Մասնագիտությամբ՝ գյուղատնտես, բանահավաք-պատմագիր

Եսայի Հավաթյան

Բնականաբար, ես ծնած չէի այն ատեն, բայց ուսումնասիրած եմ հարցը։ Մենք՝ մուսալեռցիներս, Այնճար եկած ենք 1939-ի սեպտեմբերին։ Այնճար հասնողները 5125  հոգի էին՝ 1205  ընտանիք։ Ուրեմն, բնականաբար, ոչ բոլորը Այնճար տեղավորվեցան. եղան ընտանիքներ, որոնք Սաիդայի կողմը գացին՝ հարավային Լիբանան, ոմանք Դամասկոս մնացին, ոմանք՝ Բեյրութ։ Այնճարի մեջ հաստատված են 1050 ընտանիքներ։

Այնճարը, իմիջիայլոց, անապատ մըն էր իրականության մեջ։ Այսօր բոլորովին ուրիշ տեսք ունի։ Ուրեմն, առաջին տասը տարին մենք նույնիսկ պարտեզները ծառ չէինք տնկած՝ ան հույսով, որ նորեն Մուսա լեռ պիտի վերադառնանք: Ուրեմն, երբ որ Հայաստան ներգաղթի ժամանակները եկան՝ 1946-47-ը, մարդիկ, քանի որ հոս արմատ նետած չէին, մեծ եռանդով ուզեցին ներգաղթել հայրենիք։

Մուսալեռցի 700 ընտանիքներ ներգաղթեցին, որոնցմե 650-ը՝ Այնճարեն եւ 50-ը՝ Լիբանանի այլ շրջաններեն եւ Սուրիայեն։ Այդ առիթով նաեւ երգ կա գրված, ուրուն եղանակը չեմ գիտեր, բայց բառերը օրինակ կը հիշեմ, որ՝

Կրողներ իկեն,
Թղթեր բաժնեցեն,
Ածեն ու լացեն,
Բաբլներ փակիցեն,
Բոխչաներ կապիցեն,
Ածեն ու լացեն,
Հայաստան գացեն։

Ուրեմն, անուն արձանագրողները եկան, թուղթեր բաժնեցին, որ՝ գրվեցե՛ք, Հայաստան պիտի ներգաղթեք: Մարդիկ պատրաստեցին իրենց չամադանները (չեմոդան՝ ռուս., ճամպրուկ,-խմբ.) , բաբլները ադոնք են: Բոխչաները՝ հագուստները, պատրաստեցին, խոսեցան, լացին եւ Հայաստան գացին։ Այսինքն, հոս շատ դժվար եղած է այդ բաժանումը նաեւ, որովհետեւ ընտանիքներ կան, որոնց կեսը հոս մնացին, իսկ մյուսները ներգաղթեցին։

Եւ մուսալեռցիները հավաքաբար, ուրեմն, նավահանգիստը գացին, հոն դհոլ-զուռնա նվագեցին, բարի ճանապարհ մաղթեցին գացողներուն: Կարծեմ, «Ռուսիա» նավն էր, որով ներգաղթողները Հայաստան գացին։

Մտավախություններ ունեի՞ն, այո՛, ունեին։ Կային մարդիկ, որոնք կը կարծեին, որ այն, ինչ որ կը խոստացվեր ներգաղթի մարմիններու կողմե, ադոնք չէին համապատասխաներ իրականության կամ կրնային չհամապատասխանել։

Լսած եմ, ներգաղթի հիմնական ջատագովներեն մեկը մեր նախկին ուսուցիչ եւ կուսակցական կոմիտեի հերթապահ Թովմաս վարժապետ Հաբեշյանն էր։ Թովմաս վարժապետը ինքն ալ պատրաստված էր ներգաղթելու, բայց արթուն մարդիկ միշտ եղած են, գիտեք, ամեն տեղ։ Առաջին կարավանը, որ գնաց, ինքը ունեցած է հարազատներ եւ իրենց ըսած է՝ որ հասնիք տեղ, նամակ կը գրեք: Եթե տեղը վատ է, կը գրեք՝  դոլաբին (պահարան,-խմբ.)  դուռը կոտրած է:

Ուրեմն, լուսահոգի Թովմաս վարժապետը կըսեր, որ ինքը պատրաստած էր իր ապրանքները, երբ որ իր հարազատներեն մեկեն նամակ կը ստանա, որ «դոլաբին դուռը կոտրած է»: Ուրեմն, կըսե, որ անմիջապես հուսահատեցանք եւ հրաժարեցանք երկրորդ կարավանին ներգաղթելը։

Մարդիկ կային, որոնք կը կարծեին, որ Սովետմիությունը կրնա զիրենք հալածանքի ենթարկել՝ իրենց քաղաքական կեցվածքներուն եւ հավատամքին համար եւ, կը կարծեմ, որ այդ մարդիկ սխալած չէին: Ներգաղթողներուն մեջ բավականին մարդիկ՝ ոմանք դաշնակցական եղած, ոմանք համակիր եղած Դաշնակցության, անոնք հալածվեցան, աքսորվեցան դեպի Սիբերիա, եւ անոնցմե ոմանք հոն մահացան։
Ես ունիմ հարազատներ, որոնք աքսորված են Սիբերիա եւ անոնք կուսակցական չէին, բայց համակիր էին Դաշնակցության։

Այնճարի բոլոր մուսալեռցիները հարազատներ ունեն այսօր Հայաստան։ Ուրեմն, իմ հարազատ մորաքույրիս՝ Վարսենիկ Լաքիսյանի բոլոր զավկները Հայաստան են, Երեւանի Նորագավիթ թաղամասը կը մնան։ Ես երկու շաբաթ առաջ գացի, բոլորին այցելեցի՝ Նորագավիթ, Ավան, Ջրվեժ, Մասիվ (Նորքի զանգված,-խմբ.) ,այդ շրջաններու մեջն են: Այսինքն, կապը մենք կտրած չենք իրենց հետ եւ, բարեբախտաբար, այդ իմ հարազատներս չարտագաղթեցին Հայաստանեն։

Սակայն ներգաղթը, եթե ես որպես այնճարցի մտածեմ, ես կըսեմ՝ կա՛մ պետք է բոլոր մուսալեռցիները ներգաղթեին, կա՛մ պետք է բոլորը մնային, որովհետեւ ներգաղթողները՝ թիվով քիչ ըլլալով, ցրվեցան Հայաստանի մեջ, եւ իրենց ավանդությունները, բարբառը, լեզուն կորսնցնելու ընթացքի մեջն են, իսկ մնացողները շատ տկարացան, որովհետեւ թիվերնին շատ պակսեցավ։
 
Եթե այդ ներգաղթը չըլլար, Այնճարը այսօր ուրիշ տեսք կունենար եւ ուրիշ հզորություն կունենար։ Այսինքն, այս միջազգային ճամփան մեր ձեռքը կըլլար։ Սակայն Այնճարը տկարացավ, մարդոց թիվը անկում ունեցավ, տուները պարապ մնացին։ Եկան, տեղերը պաղեստինցիներ լեցվեցան։ Հետո անոնք այնճարցիներու գլխուն փորձանք դարձան։

Մյուս կողմե՝ ներգաղթը հայրենքին համար մեծ կարեւորություն կը ներկայացնե, որովհետեւ նաեւ դուրսի փորձառություն ունեցող հայություն բերին երկիր, եւ ես կը կարծեմ, որ Հայաստանը ներգաղթողներեն օգտվեցավ: Իրենց ունեցած գիտելիքները եւ փորձառությունը ի սպաս Հայաստանին դրին, եւ ադիկա օգուտ է, թող չի նեղվին բնիկ Հայաստանցիները։ Կը նայիմ ես՝ մեր արվեստի գործիչներուն, գրողներուն մեծամասնությունը բոլորը ներգաղթողներ են։ Ասիկա չի նսեմացներ արեւելահայ բնակչության արժանիքները, բայց իրականության պետք է իրականություն ըսել։ Այսինքն, հիմա, եթե Չեքիջյան ըսեմ, Հակոբ Հակոբյան ըսեմ, ո՞ր մեկը ըսեմ, Երվանդ Քոչարը ըսեմ…

Տեղացիներու հետ դժվարություննե՞րը… Որեւէ երկրի մեջ ապրող մարդ եթե ուրիշ որեւէ երկրի մեջ երթա ապրելու, շատ դժվարություններ կունենա, եւ ասոնք սովորական են։ Այսինքն, հիմա աղջիկս գնաց Երեւան, պիտ ուսանի Կոմիտասի անվան երաժշտանոցը։ Առաջին տարին շատ-շատ դժվար եղավ հարմարվիլ երեւանյան կյանքին, որովհետեւ, մենք հոս ուրիշ մտայնություն ունինք, մենք գյուղացի ենք, մեր վարքուբարքը, մեր կենցաղը ուրիշ է:

Ներգաղթողները դուրսեն եկան հայրենիք, շատ բնական էր, որ իրենց եւ տեղացիներու միջեւ ըլլային դժվարություններ՝ հասկացողության, վարքուբարքի, ավանդություններու, լեզվի։ Հիմա ես. երեւանյան ժարգոն կըսեք կոր դուք այդ խոսակցական լեզվին. ես երեւանյան ժարգոնը չեմ հասկընար, բայց նայեցա՝ աղջիկս կը հասկընա կոր հոն ապրելով։ Եւ այդպես եղած է մեր հարազատներու պարագային, որոնք հիմա մեր բարբառը մոռցած չեն, բայց արդեն բոլորը երեւանցիի պես ամեն ձեւով կ’ապրին եւ այլեւս երեւանցի են։

Կային մարդիկ, որոնք կը կարծեին, որ այն, ինչ որ կը խոստացվեր ներգաղթի մարմիններու կողմե, ադոնք չէին համապատասխաներ իրականության կամ կրնային չհամապատասխանել։