Կասեցնելով հայրենադարձությունը` խորհրդային ղեկավարությունը հաշվի չառավ այն հանգամանքը, որ արտասահմանի հազարավոր հայ ընտանիքներ, վաճառելով իրենց ունեցվածքը, դուրս գալով աշխատանքից, հայտնվել էին ծանր դրության մեջ: Այնուհանդերձ, 1946-1948 թվականներին մոտ 90 հազար հայեր տեղափոխվեցին Խորհրդային Հայաստան։ Նրանք դժվարությամբ, բայց ներգրավվեցին հանրապետության տնտեսական եւ հասարակական-քաղաքական կյանքում, դարձան խորհրդային երկրի լիիրավ քաղաքացիներ, մեծ ներդրում ունեցան Հայաստանի արդյունաբերության, խորհրդահայ մշակույթի եւ գիտության զարգացման գործում: