Նախքան ներգաղթը հանձնախումբ մը եկավ հոս եւ սկսավ արձանագրել բոլոր անոնց անունները, որոնք կը փափագեին Հայաստան երթալ:
Այնճարցիներուն կամ Մուսա լեռան շառավիղներուն համար Հայաստան ներգաղթը իր պատճառները ուներ, որովհետեւ հոս հաստատվելուց հետո սկիզբը շատ դժվար էր, եւ կրնամ ըսել, որ շատեր անոթի էին այդ շրջանին։
Սակայն պետք է ըսել, որ նաեւ հայրենասիրություն կար, որովհետեւ միշտ «Ա՜խ, Հայաստա՛ն՝ սի՛րտս, հոգի՛ս» կերգեին։ Երգ մը կար, որ նույնիսկ Մուսա դաղ եղած ատենի երգ է ադիկա. եթե կախաղան հանին զինք, ինքը կախաղանեն խեղդող ձայնով պիտի կանչե՝ ա՜խ, Հայաստա՛ն։
Կրնամ ըսել, որ հազիվ 50-60 ընտանիք մնացած էին, որ չէին արձանագրված ներգաղթի համար։ Ինչո՞ւ չգնացին ամենը. որովհետեւ առաջին կարավանը քալեց, երկրորդ կարավանը առավելագույն երկու ամիսե վերջ պիտի գար եւ չեկավ։ Կը կարծիմ, որ Հայաստանեն լուր եկավ իրենց, որ շատ դժվար կացության մեջ ենք, մի՛ գաք։
Մենք քարոզիչ վարդապետը մը ունեինք: Վերջին կիրակին էր, ճիշտը՝ Խաչի օրն էր։ Քարոզի մեջ ըսավ՝ ներկա ժամանակներու մեջ բարվոք է մեզ աստ լինել։ Այսինքն, ավելի լավ է, որ հոս մնանք. կը կարդար օտար թերթեր եւ կը թարգմաներ, տեղյակ մարդ մըն էր:
Եւ կար ավելի ուրիշ պատճառ մը, որ կըսեին՝ եթե դուն դաշնակ ես, պետք է հրաժարականդ տաս, հետո երթաս Հայաստան։ Ադիկա պատճառ եղավ, որ ոմանք հրաժարին երթալ։ Եւ կը հիշեմ, որ Հաբեշյանը, որ իրենց գյուղին մեծամասնության պատճառ եղավ, որ երթան, վերջին օրը ինքը հրաժարեցավ (գնալ)։
Մենք չէինք արձանագրված, մասնավորաբար՝ որովհետեւ գիտեինք, որ հոն քրիստոնեական հավատքի մասին գաղափար չունեին կամ հակառակ էին՝ կը հալածեին քրիստոնեությունը։ Մենք կաթողիկե վարժարան կ’երթայինք այն ատեն, ես նոր ավարտած էի վեցերորդը:
Քեռի մը ունեի, ամեն իրիկուն կու գար, կ’ուզեր համոզել պապաս, որ երթանք: Իսկ հայրս կըսեր՝ եթե զավակներս կ’երթան, ես ըսելիք չունիմ. զավակներս ուր կ’երթան, ես հոն եմ։ Իմ քեռիս չը կրցավ համոզել մեզ։
Եւ վերջը ես 1970-ին Հայաստան գացի։ Այդ քեռիս ողջ էր դեռ, չըսավ ինձի՝ ինչու՞ չեկաք, ըսավ՝ աղե՛կ, որ չեկաք: Բայց ուրիշ պատմություն մը պատմեց ինձի. ըսավ՝ երբ որ մենք նոր նավ ելանք, ունեինք ոսպ, սիսեռ, ձավար, ամեն ինչ պատրաստած էինք, որպեսզի հոն հանկարծակի բան մը չըլլա, անոթի չը մնանք։ Նավի մեջ իրենց ըսեր են՝ ասոնք ամենը հիվանդություն են, ասոնք ամենը ծովը թափեցեք։ Իրենք առին մեզմե, թափեցին ծովը: Երբ որ հոն գացինք, կըսե՝ Հայաստան ո՛չ ոսպ կար, ո՛չ սիսեռ կար, ո՛չ ձավար կար… Եւ սակայն հետեւյալն էլ ըսենք, որ 1970-ին, երբ որ Հայաստան գացի ես, ամեն ինչ առատ էր, ժողովուրդը ուրախ էր, այդ նեղութենեն ելած էին։