ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆԱԵՒ ՊԱՏԺՈՒՄ Է
Տեղացիների համար բռնաճնշումները, կարելի է ասել, սովորական երեւոյթ էին։ Հայաստանի խորհրդայանցումից հետո դրանց՝ բանտարկություն, աքսոր, գնդակահարություն, զոհ էին դարձել հազարավոր հայեր։ Հայաստանի նոր քաղաքացիների՝ հայրենադարձների համար, դա անսպասելի եւ անբացատրելի էր։ Նրանք կարծում էին, որ Հայաստան գալով՝ գտնում են ամենաապահով հանգրվանը, բայց շուտով պարզ դարձավ, որ իրենց հետ, հաճախ նաեւ՝ իրենցից առաջ Հայաստան էին հասել անցյալում կատարած «հանցանքների» ու գործած «մեղքերի» մասին տեղեկությունները։
1946-52 թվականներին բռնաճնշումների են ենթարկվել ավելի քան 800 հայրենադարձներ։ Նրանց հիմնականում ներկայացվում էին հետեւյալ մեղադրանքները.
-համագործակցություն եւրոպական երկրների կամ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների հետ,
-ծառայություն եւրոպական երկրների (մասնավորապես՝ Անգլիա, Ֆրանսիա) բանակներում,
-հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա,
-անդամակցություն Հայ Հեղափոխական դաշնակցությանը եւ մյուս բուժուաազգայնական կուսակցություններին (ըստ հայեցողության՝ այդպիսին էին համարվում նաեւ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան եւ Ռամկավար-ազատական կուսակցությունները, որոնք աջակցել էին Հայրենադարձությանը)։
Մեղադրանքները հաճախ հիմնված էին լինում ենթադրությունների, կռահումների, տեղական կամ արտասահմանյան, այսպես կոչված՝ «աղբյուրների» տրամադրած տեղեկությունների վրա եւ որակվում էին որպես հայրենիքի դավաճանություն։
Պետական անվտանգության մարմինների ուշադրության կենտրոնում հայրենադարձները հիմնականում հայտնվում էին ազատ արտահայտվելու եւ բացխոսության պատճառով։ Բավական էր դժգոհություն հայտնեին տիրող իրավիճակից կամ համեմատեին սովետական իրականությունը բնակության նախորդ երկրի կյանքի հետ, լուրը տեղ էր հասնում եւ իրավակարգի պահապաններն անմիջապես անցնում էին գործի։
Ինչպես տեղեկանում ենք բռնադատված հայրենադարձների հուշերից կամ բանավոր վկայություններից՝ առաջին հերթին նրանց առաջարկվում էր համագործակցել պետական անվտանգության մարմինների հետ եւ տեղեկություններ հաղորդել շրջապատում (հիմնականում՝ հայրենադարձների) տիրող տրամադրությունների, դժգոհության, արտահայտված մտքերի մասին։ Համաձայնելով այդ առաջարկին՝ տեսադաշտում հայտնված հայրենադարձը կարող էր խուսափել պատժից, թեեւ որոշ դեպքերում անգամ այդ գնով չէր խուսափում։ Չհամաձայնելու դեպքում նա մեղադրվում էր ոչ միայն դժգոհության, ասած խոսքերի համար, այլեւ շատ ավելի լուրջ հանցանքների, որոնք ընդհանրացված կերպով նշված են վերեւում։
Բռնադատվածների գործերը թերթելիս կարելի է մտածել, որ դրանք կազմված են օրենքով, սակայն Ստալինի մահից հետո կատարված վերաքննություններից հաճախ պարզվում էր, որ փաստերը բավարար չափով ուսումնասիրված չեն եղել, «աղբյուրների» տեղեկություններն ըստ պատշաճի չեն ստուգվել, մեղմացուցիչ հանգամանքները հաշվի չեն առնվել եւ այլն։ Այս հակասությունից ակնհայտ է դառնում, որ խոստովանությունները ստացվում էին ֆիզիկական եւ հոգեկան ճնշման արդյունքում, իսկ վկաների ցուցմունքները՝ վախի մթնոլորտում։
Բռնադատվածներին դատում էին Սովետական Հայաստանի Գերագույն դատարանը, զինվորական տրիբունալը կամ ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարության հատուկ խորհրդակցության մարմինը։