Սիրվարդ Ղուկասյանի քույրը՝ Վարսենիկ Ղուկասյան-Լաքիսյանը

Սիրվարդ Ղուկասյան

ԵՐԵՔ ՔՈՒՅՐ, ԵՐԵՔ ՃԱԿԱՏԱԳԻՐ

92-ամյա լիբանանահայ Սիրվարդ Ղուկասյանը ապրում է եղբոր՝ 80-ամյա Լեւոնի հետ: Եղբոր կինը տարիներ առաջ հեռացել է կյանքից , իսկ ինքն ամուսնացած չէ, եւ ահա ծերության օրերը միասին են անցկացնում քույր ու եղբայր: Եղբոր զավակները նրանց խնամելու համար սպասուհի են վարձել։ Քսանամյա սեւամորթ եթովպուհի Յաշին գերազանց հասկանում է հայերեն: Ծագումով մուսալեռցի Սիրվարդ եւ Լեւոն Ղուկասյանները երբեմն նաեւ Մուսա լեռան բարբառով են խոսում սպասուհու հետ, աղջիկը ժպտալով կատարում է նրանց բոլոր հանձնարարությունները:

Դեմ դիմաց դրված երկու թախտ կա, որի վրա ցերեկվա ժամերին քնում են նրանք, հետո արթնանում, նստում նույն թախտին՝ դեմ դիմաց եւ զրուցում: Քույր եւ եղբայր Ղուկասյաններն ամենօրյա զրույցներում եւ հիշողություններում երբեք չեն մոռանում իրենց քրոջը՝ Վարսենիկ Ղուկասյան-Լաքիսյանին, ով 1946-ին Լիբանանի Այնճար գյուղից ամուսնու եւ երկու երեխաների հետ ներգաղթել է Հայաստան։

Հայրենադարձ քրոջ ընտանիքին սկզբում տեղավորել են Ալավերդիում։ Ավելի ուշ հնարավորություն են տվել տուն կառուցել Երեւանի Նորագավիթ շրջանում, որտեղ էլ այսօր ապրում է Վարսենիկ Ղուկասյան-Լաքիսյանի որդիներից մեկի ընտանիքը։

«Երբ քույրս եկավ Լիբանան, պատմեց, որ շատ դժվարություններով կրցած են տուն շինել։ Մենք հոս ոսկի տվինիք իրեն, տարավ ծախեց, տունը կիսատ էր, ավարտեց, շինեց, իսկ մինչ այդ ինքը գուլպա կը գործեր ու կը վաճառեր։ Երբ Լիբանան եկավ, հետը ակորդեոն մը բերավ ռուսական, հարգի էր հոս, ատ ալ ծախեցինք, դրամ ըրինք, իրեն տվինք, որ հետը տանի: Քրոջս ամուսինը Լիբանան եկավ, մեզի բան մը ըսավ, որ ամենքս լացցուց, ըսաւ՝ անիծվի այն ժամը, որ մենք հոս Լիբանան մեր տուները ձգեցինք ու գացինք:»

Սիրվարդն էլ է Հայաստան այցելել։ Հիշում է, որ քրոջ ընտանիքն արդեն հարմարվել էր հայաստանյան պայմաններին, վարք ու բարքին: Լիբանանում մի քույր եւս ունեն։ Այդ քրոջ զավակներն ու թոռներն են մշտական կապ պահպանում արդեն կյանքից հեռացած քրոջ զավակների ու թոռների հետ։ Ինքը շատ բան չի հիշում. «Լեւոն, Պետրոս, Էլիզ, Սեդա, Լուսին… «Էլիզը մահացավ մյուսները ողջ են, գիտեմ, որ շինարարության մեջ կաշխատեին տղաքը, Երեւանի փոստն ալ աշխատած են»:

Ներգաղթելիս Սիրվարդի քույրն արդեն երկու զավակ ուներ, որոնք Լիբանանի հպատակներ էին։ «Չորս տարի առաջ, երբ հոս երեսփոխանական ընտրություններ եղան, ամեն մեկ կուսակցություն իր համակիրներուն օդանավերով կբերեր, որ քվեարկեին, քրոջս զավակներեն մեկը՝ Պետոն ալ, որ պահած էր իր լիբանանյան անձնագիրը, եկավ քվեարկեց, շատ սիրեց Լիբանանը, բայց ըսավ՝ մենք հոն վարժված ենք արդեն, շատ դժվար է հոս գալ հաստատուիլը»։

«Յաշի, նկարները բեր,-սպասուհուն է դիմում 92-ամյա կինը: Սպասուհին բերում է կոշիկի տուփերը, որոնց միջից նա հանում է քրոջ, քրոջ ամուսնու եւ նրանց զավակների նկարները: Հիմնականում վերջին տարիների նկարներ են՝ հայաստանյան ավանդական հյուրասիրության սեղանի շուրջ՝ բաժակները բարձրացրած... Լուսանկարներում նա ցույց է տալիս նաեւ քրոջը տանը հյուրընկալված այլ ներգաղթյալների: «Հոն ամեն հոստեղեն գացածները իրարու կօգնեին, ձեռք ձեռքի կուտային, մեկը մյուսին ճամբա մը ցույց կուտար»։

Երբ խնդրում եմ իրենց ընտանիքի հետ կապված պատմություններ մտաբերել, Սիրվարդ Ղուկասյանը՝ կարծես ժամանակ շահելու համար, ասում է՝ պատմությունները շատ են, ո՞ր մեկն ըսեմ: «Երեք քույր էինք, ամեն մեկը մեկ տեսակ ճակատագիր ունեցավ: Հայրս զիս ամուսնանալու չտվավ, բախտ չեղավ, մյուս քույրս ալ հոս կապրի, ամուսնացած է, զավակներու թոռներու տեր, մյուս քույրս Հայաստան գնաց, հոն ապրեց, հոն մահացավ, ամուսինն ալ մահացավ, լավ որ ժառանգներ ունեցան: Քույրս մահացավ, բայց ես մեկ վայրկյան չեմ մոռնար զինքը, իր գնալը կը հիշեմ, հոս մեզ այցի գալը կհիշեմ, իմ գնալս կհիշեմ... Իր բախտն ալ Հայաստանն էր, ինչ ընե՞նք»,-ասում է Սիրվարդ Ղուկասյանը:

Անուշ Թրվանց

Երբ Լիբանան եկավ, հետը ակորդեոն մը բերավ ռուսական, հարգի էր հոս, ատ ալ ծախեցինք, դրամ ըրինք, իրեն տվինք, որ հետը տանի: