«Ֆակտում» հասարակական կազմակերպությունը եւ «Վերսուս» ստուդիան 2010 թվականին սկսեցին Մեծ Հայրենադարձության ուսումնասիրությունը՝ նպատակ ունենալով լույս սփռել Խորհրդային Հայաստանի 1940-50-ականների պատմության վրա։
Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Լիբանանում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասում նկարահանվեցին 60-ից ավելի վկայություններ, հավաքվեց մեծ ծավալի արխիվային նյութ՝ անձնական փաստաթղթեր, ընտանեկան լուսանկարներ եւ այլն։
Հայաստանի ազգային արխիվում կատարված աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ այս ամենը լրացնել պետական, կառավարական փաստաթղթերով, նամակներով եւ թղթակցություններով։
2012 թվականին արդեն պատրաստ էին Մեծ Հայրենադարձությանը նվիրված առաջին վեբկայքը եւ «Անծանոթ իմ Հայրենիք» փաստավավերագրական ֆիլմը, որը ցուցադրություններ ունեցավ Հայաստանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում՝ ամենուր ուղեկցվելով բուռն քննարկումներով։
«Անծանոթ իմ Հայրենիքը» առաջին մասն է «Դարձ ի շրջանս յուր» խորագիրը կրող եռապատումի, որի մյուս երկու ֆիլմերը հաջորդաբար կպատմեն հայաստանյան իրականության մեջ հայրենադարձների ներգրավման, նրանց հանդեպ ստալինյան շրջանում եղած հալածանքի (աքսոր, բռնաճնշումներ) եւ հայրենաթողության կամ արտագաղթի մասին։
Այս կայքը, որի ստեղծումը հնարավոր դարձավ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ, ըստ էության անձնական ապրումների, հիշողությունների եւ արխիվային փաստաթղթերի շտեմարան է, որը հնարավորություն է տալիս համակողմանիորեն ծանոթանալու Մեծ Հայրենադարձությանը եւ ազատորեն օգտվելու մինչ այս անհայտ, չհրապարակված եւ չհամակարգված տեղեկատվությունից։
Կայքն ունի նաեւ տվյալների փակ բազա, որում որոնման անվճար համակարգի միջոցով կայքի օգտատերերը կարող են գտնել իրենց հայրենադարձ ազգականներին, ծանոթներին եւ բարեկամներին։ Կան նաեւ աքսորված եւ բռնադատված հայրենադարձների բազաներ, որոնք նույնպես փակ են եւ հասանելի միայն որոնման համակարգի միջոցով։