Մենք զավակներն էինք մեր կիլիկյան ծննդավայրեն բռնագաղթված ընտանիքի: 1938թ. Լիբանան հաստատվեցանք, իսկ Հայաստան ներգաղթի սկիզբը իմ ծնողքս դիմեցին եւ նույնիսկ առաջին քարտն ալ մեզի տվին:
Պատրաստեցինք փայտյա մեր խոշոր սնդուկները, սակայն դեպքերը այնպես բերին, որ այդ երկու տարվան ընթացքին մեզի թողեցին այստեղ եւ տարին այնպիսի մարդիկ, որոնք իրենք ճիշտ տեսան: Եվ մենք համակերպվեցանք հոս մնալու գաղափարին։ Սակայն ընկերներ ունեի, հեռավոր ազգականներ ունեի, որոնք այդ ներգաղթին, ես կըսեմ՝ ազգահավաք. մաս կազմեցին եւ հայրենիքի մեջ հաստատվեցան։
Սակայն մինչեւ մեկնելը արիաբար պիտի ըսվեր՝ դուք դրախտ չէ, որ կ'երթաք. Սովետմիությունը դրախտ չէ: Թող ըլլային առարկայական: Եվ անոնք՝ Հայաստան հաստատված մեր ընկերները, մեզի կըսեին՝ մնացե՛ք եւ մի՛ գաք։
Իսկ գալով տեղացի ժողովուրդին, որ ինչու համար չէին ուզեր հայրենադարձներին՝ տեղացին պատերազմի տարիներին այնքան նեղ օրեր անցուցած էր, որ իրենց նեղ վիճակը ավելի նեղցնելու համար, կարծեք թե, այդ հայրենադարձ զանգվածները եկան եւ հաստատվեցան Հայաստան։ Եւ ի՞նչ պատահեցավ. օրինակի համար, իրենց եթե մեկ նկանակ հաց կը տրվեր, արդեն կիսվեցավ այդ հացը:
Անշուշտ, շարք մը բաներ եղան, որոնք հետո, երբ մենք ականջալուր եղանք, չսիրեցինք այդ երեւույթները, «ախպարապատումները» չէինք սիրեր, երբ որ «ախպար» կամ «ախպեր» կը կոչեին, մենք անձնապես վիրավորված կը զգայինք: Թե ինչու այդպես կըսեին՝ չենք գիտեր։
…Հաղթանակով՝ քառասունհինգի հաղթանակով ոգեւորված գացին եւ հաստատվեցան Հայաստան, եւ անոնցմե մաս մը բռնի տեղահանվեցան կամ աքսորվեցան. ադիկա անկարելի էր, որ ընդունվեր։ Եվ հայ ժողովուրդի՛ համար չեղավ ներգաղթը. մարդիկ տարին ուրիշ տեղը շենացնելու համար։ Բայց հարց կուտամ՝ քանի՞ հազարը. մտավորական ըլլա, անհատ ըլլա, արհեստավոր ըլլա, բանվոր… ենթարկվեցան այդ բռնի աքսորին։ Հայտնի չէ:
Որպեսզի կարենաք գիտնալ՝... թեեւ մեկ մարդու հոգին, մեկ մարդու արժեքը ինձ համար հավասար է բազմահազարի։ Երկու հարյուր հազար հոգի ներս մտավ, քանի՞ հազարը աքսորվեցավ, եւ հետո քանի՞ հազարը արտագաղթի պատճառով ձգեց հայրենիքը եւ դուրս գնաց։ Պիտի չըլլա՛ր: Ոեւէ ձեւով արդարանալի չէր այդ տեսակ բռնի ձեւով ընտանիքներ քանդելը։