գրքեր


ՀՈՐՍ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Ժան Վ. Կյուրեղյան

2015

Լոնդոն, Կոմիտաս հաստատություն


Ամեն երեկո հավաքվում էինք մեզ մոտ կամ Արմենակ հորեղբորս տանը։ Խոսում էինք ամեն ինչից, ու միակ բանը, որ միշտ կար, ծիծաղն էր։ Իմ զարմիկ Տիրանն անդադար էր ծիծաղում եւ բոլորից բարձր։ Դա մահու չափ վախեցնում էր նրա մորը, քանի որ նա մտածում էր, որ հարեւանները կարող են լսել ու կարծել, թե իշխանություններին ենք ծաղրում։ Այդ բանը հաճախ էր լինում, եւ ամեն անգամ հորեղբորս կինն՝ Արաքսին, վախվորած ձայնով ասում էր. «Կամա՛ց, տղաս, կամա՛ց»։ Բայց դրանից մեր ծիծաղն ավելի էր սաստկանում։ Ամռան ամիսներին, երբ տոթ էր լինում, մենք, ինչպես ընդունված էր տեղացիների մոտ, քնում էինք դրսում՝ մեր ընդարձակ պատշգամբում։ Դա շատ հաճելի էր եւ հնարավորություն էր տալիս կատակելու ու ծիծաղելու մինչեւ ուշ գիշեր։