Չխամրող հուշեր
Դավիթ Դավիթեան
2007
«Ար-Պրես» հրատարակչատուն, Լոս Անջելես
Բոսֆորի նեղուցով անցնելիս մի դեպք պատահեց, որ զարմացրեց մեզ եւ հուզեց մեր սրտերը։ Նավի վրա բարձրաձայն հնչում էր հայկական երաժշտություն։ Եւ այն արձագանքում էր Բոսֆորի երկու ափերին։ Եւ հանկարծ… հանկարծ անհավատալի մի տեսարան, ընթացող նավի ձախ կողմի տախտակամածից բոլորս տեսանք ափին չորս հարկանի մի տան պատուհանից թափահարվող մի սպիտակ մեծ պաստառ. սեղանի ծածկո՞ց էր, սավա՞ն, թե՞ մի այլ բան, այդ չէ կարեորը։ Մարդը բացել էր պատուհանն ու քանի նավն իր տեսադաշտում էր, թափահարում էր սպիտակ պաստառը։ Անսովոր, սակայն մեզ համար ըմբռնելի այդ դեպքը խանդավառությամբ ու հուզմունքով ընկալեցինք մինչեւ տեսարանի անհետանալը։ Մեզ բոլորիս համար պարզ ու հստակ էր, որ նա թուրք չէր, այլ հայրենաբաղձ իղձերով տանջվող մի հայրենակից, ով գիտե ինչ խոհերով ու մտորումներով էր մեզ ճանապարհում։