գրքեր


Ամորձատված սերունդ

Սուրեն Բուրսալյան

1993

«Հայ կեանք» հրատարակչատուն, Լոս Անջելես


Հաղթանակի այգու անկյունադարձին մի կտրուկ վայրէջք կա։ Ներքին ծիծաղ բռնեց ինձ։ Պատմում են, թե հայրենադարձության, ծանր, մռայլ տարիներին, երբ այս փողոցները գրեթե ամայի էին, երբ քաղաքում երթեւեկության միջոց անգամ չկար, հայրենիքից եւ ամեն ինչից խորապես հիասթափված, դառնացած, ներգաղթը գիշեր-ցերեկ անիծող մի հայրենադարձ, ձմռան պայծառ մի առավոտ (Աստված գիտի, թե ինչի համար) այստեղից քաղաք իջնելիս, սառցակալած գետնի վրա հանկարծ սայթաքում ու վայր է ընկնում մեջքի վրա, գլուխն ուժգին զարկվում է գետնին, ու այդ վիճակում, խեղճն ինչ տեսնի, որ լավ լինի… Արարատ լեռը վեհաշուք ու պայծառ կանգնած է իր դիմաց ու ժպտում է կարծես…