ՄԵԿ ՈՏՔՍ ՀՈՆ ԷՐ
Լիբանանահայ Եղիա Բալաբանյանը, իմանալով հայաստանցի լինելս՝ ինձ դիմավորում է ռուսերեն «բարի գալուստ»-ով: Ավելի ուշ ռուսերեն ուրիշ արտահայտություններ էլ է օգտագործում, ասելով, որ այդ լեզուն սովորել է Հայաստան կատարած իր հաճախակի այցերի ընթացքում։ 1964-ից մինչեւ 1999 թվականն ամեն տարի պարբերաբար այցելել է Էջմիածին ներգաղթած իր հարազատներին՝ ծնողներին, քրոջն ու եղբայրներին։ Դրանից հետո պարբերականությունը նվազել է, չի հիշում 1999-ից հետո քանի՞ անգամ է եղել։
Դժվար է հավատալ, որ երիտասարդ տղային ծնողները, քույրն ու ավագ եղբայրները կարող էին թողնել Լիբանանում միայնակ ու գնալ Հայաստան, բայց այդպես է եղել։ 19-ամյա Եղիա Բալաբանյանը 1946 թվականին արհեստ էր սովորում լիբանանցի մի վարպետի մոտ։ Ծնողները նրան վստահում են վարպետին ու իրենք մյուս որդիների ու դստեր հետ գաղթում Հայաստան: Իհարկե, նպատակն էր, որ տղան արհեստ սովորի, հետո միանա իրենց, սակայն Եղիա Բալաբանյանը հետագայում չի գնացել Հայաստան, ամուսնացել եւ մնացել է Լիբանանում։
«Իմ ծնողներս Մովսես Կարապետի Բալաբանյանն ու Մարի Թիլամիսյան-Բալաբանյանն են, եղբայրներս՝ Հովհաննես, Արտաշ, Արշակ, Հաբեթ եւ քույրս՝ Ալիս Բալաբանյան: Անոնք Լիբանանեն գնացին «Մոլոտով» նավով: Ինձի համար դժվար էր հարազատներս տարիներով չտեսնելը, կկարոտնայի։ Մոտ քսան տարի ես չտեսա անոնց, բայց իրենք ալ չքաջալերեցին, որ միանամ իրենց, լուրերը հոնտեղեն լավ չէին գար: Ինծի պես շատեր կսպասեին, որ լավ լուր մը առնեն եւ միանան իրենց հարազատներուն, բայց այդպես ալ քիչեր, շատ քիչեր հետագային մյուս քարավանով գնացին: Առաջին անգամ Հայաստան գնացի 1964-ին։ Էջմիածին կը բնակեին հարազատներս, տուն շինած էին: Կը հիշեմ, որ Հայաստանի օդակայանը խղճուկ վիճակի մեջ էր, ոստիկանները շարք բռնած էին, քանի որ այդ տարին հոստեղեն շատ գնացողներ կային, հոնտեղեն ալ ամեն հայրենադարձները եկած էին դիմավորելու իրենց հարազատները: Ես 22 տարի իմ հարազատներս չէի տեսած (ինծի պես շատեր կային) եւ հանկարծ այդ մարդոց մեջ ճանչցա եղբայրս՝ Արտաշը, գոռացի՝ «Արտա՜շ» , ինքն ալ «Եղիա՜» գոռաց, եւ ոստիկաններուն կազմած շարքը ճեղքելով, իրարու մոտեցանք, փաթթվեցանք, եղբայրս ըսավ՝, ծո, դուն փոքրիկ էիր, այս որչա՞փ մեծցած ես։ Ինծի ուսերու վրա դրին ու մինչեւ մուտք ուսերու վրա տարին: Եղբայրներս արդեն ամուսնացած էին, հարազատներս լավ վիճակի մեջ տեսա, իրենց դժվար կյանքը, որուն մասին կխոսեին, ես չեմ տեսած: Այդ առաջին այցես ետք ամեն տարի պարտադիր կերթայի: Արդեն դյուրին էր ինծի համար հոն երթալը: Իրենց կյանքի ձեւը սորվեցա, լեզուն սորվեցա, ռուսերեն կհասկնայի, ընկերներ, ծանոթներ ունեի շատ: Ամեն անգամ հարազատներս ոչխար կմորթեին, մեծ սեղաններ կդնեին, ամենքը կհավաքվեին, շատ ուրախ կմնայի հոն իրենց հետ, բայց ընտանիքս հոս էր, ետ Լիբանան կուգայի»։
Մեր զրույցին միանում է Եղիա Բալաբանյանի դուստրը՝ Մարո-Բեատրիս Բալաբանյանը. ով հայաստանցի իր զարմիկների հետ ամենօրյա վիրտուալ շփումների եւ Հայաստան հաճախակի այցերի արդյունքում խոսում է արեւելահայերեն. «Երբ ես հորեղբայրներիս երեխաների հետ խոսում եմ, ինձ թվում է՝ մենք միասին ենք մեծացել, նույն տան մեջ, այնքան հարազատ ենք միմյանց։ Երբ որ այցելում եմ, էլի նույն հարազատութունն եմ զգում: Էջմիածնում զարմիկներիս մեջ իմ անուն-ազգանունով էլի աղջիկներ կան: Մենք նույն ընտանիքի զավակներն ենք, հայրս այստեղ է մնացել, մենք այստեղ ենք ծնվել, իրենք՝ այնտեղ, բայց շատ կապված ենք իրար: Այդ կապը ավելի շատ ոչ թե հորս, այլ մորս շնորհիվ էր, մենք փոքր էինք, նա մեզ նստեցնում էր, ցույց էր տալիս մեր հորեղբայրների, նրանց երեխաների նկարները, բոլորին անուններով գիտեինք։ Մեծացանք, իրար գտանք եւ այսօր էլ պահում ենք կապը: Հայրս արդեն ծեր է, չի կարողանում Հայաստան այցելել, իրեն տանում եմ՝ Սկայպով խոսում է հարազատների հետ: Մենք ենք հիմա հաճախ գնում Հայաստան: Ես երեք եղբայր ունեմ, իրենք էլ են շատ կապված Հայաստանի ազգականների հետ». ասում է Եղիա Բալաբանյանի դուստրը:
Եղիա Բալաբանյանը հարեւանների շրջանում հայտնի է իբրեւ «կիսահայաստանցի». «Մեկ ոտքը հոն էր, կերթար, մեկ-երկու ամիս կմնար»,-ասում են հարեւանները:
Թեեւ պարոն Եղիան հիմա 90-ին մոտ է, բայց անուն առ անուն հիշում է Հայաստանի իր հարազատներին։ «Հայաստանն իմ կյանքիս ամենեն կարեւոր մասն է». ասում է նա՝ վերստին ծանոթ ու սիրելի Էջմիածին գնալու հույսը չկորցրած։
Անուշ Թրվանց