Սկիզբը, պետք է ըսել՝ մեղմ սկսավ։ Ներգաղթի մտածողության ընկալումը շատ լավ ընդունեցին թե՛ դաշնակցական թեւը, թե՛ մյուս կողմեն՝ հայրենասիրական ճակատը: Գաղափարը բոլորի մտքին մեջը շատ հստակ էր, եւ գաղութին մեջը սկիզբը հակամարտություն չիկար։
Ամեն օր կեսօրե վերջ ժողովուրդը ուխտագնացության նման կ’երթար դեպի նավահանգիստ՝ նավերը եկած կըլլային կամ պիտի գային։ Հայրենադարձության իրավունք ստացած անձերը կուգային Սուրիայեն, Հորդանանեն, նույնիսկ՝ Իրաքեն, նավահանգիստին մեջ կը կենտրոնանային, վրաններն ալ կային: Բեյրութցիները վերջին օրը կը հասնեին, նավերը կը լցվեին եւ կ’երթային դեպի հայրենիք:
Սակայն վերջը հանկարծ դիրքերը տաքցան, եւ հասավ հոն, որ Դաշնակցության մեջ կարգ մը անձեր սկսան զգուշավորություն ունենալ, ուրիշները ավելի նախապատվություն տվին հայրենասիրության։ Իսկ մյուս թեւը՝ գլխավորաբար Հնչակյան, Համայնավար, անոնք ավելի կարծր սկսան քաղաքականություն վարել, եւ այդ կարծրության մեջը սկսան տգեղ երեւույթներ պատահիլ։
Այսինքն, ով որ Հայաստան պիտի երթա, եթե կուսակցական է՝ պիտի հրաժարվի: Եղան դաշնակցականներ, որոնք հակառակ բոլոր այս բանին, ներգաղթը նկատեցին շատ կարեւոր գործ մը եւ միշտ մնացին կողմնակից ներգաղթին: Ադոնցմե գլխավորը՝ Նիկոլ Աղբալյանը, առաջին օրեն ըսավ եւ շարունակեց ըսել՝ շա՛տ գացեք, շո՛ւտ գացեք։ Ասի եղավ իր նշանաբանը, որ նաեւ փոխանցեց երիտասարդության, եւ շատերը տվին իրենց հրաժարականները, գացին հայրենիք։
Ճիշտ է, որ Նիկոլ Աղբալյանը մահացավ 1947-ին, սակայն արդեն մտածողությունը կար, որ դաշնակցականները հայրենադարձության կողմնակից էին։ Հրանտ Դեւեջյանի «Ժողովրդային ձայն» թերթի մեջ սկսավ դաշնակցությունեն հրաժարականներու արշավ մը:
Սփյուռքահայերը սկսան կողմնորոշվիլ հայրենասիրության եւ ազգասիրության միջեւ: Ոմանց քով ազգասիրությունը գերազանցեց, որովհետեւ անոնց մտքերու մեջի հայրենիքը իրենց գիտցած հայրենիքը չէր, հայրենիքը սովետական կարգերն էին: Դժբախտաբար, պատահեցան ծանր դեպքեր՝ սպանություններ, եւ այս մթնոլորտի մեջը հայությունը շարունակեց երթալ Հայաստան:
Մոսկվայի որոշումն էր ներգաղթըր: Երկու հարյուր հիսուն հազար անձ սպանված էր Հայրենական պատերազմի ատեն, Մոսկվան արտոնեց ներգաղթը, եւ ես կհիշեմ, որ այդ արտոնության մեջը կար զանգվածային բառը՝ զանգվածային հայրենադարձություն։ Ես անձնապես ներգաղթը կը նկատեմ մեծ հաղթանակ մը, որովհետեւ բազմահազար հայեր վերադարձան հայրենիք:
Պզտիկ օրինակ մը բերեմ. այդ նավահանգիստը, որ կերթայինք ամեն կեսօրե վերջ, օր մը ալ տեսանք՝ Իրաքի Քյուրդիստանի լեռներեն հայեր եկած են: Կը հիշեմ՝ հայերեն խոսիլ չէին գիտեր, իրենք հագած էին քյուրտերու նման, իբրեւ քրիստոնյա քյուրտեր պահված էին իրենք, բայց խորքի մեջը հայեր էին. իրենք գիտեին, որ հայ են: Եվ եկան Բեյրութ, աստեղեն ներգաղթեցին։ Շատ տպավորիչ էր։ Նույնիսկ քանի մը հոգի ձիեր բերած էին։ Այս մարդիկը Հայաստան գացին՝ եղան հայ։
Ճիշտ է, գացողները կը կարծեին, որ պիտի երթան իրենք, հրաշալի տուներու մեջ պիտի ըլլան եւ այլն, եւ այլն։ Գացին՝ այդ խոստումները չեղան, սակայն գիտակից հայերը անմիջապես ընդունեցին այդ իրականությունը: Մարդիկ եղան, որ, ճիշտ է՝ հացը նվազ եղավ, կարագ չեղավ, այս չեղավ, այն չեղավ, բայց իրենց քովը հայրենիքի գաղափարը այնքան բարձր էր, որ ադիկա երկրորդական, երրորդական բան մըն էր: Այսինքն, ըսածս այն է, որ անձե-անձ կը տարբերի:
Երկու հորեղբայրներս Պուքրեշեն (Բուխարեստ) պիտի երթային Հայաստան, եւ մենք ալ այստեղեն երթալով պիտի միանայինք իրենց։ Դժբախտաբար, մեզի մերժեցին, որովհետեւ հայրս դաշնակցական գործիչ եղած էր, բայց մինչ այդ մահացած էր: Անոնք գացին եւ հաստատվեցան Կիրովական, ներկա Վանաձոր, եւ մենք չկրցանք միանալ իրարու։ Հորեղբայրներես մեկը շատ խոհեմ եղավ, ընդունեց իրականությունը եւ հոն ուսուցչություն ըրավ. ֆրանսերեն, անգլերեն դասատու եղավ: Իսկ մյուսը քիչ մը ըմբոստ ըլլալու համար յոթը-ութը տարի Սիբիր աքսորվեցավ։ Այս է մեր պատմությունը:
Սակայն հիմա ընտանիքս բոլոր Հայաստան են՝ զավակներս, թոռներս, հարսներս։ Մենք ալ տեր եւ տիկին հոս ենք։ Տակավին պիտի վերադառնանք հայրենիք։
Այսօր մարդիկ կան , որ կըսեն՝ հայրենիք երթանք, դրամ կրնա՞նք շահիլ. ասի հայրենասիրություն չէ, ասիկա հաշիվ է, թվաբանություն է. չեղավ։
Այսօր ալ կա այդ հարցը, այսինքն, 1990-ականներեն ոչ միայն մարդկային ուժի, այլ նաեւ տնտեսական ուժի հայրենիք փոխադրվիլը պետք է ըլլար: Մինչեւ հիմա չեղավ, որովհետեւ ո՛չ սփյուռքի մեջ այդ մտածողությունը հասունցած է, որ երթան, ո՛չ ալ Հայաստանը պատրաստ է ընդունելու այդ մարդիկը: Ենթահող պատրաստած չէ Հայաստանը, որ սփյուռքահայ մարդը քաջալերվի իր դրամագլուխը փոխադրելու հոն։
Այսօր այս մարդիկը գացել են, Ամերիկայի հայաշատ քաղաքներու մեջ կապրին: Տակավին կը հավաքվին՝ կուսակցական, ազգային երգեր կ’երգեն։ Մշակութային կյանք ունին, սակայն, ապագա չունին: