից հետո գրված նամակներին իշխանությունները սկսեցին հուսադրիչ պատասխաններ տալ. «Ձեր հարցը վերանայվում է»։
1954-ին ստեղծված աքսորյալների գործերի վերանայման հանրապետական հանձնաժողովը սկսեց քննել գործերը եւ երկու տարվա ընթացքում թողություն տվեց «դաշնակների հանցանքներին»։ 1956 թվականին աքսորյալ ընտանիքների գերակշռող մեծամասնությունն արդեն Հայաստանում էր։