Իմ հորեղբայրը ցուցակագրվել էր, որ Հայաստան գաղթե, եւ իր տիկնոջով գնաց՝ Վանաձոր հաստատվեցավ: Ուսուցիչ էր ինքը, Հալեպ կը դասավանդեր: Հորեղբայրս զավակներ, թոռնիկներ ունի հոն: Հիմա մահացավ ինքը. 1917-ի ծնունդ էր անիկա:
Մենք Զահլե էինք. Այնճարի մոտ քաղաք մըն է։ Մենք ալ պիտի երթայինք, բայց հորեղբայրս նամակներ ղրկած էր, եւ հայրս կը պատմե, որ նամակները քողարկված՝ կոդավորված էին, որուն հետեւանքով մենք չգացինք, բայց մեր տունը ծախեր էինք։ Վնասներու ենթարկվեցանք, բայց չգացինք:
Ըսեմ, որ 1960-ին հայրս Երեւան առաջին գացողներեն էր. 1958-ին, կարծեմ, բացված էր ճամփան։ Ինքը գացեր էր Երեւան, որ կուզեր հաստատվիլ, տեղափոխվիլ։ Բայց ամիս մը մնալեն ետքը վերադարձեր էր Բեյրութ. արդեն մենք Բեյրութ էինք:
Բայց աս տեղափոխվելու, տեղավորվելու խնդիրները հիմա կարծեմ ուրիշ աչքերով պետք է դիտենք, ուրիշ գնահատումներով պետք է նայենք. այլեւս այնպես չէ, որ դուն լիբանանցի ես՝ եթե Լիբանան կը բնակիս, կամ թե դուն հայաստանցի ես՝ եթե Հայաստան կը բնակիս։ Մարդուն ազգայնական զգացումները պետք է լավապես օգտագործեն, չը չարաշահեն, եւ ադկե թե՛ անհատը ինքը կօգտվի, եւ թե՛ հավաքականությունը՝ ազգը: Ի՞նչ կը խանգարե մեզի, եթե մենք քաղաքացիություն ունենանք Հայաստանյան. եթե դրական պիտի շահինք ադկե՝ շահինք։ Ի՞նչ կա ադոր մեջ:
Մյուս կողմեն, Հայաստանի բնակչության թիվը եթե այսօր ինկած է, օ քե՛յ, եթե մենք՝ սփյուռքահայերս, հայաստանցիներ դառնանք, արդեն նորեն կբարձրանա Հայաստանի բնակչությունը: Բայց ըսեմ՝ երբ որ Հայաստանը անկախացավ, թերեւս սփյուռքի մեջ կարեւոր տոկոս մը կար, որ կ’ուզեր Հայաստանյան քաղաքացիություն ունենալ։ Հիմա այդ տոկոսը վստահաբար ինկած է, որովհետեւ այդ սկիզբի յուֆորիան, ոգեւորությունը չի կա. երբ որ կար այդ ոգեւորությունը, կարելի էր տալ ադոնց քաղաքացի:
Մենք ներգաղթ եւ արտագաղթ միշտ ալ ունեցել ենք մեր պատմության մեջ, մանավանդ՝ արտագաղթ։ 1946-1948-ը գլխավոր ներգաղթը եղավ, այսինքն, խոշորագույնն էր մեր պատմության մեջ։ Եվ եթե փորձեմ արժեվորումը կատարել Հայաստան ներգաղթին, կը տեսնեմ, որ քիչ մը չարաշահվեցան սփյուռքահայ անհատին ազգային, հայրենասիրական զգացումները, եւ ադիկա հասցուց հոն, որ այդ անհատը քիչ մը, թերեւս, խաբված զգաց։
Մարդուն ազգային զգացումը խոշոր կապիտալ մըն է, եւ լավ ձեւով պետք է օգտագործվի։ Ինտեգրացման խնդիրը այնպես չէ, որ եթե ես ուզեմ ինտեգրացվել, դա բավարար է. այդպես չէ, դուն եւս պիտի ընդառաջես ինձի։ Փոխադարձ պիտի ըլլա, ասիկա։ Միակողմանի չի կրնա ըլլալ։
Մենք Բեյրութի մեջ ալ ունինք ասիկա. ունեցել ենք, երբ որ 1938-39-ին մուսալեռցիք եկել են Բեյրութ կամ գացել են Այնճար, նախկին մուսալեռցիները զիրենց խորթ ընդունած են որոշ չափով: Ասիկա բնականոն վիճակ է։ Բայց յուրաքանչյուր անհատ քիչ մը ավելի պետք է այս առումով ուշադիր ըլլա:
1940-ականներուն Լիբանանի մեջ հավասարակշռություն մը կար հայ կուսակցություններու միջեւ։ Հայաստան ներգաղթի հետեւանքով ճեղքվածքը, տարբերությունը շատ մեծցավ, որովհետեւ ներգաղթը պատճառ դարձավ, որ համայնավար մտայնությունը հարվածվի՝ ելնելով Հայաստանեն ստացված տվյալներեն։ Ուրեմն, հոս ավելի շեշտավորվեցավ պրոդաշնակցական գիծը: Ընդհանուր առողջ հավասարակշռությունը, որ կար, որ մրցունակ էր, մրցակցության դուռ կը բանար, ադիկա հարվածվեցավ։
Մյուս կողմեն, 1946-1948-ի ներգաղթը, ինձի կը թվի, որ կարեւոր գործոն մը եղավ սփյուռքի վրա, որ մղեց իրենք ավելի համարկվելու եւ ավելի իրապաշտ ըլլալու թե՛ իրենց կյանքի հանդեպ, եւ թե՛ իրենց միջավայրի ու նաեւ հայրենիքի՝ Հայաստանի հանդեպ: