Ես 1945-ին Երուսաղեմ որպես ուսանող գացի, այնպես որ, հոս չէի, երբ որ այս ներգաղթի պատմությունը եղավ։ Այն ատեն ես 16 տարեկան էի: Հայրս ինձի նամակ մը գրեց՝ ըսելու, թե մենք կ’երթանք Հայաստան, բայց չենք գիտեր՝ ինչ տեսակ վայր է. եթե լավ ըլլա, դուն ալ պիտի գաս։
Այնպես որ, այստեղի վիճակեն տեղյակ չեմ։ Այն, ինչ որ Երուսաղեմի մեջ տեղի ունեցավ, ադկե տեղյակ եմ։ Մասնավոր պատվիրակություն մը եկած էր: Այս առիթով հատուկ ճաշկերույթ մը սարքեց Կյուրեղ պատրիարքը: Եռուզեռը հոն եւս շատ մեծ էր, խանդավառությունը մեծ էր ներգաղթի համար։ Երուսաղեմ այդ ատեն բավական մեծ թիվ հայություն կը հաշվվեր, մոտավորապես՝ մի հինգ-վեց հազար։ Այս հինգ-վեց հազարեն հազիվ երկու-երեք հազարը մնացին:
Այնճարը որ կը հաշվենք՝ 1200 ընտանիք։ Էս 1200 ընտանիքեն յոթ հարյուր ընտանիքը Հայաստան գնաց։ Հոս 190 ընտանիքեն 75 առ հարյուրը ներգաղթեց։ Այդ ներգաղթողներու շարքին մեջ էին Խոսմե գյուղի Տեր Մարկոս եւ Տեր Մարտիրոս քահանաները։ Տեր Մարկոսը իմ հորս հորեղբայրն է, իսկ Տեր Մարտիրոսն ալ՝ հորս մորեղբայրը։
Որովհետեւ մորեղբայրս ընտանիքով կ’երթար, մայրս պնդած է, որ անպայման մենք ալ պետք է երթանք։ Ուրեմն, պարզապես, հայրս զոհ գացած է մորս պարագաներուն։ Ինքն ալ ներգաղթած է 1947-ին։
Ուրեմն, Հայաստան գացած են Հոկտեմբերյան՝ Տասներորդ սովխոզ։ Եղբայրս, որ քիչ մը այլեւս չափահաս եղած է, ուզած է քաղաք գալ։ Եկած է Էջմիածին։ Հոն համագյուղացիներ շատ ունեցած ենք՝ քեբուսեցիներ։ Այդ համագյուղացիներուն օժանդակությամբ կրցած է տուն մը գտնել եւ փոխադրված է Էջմիածին։ Ուզած է նաեւ մորեղբայրս փոխադրել, բայց մորեղբայրս ուղիղ մարդ էր. խոսք մը որ ըսեր, այդ խոսքին տերը կըլլար։ Ուրեմն, ամեն գնով մերժած է տեղափոխվիլ Էջմիածին։
Ներգաղթեն վեց ամիս հետո նամակ մը հասավ ինձի, որու մեջ կըսվի՝ Հակո՛բ, մենք շատ լավ ենք, երբ որ գալու ըլլաս՝ Իսկուհի եւ Սրբուհի քույրերուդ հետ եկուր, համոզե՛ զիրանք, որ միասին գաք։ Հիմա ես Իսկուհի եւ Սրբուհի քույրերս չեմ ճանչնար։ Ես չծնած՝ անոնք մահացած են։ Գաղտնաբար ըսել կուզե՝ մի՛ գար հոս, վատ է: Երկրորդ նամակը ստացա քանի մը ամիս հետո։ Դարձյալ կասվի՝ Քյուրդամ Հովսեփ քեռիին ալ համոզե՛, հետդ բե՛ր։ Քյուրդամ Հովսեփ քեռին գիտեմ որ հոս մահացավ։ Երրորդ նամակը՝ թոնիրի թարմուզին բարեւ ըրեք։ Թոնիրի թարմուզը. մենք թոնիրը հաց կ’եփեինք, որ այդ կիյնար մոխիրի մեջ՝ չէինք ուտեր, շուներուն կը նետեինք։ Թոնիրի թարմուզը այդ է: Ադոր բարեւ ըրե, ըսել կուզե՝ ադոր կարոտ ունինք մենք։
1972թ. հայրս եկավ հոս, իջանք պարտեզ. խնձորի այգի ունեինք մենք։ Այդ տարին անհամար բերք կար։ Նայեցավ, գետինը համբուրեց, ըսավ՝ ես մզկիթի մեջ մտնեի, աղոթեի՝ Հայաստան չ’երթայի։
Մեր ազգականներեն Գեւորգը, ներգաղթի առաջին տարին որ այգիներու մեջ կաշխատին Հայաստան, ինչ-որ՝ բրիգադեր (բրիգադիր՝ աշխղեկ, աշխատող խմբի ղեկավար,-խմբ.) կըսեն, շատ կը հավնե զինքը եւ կուզե, որ աղջիկը հետը ամուսնացնե, բայց Գեւորգին ծնողքը համաձայն չեն եղած: Ուրեմն, արդեն հակառակություն մը սկսած է։ Կիրակի օր մը Գեւորգը տունը նստած կողո՞վ կը հյուսե, ի՞նչ կընե՝ եկած է բրիգադերը, կըսե թե՝ Գեւո՛րգ, հիմա գործի ժամ է, պիտի երթաս աշխատանքի։ Գեւորգ կըսե՝ այսօր հանգստի օր է, իմ հանգստյան ժամանակն է, չեմ ուզեր երթալ։ Ուրեմն, վեճ-վիճաբանություն եղած է:
Գեւորգ եղբորը կըսե՝ ես կ’երթամ այս երկրեն, բայց մարդու ոեւէ բան չես ըսեր։ Նախապես սերտած կըլլա փախուստի ճամփան։ Արաքս գետի այդ եզերքը թելապատված են էլեկտրական թելերով։ Գացած է, ուրեմն, Արաքս գետի այդ բարձունքին վրա տեղ մը ապաստանած է, մինչեւ որ մայրամուտ եղած է։ Երբ կը փոխվին պահակները, ինքը կամացուկ մը կը սահի այդ թելերուն տակեն, հազիվ Արաքս գետը կը հասնի, շուներու հաչոց կը լսե, կը մտնե գետի մեջ՝ եղեգնուտը: Շուները կու գան, ման կու գան։ Գեւորգը ինքը ինչ որ պատմած է՝ Արաքսը կը կտրե, կանցնե մյուս կողմը։
Մյուս կողմը թյուրք հովիվներ կը պեղեն զինքը՝ տկլոր վիճակի մեջ, ամբողջ թրջված: Հարցուփորձ կընեն՝ ո՞վ ես, ի՞նչ ես։ Անմիջապես ոստիկանատուն կը հանձնեն զինքը: Լավ որ՝ հոն բան մը չեն ըրած իր հետ։ Ոստիկանապետը կը հարցաքննե զինքը՝ ո՞վ ես, ի՞նչ էս։ Ես Հովհաննես Ղազարյանի տղան եմ՝ կըսե: Հովհաննես Ղազարյան, Ղազարյան, Ղազարյան… Այո՝ կըսե, քո հայրը իմ մոտիկ բարեկամն է։
Այդտեղ զինքը կը խնամեն, հագուստը կը չորցնեն, նոր հագուստ կու տան։ Կը կերակրեն, կը խնամեն հետո կամաց-կամաց, երբ որ ինքզինքը կը վերագտնե, ճամփու կը դնեն, կը հասցնեն մինչեւ Սուրիո սահմանը։ Սուրիո սահմանեն, ինչպես կըլլա՝ ծանոթներ կը բերեն զինքը Լիբանան։ Ես այն ատեն Երուսաղեմ էի, երբ որ ինքը հասավ Այնճար։ 1949 թիվն էր:
Շատ դժվարին պայմաններու մեջ կապրեին՝ կըսե։ Հետը բերած էր որպես նմուշ՝ հացի կտոր մը։ Աթարը որ կա, ճիշտ աթարի պես բան մը, կովու թրիք: Աս հացը մենք կուտեինք՝ կըսե։ Օր մը՝ կըսե, այդ լեռներուն վրա, ընկերոջ մը հետ, չեմ գիտեր՝ ինչպես, Անդրանիկի երգը ինկավ միտքս. սկսի՝ իբրեւ արծիվ սավառնում ես… Ընկերս ըսավ՝ Գեւո՛րգ, զգույշ եղիր, այդ երգը չերգես հոս, չլսվի հոս…
Ինչեւէ, տեղին է, որ այս ներգաղթը ըլլար, որպեսզի Հայաստանը իր թիվը ամբողջացներ եւ իր գոյությունը պահպաներ: Բայց ի՛նչ պատահեցավ. էս ներգաղթողները գացին այնպիսի պրոպագանդով մը, որ Հայաստան որ երթաս՝ կոճակը կը կոխես, սեղանը կու գա, ուզած ճաշերդ մեջն է, կուտես, կը խմես... Եւ, դժբախտաբար, ժողովուրդը հրապուրվեցավ եւ գնաց։ Գնաց հոն, եւ սկսան այլեւս մաղել։ Ով որ Դաշնակցության հետ որեւէ ձեւով մը բարեւ մը տված էր, ուրեմն դաշնակցական պիտի որ ըլլաս՝ աքսորած են։ Եւ այսպես, հազարավոր մարդիկ աքսորված են: Միայն Այնճարեն թերեւս չորս-հինգ հարյուր ընտանիք աքսորված է Սիբիր։
1966 թ. Հայաստան գացի, տեսա այդ ատեն բոլոր հարազատներիս: Մայրս միայն չի տեսա, 1963-ին մահացած էր։ Շրջագայության մը համար ուզեցինք ման գալ։ Ըսին՝ պետք է օվիրեն հրաման առնիլ։ Այսինքն, այդ ատեն շրջագայությունը մինչեւ Սեւան եւ Երեւանից մինչեւ Հոկտեմբերյան, այդ էր։ Գացինք հրաման առնելու, ըսին՝ մեկ շաբաթեն պատասխանը կու տանք: Բայց երկու օր հետո արդեն այդ շրջագայությունը պիտի ըլլար։ Ես մասնակցեցա: Ես եւ երեցկինը. չէ՛, երեցկին չէր, ուսուցիչ էի ես: Ինքն ալ ուսուցչուհի էր՝ տիկինս։
Աղվոր շրջագայություն մըն էր՝ Սեւան, Դիլիջան, Կիրովական, Լենինական, այսպես։ Հակառակ այդ դժվարին պայմաններու, մարդիկ ձեւ մը գտած էին բարեկեցիկ կյանք մը ապրելու: Հետո իմացա, որ այդ շռայլությունը, որ եղած է՝ որովհետեւ հյուր ունին, ադոր համար էր:
Երբ որ պիտի գայի, այլեւս, օվիր գացինք, ըսին՝ դուն եկար ժամանակին, հրաման ուզեցիր շրջագայության համար, ինչու՞ չեկար։ Ըսի՝ այդ շրջագայությունը եղավ, գացի։ Ինչպե՞ս գացիր: Դուք ըսեցիք՝ մեկ շաբաթեն պատասխանը կառնես, բայց մերին մտերիմները այդ շրջագայությունը կազմակերպած էին, պիտի ընեին ադիկա, առանձին ո՞ւր պիտի գնայի ես։
Ուրիշ միջադեպ մըն ալ պատահեցավ: Արարատ քաղաք գացինք, կուզեի Խոր Վիրապը տեսնել։ Քեսապցի ինժեներ մը կար, ըսավ՝ ես կը տանիմ ձեզի։ Ըսի՝ շնորհակալ կըլլամ։ Կիրակի օր էր, միաժամանակ՝ դեպուտատ պիտի ընտրեին՝ երեսփոխան։ Ըսավ՝ երթանք, մեր պարտականությունն ալ կատարենք, վերջը կ’երթանք։ Իմիջիայլոց, ինքը կոմունիստ էր։ Գացինք նախ հոն, ուր քվե կուտան դեպուտատի համար։ Ես եւ իմ կոլեկտիվը՝ ըսավ, տրցակ մը քվեներ դրավ քվեատուփի մեջ։ Ինքը՝ իր կոլեկտիվին անունով:
Գացինք Խոր Վիրապ, իջանք, մեր աղոթք ըրինք վիրապին մեջ։ Հետո, որովհետեւ Արարատը շատ մոտիկ էր, ուզեցի Արարատը նկարել։ Վարեն տեսել են զիս, որ կը նկարեմ, անմիջապես երկու հոգի եկան: Քեսապցի ինժեները գույնը տվավ-առավ, պաղցավ։ Մեկը իջավ վիրապին մեջ, նայեցավ, թե ուրիշ մարդ ալ կա՞, թե չկա։ Ձեր պասպո՞րտը (անձնագիր,-խմբ.): Հրամմեցե՛ք: Ձեր վիզա՞ն: Հրամմեցե՛ք: Ձեր արտոնագի՞րը հոս գալու: Չունինք արտոնագիր: Սկսավ այլեւս՝ կծու-կծու խոսքերով… Ըսավ՝ օրենքը կը թելադրե առանց Էջմիածինը տեսնելու արտասահման ուղարկել ձեզի։ Ձեր ըսելիքը վերջացրի՞ք: Ըսավ՝ այո։ Պասպորտը առի ձեռքեն. աս իմ օրինավոր պասպորտն է՝ ըսի, վիզան ալ մեջն է, աս ալ օրինավոր վիզաս է, իսկ Արարատ գալու համար մենք գացինք հրամանատարի մոտ, հոն չէր, սահմանապահ նաչալնիկը թույլատրեց մեզի՝ եկանք։ Ըսի՝ ուսուցիչ եմ ես, զիս կը հետաքրքրեն Հայաստանի պատմական վայրերը։ Ես որ արտասահման երթամ՝ ի՞նչ պիտի պատմեմ իմ աշակերտներուս:
Ըսավ՝ աշխարհում լավ ու վատ մարդիկ շատ են. երեւի դուք լավերից եք, դե, մեր Արարատը ձեզի փեշքեշ։